Նաիրա Սիմոնյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

***

Լույսով օրհնվեց ,
կենաց վճիռը,
ես կորզեցի կյանքս
մորս արգանդում,
բեղմնաբջիջս էր
անշուշտ զորեղը,
բայց սիրածարա՜վ,
հար սիրատոչո՜ր,
եկավ ,կարգադրեց
դեռևս այնտեղ,
ես հիմա համեստ ,
հլու պարտատու՝
հասանելիքս
տիրակայելու
արժանավայել:
Աշխա՜րհ, սիրի՜ր ինձ
քո՛ մատիկներով,
քո բի՛րտ մատներով
շոշափի՜ր անձս,
շուրթս համբուրիր
քո՛ շրթունքներով,
ու ատամներով
կրծի՛ր շուրթերս…
մի քայլի մեջ է
սահմանումը կյանքիս,
ես ինձ վերհանող
ուժն եմ քչփորում,
որ բացեմ թնջուկն
իմ լինելության :
Ինձ համարում են
կյանքում երջանիկ,
ու ես հանց կարապ՝
ճերմակ լճակին,
ինքնագո՜հ, վստա՜հ,
կրքոտ խաղերով
գոհունակորեն՝
հետախուզեցի
արտացոլանքս՝
(Ծիծաղելի է ,բայց
թե ինչ արած ,
ինձ ավելի՛ լավ
ի՛նքս եմ ճանաչում):
այն ինչ, որ գտա
տվեցի թղթին,
մնացածն՝ երազ ՝
իմ բաց աչքերին…
փոքր անց ու հետո
պիտի գա Տերը ՝
հրովարտակով ՝
ի հակառակը
իմ ցանկալիի.
«Վերադարձրո՛ւ այն,
ինչը վերցրեցիր»,
բարձրյալ է քանզի ,
կամքը կատարելի ,
սեռիս ոգեշունչ,
կայծերիս քամի
արի սկսված խաղը
շիկացնենք.
հրաշքներ թե կան՝
այդ ե՛ս եմ `նայի՜ր,
թե կան երազներ՝
աչքերդ փակիր,
ու՞մ անձը հագավ
հոգիս լուսաթև,
հրեշտա՞կ է, հա՞,
ես եմ `սաղմոսի՜ր,
սատանա՞ն եկավ՝
լուռ ընկերակցիր,
ե՜ս եմ ,այդ ե՜ս եմ
տեսիլն աչքերիդ,
ես՝ երջանիկս,
կյանքից ապտակված,
նրանով գերված,
դիմակախաղում
դեմքս շփոթած
մունջ տարագիրս,
գոյի հավաստիքն
սերն է միմիայն,
ինձ սիրիր անզուսպ
որ ճշմարտանամ…

***
Իմ պատմությունը
չունի ավարտ,
ինչպես ժամանակը
հանուր տիեզերքում,
մասնիկն եմ եղել,
ամբողջը կազմող
այս տիեզերական
անծիր պատմության՝
ինձ միշտ կրել է
տիեզերքն իր մեջ՝
դարերով տարել,
նրանում պահել,
հերքել է նույնիսկ
ու ճշմարտացրել:
Լու՜յս եղելությանը,
կենսական լույսով
իմ պատմության :
Օրհնված եմ Տեր,
որ առաքեցիր
խումար կացությամբ՝
գլուխս լցրած
գինին Էրոսի՝
օդի պես մի բան
լինելությունս ,
ռունգս արբենա,
աչքս չգտնի,
բայց ապավինած
մի նեցուկ մտքի
ինձ միշտ քնքշորեն
անուշ փայփայող
Տեր իրա՞վ է որ,
եղա քո դեմքով…

 

Մենախոսություն անհայտ շիրմի մոտ

Ձյու՜ն,ձյու՜ն ու հողմ է
ձմեռն այս տարի,
շա՜տ է խորաշունչ
տանուլ եմ տվել
օրերիս մեծ փունջն:
Քաղաքի այգու
փարթամ եղևնին
ճյուղերն է կախել՝
հոգնաբեկորեն,
ու խոնարհվել է՝
գրկած մի շիրիմ:
(Օ՜, ինչ ջանքով է
հոգում եղևնին):
Քնի՜ր բարեկամ,
հոգ չէ արդեն քեզ,
որ ձմեռն այս տարի
շա՜տ խորաշունչ է,
որ տանուլ տվածս՝
անողոք մունջ է,
որ ես հաշիվս
խախտեցի էլի,
որ լույսի ակը
հեռու է ավելի,
որ այս թնջուկը
դասդասել չեղավ,
որ ահա կենաց
երեկոն եկավ,
որ… ինձ թվում է՝
իր անագորույն
ընտրությամբ վերին,
վերատրվել է
կյանքս վերստին,
իսկ դու ծանոթ ես
արդին ու անդին,
հուշի՛ր բարեկամ,
կրկին ապրեմ այն ,
այս անգամ հասած…
կենաց կորիզի
ընդերք ու ակին:
Հյուսիսի ձմեռ
շա՜տ խորաշունչ ես
եկել այս տարի,
քաղաքի այգում
ես եմ գլխահակ,
անհյտ մի շիրիմ,
ու կախ ճյուղերով
այս մեծ եղևնին…

***
Հանապազ օրվա
Փակ կուլիսներում
կյանքս երազ է,
փութացող պատրանք,
աստղալույսը հանց՝
գոյս իրական,
ինքս շա՜տ հեռու,
աչքերին անհաս,
վառվում եմ թեև,
բայց չեմ երևում ,
անծիր տիեզերքի
հոծ աստղաբույլում :
Մշտապես մենակ,
հար անապաստան,
եվ անագորույն
վճռայնությամբ,
դեռ շաղախվելով
ընդերքիս ահեղ
պայթյունի բոցում,
ես դուրս եմ գալիս
ունկդրելու իմ
կերպափոխումը՝
նյութեղից ոգեղ ,
ոգեղից հոգեղ,
լույսից՝ մութ նաև
գույնից երանգներ :
Ինձ ներշնչում է
ամեն մի շշուկ,
ամեն ստվերի
դեմքն եմ ես գտնում,
ու զարմանու՜մ եմ
հավատի՛ս վրա ,
ու հավատու՜մ եմ
զարմանքս նյութեղ
դարձնող Աստծուն…

 

***

Արյանս գույնով
բառերն են ներկում
ճերմակ թերթերը,
միտքս զենիթում
հրահանգիչ է՝
կռահել գիտի,
ճչու՜ն է դեղինն
այրվող արևի ,
սփրթնած պահերս՝
գույնով իմ ներկի:
Տողերիս տակ կա
տրոփուն մի սիրտ
ու իր զարկերով
շեշտուն ու համառ
առաջնորդում է
ճակատագրիս
անհայտ Ավարայր…

 

***

Եվ խառնակն այս օրերի,
և թատրոնն այս,որ խաղում եմ
դիմակներով այս բազում,
կենաց կրակն է իմ մեջ,
ու կրքեղ բոցն իմ
մարմնո՜վ է պարում,
և խառնակն այս օրերի,
և կորուստներս ,որ չունեցան լրում
ցասումով ցավիս նույնիսկ
Աստծո դեմ են ինձ հանում,
և խառնակն այս օրերի,
և կյանքն այս, հանց մարտի կոչում,
մի ճակատ ունի միայն՝
մահից հայտնություն ,
եվ խառնակն այս օրերի
և սերս այս մեծ առեղծում ,
կենաց ասպետ ,քեզ տրվելու է
միայն արարման քո ջերմ անկողնում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի