***
Ռիթմ,
ինչ-որ ռիթմ`
մինչև վերջ չտառապածների
թեթև հանգով…
Ինչ-որ
անցած աշուն…
***
Այս սերը, որ երևի
երջանկության համար է,
և գլխապտույտներից
առաստաղներին քսվող ձյունը…
***
Արևի մասին լսե՞լ ես,
հենց այնպես եմ հարցնում`
առանց հետին մտքի…
Արևի մասին կարո՞ղ ես լռել,
Իսկ քամո՞ւ…
***
Նստի՛ր այնտեղ,
որտեղ քամի կա
(քանի որ աշխարհում դեռ քամի կա)
և անցյալ ու ներկա ամառների
թափահարվող ձևեր…
Դու քամուց չես մեռնի
երևի…
***
Հետո մի բան ցավում է…
Որ անապատի արևի փոխարեն
հաջորդ հարյուր տարին ջուր լինի…
***
Կշնչենք,
ու կտաքանա…
Խոսքեր,
որ խոսում են
մեր ջրերը,
ու մեր մաշկը
չկա…
***
Բոլոր բաց դռները,
որ հայելի են
սերերի ավարտին,
երբ վերջացած են լինում
բառերը
դեռ չասված…
Կտրիր-հանի՛ր քաղաքը
քո նկարից
և թեյագույն աչքերդ,
որ ինչ-որ մեկին
տաքացնելու համար են,
նարինջների՛ն դարձրու…
***
Կանաչ ու մանուշակագույն
մոռացված մատիտներ,
որոնցով հազար տարեկանները
մանկական նկարներ են նկարում,
հողե դեմքեր…
Հետո
քարերը կծակվեն
ճնշումից ու ժամանակից…
***
Նրանք
գարեջրոտ մազերով
քայլում էին
ամեն առավոտ,
ու բոլոր լույսերը
գետնին շաղ էին գալիս…
Բարև
ցածրահարկ տներով
Աշխարհ…
***
Անընդհատ ընկնող մտքեր,
որ հետ նայելիս քար են դառնում…
Նոր երկի՞ր.
տարածությո˜ւն է…
-Կարոտների հարցով այստեղ չդիմել,-
ասում է…
Կողքով անցնում են
բոլոր թռչող բաները
հազար տարին մեկ ծնվածների նման,
ու բոլոր պահերին վերջանո˜ւմ է…
***
Տաքությունը,
որ ձայն չի հանում,
նա, որ իմ նշանն է,
իմ գեղեցկության
պարագաները…
Դրանք
իմ Աստծո աղավնիներն են…
***
Այդ ես եմ կանչել քեզ
Իմ հին բառերը ասելու համար…
Անունների տունս…
Վերջին մեկնաբանություններ