Սաթ Ալեքս | ԶՐՈՒՅՑՆԵՐ

Վերելակը

Մարին մոտեցավ շենքին, որտեղ ապրել էր ողջ իր գիտակցական կյանքը: Ե՛վ շենքը, և՛ բակը, և՛ շենքի մոտ եղած ամեն բան նրան հարազատ էին: Շենքի շքամուտքում ինչպես միշտ լռություն էր, Մարին սեղմեց վերելակի կոճակը և շատ քիչ սպասելուց հետո վերելակը հյուրընկալ բացեց դռները: Ներս մտավ, սեղմեց համար 9 կոճակն ու փակեց աչքերը: «Աստվա՜ծ իմ, ինչքա՜ն հոգնած եմ, լավ է՝ վաղը ուրբաթ է»: Մարին բացեց աչքերը, երբ զգաց, որ վերելակը բավականին երկար ժամանակ է, ինչ իրեն բարձրացնում է: Շարժելով գլուխը՝ մտածեց, թե դա իրեն թվացել է, բայց ո՛չ վերելակը շարունակում էր բարձրանալ. բայց ո՞ւր… Մի քանի րոպե սպասելուց հետո Մարին նայեց ձեռքի ժամացույցին՝ յոթն անց կես…
-Աստվա՜ծ իմ,- բղավեց Մարին,-ախր ես երեկ ժամը վեցին արդեն տանն էի, ո՞ւր եմ ես գնում:
Վերելակը կանգնեց:
-Ո՜ւֆ վերջապես,- թեթևացած շունչ քաշեց Մարին:
Այդ նույն պահին վերելակը նորից սկսեց շարժվել՝ այդպես էլ չբացելով դուռը: Մարին ընկավ խուճապի մեջ: Հերթով սեղմում էր կոճակները և, ինչպես միշտ, օգնության կոճակը չէր աշխատում: Բջջայի՜նը… բայց բջայինն էլ դավաճանի պես չէր միանում ցանցին՝ կապ չկա…
-Վերելա՛կ, իմ հարազատ վերելա՛կ, ինձ ո՞ւր ես տանում:
Դադար. վերելակը կանգնեց, լռություն: Սակայն դռները չեն բացվում: Մարին գազազած նորից սկսեց սեղմել բոլոր կոճակները. զգաց սրտի խփոցները մատների ծայրին: Վերելակը լռում էր: Մարիին թվում էր, թե ինքը լսում է ինչ որ մեկի շնչառության ձայնը: Փառք Աստծու, գոնե վերելակի լույսը չէր մարում և այնքան էլ սարսափելի չէր թվում այս ամենը: Ժամացույցը արդեն յոթն անց քառասունհիգ էր ցույց տալիս: Գլուխն սկսեց պտտվել. Մարին բռունցքներով խփում էր դռանը և փորձում գոռալ, բայց ձայնը դուրս չէր գալիս: Վախը տարածվել էր ողջ մարմնով ու կաշկանդել նրան: Հանկարծ վերելակը շարունակեց է իր շարժումը, բայց ասես… հորիզոնական:
Եվս մի քանի րոպե անհայտ շարժում, վախ: Կանգառ…Վերելակի դռները ճռնչալով բացվեցին:
Մարին զարմացած նայեց դուրս. միջանցքի հատակը հավասար էր իր գլխի բարձրությանը. վերելակը կանգ էր առել ոչ սովորական տեղում: Ոչ մի բանի մասին չմտածելով՝ նա դուրս շպրտեց պայուսակը, կախվեց ձեռերից ու փորձեց իրեն վեր ձգել. քիչ էլ, քիչ էլ, ու նրա մարմինը կտարածվի կեղտոտ հատակին: Մարին այլևս չէր ընկալում վերելակի գոյությունը: Ահա և մարմինն ու ոտքերը զգում են հատակի սառնությունը: Մարին ակամա նայեց ոտքերին. ձախ ոտքը առանց կոշիկի էր մնացել. որտե՞ղ էր ընկել այն:
Մարիին մի պահ թվաց, թե չկա և չի եղել ոչ մի վերելակ: Եվ հենց այդ վայրկյանին, հանկարծ զգաց, որ ինչ-որ մեկի թաթերը փաթաթվում են իր ոտքերին: Մարին ձգվեց ու ամբողջ ուժով կառչեց աստիճանավանդակի երկաթե ճաղերից: Սակայն թաթերը համառորեն շարունակում էին նրան ներքև քաշել: Հանկարծ շուրջը մթնեց. Զզվելի, կպչուն թաթերը թողեցին նրա ոտքերը, Մարին շունչը պահեց. այլևս ուժ չուներ, մատերը բացվեցին ճաղերից ու զգաց, որ թաթերը գրկեցին նրա պարանոցը, պոկեցին ոսկյա վզնոցն ու սահեցին դեպի կոնքերը…
Մարին կորցրեց գիտակցությունը…

Խանդ կոչվող որթը

Ի՞նչ անել գուցե վախեցնել…
Էրիկը պառկած էր փակ աչքերով ձևացնելով, որ դեռ քնած է: Տապից պատսպարվելով ծածկի տակ հաճելի է մի քիչ էլ պառկած մնալ: Լալան անշուշտ մտադրվել էր խանգարել իր հանգիստը. «ինքը չի հանգստանում, ինձ էլ հանգիստ չի տալիս»…
Այս ի՞նչ է անում… Ինչ- որ բան սկսեց խտղտացնել Էրիկին: Հաճելի է…խուտուտո՜ւմ է… Ի՞նչ է անում… մարդիկ են անցնում, չի էլ ամաչում… Միևնունն է հաճելի է, բայց ինչքան կդիմանա…
Իսկ ինչո՞ւ նախկինում, իրեն արթնացնելիս, նման բան չէր անում, որտեղից է սովորել… Իսկ եթե, իրոք, ինչ- որ տեղից սովորե՞լ է: Էրիկի նյարդերը լարվեցին: Մի՞թե… չէ՛ անկարելի է, բայց ախր առաջ նման բան չէր անում. ո՞ւմ հետ: Նրան արդեն դուր չէր գալիս խտղտանքը, այն ավելի շատ նյարդայնացնում էր: Ո՞ւմ հետ՝ ընկերո՞ջս…
Վաղուց նկատել էր, որ ընկերը տարօրինակ հայացքով է նայում կնոջը:
Սրիկա՛… ու դեռ նայում է աչքերիս մեջ ու ծիծաղում. ախր երեք երեխա ունես:
Գուցե Լալան ուզում է ինձ պատժել այն դեպքի համար… ասացի, չէ՞, բացատրեցի, որ գինովցած էի, «ներողություն», ասացի. բա էլ ինչի՞ համար է պատժում…
էն էլ ընկերոջս հետ, հա՛…
Էրիկը զայրացած աչքերը բացեց.
-Հերիք է, վերջ տո՛ւր, ավելի լավ է երեխաներով զբաղվի՛ր:
Իսկ ո՞ւր է Լալան…
Էրիկի մարմնով դեռ վազվզում էր որթը…

Անկեղծ զրույց

-Աղջիկնե՛ր, չեք պատկերացնի, թե ինչ հիանալի զգացումներ են ծնվել իմ մեջ… Երկար սպասումից հետո վերջապես հայտնվեցի նրա ձեռքում… ինձ օգտագործեց ու էն էլ ո՜նց…
Նախ շոյեց կոնքերս, մի քիչ բարձրացրեց, իսկ հետո այնպիսի ջերմություն ներարկեց էությանս մեջ, որ մինչև հիմա խելքս գլուխս չի գալիս: Եվ այդ ջերմությունը չէր լքում ինձ, ողջ գիշեր լցվում էի ու դատարկվում… Օյ, ի՜նչ լավ էր, ի՜նչ հաճելի… Եթե դա ամեն օր կրկնվեր, ինձ անչափ երջանիկ կզգայի:
-Ես քեզ նախանձում եմ. զգալ այդպիսի հաճույք, թեկուզ հազվադեպ, արդեն երջանկություն է: Այդ դեպքում ինչի՞ համար եմ ես, երկար ժամանակ է, որ լրիվ լքված եմ, ոչ ոք ուշադրություն չի դարձնում ինձ վրա: Հետաքրքիր է ինչո՞վ են վատ իմ թմփլիկ կոնքերը քոնից: Ես…ես ավելի արագ եմ տաքանում ու տաքություն պարգևում, բայց ինձ չեն ուզում…
-Դե վերջացրե՛ք, աղջիկնե՛ր, կարող է մի օր էլ լրիվ հակառակը լինի՝ չթողնեն նույնիսկ հանգստանաս: Օրինակ ես հանգիստ սպասում եմ, թե երբ իմ կարիքը կզգան: Ես միշտ պատրաստ եմ…
-Տիկնա՛յք, կարելի է՞ մի քիչ կամաց: Ի՞նչ եք իմացել առավոտ շուտ, մեկդ մյուսիդ հերթ չեք տալիս… Դուք մի ձեզ նայեք, որտե՞ղ է ձեր գեղեցկությունը՝ մեկիդ ուսերն են լայն, մյուսի կոնքերն են նեղ, գոնե նորմալ շպար ունենայիք… Աստվա՜ծ իմ, ամբողջովին թափանցիկ եք, անգույն… Մի ինձ նայե՛ք, տեսեք ի՜նչ գեղեցիկ եմ, ի՜նչ արդուզարդ ունեմ. ես շատ հպարտ եմ, քանզի ինձ սիրում ու փայփայում են ամեն օր:
Այս հետաքրքիր խոսակցության ամենաթեժ պահին, պահարանի դուռը ճռճռաց. գեղեցիկ տիկնայք անմիջապես լռեցին՝ սրտի թռթիռով սպասելով քնքուշ շոյանքի…

ՀԳ
Գործող անձիք մուտքի հերթականությամբ՝
A111.jpg B1.jpg C1.jpgD1.jpg

17.02.2011

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի