Վարդուհի Բադալյան | ԾՈՎԸ

Վարդուհի Բադալյան

Վարդուհի Բադալյան

Ծովը խռով շառաչով մտրակում էր ափերը…
Ծովը հեռանում, տարածվում, դառնում էր օվկիանոս…
Ծովային քամու համբույրից շուրթերը խոնավացան: Մի տհաճ, մածուցիկ աղահամ սկսեց դանդաղ քայքայել ներդաշնակությունը: Քամին, որ սկզբում հուշիկ ծովային զեփյուռ էր, այժմ ավելի ու ավելի ուժեղանում էր: Շուրթերը ճաքճքեցին, աչքերում թրթռաց արտասուքի պաշտպանիչ շերտը:
Սպասումից կատաղած՝ բարձրացրեց մի քանի ժայռեղեն կտորտանք ու ծովը նետեց, հերթով: Քարերն աննպատակ սուզվեցին կապույտում, մեկն անգամ ցատկոտելով ինչ-որ հեթանոս պար պարեց ջրի մակերևույթին, ապա և ինքը կուլ գնած կապույտ խռովքին, ու Մարինան կրկին մնաց մենակ իր ճաքճքած շուրթերի ու արտասուքների հետ:
Մտքերը հորիզոնից այն կողմ էին, եկան անձրևաբեր ամպերի հետ, գրկեցին նրան, ծածկեցին նրան իր արևի վերջին փշրանքներից ու սկսեցին մրրկվել ծովի պես…
Մարինան ուսերին քաշեց շալը, փաթաթվեց: Դողում էր, բայց իր կամակոր էությանը ստրուկ՝ շարունակում էր կանգնած նայել կապույտին, որ հետզհետե գորշության երանգներ էր կուտակում:
Կարոտով հիշեց ջուրը նետած իր քարերը…
Կանցնեն դարեր, ինքն արդեն չի լինի, իսկ իր անհարթ, անճոռնի ժայռերը գլաքարեր կդառնան ծովի խռովքում, օվկիանոսը բոլոր քարերը հարթեցնում է, օվկիանոսը ձգտում է կատարելության, բայց հետո նույն օվկիանոսը իր գլաքարերը փշրում, ավազ է դարձնում:
Մարինան իրեն կյանքի օվկիանում արդեն հղկված գլաքար էր զգում, Մարինան զգում էր իր ավազանալն ու այնքա՜ն չէր ուզում փշրվել:
Փշրվեց:
Տանից վազելով նրան հասավ ամուսինը, գրկեց դողացող ուսերն ու իր հետ տուն տարավ, առանց իմանալու, որ իր կողքով քայլում է Մարինայի ուրվականը, իսկ իր ծով-աղջկա ավազը սկզբում ժայռն ի վեր էր սողացել, ապա սուրացել ժայռն ի վար՝ ծովի հորձանուտը…
Ալիքները դեռ երկար Մարինային զարկում, ջախջախում էին ափերին, իսկ հետո արդեն տարան հեռու-հեռու, ուր ծովը դառնում էր օվկիան…

2 մեկնաբանություն

  1. Հրաշալի էր. սեղմ՝ գրկված տողերում մի ամբողջ կյանք ու թախիծ, սա չէի կարդացել, ապրես սիրելի Վարդուհի:

  2. Վարդս, շնորհավորանքներս: Մեր լավ հեղինակներից մեկն էլ համալրեց Գրական կամուրջի հեղինակների շարքը: Շնորհակալություն նաև Կոլյային գնահատելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի