Աննա Ախմատովա | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսերենից թարգմանեց Գիսանե Հովսեփյանը

* * *
Նա խանդոտ էր, զգույշ ու քնքուշ,
Ինձ սիրում էր Աստծո լույսի պես,
Բայց որ ինձ անցածից չմնար ոչ մի հուշ,
Նա սպիտակ թռչնակին իմ սպանեց:
Մայրամուտ էր նարինջ… Շշնջաց իմ ունկին.
— Ինձ սիրիր ու գրիր այդ սիրուց:
Ես անձայն թաղեցի իմ ուրախ թռչնակին
Քիչ հեռու ջրհորից, ծեր կեչուց:
Ես նրան խոստացա էլ երբեք չլացել,
Ու սիրտն իմ քարացավ ասես,
Ամենուր, ամեն պահ թվում էր կլսեմ
Թռչնակիս քաղցր ձայնը ես:

* * *
Խորհրդով անվերծան գարունն էր թովում,
Սարերում՝ մեղեդին արձակ հովի,
Ու քնքուշ դողում էր լճի մով հայելուն
Ցոլքը Մկրտչի հիասքանչ տաճարի…
Դու՝ վհատ առաջին հանդիպման հուշից,
Ես երկրորդն եմ արդեն երազում,
Այսօր էլ թևերով ջերմ ու հուշիկ
Մայրամուտը սարերն է գրկում:
Հեռու ես… Ի՜նչ փույթ, ամենուր, ամեն պահ
Տեսիլ-հայտնությունդ է շքեղ կողքիս,
Հասկանում եմ քո անունջ տառապանքն,
Ու լռությունդ աղաչանք է ունկիս:

* * *
Սպիտակ տունդ, հանգիստ այգիդ թողնում եմ,
Թող կյանքն ունայն ու լուսավոր լինի,
Քեզ այնպես կպանծացնեմ երգերում իմ,
Ինչպես չի պանծացրել և ոչ մի կին:
Դու կհիշես կորուստդ անդարձ, անգին,
Քո հորինած դրախտն՝ անունջ իր աչքերում,
Իսկ ես կվաճառեմ հանց ապրանք թանկագին
Քո քնքշությունն ու սերն իմ երգերում:

* * *
Ուզո՞ւմ ես պատմեմ, թե ինչպես եղավ…
— Գիշերվա երեքը խփեց,
հրաժեշտ տալիս, հենվելով ճաղերին,
նա հազիվ-հազիվ խոսեց.
— Սա էր ողջը… Ախ, չէ, մոռացա…
Ես սիրել եմ քեզ, ես քեզ սիրում եմ
և հիմա…
— Հա՛:

* * *
Արևի հուշն անգամ մարում է իմ սրտում,
Քամի է պաղ,
Վաղ փաթիլներն են պարում երկնքում
Նվաղ-նվաղ:
Փոսերում խայտացող առուն լռել էր
Դեռ երեկ,
Այստեղ էլ երբեք ոչինչ չի լինի,
Օ՜, երբեք:
Անսաղարթ ուռենին, հանց հովհար միջանցիկ,
Պարզված երկնքին,
Այդպես էլ, ինչ արած, չդարձա քո կինը…
Գուցե դա էր բարին:
Արևի հուշն անգամ մարում է իմ սրտում…
Ի՞նչ է սա: Մե՞գ:
Չգիտեմ… Այս գիշեր կիջնի տրտում
Ձմեռ:

 

3 comments

    • shakeh on 14 Փետրվարի, 2011 at 11:11 ա.
    • Reply

    Shad lav e targmanvel.
    Inknoorooyn banasdextcootyan arjek ooni.
    shnorhakalootyoon.

  1. Արևի հուշն անգամ մարում է իմ սրտում…
    Absolutely brilliant… authentic and mature! Well done!

  2. Տառապանքից պոկված անդորր ննջեցյալի,
    Որ մաղում է կարծես ձյունը միապաղաղ,
    Հրեշտակի դեմքով հիշատակներ բարի,
    Հանգչում են մայր հողի աչքերի մեջ խաղաղ:

Թողնել պատասխան

Your email address will not be published.