Սիրանույշ Օհանյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրանույշ Օհանյան

Սիրանույշ Օհանյան

* * *

Մարմինս աճեց, բարձրացավ,
խառնվեց հոգուս կյանքին.
արթնացա:

Նրանք քաշքշում են իրար,
փոխակերպվում մեկը մյուսին,
միաձուլվում,
տարանջատվում:

Ես արդեն երազում չեմ,
որից կարթնանամ,
և կփրկեմ ինձ:

Մարմինս սովորեց ապրել առանց հոգու.
Մեռա:

Մեռա.
անհայտ թռչունները հափռեցին հոգիս,
տարան:
Մարմինս քայքայվեց, փտեց,
ճիճուները կերան:

Ի՞նչ եմ ես հիմա…

* * *

մերկ հոգիս հպվեց գաղտնիքին,
միտքս հալվեց-գոլորշիացավ,
ամպեց,
անձրևեց,
կանաչում եմ…

* * *

ինքս ինձ թիրախ դարձրի
կանգնեցի ասեղի ծայրին
դե խփեք
ասացի
բաց եմ
խփեցին
թափանցիկ էի
և
անխոցելի

* * *

Այրեցի բոլոր կամուրջները
(որ առաջ գնամ)
ցած ընկա:

Ինքս ինձ կրակը նետեցի
(իսպառ մոխրանալու համար)
վերածնվեցի:

Բոլոր արևները վառեցի
(որ խավար չտեսնեմ)
կուրացա:

Շրջվեցի
(որ հանդիպեմ հետապնդողիս
երես առ երես)
տեսա դատարկություն.
ինձ ճանաչեցի:

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի