«

»

Սեպ 24 2010

Տպել Գրառում

Սիրանույշ Օհանյան | ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

Մարդն աչքերիս առաջ հալվում էր. կասեցնելու հնար չկար։ Ես նրան վաղ մանկությունից  եմ ճանաչել։ Հիշում եմ, թե ինչպես էր երբեմն անցնում ավանի արահետներներով։ Գնում էր դաշտերից հեռու, դեպի մեծ լեռան ստորոտը, դեպի մութ անտառը։ Երեխա էի, ու բոլոր երեխաների նման երկյուղածությամբ ու հարգանքով էի նայում մութ անտառ գնացող մարդկանց։ Այդպիսինները քիչ էին։ Անտառի մասին շատ հեքիաթներ էինք լսել, հատկապես ձմռան երկար երեկոներին, երբ ավանի բոլոր երեխաներիս հավաքում էին գլխավոր հովվի բնակարանում և նախապատրաստում գալիքի համար. այլ կրթություն ես չեմ ստացել։ Հիմա փոխվել է ամեն ինչ, նույնիսկ հովիվների տոհմն է նվազել, իսկ նրանցից շատերը թաքնվել են։ Այո՛,  մի բաժակ էլ հաճույքով կխմեմ ձեր կենացը։ Բոլոր երեխաներիս հավաքում էին գլխավոր հովվի ընդարձակ քարայրում ու պատմում այն ամենը, ինչ հարկավոր էր մեզ՝ բնականոն աճի համար։ Գիտեմ, որ ձեր մեջ ընդունված է հեքիաթներ անվանել այդ պատմությունները։ Դուք նույնիսկ չեք հավատում, որ Արջի դեմ որսի գնալիս ավագները երբեմն արջի կերպարանք են ընդունում, էլ ինչպե՞ս կհավատաք միայն հայացք ունեցող մարդու կյանքի պատմությանը։ Է՜հ, ձեր կենացը։ Լավ գինի է, թեև ընդամենը գինի է։ Մեզ հատուկ խմիչք էին տալիս հանդիսավոր առիթների ժամանակ. այդ խմիչքի պատրաստմանը մասնակցում էին միայն ընտրյալները, ովքեր անցել էին բոլոր փորձությունները։ Իր համով այն ձեզ ոչինչ չի հիշեցնի ու չի հուշի։ Լավ, ես չեմ շեղվի, չնայած իրավունք էլ չունեմ որոշ բաներ ասելու։ Իրավո՞ւնքը։ Ոչ ոք էլ չի պարտադրել, սակայն առաջին մեծ փորձությունն անցնողներս լռության երդում ենք տվել։ Ես լռության խորհուրդը կրողներից եմ։ Այո՛, տեսել եմ, թե ինչպես էր նա հանդարտ ու ասես ոչինչ չնկատելով անցնում խաղացող երեխաների մոտով։ Մեր խաղերն իրենց հատուկ նշանակությունն ու խորհուրդն էին կրում, որը դժվար է բացատրել խաղը որպես ժամանակ սպանելու միջոց օգտագործողներիդ։ Ի՞նչ ասացիր։ Ոչ, այնքան էլ ճիշտ չես։ Մեր մշակույթը, ինչպես դուք կասեիք, զարգացել է այլ ուղիներով։ Մեր ավանում խաղում էին բոլորը՝ անկախ տարիքից ու սեռից, ինչպես ասացիր, խաղում էին ողջ կյանքում։ Խաղերը դադարեցվում էին միայն որսի, տոնախմբությունների և փորձությունների ընթացքում։ Փորձությո՞ւնը։ Դա մոտավորապես այն է, ինչ դուք ծես եք անվանում։ Որտեղի՞ց գիտեմ այս բառերը։ Տոհմի քայքայումից հետո իմ ուղին հեռացավ դեպի ձեր աշխարհը։ Ո՛չ, երիտասարդ, ոչ թե բերեց, այլ հեռացավ։ Բայց դու շատ ես անհամբեր ու հարցասեր։ Ես տեսնում եմ, որ դու նույնիսկ փորձությունների նախապատրաստումը չէիր հաղթահարի։ Հարցասիրությունը վատ չէ, իհարկե, սակայն հարցերն արտահայտելու համար կա ժամանակ, ինչպես որ ժամանակ կա պատասխանները լսելու համար։ Լավ, թող այդպես լինի։ Ըստ էության, մեր ողջ կյանքը խաղ էր. բարձրագույն խաղի իմաստն ունեին նույնիսկ փորձությունները, որսերն ու տոնախմբություները։ Այդպես էին արտահայտվում մեծերը, երբ հասնում էր ընկալելու պահը։ Եվ այսպես, նա անցնում էր խաղացող երեխաների միջով՝ խռովք ու անհայտի ձգտում սերմանելով մեր հոգիներում։ Մութ անտառ գնալը մեզ արգելված էր, նույնիսկ ավագներից շատերին էր արգելված։ Կարևոր է, որ դուք ճիշտ հասկանաք ինձ։ Արգելված լինելը չէր նշանակում, որ պատժի սպառնալիքի տակ էինք։ Մանկուց մեզ սովորեցնում էին գնահատել ուժերն ու գործել հնարավորություններից ելնելով։ Վախը չէ, որ մեզ ստիպում է հարգել արգելքը, այլ՝ համբերությունը։ Գիտեինք, որ մութ անտառի անվանումը պայմանական է. ծառերի խիտ շարքերում բոլորովին այլ գաղտնիք էր պահված՝ տարբեր նրանից, ինչ գտնում էինք որսի անտառներում։ Տեսնում եմ, որ հնարավոր չէ  հետաձգել ձեր անպատեհ հարցերի պատասխանները։ Ո՛չ, մեր որսը տարբերվում է ձերինից։ Մենք երբեք չենք սպանել ուտելու համար։ Մեր ողջ համայնքը բուսակեր էր, միայն հազվագյուտ օրերի ուտում էինք մի պատառ արջի միս, ինչպես դուք՝ նշխար։ Ես չեմ կարող վիրավորել ձեզ, սակայն եթե ցանկանում եք հնարավորինս ճիշտ հասկանալ, պետք է  որոշ համեմատություններ անեմ։ Սո՞ւրճ։ Ո՛չ, շնորհակալ եմ։ Մի բաժակ գինուց չեմ հրաժարվի։

Միայն հայացք ունեցող մարդը (ավելի ճիշտ կլիներ ասել՝ մարդը, որը միայն հայացք է)   առաջին դասի որսորդներից էր, միակը չէր իր տեսակի մեջ։ Չնայած տարիների հետ, երբ մենք հասակ առանք, զարմանալի փոփոխություններ կատարվեցին։ Երբ պատանիներից մի քանիսին, այդ թվում և ինձ, հանձնեցին նրան՝ հասունության խաղերը վարելու համար, նա արդեն կասկածների տեղիք էր տալիս։ Առաջվա պես միայնակ գնում էր մութ անտառ և ամեն վերադարձի հետ մի տեսակ ասես ավելի թափանցիկ էր լինում։ Խաղերի ժամանակ, որոնք ընթանում էին և՛ խավար, անլուսին գիշերներին, և՛ շոգ կեսօրներին, և՛ լիալուսնի ժամանակ, և՛ մթնշաղի քողի տակ, մի խոսքով՝ օրվա ամենատարբեր ժամերին, երբ տարբեր է լինում նաև լուսավորությունը, նա երբեմն անհետանում էր։  Դժվար է ճշտորեն նկարագրել այդ զգացողությունը. ավագ որսորդը կանգնած է պատանիներով շրջապատված, լուռ բացատրում է հերթական խաղի կանոնները, երբեմն՝ նաև իմաստը, մեկ էլ հանկարծ  մի կարճ պահ անհետանում է։ Կախարդանք, ինչպես դուք եք ասում, չկա. դա լույսի խաղի հետևանքով էր լինում։ Այո՛, սովորաբար լռությամբ ենք հաղորդակցվում։ Ես ձեր միջավայրում եմ խոսել սովորել. մեր տոհմում բոլորն էլ ձեզ համր կթվային։ Ոչ մի տարօրինակ բան չկա անհետանալու մեջ, մանավանդ, երբ մարդ աստիճանաբար է թափանցիկ  դառնում որոշ լուսային ճառագայթների դաշտում։ Տարօրինակն այն էր, որ մենք զգում էինք անհետացած մարդու հայացքը։ Ինչպե՞ս բացատրեմ։ Հիմա մենք զրուցում ենք, և դուք ուշադիր ինձ եք նայում։ Պատկերացրեք, իբր հանկարծ ես չքվում եմ ձեր առաջից. անսովոր և հիմար զգացողություն է, հասկանում եմ։ Նստած եմ, և մի ակնթարթում դատարկություն  եմ դառնում։ Մի կերպ պատկերացրեք, հնարավոր է։ Իսկ հիմա պատկերացրեք, որ այդ դատարկությունն ունի հայացք՝ իմ հայացքը։ Աչքերս չկան, բայց հայացքս կա։ Ա՛յ, այդպիսի զգացողություն հաճախ ենք ունեցել։ Ես լսել եմ, որ դուք հեքիաթ ունեք անտեսանելի մարդու մասին. դե, պատկերացրե՛ք ձեր անտեսանելուն որպես իր հայացքը, ավելի ճիշտ՝ հայացքի ներշնչած զգացողությունը։  Ո՛չ, այստեղ չի կարող որևէ սխալ լինել։ Մենք նույնպես մարդ ենք, միայն թե ուրիշ ռասայի ենք պատկանում, ինչպես դուք եք ասում։ Գիտությունը սխալվում է, նա դեռ շատ բան չգիտի։ Տե՛ս, իմ մաշկի գույնը կապույտին մոտ է, չնայած ձեռքերիցս երևի գուշակել եք։ Ինչպե՞ս թե։ Մաքրությունը  մեր կենցաղում ավելի է կարևորվում, քան ձեզ մոտ. ես ինձ թույլ չէի տա կեղտոտ ձեռքերով սեղան նստել, առավել ևս՝ հեքիաթ պատմել։ Ձեռքերիս գույնը կապտավուն է՝ ինչպես  ողջ մաշկիս գույնը։ Երե՞սս։ Երեսս նույնպես կապտավուն է, իսկ մազերս միշտ երկնքի գույնն են ընդունում։ Դեմքս ծածկել եմ և ակնոց եմ կրում, որովհետև դեռ ժամանակը չէ։ Արյո՞ւնս։ Ավելի կարմիր է, քան ձերը։ Այո՛։

Ես մտադրություն չունեմ մեր համայնքի պատմությունն անել ձեզ։ Ամեն պատմություն աղավաղում է, միայն լռությամբ ընկալողներն են տեսնում ճշմարտությունը։ Ես ցանկանում եմ պարզապես պատմել հայացք-մարդու հեքիաթը։ Ինչպես տեսնում եք, առանձնապես երկար հեքիաթ չէ, իսկ երկարեցնելը իրարից կխորթացնի հեքիաթի իմաստն ու հեքիաթի հերոսին։ Այսպես, Արեգակի ու Երկրի նվիրական ընթացքի մեջ աստիճանաբար մեզանում մարդու նոր որակ ձևավորվեց՝ հայացք-մարդու որակը։ Մի օր էլ նա անհետացավ առհավետ, սակայն հայացքը միշտ մեզ հետ էր։ Ավագների փակ խորհուրդը վճռեց, որ անհետացումն ու միայն հայացք ունենալը պայմանավորված է ներքին ուժերի աննախադեպ զարգացումով։ Հայացք-մարդը շարունակեց ուսուցանել մեզ, և մեր խաղերն ու աճը այլ ընթացք ունեցան։ Ոգինե՞ր։ Ի՞նչ գիտես դու ոգիների մասին։ Նրանցից ո՞ւմ ես ճանաչում։ Մարդը չի կարող ոգի դառնալ, համենայն դեպս՝ հայացք-մարդու զարգացման մակարդակում գտնվող մարդը։ Նա ոգի չէ, ոգին այլ արարած է։

Տեսնում եմ, որ դուք նույնպես լռել ու սպասել գիտեք։ Ներեցե՛ք ձեր համբերությունը չարաշահելու համար։ Ինձ անհրաժեշտ էր կենտրոնանալ ու վճիռ ընդունել։ Հայացք-մարդու հեքիաթը վերջանում է այսպես. նրա կերպարանքը անհետացավ մարդկային աչքերից, անհետացավ աստիճանաբար, ասես նախապատրաստելով։ Մնաց հայացքը. մարդը դարձավ իր հայացքը։ Ասում են, որ նրան թույլատրված է երբեմն իջնել մարդկանց մեջ ու նայել նրանց աչքերի մեջ, սակայն սակավաթիվ արարածներ կարող են առանց վախերի ու թյուրընկալման տեսնել նրան։ Նա աշակերտ է փնտրում, փնտրում է հաջորդին։ Մենք բոլորս մեր հաջորդին ենք փնտրում։ Ոմանք փնտրում են՝ շարունակվելու և թվացյալ անմահություն ունենալու համար, ոմանք փնտրում են՝ ուսուցանելու և իրենց միջուկը  թողնելու համար։

 

Պատմողը հանկարծ կանգնեց, դեն նետեց գլխանոցը, ապա՝ ակնոցը։ Մինչ զրուցակիցները կհասցնեին տեսնել նրա դեմքը, նա անհետացավ։ Մնաց միայն ցոլցլացող հայացքը, որը մի կարճ պահ շաղափեց ներկաների հոգիները՝ խռովություն ու ավեր սերմանելով։ Ապա հայացքը նույնպես անհետացավ։ Զրուցակիցները ստիպված եղան իրենց կյանքը սկսել նորից, և հարցասեր երիտասարդը նվիրվեց հայացք-մարդու որոնմանը։

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>