Սիրանույշ Օհանյան | ՀՆՁՎՈՐԸ

Լեռան ընդերքում անսահմանորեն տարածվող անջրդի հողերում   թափառող սերմնացանը հանկարծ կապույտ երկնքին նայելու սուր պահանջ զգաց։  Շտապով բարձրացրեց գլուխն ու զայրացած բղավեց անակնկալ ցավից. մի պահ մոռացել էր, որ իր առկա երկինքը  լեռնային ապարներից հյուսված ցածրիկ, հոծ առաստաղն է՝ երբևէ արևի երես չտեսած։ Սուր, կարծր հողակոշտը դաժանորեն քերծել էր մերկ գլուխը։  Սերմնացանը ծունկի իջավ կանգնած տեղում և դառը հեկեկաց։ Երկինքը հեռու չէր. երկինքն այնքան մոտ էր, որ հնարավոր էր նրանով վնասել գլուխը։

Հիմա այնտեղ՝ իր երազների իսկական երկնքում, զվարթ շողշողում է կենսատու արևը, շոյում մայր հողի փխրուն դեմքը։ Սերմերը ներծծում են նրա պարգևած կախարդական ջերմությունը, լցվում նորանոր ուժերով, որոնցում կյանքն է սկզբնավորվում։ Այստեղ՝ հողի լեռնային ընդերքում, քայլում է ինքը գիշերներ ու գիշերներ, երազում արևի, երկնքի ու անձրևի մասին, փնտրում փրկարար ելքը՝ երազելի լույս աշխարհը տանող։ Եվ հաճախ ակամա գլխով հարվածում է լեռնային երկնքին, այդ պատճառով գագաթի մաշկը ծածկվել է ցավոտ վերքերով։

Լեռան պես ծանրացել էր սերմնացանի սիրտը, ճնշում էր  հոգին ու անզորություն սփռում այնտեղ։ Սերմնացանը սկսել էր կռացած քայլել. ծանր բեռն ասես ուսերին էր կրում, սակայն դրանից չէր խրատվում, շարունակում էր հավաքել պատահած  սերմնահատիկներն ու անվերջ կուտակել սրտում։ Ընդլայնվում էր բազմաչարչար սիրտը, հարստանում նորանոր սերմերով, ծանրանում լեռան պես։  Ավելի ու ավելի էր կռանում սերմնացանը, հայացքը մշտապես սևեռվում էր լեռնահողին, ավելի ու ավելի էր ցածրանում լեռան երկինքը՝ վիթխարի բեռան պես սպառնալով իջնել սերմնացանի թիկունքին։ Սերմնացանն արիաբար վանում էր ճզմվելու վախը, հրաժարվում անտեսել որոնումների ճանապարհներին պատահած հազվագյուտ սերմնահատիկները. մեկիկ-մեկիկ ամփոփում էր դրանք իր բազմավաստակ սրտում։ Զորանում էր սիրտը, զորանում էր  հոգին, աճում, ամրանում էին ոգու արծվային թևերը, ծանրանում էր ճնշող բեռը։ Սերմնացանը չէր հանձնվում։ Քայլում էր անդադրում, փնտրում որոնելի սևահողը՝ արժանի ընդունելու սրտի սերմերը, փնտրում լեռնային աղբյուրների կենարար ջուրը։ Փնտրում էր ու երազում արևոտ երկնքի մասին՝ հուսալով երբևէ  հունձք անել  նրա հովանու տակ։

Ընդոստ ոտքի կանգնեց, սրբեց դառն արցունքները։ Վայել չէ իրեն արտասվել։ Քայլ արեց առաջ և զարմացած կանգ առավ՝ վախենալով ուրախանալ. մերկ ոտքը հաճելի թացություն զգաց։ Կռացավ, անհամբեր շոշոփեց հողի երեսը՝ իսկապես խոնավ էր։ Թափառումները իրենց վերջը գտան. այստեղ կա ջուր, կա կյանքի նախապայման. կարելի է հերկը սկսել։  Ուրախ ցատկեց՝ կրկին ցավեցնելով գլուխը, սակայն ուշադրություն չդարձրեց սուր ցավին։ Կատարվե՜ց։

Դաժան հիասթափությունը կրկին ծունկի իջեցրեց սերմնացանին։ Վհատության մեջ անգամ սկսեց մտածել. ինչու էր հողը խոնավ միայն այնտեղ, որտեղ ինքն էր կանգնած։ Քաջ գիտեր, որ այստեղ՝ լեռան ընդերքում, հրաշքներ չեն պատահում։ Տխրությամբ մտածեց, որ լեռը ծաղրում է իր նվիրական իղձը. այդ մտքից կրկին լաց եղավ մանկան պես։ Եվ երբ զգաց այտերից իջնող արտասուքի խոնավությունը, բերանքսիվայր փռվեց հողին՝ արտասվելով։ Հրաշքներ չեն լինում լեռան երկնքի ներքո, սակայն իր միտքը հրաշալի գաղափար ծնեց. հենց ինքն է ջրի աղբյուրը։ Հենց ի՛նքը պետք է լինի ջրի աղբյուրը։ Սեփական արտասուքով կոռոգի իր փայփայած սերմնահատիկները գրկած հողը և ստիպված  չի լինի ջուր հայթայթել դաժան լեռից։ Սակայն կարծր էր ոտքերի տակի հողն  ու անհրապույր. դժվար թե այնտեղ բարենպաստ լիներ անօգ սերմնահատիկների համար։ Անհրաժեշտ էր կրկին քայլել ու քայլել,  անտեսել բոբիկ  ոտքերի հավերժական հոգնությունը, որոնել ու գտնել, գտնել ցանկալի հողակտորը՝ պաշտպանված լեռնային  քամիներից ու փոթորիկներից, անկշտում թռչուններից ու հողում վխտացող տարազան միջատներից։ Գուցե ընթացքում աղբյուր էլ հանդիպի այնուամենայնիվ. անմեռ հույսը չէր լքում սերմերի գերեզմանափորին։ Եվ նորից սկսեց հավերժական որոնողի համառ երթը։

Քայլում էր սերմնացանը  գիշերներ ու գիշերներ, որոնում հուսալի ապաստարան սրտի սերմերի համար՝ հուսալով գտնել նաև ստորերկրյա վճիտ, անսպառ աղբյուրների ջրերը։ Սակայն չէր գտնում իրեն անհրաժեշտ ոչինչ՝ բացառությամբ ամենուր սփռված առողջ սերմնահատիկների. դրանք կանչում էին սերմնացանին։ Սերմնացանը չէր կարողանում անտեսել իր ապագա բերքը կրողներին, հավաքում ու հավաքում էր՝ նորանոր ծանրություններ ավելացնելով սրտում. դրանից է՛լ ավելի էր կռանում, է՛լ ավելի ցածրանում էր լեռան անհրապույր երկինքը՝ սպառնալով միանալ հողին. երբեմն սերմնացանը վախենում էր, որ  իրեն վիճակված է վերածվել սողացող անձրևորդի։ Հուսահատ սերմնացանը լալիս էր. չկար անդաստան, չկար ջուր, իսկ սերմնահատիկները տենչում էին արթնացնել իրենց մեջ քնած ուժերը։ Քայլում էր սերմնացանն ու լալիս, լալիս էր և մեկիկ-մեկիկ դուրս նետում սրտում հանգրվանած սերմնահատիկները. վերջիններս իրենք էին համառորեն ձգտում դուրս պրծնել արդեն բանտի պես ճնշող սրտից։  Անդադար արտասվող սերմնացանի սիրտը կրծում էր դաժան ցավը.  այլևս չէր պատահում  ոչ մի սերմնահատիկ, իսկ սիրտն անընդհատ դատարկվում էր. սերմնահատիկներն իրենք էին գլորվում-ընկնում լեռնահողին՝ թրջված սերմնացանի վհատության արցունքներով։  Սիրում էր սերմնացանն իր ապագա բերքը կրողներին, տառապանքով  էր բաժանվում նրանցից. այդ պատճառով չէր դադարում լալ։ Հարկադրական այս բաժանումը մոռացնել էր տվել իր որոշումը՝ որոնել ու գտնել բերրի հողակտոր, ոռոգել սեփական արտասուքով ու սպասել գալիքի պտուղներին։ Կուրացած սիրուց ու տառապանքից՝ արտասվում էր սերմնացանը, արտասվում և բաժանվում իր սիրտն անգթորեն լքող սերմնահատիկներից։

Բազում  գիշերներ քայլեց՝ արցունքներով ու սերմերով ողողելով հսկայական տարածություններ, չգիտակցելով ժամանակի ու տարածության փոփոխությունը. իրեն թվում էր, թե անվերջ լաց է լինում միևնույն տեղում կանգնած, միևնույն սև գիշերվա գրկում։ Անդառնալիորեն դատարկվում էր սերմնացանի սիրտը, շտկվում էր ծանրումեծ բեռան տակ կքած  թիկունքը, նահանջում էր լեռան երկինքը՝ բարձրանալով ու հեռանալով սերմնացանից։ Եվ երբ վայր էր ընկել վերջին սերմնահատիկը, արցունքներից կուրացած սերմնացանն էլ վայր ընկավ՝ հուսահատությունից թաղվելով իր երբեմնի բեռից առավել ծանր մի թմբիրի մեջ, զգալով տիեզերական դատարկության զորության ամայությունն իր բազմաչարչար հոգում։ Վայր ընկավ՝  երբեք ոտքի չկանգնելու անխախտ որոշումով։

Գիշերները գալիս էին և գնում։ Լեռնահողին ընկած սերմնահատիկները կամաց-կամաց սուզվում էին հողում՝ ներծծելով սերմնացանի արցունքների սերն ու  նրանցում պահված անգիտակից, անմահ հույսը։ Լեռնահողին անկյանք փռված սերմնացանի դատարկված հոգում կամա-ակամա ծնվում էր զարմանքը. այդ ինչպես է, որ իրեն չի կլանում  ճահիճը, որ պետք է առաջացած լիներ իր արցունքներից՝ թափված միևնույն վայրում, որտեղ կանգնած՝ իր սերմնահատիկներն էր կորցրել ինքը։ Լեռնահողին չէր հետաքրքրում սերմնացանի անճիշտ մտորումը. նա հազիվ երջանկություն էր ունեցել հանգրվանելու իր մեջ առողջ սաղմերով օժտված սերմնահատիկներ, որոնք արդեն կլանել էին ապրելու համար անհրաժեշտ խոնավությունն ու սերը։ Լեռնահողը գուրգուրում էր սերմերին, տալիս անհրաժեշտ սնունդն ու ջերմությունը, իսկ լեռան ծանր երկինքը դանդաղորեն բարձրանում էր՝ վախենալով ճնշել ապագա ծիլերին։  Սերմնացանն անգիտակ  էր այս ամենին։

Առաջին ծիլը տվեց ոչ թե  առաջին սերմնահատիկը, որ լքել էր սերմնացանի սիրտը, այլ վերջինը՝ ընկած սերմնացանի փակ աչքերի առջև։ Ամենից շատ սա էր ունեցել սեր և արտասուք. ավելի դժվար էր եղել բաժանվել վերջինից։ Դրան հաջորդեցին մյուսները՝ բուսելով ամենուր, որտեղ ընկել էին սերմնացանի անարատ, դառն արցունքները։ Լեռան մութ երկինքը հրճվում էր ու բարձրանում՝ խանդաղատանքով հովանավորելով առաջին անգամ իր հարկի տակ սկզբնավորված կյանքը։ Ծիլերն աճում էին, բարձրանում, իսկ անկյանք քնած սերմնացանը սպասում էր իրեն կլանող ճահիճին։  Եվ երբ շնչեց կանաչ ծիլերի թարմ, կենարար բույրը, զարմանքով բացեց կուրացած աչքերը. ճահիճը չպետք է նման հոտով բուրեր։ Սա իր երազած բերքի բույրը պետք է լիներ։

Զգույշ շոշափեց կարծեցյալ ճահճի մակերեսը. ձեռքի զգայուն ափը շոյեց մատղաշ ծիլերը։ Սերմնացանը սարսռաց։ Թվաց, թե կուրացել է նաև բանականությունը։ Ի՞նչ էր ձեռքի տակ՝ չուզեց այլևս մտածել այդ մասին։ Փակեց աչքերն ու կրկին ընկավ ծանր թմբիրի մեջ։

Ծիլերն աճում էին, բարձրանում, նորահաս կյանքի բույրերով ողողում լեռան ընդերքի բորբոսահոտ օդը։ Լեռան փոփոխունակ երկինքը շարունակ հեռանում էր. արդեն դժվար  էր չափել նրա խորությունը։ Կանաչ ծիլերը հասկավորվում էին. լեռան երկինքը ձգտում էր ընդունել դրանց զմրուխտ գույնը։ Օդը պարում էր ուրախությունից, նորանում։ Լեռան ընդերքի հազվագյուտ թռչուններն սկսեցին թռչել բարձր, բարձր. ազատության  զվարթ ավետաբերները ճախրում էին լեռան նորացած երկնքում։ Կանաչ ծիլերը մուգանում էին, կապույտին տալիս. լեռան զմրուխտ երկինքը ձգտում էր ընդունել դրանց գեղեցիկ գույնը։ Ծիլերն աճում էին, բարձրանում, հասկավորվում և կախ ընկնում. այրող ծարավը տանջում էր նրանց։

 

Սերմնացանը բարձրացրեց գլուխը՝ երազելով տեսնել կապույտ երկինք՝ այնպիսին, ինչպիսին երազում էր։ Լեռան երկինքը՝ անսահմանորեն հեռացած և լուծված իսկական  կապույտ երկնքի էության մեջ, արտասվում էր։ Անձրևի առաջին կաթիլներն ընկան սերմնացանի աչքերին՝ լցնելով կապույտ լույսով, ապա շռայլորեն թափվեցին ծանր հասկերի վրա։ Սերմնացանը   բացեց կապույտ աչքերը, տեսավ կապույտ երկինքը, երկնքից թափվող կենարար անձրևն ու անձրևի տակ ծփացող ծիրանագույն ցորենի անվերջանալի դաշտը։  Սերմնացանին թվաց, թե արծվային թռիչքով ճախրում է իր երազների երկնքում։

Անձրևը տեղաց օրեր ու գիշերներ, և անվերջանալի ծարավը հագեցնող հասկերը հասունացան նրա ավարտի հետ։  Կապույտ ամպերը լուծվեցին կապույտ երկնքում. փայլեց հավերժական արևը։ Արևի սիրո ջերմությունից արբած սերմնացանը լաց եղավ վճիտ արցունքներով. հասել էր ժամանակը։  Իր արցունքներից ծնված արտը սպասում էր իրեն քաղող ձեռքերին։

Թեթևացած հոգով սերմնացանը սկսեց հունձքը՝ քաղելով ծիրանագույն հասկերն ու ամբարելով պարարտ հատիկներն իր ազատ, մաքուր սրտում։

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.