Վիկտոր Հովսեփյան | ՋԱՀԵԼ ՎԱՆԱԿԱՆԻ ՓՍՈՐԱԾ ԱՂՈԹՔԸ

«Ջահել վանականի փսորած աղոթքը» հատված է Վիկտոր Հովսեփյանի «Կորուսյալ Եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը» անտիպ վեպից: Ստեղծագործության սյուժեն ներկայացնում է Պատմական Հայաստանի Կարնո նահանգի հայության քաղաքական վիճակը 19-րդ դարի առաջին կեսին. 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին և ավելի ուշ, նրանց տեղահանությունը և մի մասի վերաբնակեցումը Վրաստանի Ջավախք աշխարհում: Հերոսները հիմնականում պատմական դեմքեր են, նկարագրվող դեպքերը՝ իրական եղելություններ, որոնց մեծ մասը զրույցների ու ավանդությունների ձևով, բանավոր այժմ էլ ապրում է հեղինակի ծննդավայրում (Վրաստանի Ջավախք աշխարհի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղ): Այս հանգամանքը, ինչպես նաև ստեղծագործության ժանրը՝ արձակը հաճախակի ընդմիջված չափածոյով, հիմք ընդունելով՝ հեղինակը ստեղծագործությունը վերագրում է վիպասքի ժանրին:

Կարսեցի Հովակիմը իր որդուն երբ տարավ, հասցրեց Սուրբ Անտոնյաց վանք, իր մեջ երդում խոստովանեց. «Զորավորդ Սուրբ վանք Անտոնյաց, քո անունով մի մատուռ էլ ես պիտի կառուցեմ՝ իմ մերկ կռնակին կրելով քարերը, որ պահապան լինես որդուս»: Գարնանը նա պիտի սկսեր մատուռի շինարարությունը, երբ լուրն հասավ Կարս, որ ռուսաց թագավորը պատերազմում է պարսից դեմ: Հովակիմի հայրը՝ Սահակը, որդուն խրատեց՝ Հովակիմ որդի, կարի մեղք է խոստում դրժելը, բայց քանի որ սկսվել է պատերազմը, և պատերազմը վանքեր է քանդելու, անիմաստ է վաղ թե ուշ պատերազմի բերանն ընկնող Կարս քաղաքում մատուռ կառուցելը: Թո՛ղ քո հայրական տունը, հեռացի՛ր պատերազմի գծից, գտի՛ր մի անվերի հեռավոր տեղ և այնտեղ կառուցի՛ր քո խոստացած մատուռը… Նույն գարնանը իր Բերսաբ կնոջը, Պողոս որդուն՝ իր ընտանիքով, աղջնակ Մարգարիտին առած, Հովակիմը արդեն սկսված պատերազմի գծից քաշվեց Սերմանց սարի մոտերքը, Քյուլլի գյուղ, որտեղ պապական կալվածք ունեին, և որտեղից բերել էր Բերսաբին: Իջևանատուն շինեց այդ հեռու, ապահով թվացող գյուղում ու, պապական տունը նորոգելուց հետո, սկսեց մատուռի շինարարությունը: Բայց այստեղ էլ ուրիշ բան եղավ…
Մարդը գնաց-հասավ Արզրում, վարձեց հույն պատշարներին, բերեց ու քարտաշ Գացոյին գործի ղեկավարությունը հանձնած, սկսեցին մատուռը կառուցել: Գյուղի ծայրին, Արաքսի աղբյուրներից մեկի վերևում արդեն ավարտին էր հասնում շինարարությունը, երբ ոստիկանությունը մտավ գյուղ: Յուսուփ փաշայի նոր հրամանով՝ «գյավուրներին» չէր թույլատրվում սրբատաշ պատեր շարել և մանավանդ քարերի վրա գրություններ անել: Ոստիկանները քանդեցին մատուռի պատերի կեսը, հույն պատշարներին քշեցին գյուղից, վարպետ Գացոյի աջ ձեռքի երկու մատները կտրեցին ու Հովակիմին էլ խստիվ կարգադրեցին խոստում-ծրագիրը մտքից հանել: Մարդուն մնաց իջևանատունը՝ Քյուլլիում և Կարս վերադառնալու միտքը՝ հոգու մեջ…
* * * * *
Գնալուց երեք օր անց, վրա չորրորդ օրը կարսեցի Հովակիմը վերադարձավ Արզրումից: Վերադարձավ ջարդված տրամադրությամբ, հուսահատ ու ընկճված: Թեպետ Արզրումի Կարմիր վանքում տեր Անտոն քահանայի փոխարեն, վերջապես, գյուղերեց հաստատեցին Գևորգի Գրիգոր որդուն, բայց Արզրումում լսածն ու տեսածը բավական էին, որ կոտրեին մարդուն: Ամեն մարդ հոգում մի գաղտնի փափագ ունի և ամեն պահ, գաղտնի կամ բացահայտ, այդ փափագի իրականացման ճիգերի հետ է: Կարսեցի Հովակիմն էլ ի՛ր փափագն ուներ, բայց Արզրումի վերջին լուրերը բացահայտ դեմ էին այդ փափագի իրականացմանը: Արզրումի վերջին լուրերը վերջնականն էին ասում, որ այսօր կամ վաղը գաղթ պիտի լինի, որ ռուսաց բանակը հարկավոր էր Ռուսաստանի խորքերում, և այն շուտափույթ թողնելու էր Արզրումը: Թողնում էր՝ թողներ, ինքն էլ կթողներ իր իջևանատունը, կվերահաստատվեր պապենական Կարսում, բայց… Քիչ առաջ էր, Գրիգորի հետ գյուղ հասան, Գրիգորը իր գործին գնաց, ինքը ներս մտավ, ուսի ծաղկավոր խուրջինը թոնրատան թախտին գցեց ու, երկու մեծ թաս հմի թան խմելով, ուզեց ներսի այրոցը մարել: Կնոջ հարցուփորձին պատասխան չտվեց, դուրս եկավ տանից ու, տանից քիչ կողքի կիսաշեն մատուռի շեմի քարին նստելով, վառեց չիբուխը: Մայիսի սկզբի ետկեսօրին արևն արդեն հաճելիության չափ տաքացրել էր քարերը: Հովակիմը կռնակը սեղմեց տաքուկ դռնակողին ու ինքն իրեն մտմտաց.
— Կիսատն կիսատ լը կմնա… Ստիպված կիսատ պատերն լը պիտի քանդիմ, թե չէ մատուռի երդումով շինած հոգևոր պարտք ու խոստումիս պատերն կիսատ խո չպիտի՞ թողիմ ու ոչխարներուն ամառային փարախ շինիմ: Պիտի քանդիմ, ի՛մ ձեռքով պիտի քանդիմ իմ հոգով երդվցածն ու իմ ձեռքով շինածն: Քարերն, որ իմ կռնակին առած դրեցի պատերու վրեն, պիտի ետ գլորցում, ցած թալիմ: Ահա՛ն քըզի երդմունք, ահա՛ն քըզի խոստմունք, ահա՛ն քըզի բան… Մեռնիմ քըզի, Աստված, դու հորի՞ չըս ուզիս խոստմունքս ընդունել, դու հորի՞ ընձի ճար ու հնար չըս իտաս, որ իմ խոստացած մատուռն շինիմ-հանիմ գլուխ, իդա ի՞նչ բան է: Չորս տարի առաջ էր, իմ Օսեփ որդուն տվեցի Սուրբ Անտոնյաց վանք ու քըզնե քաղցր աչք խնդրեցի, որ բարով-խերով տղեն սովրի, դառնա քու սուրբ զորությանն որդեգիր: Էդուր համար խոստացա մատուռ շինել: Միտք ունենք Կարսի մեջն, իմ հոր տներու կշտի հետն, Կարսաչայի քարե պռկին շինել, խսա-խաբարն եկավ, որ ռուսն ղզլբաշու վրեն կերթա: Իմ հերն խրատ տվեց, որ պատերազմի գծի վրեն ժամ ու մատուռ շինել չեղնի, հարմար տեղ ես հուդա գտա, թողեցի Կարսն, առա իմ գերդաստանն, եկա, Քյուլլի բնակռա: Ձեռքս իմ բերանն հասավ*, ըսի՝ սկսիմ մատուռի շինարարությունն, զաբիթն եկավ, կանգնավ իմ գործի գլխուն, շինարարներու ձեռքեն առավ տարաղ ու ծիրիկ, հեռու լորտեց, վարպետներուն Արզրումի ճամփեն ցուցուց ու դարձավ ընձի՝ գյավուրն սրբատաշ պատ շարելու իրավունք չունի՝ Յուսուփ փաշայի հրամանն է, գյավուրն քարա վրեն խաչ նկարելու իրավունք չունի՝ Յուսուփ փաշային հրամանն է, գյավուրն քարա վրեն գրելու իրավունք չունի՝ Յուսուփ փաշայի հրամանն է, սուլթան Մահմուդի հրամանն է, ալլահի հրամանն է, եղա՞վ: Ես իմ փեջերն վերև քաշեցի՝ ես՝ չէ, դու ըսե՝ եղա՞վ: Չեղավ, հըլբըթ որ չեղավ: Ես երդմունք ունիմ, ես իմ հոգու պարտքն կատարելու համար թողեցի Կարսն, հայրական տուն, մերձ ու հարազատներ, ելա-եկա իդա անվերի տեղն, որ ճգնավորի պես իմ պարտքն կատարիմ, բայց իդա մատուռի կիսատ պատերն մանցին կիսատ, հըլբըթ որ չեղավ: Հերու ամառ էր, ռուսն եկավ Արզրումի վրեն, քյուլլեցիքն, ուրանց Աստծուն մոռցած, ըսին՝ իդա փերեզակ Օվակի Աստվածն է, շանն՝ տերն, գիլուն՝ Աստված, իդա Օվակի Աստվածն էր հասավ, ռուսն եկավ, որ Օվակն ու խոստմունք-մատուռն շինե: Քյուլլեցիքն ըսին, ես լը հավատացի, որ էդի իմ Աստծո զորությունն էր: Ռուսն եկավ, ամեն մեկն ուր գործն սկսեց, ես լը իշտապ-իշտապ ելա, գացի Արզրում, գտա իմ վարպետներուն, առա, եկա, որ կիսատ թողածն շարունակինք: Կալուկտին, ուրիշներն ուրանց կալուկտի հետն են, ես՝ իմ խոստմունք-մատուռն շինելու հետն: Վարպետներն երկու-երեք շարք լը շարեցին, լույսիջույց ու դռհոտներ դրեցին, խաբարն եկավ, թե ռուսաց զորքն ետ պիտի երթա: Լուրն առնելուն պես վարպետներն առան ուրանց չաքուճ ու քանոն, տարաղ ու ծիրիկ, դուր ու շավուր, առանց վարձ ուզելու, բռնեցին Արզրումու ճամփեն, ես լը, ձեռքս՝ ծոցս, խոստումս՝ անկատար, մանցի իմ էլի կիսատ մատուռի պատի տակն կանգնած: Երկու օր չանցած ինա տղեն Սուրբ Անտոնյաց վանքից թողեց-եկավ: Ըսի՝ տղա, հորի՞ եկար, կըսե՝ խաբարն եկավ, որ Բյուրակնյա աշխարհն ու Բասենն Արզրումու հետն կգաղթին, ես լը թողեցի, եկա: Ինչ որ է, էդ լը Աստծո էրածն է, Աստծո կամքն է. խոստմունք-մատուռն որ չշինվի, ջահել վանականի աղոթքն լը ուր շուրթի վրեն կփսորի… Կստացվի, որ Աստծո հետն իմ պայմանն գլուխ չի գա: Մկա ի՞նչ լույս պիտի եղնի, որ իդա տղեն նորեն դառնա, ետ երթա Սուրբ Անտոնյաց վանք, ես լը իմ խոստմունքն գլուխ հանիմ: Սաղ ձմեռ ու հարի երեկ է՛ն հույսն էր, որ ռուսաց զորքն ետ պիտի չերթա, որ ռուսաց զորապետն ուր թափած ջանքն ու արյունն պիտի չմոռնա, էդ հույսի վրեն գոմարի հետն ես լը տաքցա, բայց հիմի էդ լը չեղավ: Ռուսաց թագավորին զորքն պետք է, ռուսաց զորքն Արզրումից ետ պիտի երթա, խոստացած իմ մատուռն շինելու ճար չկա, Սուրբ Անտոնյաց վանքից Օսեփ տղեն ետ է եկի… Թե որ իմ դաշինքն Աստծուն հաճո չէր, էլ ես հորի՞ թողեցի Կարսն, եկա Քյուլլի, կորուցի իմ ազգականներուն, իմ հարազատներուն, ունք շինելու տեղն՝ աչքն լը ելավ…
— Մեռնի՜մ քըզի, Աստված,-տրտում շարունակեց մենախոսել Հովակիմը,-քու տվածն տեսի՞լք էր, ցուցա՞նք, Հովնան մարգարեի դդմենի՞ն, ի՞նչ էր, ես բան չհասկցա: Ռուսն եկավ Կարսի վրեն, տաճիկն Կարսի հայերուն քշեց դեպի երկրի խորունկներն, իմ ախպերներն ուրանց գերդաստաններով եկան Քյուլլի, տարի ու կես մանցին իմ քովն, իմ աչքերն լույս լցվավ, ես ընձի ուժատեր զգացի, ըսի՝ մեջք ու կռնակ եղան: Ռուսն ջրի պես եկավ, ավազի պես կանգնավ, էնունք նորեն թողեցին, ետ դարձան: Ես ուզեցի էնունց հետն երթալ, ինա լաչառ դեմկողն խանգարեց ամեն գործ, չթողեց՝ իմ երամի հետն երթենք, ինա սատանի որոգայթն… Կըսե՝ հլը սաբր էրե, բալքի աշխարհն հանդարտվի, դու քու խոստմունք մատուռն կշինիս, գլուխ կհանիս, քու Օսեփ տղեն լը ետ կերթա Անտոնյաց վանք: Մատուռն չշինվավ, սեր ու սավդեն ընկավ ինա տղի արյան մեջն, աղոթքն մռթի վրեն փսորցուց…
— Երթալ կուզեր՝ երթեր,-ամուսնուն իր ներկայությամբ հանկարծակիի բերելով՝ ձայնեց Բերսաբը պատի կողքից,-բայց դո՞ր կերթեր… Երեք երեխա, թոռ ու հարս ինչո՞վ կպահիս, հուդա էլի առուտուր կէնիս, կապրինք…
— Ըբը իդա անվերի աշխարհն ես ի՞նչ գործ ունենք:
— Տուն ունիս, իջևանատուն ունիս, նստիր քու տեղն, կանչե քու Աստված, քու պատառ հացն վաստակե, ապրի: Դու մանկունք երեխա խո չի՞ս, որ առանց ախպերներուդ չըս դիմանաս:
— Իդա կնիկն խեքապակաս է, ախպերն մենակ մանկունք երեխի՞ն է պետք, մեջք ու կռնակ մենակ մանկունք երեխե՞ն կուզե… Ելա, քու կող ու կուշտն ղուրդ ու ղուշի փայ կշինիմ, քու լեզուն քըզի քաշե, տո, անգլուխ, հուդա որ մանցի թաք ու կռունկ, ի՞նչ կէնիմ: Տեսա, որ իմ դաշինքն Աստծո հետն չստացվի, կելլամ, կառնիմ իմ գերդաստանն, կերթամ իմ հայրական տան վրեն, կապրինք: Չեղա՜վ, ես չկերցա իդա անզգամին խելք հասկցուցնենք: Հուդա ամեն մեկն ուր թև ու թիկունքն ունի, ուր մեջք ու կռնակն, ես ո՞րն ունիմ, ես ի՞նչ ունիմ: Ինա Մագո աղջիկն կոտրեց իմ վիզն, թե չէ ես կելլենք, կերթենք, դու կիգեր՝ լավ, չըր իգեր՝ քու մուրն՝ քու ճակատն… Թո՛ղ իմ աչքի առջևեն գնա, թո՛ղ ռադ եղիր,-զայրացած գոռաց Հովակիմը կնոջ վրա:
Երբ կինը, պատասխան չտալով, կողքի քաշվեց, Հովակիմը դարձավ իր հոր շուքի հետ կռվելու.
— Պապական իդա տունն ընձի պե՞տք էր… Մեծ մարդ էր, տարիքն առած մարդ, ինքն չզգա՞ց, որ ես սխալ իմ, փոխանակ խրատ տալուն, թե՝ ա՜յ տղա, մնա քու ազգ ու երամի մեջն, ընձի թև տվեց՝ ել, գնա, շատ լավ իս որոշի…
— Այ մարդ, դու քու երդման, խոստումի ետևեն եկար, էն խեղճ մարդն ի՞նչ ըսեր քըզի, դեմ եղներ, պիտի ըսեր՝ ահա՛ն, չթողե՝ ես իմ խոստումն կատարիմ,-կողքից կրկին մեջ ընկավ կինը:
Հովակիմը, առանց կնոջ խոսքին պատասխանելու, շարունակեց իրենը.
— Վայ գլուո՜ւխ, քու մեջն որ դարման չեղներ, դու ի՞նչ գործ ուներ Քյուլլի… Եկար, քու փեշն թափ տվեցիր ազգ ու հարազատի դեմն, իդա անվերի սարերու գլուխն մանցիր: Մնա էդմլ խեղճուկրակ, տեսնանք հարի ե՞րբ պիտի մնաս…
— Այ մարդ, դու չըս գինա՞ս, որ Կարսն լը սուլթանի ձեռքն պիտի մնա, հոն որ մներ, հոնգուց լը պիտի թողեր-երթեր,-կրկին արձագանքեց կինը:
Հովակիմը խոսք չգտավ ասելու: Կինը ներս գնաց, իսկ ինքը կանգնած մնաց կիսատ մատուռի կողքին՝ չընդունված ուխտն ու փլուզված ծրագրերը մտքի մեջ…
* * * * *
Տունը գյուղի ներքևում էր, Արաքսի ափին: Տան ներքևում աղբյուր կար, Արաքսը սնող բյուր ակունքներից մեկը: Տան կողքին գյուղի եկեղեցին էր, դիմացը՝ Արաքսի մյուս ափին, մեծ ճանապարհի ոլորանը, որն իրար էր կապում Արզրումն ու Մուշը: Տան կողքին իջևանատունն էր, որտեղ հյուրընկալվում էին Արզրումից Մուշ և ուրիշ հեռուներ գնացող ուղևորներ, առևտրականներ, պանդխտության ճամփան բռնած երթևեկողներ: Տարիներ շարունակ իջևանատանը փոփնեփոխ տնօրինություն էին անում տոհմի տարբեր ներկայացուցիչները, մինչև որ այն դարձավ Հովակիմի բաժին սեփականությունը: Գնալով իջևանողները շատանում էին, ու Հովակիմը որոշել էր ընդարձակել, մեծացնել շինությունը, բայց հարմար առիթ չէր լինում: Վերջին առիթը խոստում-մատուռը կառուցելը դարձավ: Կարսից եղբայրները եկան, օգնեցին, մատուռի հետ մեծացրին նաև տունը: Իջևանատան կողքին մի թոնրատուն ու կենտ պատուհանով մի սենյակ էլ ավելացրին: Իջևանատան ետևում մի մեծ ախոռ կառուցեցին, որտեղ կապում էին իջևանած ճամփորդների լծկանը, ձիերն ու ուղտերը: Շինության ներսում նորոգվեց ու մեծացվեց օջախը, որի կողքերին կապած ավանդական ոճի թախտերի վրա տեղավորվում էին հյուրերը: Աստված գիտի՝ պատերազմից առաջ որտեղից միայն չէին իջևանում այստեղ: Մեկ անգամ արդեն հյուրընկալվածների համար իջևանատունը դառնում էր հարազատ շեմի պես մի բան, և հաջորդ առիթի դեպքում անպայման այստեղ էին գալիս: Թութուն վաճառող հյուրերից մեկը բեյթ էր կապել, որը բերանից բերան էր անցել.
— Ահան, հասանք Օվակի դուռն,
Թեժացավ մըր սրտի մրմուռն:
Իջևանատունը ջրամոտ գյուղի համար նաև աշխարհի նորությունների օջախ էր: Իջևանողները պատմում էին Թոքատից ու Արզրումից, Թիֆլիսից ու Կարսից, Թավրիզից ու Գյանջայից, Վանից ու Բիթլիսից: Հովակիմի այստեղ գալուց շատ չանցած, երբ ռուսաց զորքը մոտենում էր Կարսին, թուրքերը, վախենալով, որ տեղի հայերը կարող են օժանդակություն ցույց տալ թշնամուն, Կարսի հայերին, տեղահան արած, քշեցին դեպի հարավ, դեպի արևմուտք: Հովակիմի երեք եղբայրները տեղ ունեին. անցյալ տարի, ռուսների Արզրում մտնելուց առաջ, եկան, այստեղ տեղավորվեցին՝ տեղեկացնելով, որ իրենց հայրը, ինչ արին, չեկավ: «Թող գան,-ասել էր,-ինձ իմ տան մեջ սպանեն, թող այրվեմ իմ տան մեջ, իմ տան հետ»: Կարսից դեպի երկրի խորքը վտարվածները պատմեցին, որ թուրքերը բռնի տեղահան էին անում բոլոր հայերին՝ կրակին տալով շեն ու ոստաններ, որպեսզի «գյավուրները» այլևս ետ չգային՝ վերապրելու «քյաֆիր Մոսկովի» սահմանագծին: Հետո, երբ ռուսաց զորքը առավ Արզրումը, Հովակիմի եղբայրները իրենց գերդաստաններով կրկին դարձան Կարս, Հովակիմն ինքն էլ ուզեց եղբայրների հետ գնալ, բայց կինը դեմ կանգնեց՝ լաց ու կական դնելով, թե՝ Կարսը ավերակ են դարձրել, պետք է մի քիչ համբերել, տեսնել՝ վերջնական ինչ կլինի, նոր միայն առնել ընտանիքը, ետ դառնալ Կարս: Կինն արդարացի դուրս եկավ: Հաշտության պայմանագրով Կարսն էլ մնաց թուրքերին, ու իրենց հայրական տներին ետ դառնալու բաղձանքով Կարս վերադարձած վտարվածները ստիպված եղան շարունակել իրենց ճանապարհը, անցնել Կարսն ու փրկության հանգրվան որոնել Թիֆլիսի ու Երևանի կողմերում…
* * * * *
Նոր իջևանողերը Կարսի կողմերից էին: Տեղավորելուց հետո՝ Հովակիմը շտապեց հյուրերին Կարսի դրության մասին հարցնել, ու մտադրությունների կրակին ջուր լցվեց, երբ իմացավ, որ Կարսում ոչ մի ետ դարձող հայ չի վերաբնակվում, որ Կարսում մնացած թաքութուք հայերն էլ շտապում են գաղթել դեպի Գյումրի ու Գյումրվաց դեն…
— Ես՝ իմ հրեա հալով շտապեցի Կարսից փախչել, որ գլուխս ազատեմ,-պատմում էր հյուրերից մեկը,-դու՝ քո հայ հալով ուզում ես Կարս գնալ, հա՞… Այդ բանը քո մտքից հանի՛ր, տանտեր Օվակ, սուլթանն իր սահմանի վրա այսուհետ էլ ոչ մի հայ չի թողնի… Կարսը քո մտքից հանի՜ր: Գեներալ Ճավճավաձեի**՝ Մշուց Ալաշկերտ ու Բայազետ բերած գաղթականներն էլի տեղահան եղան, ու գեներալ Ճավճավաձեն իր բերած գաղթականներին որոշեց տանել Երևանի մարզ: Թուրքը «հայի ետի խելք» է ասում, բայց իր «ետի խելքն» էլ պակաս չէ: Այս պատերազմը թուրքին լավ փորձ եղավ, թուրքն էլ ռուսաց սահմանի վրա հայ չի թողնի: Այստեղ մնալն հազար անգամ ձեռնտու է, քան դեպի սահման գնալը…
Հյուրի պատմության վրա Հովակիմը թափեց գոգի քարերը՝ մտքից հանելով Կարս գնալու ծրագիրը: «Թե որ Կարս չպիտի երթամ, էլ հեչ տեղ մ’ լը չըմ երթամ, ես լը իմ հոր պես, իմ իդա տան մեջն կմնամ, թող ընձի լը իդա տան մեջն սպանին, ընձի լը իդա տան հետն կրակի բաժին էնին, իմ հոգին ազատվի»: Որոշումը՝ որոշում, խոսքը՝ խոսք, բայց Կարսը շարունակ Հովակիմի աչքի առաջ էր: Ամեն անգամ իր մոտ իջևանողների մեջ նա ամենից շատ ուզում էր Կարսի կողմերից եկող լինի, որ հարցնի հայրենի քաղաքի մասին, որովհետև հաշտության պայմանագրից հետո, թեպետ օրենքով հայերին իրավունք տրվեց մեկ ու կես տարվա մեջ որոշել իրենց մնալու կամ Ռուսաստան գաղթելու հարցը, բայց սուլթանի հրամանով ոստիկանական, ավազակային խմբեր կազմակերպվեցին, որպեսզի խափանեն գաղթը, թույլ չտան, որ երկրի խորքերից հայերը շարժվեն դեպի ռուսաց սահման: Հովակիմը մի երկու անգամ ոտքի ելավ, ուզեց գնալ Կարս, ամեն ինչ իր աչքով տեսնել, բայց ահաբեկող լուրերից վախեցած տեղում մնաց… Եկողները պատմում էին, որ Կարսն ավերակ է, Կարսում հայեր չկան, ավերակ ու քարուքանդ են Կարսի շրջակայքի բոլոր հայկական գյուղերը, բոլոր կարսեցիներն անցել են Արփաչայն ու մտել ռուսահպատակ Հայաստան…Աստված գիտի, գուցե արգելյալ պտղի քաղցրությամբ էր, որ Կարսը հիմա չէր հեռանում Հովակիմի մտքից: Հենց մի փոքրիկ լռություն, կարճատև մենակություն՝ մարդու աչքերի մեջ տեսիլվում էր հարազատ քաղաքը…
* * * * *
Արզրումում լսած վերջին լուրերից զարկված Հովակիմը շարունակում էր պտտվել իր կիսատ մատուռի շուրջ ու մտմտալ.
— Ա՜յ քըզ բան, ա՜յ քըզ աշխարհ, մարդու չըն թողին՝ ուր խոստումն էնե, մարդու կստիպին՝ դավաճանե ուր երդմանն, մարդուն կթշնամացուն ուր Աստծո հետն: Ստեղծման եռքն մարդու արյան մեջն աղու կդարձուն: Խեղճ Գացոն էր, որ լսեց Օսեփիս նպատակով մատուռ կուզիմ շինիմ, ուրախության յոթերորդ երկինք թռավ, ըսեց՝ Օվակ տղա, թող ուռումներն պատերն շարին, գմբեթ, խորան, զարդեր մնան իմ վրեն, ես կէնիմ: Տղեն՝ ուր գործի հետն, Յուսուփ փաշի զաբիթներն եկան, պատշարներուն քշեցին, ուր լը երկու մատներն կտրեցին: Խեղճն կսկիծից գողինք ընկավ: Արյան եռքն զսպելն հերսն զսպելու պես բան է, հլը հերսն վայրկենական բան է, արյան եռքն՝ տևական…
Կնոջ ձայնից Հովակիմը սթափվեց:
— Օվակ, այ մարդ, Պողոսն արտի ներքի պոչն վարելու գնաց, կնիկն հաց տարավ, Մարգարիտն գնաց՝ սինձ ու սիբեխ բերե առտվա բանջարի համար, ինա Օսեփն ուր գրքերու հետն է, ես լը հաց կկողիմ, իջևանատուն թազա մարդ է եկի, գնա, մարդուն տեղավորցու, մեղք է, անոթի կեղնի:
— Քու քովն մարդ չկա՞,-հարցրեց Հովակիմն ու քայլեց դեպի կինը՝ իջևանատուն մտնելու մտքով:
— Իմ քովն երկու տղեկներն ին, էնունց հետն լը սոխռած ու չորթան պիտի ուղարկիմ աղբինն վարողներուն:
Մուտքի մոտ Հովակիմը նկատեց, որ նոր իջևանածը ձիուն էր իջեցրել Արազի ափի չայիրը արածեցնելու: Հովակիմը ներս մտավ: Ռուսական ինքնաեռը վառեց, որ հյուրին թեյ պատրաստի ու, բացելով սնդուկը, հանեց «Վարք սրբոց» գիրքը, որի կողերին կարևոր նորություններն էր գրառում: Այսօր գրելու շատ բան կար: Արզրումից իր հետ նորություններ էր բերել, թեպետ չարագույժ, բայց՝ նշելու… Հովակիմը վերցրեց մրաջրով մելանամանը, փետուրը թաթախեց մրաջի մեջ ու գրքի կողին գրվածների ներքևում ավելացրեց. «8 մայիսի, ամի 1830, գյուղ Քյուլլի: Լուր եղավ, որ ռուսաց թագավորն ետ կկանչե ուր զորացն»: Դռան մոտ երևաց հյուրը: Հովակիմը փակեց «Վարք սրբոցը»: Փոստ առաքող ասորի Հմայակն էր, որը, նախքան ռուսաց զորքի Արզրում մտնելը, հաճախ իջևանում էր այստեղ, իսկ պատերազմից հետո, ինչքան ժամանակ էր, չէր երևում:
— Աստված սիրես, Օվակ տղա, անտանելի դադրած եմ, ինձ մի թեյ տուր, թեյ,-ասաց Հմայակն ու մոտենալով ձեռքը մեկնեց իջևանատիրոջը:
— Մտքես ընցավ, որ դու պիտի եղնիս ու թեյ պիտի ուզիս,-ասաց Հովակիմն ու հյուրին ողջունելով, քայլեց դեպի ինքնաեռը,-հիշատակ, թե՞ պատիժ-պատուհաս պիտի դառնա իմ գլխուն-արևուն իդա սամովարն,-շարունակեց նա,-քյուլլեցիքն պըշտ կանգնած ին մատնության համար, Համո տղա, մեկ լը տեսար՝ զաբիթ կանչեցին՝ ռուսաց սամովար ունի, ռուսներու հետն կապ ու արձակ ունի, իդա լը քիզ-օղորթ հերու ամառ Կարսի առուտուրականներուց մեկից առա, Թիֆլիսու էր բերի: Ջարդիմ, դեն թալիմ, ափսոս է, պահիմ, վայ թե փորձանք բերե իմ գլխուն…
Հովակիմը երկու բաժակ թեյ լցրեց ու սեղանին դնելով ինքն էլ նստեց ասորի Հմայակի հետ, աքցանով նապատ շաքարը կոտրատելով, հրամցրեց հյուրին:
— Աշխարհի բերանը հիմա լեղի է,-շաքարը բերանը գցելով, թեյը ֆռթացնելով՝ խոսեց Հմայակը,-բոլորի բերաններն են հիմա լեղի, աշխարհն այնպես է դարձել, որ շունը տիրոջը չի ճանաչում… Սերմանց սարի մասուրն է, չէ՞,-թեյի գույնին նայելով՝ խոսքը շեղեց հյուրը:
— Սերմանց սարի մասուրն է, աշնանավերջի, երբ որ խռավն կդնե, կերթամ, կժողվիմ, կբերիմ, էն լը հերու աշուն չկերցա երթենք մասուր բերելու…
— Հերու աշո՜ւն,-խոսքը ծամծմեց Հմայակը,-հերու աշուն հողը եկավ մեր գլխին-արևին… Հերու աշուն… Ադրինապոլ…
— Դադրած կեղնիս, Համո տղա, գողինք սարքիմ, ել, պառկիր, հանգշիր,-ասաց Հովակիմը:
— Չէ, երթամ պիտի, Օվակ տղա, մնալու միտք չունեմ, պիտի երթամ:
— Լա՞վ որ,-զարմացած Հմայակին նայեց Հովակիմը:
— Երթամ, որ հասցնեմ,-շարունակեց Հմայակը ու, ծոցից մի ծրար հանելով, մեկնեց Հովակիմին,-կտաս գեղերեցին, գեղերեցն ո՞վ է հիմա:
— Գևորգի Գիրգոր որդին,-շփոթված արտաբերեց Հովակիմն ու, ծրարը առնելով, մի պահ սառած մնաց,-Արզրումից է նամակն, Կարապետ սրբազանի անունից, Աստված գինա, ինչ է գրած… է՛հ, ի՞նչ պիտի եղնի, ռուսաց զորքն պիտի դուրս գա Արզրումից, ռուսաց թագավորին զորք է պետք, էդ խաբարն է…
— Դու ի՞նչ գիտես, Օվակ տղա:
— Ես լը էսօր եկա Արզրումից:
— Ես չորս օր է, դուրս եմ եկել Արզրումից, գյուղեգյուղ անցնելով՝ եկա, որ հասնեմ Խնուս ու մյուս գյուղեր…
Երբ Հմայակը վեր կացավ, արդեն հրամգա էր:
— Ես չհասա քեզ, դու կհասնես ինձ,-դուրս գալիս՝ ասաց բազմանշանակ շեշտով:
Հովակիմը սկզբում չհակացավ Հմայակի խոսքի իմասը: Հետո, երբ նրան ուղեկցեց մինչև ձին, Հմայակը, ձիու սանձը ոտքից արձակելով, բարձրացավ ձիուն ու, Արաքսն անցնելով, ելավ Խնուսի ճանապարհը, Հովակիմը սկսեց քչփորել Հմայակի ասածը. «Ի՞նչ ուզեցավ ըսել ասորի Համոն՝ ես չհասա քըզի, դու կհասնիս ընձի: Ասորին չհասավ հայուն, հայն պիտի հասնի ասորուն, հա՞… Է՞դ ըսեց…»
Հմայակին ճամփի դնելուց հետո, Հովակիմը ծոցը խոթած ծրարը հանեց ու բացելով քայլեց դեպի իջևանատուն:
— Ես իդմլ լը գինենք,-շուրթը կծելով, ահառած՝ խոսեց նա, թուղթը՝ ձեռքի մեջ,-ամեն հույս ու սպասումներ փրփուր դարձան, վերջին խոսքն ու խաբարն իդա է, որ կա… Թուղթն տանիմ, տամ տեր Գիրգորին, ըսիմ՝ սև եղեր քու քահանա օծվելն, դու եղար գեղի քահանա, Արազն ելավ՝ գեղն քշելու: Ռուսաց զորքն ետ պիտի երթա, ճամփու հաց պիտի դնինք հետներն… Էդրով վերջին անգամ թուքերուն հիշեցունք, որ ռուսն գնաց, ելեք, հազրվեք, որ մըզի կտրիք, մըր արյունն խառնիք Արազին, երթանք, կորինք… Երթանք, հասնինք… ասորիներուն: Այ, թե ի՛նչ ուզեց ըսել ասորի Հմայակն: Իդա դրությունից սատանեն չկերնա գլուխ հանե, խեղճ տեր Գիրգորն ի՞նչ պիտի էնե: Ես իդա գիրն այան հանող չիմ, ինչ կեղնի, թող եղնի… Իդա գիրն ես տարա, Գիրգորին տվեցի, լուրն ընկավ Գևորգ տացուի ականջն, տեղնոցտեղն կմեռնի, խեղճ մարդու փափագն՝ երկու թոռան հարսնիքն կմնա: Ես իդա գիրն կպահիմ, չուրի հարկ ու հարսնիք վերջացուն, ետև կիտամ, ինչ որ եղնելու է, թող եղնի… Դարդ ու վարամ եղանք, օր չի գա, որ բարի լուր բերե…
Հովակիմը մտավ իջևանատուն, նստեց, կրկին բացեց «Վարք սրբոցը», բայց գրքին հակվելու փոխարեն՝ նորից նամակը բացեց: Արզրումի Կարմիր վանքից Կարապետ սրբազանի անունից տեղեկացվում էր, որ Արզրումում նստած ռուսաց կայազորը ետ է գնալու, նրան ճանապարհի հաց պիտի առաքվի՝ մինչև Թիֆլիս հասնելու համար…
— Սատանեն լը բան չհասկնա մըր բախտ ու գործից, Լոխման հեքիմն*** լը մըր դարդ ու ցավին ճար էնող չէ,-ինքն իրեն նեղսրտեց Հովակիմն ու, նամակը ծալելով, ծոցը կոխեց, աչքերը կախեց «Վարք սրբոցի» կողերին արված գրություններին. «Ամի 1814, ծնվավ իմ փոքր որդին՝ Հովսեփն: Ամի 1814, ձմեռնադուռ էր, Գեժոյենց դուռն հազարաթող եկավ: Ամի 1817, ամառ, եկան դալին ու հայթրան, Բանջիկի Առաքելին ու չարչի Արաբի հորն՝ Լղլային սպանեցին, մուլքն տարան: Գանգատ տարան Արզրում: Տեր Անտոնի ուղարկած գանգատավոր Ասոն էլ ետ չեկավ: Ամի 1819, սաստիկ սովք եղավ երաշտի ու կարկուտի պատճառով: Արզրումի մեջն ժողովուրդն իրար ձեռքից արյուն ու աղիք թռուցին: Քյուլլեցիքն կոպտոնն ակզականով ուտելով՝ հասան աշնան բերքին: Ամի 1825, համատարած ժանտախտ եղավ, շատ մարդ մեռավ: Չար հիվանդություն էր, բռնվողն չազատվավ: Քյուլլվա մեջն քառասունվեց հոգի մեռան: Ամի 1828, Կարսի համար հանված տաճկաց զորքն աշնանից հարի գարուն գեղերն ապրավ: Մե բանակն օթևանեց Քյուլլվա մեջն: Բռնի տարան ամենայն մթերք՝ հաց, յուղ, պանիր, միս, ձու, ձեթ: Սպանություն եղավ. ասքյարներն սպանեցին Կրպոյի Հայրոյին՝ տաճկաց զորապետին չենթարկվելու համար: Ամի 1829, հունիսի 28-ին լուր եկավ, որ Արզրումի Այան աղան ռուսաց զորապետին հանձնեց Արզրումի բանալիներն: Քյուլլեցիքն դհոլ-զուռնով քեֆ, ուրախոթյուն սարքեցին: Ամի 1830, գարնան գլուխ խաբրիկ եկավ, որ սուլթան Մահմուդի հրամանով Ստամբուլի մեջն կախաղան ին հանած չորս թե հինգ հայ կաթոլիկ քահանաներու, էնունցնե մեկին՝ Քյուլլվա քահանա տեր Անտոնին՝ ռուսաց զորքին հաց հանելու ու թուրք ասքյարին սպանելու համար»: Հովակիմը մի պահ ընդհատեց ընթերցումն ու ինքն իրեն խոսեց.
— Ասքյարի լեշն գարուն բացվելու հետն Շաղոյի թրքնոցից գտան, խեղճ տեր Անտոնն ու Քոսա Նիկոն խաբար չեն… Մեկ է, գեղի մեջն է եղի, գեղի քահանան է պատասխանատու,-ու կրկին նայեց գրություններին՝ հասնելով միչև վերջին կետը. «Ամի 1830, մայիսի յոթին նամակ եկավ Արզրումի Կարմիր վանքից, որ ռուսաց զորքին պաշար պիտի տարվի, որ ետ երթա»:
Կարսեցի Հովակիմն ընդհատեց ընթերցումն ու սառած մնաց իր հիշատակարանի վրա: Քիչ հետո, բացելով գրքերի սնդուկը, «Վարք սրբոցը» խոթեց գրքերի տակ ու գրքերի միջից հանեց սև, ճմրթված մախմուր պատյանի մեջ ամփոփված մի գիրք: Հանեց գիրքը պատյանի միջից, համբուրեց ու բացեց: Գիրքը բերված էր Սուրբ Ղազար կղզու հայոց վանքից: Բերողը՝ արզրումցի վաճառական Աճեմ Հարություն աղա Ղոնդախչյանը****, մի զույգ եզան գնով գիրքը Կարսում տվել էր Հովակիմի հորը:
— Նարեկ գիրք՝ պատյանի մեջն, գիրք՝ հանց սուր ու զորությամբ սրի, կտրող-կապող, բացող-փակող, ցավհարույց ու բժշկող: Իմ անցամանեն ետ՝ հայրական կտակ. տուն ու տեղ, ունեցվածք ու հող՝ իմ Պողոս որդուն, գրքերու իդա սնդուկն՝ Օսեփիս,-ինքն իրեն մտմտաց Հովակիմն ու դարձավ,-Օսեփ տղա, անգլուխ, սավդալու, մեղանչյալ շանորդի… Ես ի՜նչ հույսով ու հավատով ուրին տարա, տվեցի Սուրբ Անտոնյաց վանք, ինքն ի՜նչ էրեց, այ, գետինն մտնաս դու, Օսեփ տղա, հողերն քաշիս քու գլխուն, քու էրածն մարդո՞ւ բան եղավ, թողեցիր վանքն, եկար: Եկար, արի տեսնամ ի՜ նչ պիտի էնիս, խոզու գլուխն էր, դրեցին օսկե խաֆասու մեջն, գլորավ, էլի ընկավ թրքնոցն: Սուրբ Անտոնյաց վաքն թողեց, փախավ-եկավ… Մեղա՜, մեղա՜, Աստված ջան, մեղա՜, մեղա՜… Իմ առաքած մատաղն քըզի հաճո չեղավ, իմ երդումն անկատար մնաց, մատղաշ վանականի բերնի մեջն աղոթքն փսորավ… Մեղաց պատիժ պիտի եղնի, Աստծո հուր ու ջուր պիտի թափվի մըր գլխուն…
Դրսի դռան կողմից տղամարդու հազի ձայն լսվեց: Հովակիմը դարձավ դռան կողմը: Քիչ անց երևաց Գևորգ նահապետի շփոթ կերպարանքը: Հովակիմը, հանցանքի մեջ բռնվածի պես, շուտափույթ փակեց գիրքը, սնդուկը դրեց՝ ծածկելով սնդուկի խուփը:
— Գևորգ տացու, եկա՞ր, ես պիտի իգենք…
— Դու լը ընձի՞ ըսելու բան ունիս, Օվակ տղա, դու ի՛մն լսե, դու իմ դարդերուն դարման էրե,-խոսեց Գևորգ նահապետը,-ես՝ հալ ու ճարե ընկած մարդ, իմ մե ոտքն էսդենն է, մեկելն՝ էնդենն, իդա քջինք-թնջուկի մեջն, իդա ցավ ու կրակի մեջն իմ դարդ ու կրակն ընձի հերիք չէր, թազա խաբարն լը՝ էվել-էվելի. Սաթոյի Փելոն Ստամբոլից եկեր է, սև խաբարն լը՝ հետն. մըր փեսա Խազարն խեղդեր է: Իփլիկխանեն նավ բառնալու վախտ, թե՞ լողանալու վախտ խեղդեր է, նաշն լը՝ կապտած-ուռած, հանած ին ծովեն, ավզներու մեջն փորած-հորած ին:
— Ի՞՜նչ կխոսաս,-շփոթված արձագանքեց Հովակիմը,-հլը ուրին ո՞րն ըսեց՝ թող քու կնիկ-ճժերն, տուն ու տեղ, ելիր, գնա Ստամբոլ…
— Հազար բերան ըսի՝ տղա՛, գործ չունիս, տղա՜, քու հալուն ստրիր, տղա, քու ոտքն քու կարպետի չափ լարե, չլսեց ակաբուռ, Աստծո երեսեն ընկած շան տղեն, ելավ-գնաց, գնաց՝ կերա՞վ… Հիմի ես ի՞նչ սև կապիմ, էդուր կնիկ-ճժերն ի՞նչ պիտի էնին, էն խեղճ աղջիկս ի՞նչ պիտի էնե… Մեկել թարաֆեն լը թադարուկ տեսեր ինք, հարսնիք պիտի էնինք, ինա Դավոյին ու Կրպոյին նշանինք: Դե՛, արի՛, իդա խաբրի վրեն դհոլ-զուռնա փչե… Ես ի՞նչ էնիմ, ի՞նչ սև կապիմ, Օվակ տղա… Կըսեր՝ երթամ Ստամբոլ, փարա բերիմ բոլ… Ահա՛ն, ուր բերած փարեն… Յարա բերեց, թե չէ՝ փարա… Գնաց, ընկավ ջուրն, խեղդավ… Մենք՝ հուդա, ինքն՝ Ստամբոլ, մկա արի, որոշե՝ ի՞նչ է եղի էդ մարդուն, քոռ խո չէ՞ր, գնաց, պատավ ջուրն, խեղդավ: Աստված գինա՝ խեղդեր է, թե՞ ինչ խաթա է եկի գլխուն: Էդի ի՞նչ ջուր է, որ երթացողներն կմտնան, կխեղդին…
— Գևորգ տացու, հավքն որ բնեն թռավ, էլ կշիռ չունի, ինչ ըսիս, որ ուր գլխուն չի գա: Անտուն մարդ՝ կարիք կզգա, կերթա գողություն կէնե, անկնիկ մարդ՝ կարիք կզգա, կերթա բոզություն կէնե, կբռնին, կսպանին, կթալին ծովն, ամեն ինչ լվացող ջուրն էդ կեղտն լը կլվանա…
— Մկա ես ի՞նչ էնիմ, Օվակ տղա, մոլորվեր իմ, մանցի: Գիրգորն քու հետն եկավ Արզրում, գացեր է, դու գինաս, խոսացեր է Դավոյի հարսնացուի ծնողաց հետն, ըսած ին՝ կիտանք, շուտ ելեք-արեք, վերջացունք, հիմի ես իմա՞լ էդ սև խաբրի վրեն հարսնիք էնիմ:
— Վայ-վայ օրեր ին, Գևորգ տացու, վայ-վայ օրեր, այլայլելու վախտ չկա, ուրիշ բանի վրա ուշք մը՛ դարձու, գործիդ իրիշկե, երեկ լավ էր, էսօր՝ վատ, առտուն է՛լ բեթար ու վատ կեղնի: Ընձի որ մնա, հարկ ու հարսնիքդ հեչ չըս ձգձգիս, եղածն եղեր է, դու Դավոյի ու Կրպոյի գործերուն դարձիր, թե չէ էվելի վատ բան կեղնի… Վայ-վայ օրերի ին, Գևորգ տացու, վայ-վայ օրեր, կանչե քու Աստված, քու բռնած գործերուն դարձիր… Ա՛յ, ա՛յ,-ասաց Հովակիմը՝ ծոցից հանելով նամակը:
— Էդ ի՞նչ է, Օվակ տղա:
— Մտածեր ենք՝ վախտ մ’ պահենք, բայց կտեսնամ, որ պահել չեղնի: Գիրգորի համար է իդա նամակն. ռսի զորքն Արզրումից շուտով դուրս պիտի գա, Կարմիր վանքից, Կարապետ սրբազանի անունից կգրին, որ ռուսաց զորքին հաց պիտի տանք, որ ետ երթա… Եկավ, կրակի վրեն ցախ լցեց, մկա ետ պիտի երթա…
Գևորգի դեմքն է՛լ ավելի այլայլվեց, փոս ընկած աչքերը վերև դարձան.
— Մեռնիմ քըզի, Աստվա՜ծ, դու մըզի Հոբ Երանելու տե՞ղն իս դրի, թե՞ ձեռք իս առի, մըր վրեն կխնդաս, մըր ցավ ու տանջանքն գումարելով՝ դու քըզի լավ կզգաս… Ռուսն պիտի ետ երթա, մենք լը, հաց տալով, ճամփու դնինք: Էդրեն առաջ մենք մըր մեծ ու պստիկի համար գուբ ու գերեզման պիտի փորինք, հազրինք, որ մեծ ու պստիկով թաղվինք… Մենք գուբ ու գերեզմանի երես լը պիտի չտեսնանք, մենք մըր արյան հեղեղի հետն Արազին կխառնվինք, ձկներու ձագերուն կեր կդառնանք…
— Այլայլելու վախտ չկա, Գևորգ տացու, հաց պիտի տանք, հա՜ց, ախր իդա թուղթն գրողն բան մ’ մտածած կեղնի…
— Ի՞նչ պիտի մտածած եղնի, այ լաո՜, ի՞նչ պիտի մտածած եղնի… Վերջին անգամ հաց տանք ռուսներուն, որ թուրքերն մոռնալու բան չունենան, վրագլխու մըզի մըր արյան մեջն խեղդին, թողին: Տեր Անտոնն հաց տվեց, ի՞նչ հասկցավ, որ հիմի Գիրգորն տա… Ա՜յ քըզի Աստծո պատիժ, իդա էմալ կէնին, որ մարդ ուր մեռելն ու հանգուցյալն լը մոռնա… Օվակ տղա, ես ելլամ-երթամ տուն, ես իմ հոգեառն կտեսնամ, երթամ, թե չէ, հուդա կմեռնիմ… Իրիկվա դեմն արի, հլը ժողվինք գեղացոցն, խելքկտուր մարդկանց, մտածինք:
— Դու գնա, հարսնիքի գործին իշե,-ասաց Հովակիմը՝ դեպի դուռը ուղեկցելով Գևորգին,-դու հարսնիքի մասին մտածե:
Գևորգին ճամփի դնելուց հետո Հովակիմը եկավ, նստեց իր տեղը, ուզեց նորից հանել «Վարք սրբոցը»՝ Ղազարի մահվան մասին նշելու համար, բայց հետո ձեռքը թափ տվեց՝ գեշ բան գրելու տեղ չմնաց…
Տուն գնացող Գևորգ նահապետի ծնկների մեջ ամեն քայլի հետ ուժն սպառվում էր, ու քիչ էր մնում ծերունին ընկներ ճամփի կեսին: Մշուշված աչքերով նա նկատեց, որ իրենց դռանը մարդիկ էին հավաքվել: Մտածեց՝ փեսայի սև խաբրիկի կապակցությամբ էին եկել, բայց մոտենալով՝ ուրիշ բան լսեց:
— Գևորգ տացու,-ընդառաջ եկավ Ապանը,-Ադամաարտի վերջին ակոսի վրեն քուրդ ու չերքեզ ավդալներն եկան, մըր ձեռքով տվեցին լծկանն արձակել, մեծ նախրին խառնած, քշեցին…
— Փա՜ռք քըզի, Աստված,-պաղ ծիծաղով արձագանքեց ծերունին,-ես Գևո՞րգ իմ, թե՞ Հոբ Երանելի, իմ անունն Գևորգ չէ՜, իմ անունն Հոբ Երանելի է, Հոբ Երանելի՜… Փառք տվեք Աստծուն ու խնդրեք, որ է՛լ բեթարից ազատե, էսօրն ընցավ, դուք Աստծուն աղաչեք, որ առտուն էվելի վատթար չեղնի… Փառք տվեք Աստծուն, փառք քեզ, Տե՛ր, փառք քեզ, վերին, երկնայի՜ն… Կա-չկա մըր Աստծու ձեռքն մենակ ցավ տալու շնորհքն է մանցի, ցավ կիտա, որ նախորդ ցավերն մոռացու… Փառք տվեք Աստծուն, Հոբ Երանելու զավակներ, փառք տվեք Աստծուն…
* * * * *
Կարսեցի Հովակիմն իր Հովսեփ որդու հետ Սուրբ Անտոնյաց վանքից գալուց հետո դեռ չէր խոսել: Իրիկվա դեմ, երբ Պողոսը իր կնոջ ու երեխաների հետ մոտիկ աղբինը ցանելուց հետո տուն վերադարձան, Մարգարիտ աղջիկը ձայն տվեց բոլորին, որ գան թոնրատուն՝ ընթրելու: Գերդաստանը թոնրատանը կլորվեց հացի սեղանի շուրջ: Հովսեփը չկար:
— Ես էդ տղին շրինդն կթալիմ, կկախիմ,-ասաց Հովակիմը,-էդի վի՞րն է պետք, էդի ինչո՞ւ է պետք, էդի իմ սաղ միտք ու մտորում, իմ սաղ հույս ու նպատակ ջրին տվեց, իդա մարդն,-ակնարկելով Պողոս որդուն՝ շարունակեց, հայացքը՝ կնոջը,-հասկցանք, ուր գործին է, գութանի մաճ կբռնե, մեղու կպահե, առուտուր կէնե, ուր կնիկ-երեխոցն կպահե: Էդ Օսեփն ի՞նչ դնի պիտի ծառայե, էդուր վերջն ի՞նչ պիտի եղնի, վանքից թողեց-փախավ, հիմի ի՞նչ պիտի էնե… Ես ուր վրեն երդում դրեցի, ես ուրին ի՜նչ դժվարությամբ տարա հարի Լիբանանու Սուրբ Անտոնյաց վանք, մարդն թողեց-փախավ, եկավ…
— Իդա մարդն փրոտ է, փրոտ,-ամուսնուն ընդդիմացավ Բերսաբ կինը,-հլը համբերե, էն խեղճ երեխեն նոր է եկի, կտեսնաս, որ սաղ օրն ուր գրքերու հետն է, հլը համբերե, կրակն հորի՞ իս առի քու բերանն: Հլը գնա, էնուր դավթարն առ, տես՝ ի՜նչ է էրի, Ավետարանն սաղ ուր ձեռքով գրեր է ու նխշի, դու մենակ քուկն կըսիս…
— Ավետարան գրել-նխշելով կնիկ-երեխա կպահվի, տուն ու տեղ կեղնի՞, որ Ավետարան կգրե ու կնխշե: Չէ՜, էդրեն բան դուրս չի գա, բան ու գործի վրեն սեր ու սավդա չունի: Ժանտախտի ձմեռն չէ՞ր, որ վաքից եկավ: Սաղ ձմեռն գնաց Գևորգի օդեն, բերանն՝ բաց, խաղ ու հեքիաթ լսեց: Խաղ ու հեքիաթ լսելով, Ավետարան գրել-նխշելով տուն ու տեղ կեղնի՞ն, կնիկ ու ճիժ կպահի՞ն…
— Հիմի լը սավդա է փեյդա էրի,-քթի տակ ժպտալով՝ հորը լրացրեց Պողոսը,-սավդա ունի մարդն, աչքն թալեր է Գիրգորի Թագուն աղջկան:
— Ես ուրին սեր ու սավդա կցուցում, ես ուրին Թագուն խրատ կիտամ: Էդ ըսեք՝ սավդեն է, որ մարդուն հաներ է հավտեն… Հլը, դու մեր իս, դու էդ տղին հարցուցե՞ր իս՝ այ լաո, քու հերն ի՜նչ երդում-խոստումով տարավ քըզի, տվեց Սուրբ Անտոնյաց վանք, դու թողի, եկեր իս, իդա եղնելո՞ց բան է…
— Հարցուցեր իմ, Օվակ, ըսեր իմ, կըսե՝ խաբարն եկավ, որ Արզրումու ժողովուրդն կգաղթե, կերթա Ռուսաստան, ես լը թողեցի, եկա, որ ձըզի չկորում:
— Էհ, մենք որ գաղթելու-երթալու եղնենք, ուրին պիտի թողենք հոնի, երթենք, հա՞, կամ մենք դո՞ր պիտի գաղթինք, Կարսից եկանք հուդա, ի՞նչ հասկցանք, որ հուգուց ուրիշ տեղ երթանք… Ուրեմն էդուր դարդն մե՜նք չինք, էդուր դարդն Գիրգորի Թագուն աղջիկն է, մարդն եկեր է, որ Թագունի՜ն չկորու… Էհ, Գիրգորն դո՞ր պիտի երթա, որ Թագունն հետն երթա, էդ սավդալուն լը գա ու չգտնա… Իմ գործն չէ, ես չըմ գինամ,-շարունակեց Հովակիմը,-եկեր է, թող վիրնե որ կարոտ ունի առնելու, ուր կարոտն առնե, դառնա, ետ երթա, թե չէ, հա՛խ Աստված, շրինդն կթալիմ, կկախիմ: Ես խո Աստծո դեմն սևերես եղնելու չի՞մ… Էհ, հա՜,-խոսքը շեղեց Հովակիմը,-մարդուն որ չթողին ուր խոստացած մատուռն շինե, նպատակի վերջն իդա պիտի եղնի: Իմ գործն չէ,-ասածը կրկնեց Հովակիմը՝ դառնալով բոլորին,-մեր իս, ախպեր իս, քուր իս, հարս իս, դուք էդ տղին հասկցուցեք, որ քանի մ’ օր մնա, ուր կարոտն առնե, դառնա դեպի Սուրբ Անտոնյաց վանք… Որպես մըր մեղքերն ու Աստծո չարությունն քիչ ին, ինքն լը էվել-էվելի կբարկացու Աստծուն:
— Օվակ, այ, մարդ, էդ տղեն…-սկսեց Բերսաբը, բայց խոսքը բերանում մնաց: Թոնրատունն ու փոքրիկ օդան բաժանող պատի վրա մի փոքրիկ անցք կար, որի փայտյա դռնակը թեպետ փակ էր, բայց սենյակից եկող դուրդուրոցի ձայնը հասնում էր թոնրատանը նստածներին: Բոլորը մի պահ լռեցին՝ ձայնը ավելի պարզորոշ լսելու համար: Հովսեփն էր. օդայում նստած՝ արտագրում էր Ավետարանն ու հետը եղանակում:
— Մատղաշ վանականի փսորած աղոթքն է, լա՜վ լսեք,-քմծիծաղի տվեց Պողոսը, բայց մայրը իսկույն ընդհատեց նրան.
— Սո՛ւս կեցիր, կտրե՛ քու ձենն, հլը ականջ դի՛ր, լսե՝ ի՜նչ ջերմեռանդ ու անուշիկ ձենով կսաղմոսե:
Բոլորը կրկին լռեցին: Բերսաբի առքերը լույսով վառվեցին: Պայծառացավ նաև Մարգարիտ քույրիկի երեսը:
— Հերն ու ախպերն լը թող ըսին՝ Օսեփից մարդ դուրս չի գա, հլը լավ լսեք տղի սաղմոսն, իդմլ եղանակով ու ջերմեռանդ լուսհոգի տեր Անտոնն լը չըր կերներ երգեր,-լցված աչքերով սնկրտաց Բերսաբը,-մարդն Աստծո տված շնորհք ունի, Սուրբ Հոգին լը ո՛ւր շնորհքեն է խառնի… Մարդ որ շնորհք ունեցավ, ախպերն լը կնախանձի…
Հովակիմը ինքն էլ մի պահ կլանվեց եղանակումով:
— Մատներն գիր ու ծաղկունք կթափին, շուրթերեն՝ աղոթք-լմեժի մարգարիտ,-կրկին հրճվանքը չզսպեց Բերսաբը, իսկՄարգարիտը, որ էլի էր լսել այդ եղանակումը, շիկնել էր:
— Պողոս տղա, լսե, լա՜վ լսե, ես լը կըսիմ՝ էդրեն մարդ դուրս չի գա, հլը քու ունկն կախե, լսե, թե իմալ կսաղմոսե,-քիչ առաջ թափած իր նախատինքների համար զղջալով՝ մեծ տղային դարձավ Հովակիմը:
Պողոսն ու կինը ժպտացին:
— Այ հե՜ր, ես կլսիմ, դո՛ւ լավ կախե քու ականջն, լսե, թե ի՛նչ կեղանակե… Էդի սաղմոս չէ, էդի լմեժ-աղոթք չէ, այ հե՜ր,-ասաց Պողոսն ու վեր կենալով մոտեցավ փոքրիկ աչքունքին:
— Կտրե՛ քու ձենն,-տարակուսեց Հովակիմը,-կըսե՝ աղոթք-լմեժ չէ, ըբ ի՞նչ է…
— Քու տիրացուն, քու վանականն շեր կերգե, շե՜ր, սիրավառված խնուսցու խաղերուց է, սիրեկանի խաղ, մեղա՜ Աստծո… Սավդեն ընկեր է սիրտն, վանականի շուրթին աղոթքն փսորեր է, աղոթքն շեր է դարձի, շե՜ր,-հաստատական ասաց մեծ որդին ու կամացուկ բացեց աչքունքի փոքրիկ դռնակը, որ բոլորը լսեն ու համոզվեն: Դռնակը բացելու հետ, թոնրատուն հասնող ձայնը բարձրացավ, ու իրիկնահացի նստած հարազատները պարզորոշ լսեցին վանքից փախածի երգը.
— Տնեն ելար հալահուլա,
Քու ծծերն՝ բամբակի քուլա,
Աչվիս տեսան, սիրտս կուլա:
Դու կքալես յանա-յանա,
Մերկադ ըսե՝ դուռը բանա,
Իրար սիրենք, մարդ չիմանա:
Մըր տունն, ձըր տունն՝ մեկ դառաբով,
Ելլաս, մտնաս կանաչ կապով,
Իրար սիրենք Աստծո ապով:
Քու մոր անունն, կըսին, Սառա,
Սիրուդ կրակի մեջն վառա,
Երթամ, մեռնիմ, թե քըզ չառա…

Հովակիմն ու Պողոսը իրար նայեցին, տղան՝ հաղթական ժպիտով, հայրը՝ շփոթված ու զարմացական: Մյուսները մեկ տագնապում ճմլվեցին, մեկ ժպտացին:
— Մեղա՜, մեղա՜, մեղա՜,-կրծքին խփեց հուսախաբված հայրը,-իդա շանորդուն ես վա՞նք իմ ուղարկի, թե՞ բոզնոց, իդա գլխեդուրսն լմեժի տեղն սավդալու խաղեր կըսե… Մատղաշ վանականն որ աղոթքի տեղն սավդալու շեր եղանակե, երկրի ու աշխարհի հալն իդա պիտի եղնի: Ես լը գինամ՝ նախրի մեջն էշ ունիմ, մեղա՜, մեղա՜… Ես լը կըսիմ՝ տարա Սուրբ Անտոնյաց վանք, կկարդա, մարդ կդառնա… Ելլամ, երթամ, շրինդն թալիմ, կախիմ, ահա՛ն քզըի աղոթքի տեղն՝ շեր… Թե որ շեր ըսող էր, տանենք Արզրում, Ստամբոլ, ղայֆախանեքն ու տաղարաններն աշուղություն թող սովրեր:
Հովսեփը շարունակում էր երգել:
— Թող լսինք, այ հեր, թող լսինք, իդ խաղն լմեժից ու սաղմոսից անուշ է,-փոքր եղբորը ձեռ առնելով՝ ժպտաց Պողոսը,-էդի սավդեն թալեր է տեր Գիրգորի աղջկա՝ Թագունի վրեն, օգուտ չունի, սավդեն մարդու կհանե հավտեն, Հովսեփ Գեղեցիկի աղոթքն փսորե՜ր է, օգուտ չունի՜, աղոթքն լը կաթի պես բան է, փսորավ՝ փսորավ…
Սրանք այստեղ, ձայն-ձուկ կտրած, լսում էին, իսկ ինքը՝ Սուրբ Անոտոնյաց վանքից փախած վանականը շարունակում էր ծաղկել իր արտագրած Ավետարանի էջն ու երգել սիրային շերը: Երբ երգի ձայնը կտրվեց, ու բոլորը ուրիշ խոսակցության դարձան, Հովակիմը դուրս եկավ: Կինը ետևից ձայն տվեց.
— Օվակ, Աստված ունիս, երեխին ձեռք չիտաս, էդ խեղճ երեխի վրեն առանց էդ լը ճար ու հալ չմանցեր է, էնքան է զբնի, որ կողերն մեկ-մեկ կհաշվվին…
Դուրս եկող Հովակիմի ոտնաձայները երբ դեպի իջևանատան կողմը գնացին, կնոջ ու Պողոս որդու մտքով էլ չանցավ, որ նա գնում է ախոռ, որտեղից մասրենու ճիպոտ առած պիտի անցնի օդա ու դատաստանի կանչի Հովսեփ որդուն: Մաճ բռնելուց հոգնած Պողոսը թիկնեց թոնրի շուրթին փռած խսիրների վրա ու, մինդարները գլխի տակ առնելով, պատրաստվեց մրափելու: Կինն ու Մարգարիտ աղջիկը ելան՝ հացի սեղանը հավաքելու, իսկ Բերսաբը երեք թոռների հետ տեղավորվեց թոնրի մոտ: Քիչ հետո Պողոսի ննջուկն ընդհատվեց, տատ ու թոռների խաղը, հարս ու տալի գործը: Աչքունքից Հովակիմի կատաղի նախատինքի ձայնը լսվեց ու Հովսեփի ճիչը: Հետո, երբ բոլորը վազեցին սենյակ, սա տեսան. հայրը ադամամերկ որդուն պարանով կապել էր օդայի սյանը ու դաղում էր վարդենու բարակ, ճկուն ճիպոտով:
— Մեղանչյալ շան վարուվաստակ, ես քըզի չուրի Սուրբ Անտոնյաց վանք տարա, որ լմեժ սաղմոսիս, դու, սավդալու Քյարիմ դարձած, շեր կերգիս, հա՞, է՜դ է քու աղոթքն ու Նարեկն, հա՞՜… Սուրբ Անտոնյաց վանքի վանականներն էդ ին քըզի սովրցուցած, հա՞՜… Աստվածածնա փեշն բռնելու փոխարեն դու վի՞ր փեշն իս բռնի, Գիրգորի աղջկա՝ Թագունի փեշն, հա՞՜… Քու լեզուն քու բերնեն կքաշիմ-կպրծում, ես քըզի սև աղջիկ խրատ կիտամ, շան որդու անգլուխ, էդո՞ւր համար իս հալի-մաշի… Դու քու էդ անառակ վարք ու արարքով փորձանք պիտի բերիս մըր գլխուն, Աստծո ու Սուրբ Անտոնյաց վանքի զորությունն պիտի հանիս մըր դեմն…
Կատաղած Հովակիմը դեռ շատ կծեծեր որդուն, եթե կինն ու մեծ որդին չհասնեին: Պողոսը ետ հրեց հորը, արձակեց եղբորը, Բերսաբը սկսեց նախատել ամուսնուն.
— Էլ ի՞նչ է, դու լը խեղճ երեխի վրեն ժրկցար, ի՞նչ կուզիս խեղճ երեխից, խո ուտելու չի՞ս, երեխա է, եկեր է, կդառնա, ետ կերթա…
Հովակիմն ասելու բան չգտավ, թողեց, տանից դուրս եկավ: Մյուսները հավաքվեցին Հովսեփի շուրջը: Մարգարիտը եղբոր շորերը բերեց, որ հագնի, իսկ Հովսեփը ծանր սնկրտոցով բարբառեց.
— Իմ սիրտն կպեր է Թագունին, կուզե՝ թող մորթե, կուզե՝ թող քերթե, ես վազն եկող չիմ, խսա-խորատեն օգուտ չունի՜, իմ սիրտն կպեր է Թագունին… Աշխարհն աշխարհեն ընցնա, ես Թագունից ընցնող չի՜մ… Ընձի երազ է եկի, Սուրբ Անտոնյաց վանքի մեջն ընձի ցուցանք է դարձի, ես քարն քարան իմ քսի, ու քարերն իրար ին կպած… Թե գեղացիքն մանցին, ես կդառնամ, կերթամ Սուրբ Անտոնյաց վանք, թե որ գեղացիքն ռուսաց զորքի հետն ելան-գացին, ես լը կերթամ, հազար հատ վանք եղնի, ես մանցող չի՜մ…
— Իդա գաղթելու խսա-խաբարն ի՞նչ էր, փեյդա եղավ,-որդուն ընդհատեց Բերսաբը,-դո՞ր կգաղթին, հորի՞ կգաղթին, կտոր մ’ հաց կհասնի, զխտվեք, ձըր հալուն ստրեք, ի՞նչ գաղթ, ի՞նչ բան… Գաղթն լը թազա բան մոգոնեցին…
— Բերսաբ մերիկ, Պողոս ախպրուկ, Մարգարիտ քուրիկ, այ, ես ձըզի կըսիմ, իմ հերն կուզե՝ թող դանակն առնե, մորթե ընձի, ես Թագունից վազն եկող չիմ…-սնկրտոցի միջից հայտարարեց Հովսեփն ու անցավ իր կիսատ դավթարներն հավաքելու,-Թագունն լը որ չեղավ, ես կերթամ, կքաշվիմ սարերու մուղարեքն, ճգնավոր կդառնամ:
— Իյա՜…-ձայնը ցածրացնելով՝ մեծ որդու երեսը նայեց Բերսաբը՝ սարսափով լի աչքերով,-իդա խեղճ երեխիս թուղթ ու գիր էրեցին, թլսում կարդացին վրեն… Մեղա Աստծո, Աստվա՜ծ, էն ջադու Աննոն՝ Ջոջ Մարեն, գիլկա՞պ տվեց էնել իդա խեղճ երեխիս…
— Բայց, Օսեփ տղա, ես չըմ ուզիմ, որ դու էդունց աղջիկն առնիս, ես էդունց հետն խնամի չըմ կերնամ եղնիմ,-ասաց եղբայրը:
— Խնամի եղնել-չեղնելն իմ գործն չէ, ես Թագունից ընցնող չիմ:
Սենյակում արդեն մութ էր: Պողոսի կինը՝ Թեղիկը գրկի երեխային Մարգարիտին տվեց, ինքը դարձավ ճրագը վառելու: Շուտով Պողոսը շորերն հանեց, գողինք մտավ, կինն անցավ թոնրատուն՝ վաղվա հացի համար խմորջուր դնելու, Մարգարիտը, ճաղերն առած, սկսեց իր գործվածքը գործել, իսկ Բերսաբը նստեց թախտին ու, թոռներին շուրջը բոլորած, բազում լճերից մեկի հեքիաթը սկսեց պատմել: Հովսեփը դուրս եկավ տանից, կանգնեց պատի տակ: Տունը Արաքսի փոքր-ինչ բարձրադիր ափին էր: Տան ներքևում մարգագետինն էր, որ գարնանը հեղեղված էր լինում գետի ելած ջրերով: Մարգագետնի՝ աղջիկներ հիշեցնող ուռենիները, մինչև սրունքները կանգնած սառը ջրերի մեջ, մանրիկ դողում էին: Մարգագետնի ու տան արանքում, թմբի թեք կողին, Հովակիմի փեթակներն էին: Բարձրացող լուսնի շողը խաղում էր Արաքսի ալիքների վրա: Գետի սաղրուտներից գորտերի նվագն էր լսվում:
— Իմ հերն կըսե՝ դարձիր, ետ գնա Սուրբ Անտոնյաց վանք,-ինքն իրեն մտմտաց Հովսեփը,-բայց դրությունն իդմլ խառն ու ժժնդած, ես իմա՞լ երթամ: Ես երթամ սուրբ վանք, գեղացիքն ելլան, գաղթին, Գիրգորն առնե ուր գերդաստանն, երթա, ես ետև Թագունին դո՞ր գտնամ: Ես լավ գինամ, որ իմ ախպերն Դավոյի հետն հընգըռ է, մերներն էնունց հետն երթացող չին, Գևորգենք որ հարավ երթան, Պողոսն հյուսիս կերթա… Հազար տարի մնա, ես իդա դրության վրեն Սուրբ Անտոնյաց երթացող չիմ, դժոխքի ճխանն որ պատիմ, ես Թագունից զատվող չիմ… Ես երթամ, աղոթք ու սաղմոս ըսիմ, Թագունն ելլա, երթա, կորի… Չեղնելոց բա՛ն…
— Հովսեփ տղա, արի, հանե քու հալվներն, քնիր,-դռան կողմից լսվեց մոր ձայնը:
Հովսեփը գնաց՝ ձայնին հնազանդ: Օդայում ճրագն արդեն մարած էր: Հովսեփը հանվեց, անկողին մտավ: Երկար ժամանակ չէր կարողանում քնել: Հոր ճիպոտի հարվածների տեղերը գնալով ավելի էին մրմռում: Նա արթուն պառկած էր, երբ հայրը տուն եկավ: Խավարի մեջ հանվող Հովակիմը քթի տակ փնթփնթաց՝ մարդու վրեն խե՞լք կթողին, խոստացեր ենք Գևորգի քովն երթալ, մոռցա, մնաց… Հորը լսելով՝ Հովսեփը տագնապեց՝ ինչո՞ւ պիտի գնար Գևորգի մոտ, իր ու Թագունի հարցո՞վ, թե՞ ուրիշ բան էլ կար… Գնար, խոսեր նշանելու մասին, թե՞ գնար, կռվեր, գործը խառպալեր… Մարդու մտքին ինչ կա, ականջն է՛ն է լսում:
—————————————————————————————————————————————
* Ձեռքս իմ բերանն հասավ — կենցաղային խնդիրները լուծեցի, առօրյա կարիքները հոգացի (ծթ.Գ.Հ.):
** Գեներալ Ճավճավաձե — վրաց նշանավոր բանաստեղծ, քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Ճավճավաձե (1786-1846) (ծթ. Վ.Հ):
*** Լոխման հեքիմ — Արևելքի բանահյուսության մեջ հայտնի բժիշկ
**** Աճեմ Հարություն աղա Ղոնդախչյանը Ղունկիանիս երգիչ Կարնեցու հայրն է:

Թողնել պատասխան

Your email address will not be published.