Սիրանույշ Օհանյան | Բանաստեղծություններ

Սիրանույշ Օհանյան

Սիրանույշ Օհանյան

 

***
Այս պահի թռիչքի մեջ բանաստեղծություն կա:
Ես որսացի այն,
որ փայփայեմ
բառերի ճաղերից անդին,
իսկ պահը
մնաց մեզ հետ:

 

 

 

 

***
Ծառերը համոզված են,
որ մի օր կխոսեմ իրենց լեզվով:

Նրանց անուրանալի գեղեցկությունից
ճմլվում է սիրտս,
իսկ կակաչները խոտերի մեջ
պուտ-պուտ
արձագանքում են:

 

***

Ծիծեռնակների թռիչքուղիների միջև
խճճված
ցցված
հաստ շենքը
կանգնած էր
բազմիմաստ ապակիներով:
Արևը
հետ էր դառնում
նրանց բախվելով
կամ թակարդվում,
մնում ներսում:

 

***

Հաչում են շները
հարևաննների,
արթուն եմ:
ավտոն սլանում է
կատաղի,
մտնում ականջներիս մեջ,
դուրս գալիս իմ գանգից,
խլանում հեռվում:
ծուղրուղու
շփոթված ձայնակցում է աքլորը
հարևանների
շները հաչում են պատի տակ
հազում է հարևանը
պատի տակ
գիշերը դոփում է
սրտիս մեջ
չի լուսանում
աքլորը սսկվեց
հաչում են շները,
խնձորը աչքով է անում,
թուքս կուլ գնաց,
իզուր, ասում եմ
ատամներս լվացել եմ, որ քնեմ
չմոտենաս:

 

***
Հ-ին

Տխուր եմ,- կրկնում եմ
փակում գիրքը,
բացում ֆեյսբուքը,
հոգնել եմ,
տխուր եմ,-
խոստովանում եմ,
փակում ֆեյսբուքը,
չեմ բացում գիրքը,
ուրիշ ժամանակ եմ ուզում,
ուրիշ տարածություն.
իմ աշխարհն եմ ուզում,
արի՛ մեռնենք:
վախենում եմ – առարկում եմ,
վախենում եմ մահից,
էլի կխաբի,
կտանի կգցի նույն տեղը,
կբերի կգցի էլի այստեղ,
էլի հիմա։
էլի նույնն եմ,
տխուր եմ:

 

***

Կյանքս բանաստեղծություն էր,
առօրյաս՝ արձակ:
Բանաստեղծության ու արձակի միջև
ես, երբեմն
պատռում եմ ժամանակը,
մտնում ուրիշ չափում,
և այնտեղ,
անընկալելի ամենքից,
բանաստեղծությունն ու արձակը
վերադարձնում թղթին՝
մաքուր,
ճերմակ,
գեղեցիկ:
Իր մաքրությունը,
ճերմակությունը,
գեղեցկությունը
կորցրած թուղթը
վերադարձնում է
կյանքս, առօրյաս.
թուղթը կրում է
կյանքս, առօրյաս,
ես նույնպես կրում եմ
կյանքս, առօրյաս
ես թուղթ եմ
գրոտված
իմ ձեռքով:

Մենք կապված ենք իրար
հակադարձ կապով.
ես գրում եմ թղթին,
թուղթը կարդում է ինձ,
ժամանակը սևացնում է երկուսիս
գրեթե հավասարաչափ

երբեմն
թերթում եմ թղթերը,
ինքս ինձ ասում
մի՛ կառչիր անցյալից
երբեմն
թղթերը
կարդում են ինձ, ասում
գուշակություններ մի արա

երբեմն
երբ հիշում եմ
առաջին թուղթը
նախասկզբնական
ճերմակ
մոռանում եմ ինձ:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի