Նորվան | Այս տողերը տառապում են ջերմախտով

«»«»«»

Այս բանաստեղծության հաջորդ տողերում
մի տղա կհայտնվի,
որը տարիներ հետո
հոր պիջակը պիտի հագնի ու մեծանա,
և կհիշի ընկուզենին
ու դեռ չքաղված մի բուռ ընկույզներ,
և կհիշի այն օրը,
երբ 15 թումանով գնված կոշիկները
ամբողջ գիշեր գրկել ու
երազում ժպտում էր,
հետո առուների միջից գտած փողով
մի կուշտ արգիլված ֆիլմեր կդիտի,
մի կուշտ պաղպաղակ կուտի,
մի կուշտ ծեծ կուտի…
Այս բանաստեղծության կարճ շալվարով տղան՝
պիջակը հագին կորելու է հաջորդ տողերի արանքում,
և ոչ ոք չի կարող նրան գտնել,
անգամ դու՝
քո գունավոր մատիտներով:
«»«»«»
Միշտ անձրևի առաջին կաթիլներից է սկսվում,
երբ զգում ես
նայել ես՝ ոչինչ չտեսած,
գնացել ես՝ քայլ իսկ չվերցրած,
խոսել ես՝ բառ իսկ չարտասանած,
և ապրել՝ վայրկյան իսկ չապրած,
սակայն վատնումը մաքուր է ու ամբողջական…
Ու եթե մի ժամանակ սրճի գավաթում
ուրիշների կորցրած սերն էիր որոնում,
հիմա չգիտես ինչ պիտի որոնես,
ուրեմն «լինում է- չի լինումը» դեռ շարունակվում է,
և քանի որ հորդառատ անձրև է սպասվում,
անձրևանոցդ վերցրու,
գուցե դեռ երկար ժամանակ
թափառական կղզի լինես:
«»«»«»
Մայթին՝
հրեշտակները համարներ են բաժանում:
Կրպակի մոտ՝
ծծկեր մանուկները հերթի են սպասում:
Փողոցը ձգվել է գիշերվա մեջ:
Մեկը դեպի մահ է շտապում:
Լապտերասյան տակ՝
կյանքը ձեռնափայտը ձեռքին տատանվում է:
Գնացքի հանկարծակի սուլոց:
Բանաստեղծը, որ շերտ-շերտ
գետ է տանում ուսերին,
մի քանի տող մնացած դրախտին՝ կանգնում է:
Մահը իջնում է գնացքից:
Բեմին՝ բացված գիրք:
Կուլիսում՝ դատարանը խորհրդակցում է:
Մեղադրյալը՝ մի բանաստեղծ,
որ անականկալ կերպով դրախտից փախավ:
«»«»«»
Խնջույքին շքեղ հագուստներով
կախված էինք կախիչներին,
իմ ոտքերն ու նրա մազերը
ձգվել էին մինչև գետին,
հիւրերից մի խումբ ասում էր՝
նապաստակները ծաղիկներ էլ կրծում են:
Պիջակիս թևքով
ծնոտը դեպի երկինք բարձրացրի,
լուսինը աստղերի պարից
մի կողմ էր քաշվել,
իսկ նա քաղաքի ճրագները
գերադասում էր աստղերին,
իրեն հատկացված կախիչը
նման էր սրտի,
ու թեթև շարժումից հասկացանք,
որ քամի է:
Խնջույքն ավարտվեց,
հագուստն աթոռին,
կախիչը՝ դռան բռնակին,
ու ես այլևս չկայի:
«»«»«»
Միջնորդ – գնորդները
ամեն ինչ կիսեցին իրենց մէջ:
Պառավին աթոռի հետ
հնավաճառի խանութ տարան:
«»«»«»
Եթե մի օր
բանաստեղծն արթնանայ ու տեսնի
Մալխասյանը քնատ
ծխում է հեռուստացույցի առջև,
Աղայանը գնումից վերադարձել
ու կանաչի է մաքրում,
և թռչունը ձու է ածել
Ջահուկյանի մոխրամանի մեջ,
եթե ուզենա բանաստեղծություն գրել
ու տեսնի բոլոր բառերը քնել են,
ի՞նչ կանի,
եթե անգամ ից-ը քնած լինի,
այլևս ինչ-ից և ում-ից կգրի,
գուցե և… չգիտեմ… նման բան…
«»«»«»
«Ես»-ը նեղն էր ընկել
ու շփոթահար ջանք էր թափում՝
վերև- ցած, վերև- ցած,
վերելակը գժտվել էր,
չէր ուզում կանգնել,
«ես»-ը շատ էր բարկացել,
Գոռում էր, գոչում…
Հիմա, որ այդ դեպքից տարիներ են անցել,
ես մոռացել եմ թե
«ես»-ը ուր էր ուզում հասնել,
Ու երբ պատմում եմ հայելուն,
Քահ-քահ ծիծաղում է ու փորը բռնում…
Աստված իմ,
այս վերելակը
ե՞րբ է կանգնելու:
«»«»«»
Տղան
ծովը կապույտ նկարեց,
անտառը՝ կանաչ,
սարը՝ սրճագույն,
ու վեր կացավ
մարդկանց գույնը գտնելու…
«»«»«»
Հեքիաթն ավարտվում էր արդեն,
երբ ագռավը անժամանակ եկավ,
նստեց տատիկի խոսքերին
ու պառավը երազները հավաքեց
կռնատակն առավ ու…
Դարձյալ երազ եմ տեսնում,
բղավում եմ կնոջս հասցեին…
Բայց ի՞նչ երազ, ի՞նչ կին,
սերը մեր կտրին թառած արեգակն էր,
միայնությունը՝ թափառաշրջիկ,
որ թրջում էր փողոցի անկյունի պատը,
իսկ «սիրում եմ»-ը
միշտ էլ կորում էր տատիկի հեքիաթներում:
Պառկած եմ հատակին,
այսինքն՝ զուգահեռ աշխարհին
ու ձեռք եմ շարժում նրանց համար,
ովքեր հանկարծ զգացին՝
քչանում-շատանում,
բայց չեն վերջանում…
Դեռ հաշվում եմ էլեկտրալարերը,
թռչունները, որոնք չվել են երազներից…
Զուր ես քարին հետևում…
Կատարյալ տղամարդը,
որ կատարյալ ոչինչ չարեց
ու աշխարհի ողջ մեռյալների ավագորդին էր,
չեմ թաքցնում, ես էի,
իսկ հեքիաթի
գեղեցիկ վերջավորությունը,
պարզ չէ՞… ագռավն իր հետ… թըռռռ…
«»«»«»
Մայրս ասում էր,
շռիր բանաստեղծության մէջ ու
հացի ետևից գնա,
որ դրանով չես կարող անգամ հետույքդ մաքրել…
Զուր չէ այս քաղաքը ինձ
կյանք ու կապանք ու կին բառերից վախեցնում,
որ այստեղ երազելու երաշտ է
ու փողոցները լիքն են միանման շարժվող,
միանման խօսող ու միանման ժպտացող
մանեկեններով…
Փորձում եմ չսիրահարվել, չի ստացվում,
սերը հենց այս …* Թեհրանի անկյուններում
շան պես կախել է լեզուն,
իսկ ինձ ինչ թե
ծովը ամփոփվում է փոքրիկ ավազանում.
ես կանգնել եմ Խաղաղ օվկիանի ափին
ու խորհում եմ քո մասին
(երևի իմացար թե ամբողջը
պատրվակ էր հենց այս տողն ասելու համար),
մի դույլ ջրով
լվանում եմ գլուխս, քաղաքս, սերս…
իսկ հա՞ցս,
40 տարի է ինչ մեզի համ ունի:
* Հարմար ածական չգտա, թողեցի ձեզ:

1 մեկնաբանություն

  1. sireli paron norvan, dzer ays grki banateghxutyunern aynkan hetakkir en vor amen ankam girkn kartaloox heto ayn taloom em mi ankyoon vor yerpek el achkov’s ch’nkni. bayx… krkin u kekin angam verxnum em u kartum ayn. shnorhavorumem, inchpes vor grki vernagirn e` dook hasel ek dzer npatakin, yes ayn kartaloox heto tarapoom em jermakhtix!!!

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի