Նորայր Ղազարյան | ՎԵՊ «ԿՈՐՈՒՍՅԱԼ ԵԴԵՄԻ»

Կորուսյալ եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը

Կորուսյալ եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը

2013 թվականին լույս է տեսել Վիկտոր Հովսեփյանի «Կորուսյալ Եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը» վեպը (Թբիլիսի, «Մծիգնոբարի» հրատարակչություն, ծանոթագրել, բառարանը կազմել է Գիսանե Հովսեփյանը):
Բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանը տեղ-տեղ անցնում է չափածոյի, որն ուղեցույցի դեր է կատարում նոր սկսվող գլխի բովանդակության և ոգու «իրազեկման» իմաստով: Գրող-բանաստեղծը գեղարվեստորեն վեր է հանել Կարնո հայության տեղահանության պատմությունը, Մայր Արաքսը կերպավորվել է նրա ողջ երկարությամբ՝ սկսած հակառակ ծայրից (հակառակը՝ պայմանականորեն): Ամբողջ վեպն է «ճիգ անում հաղթահարել» Արաքսի հոսանքը, որպեսզի «հասնի Բյուրակնյա աշխարհում մնացած գյուղ, հասնի Գոմցենց Գևորգի առասպելական ախոռի հիմնաժայռի ճեղքից բխացող ակնաղբյուրին, բյուր ակունքներից մեկին… Մայր Արաքսի ստնտու ակունքներից մեկին…»
Վ.Հովսեփյանը պատմությունն ու գեղարվեստը ներդաշնակ է միավորում, ինչը բնորոշ է ասքային պատումին: Ազգային հիշողությունը փոխվում է պատումային-բանահյուսական մեղեդու, ապա՝ կենդանի կյանքի:
Պատմականը պահպանված է, և դա պատմություն է և աշխարհագրություն, գեղարվեստական-հոգեբանականը պատմականի փայփայումն է և ներկայի անհնազանդ դիմադրողականությունը, Արաքսի՝ արդեն իսկ անցանկալի, գոյություն ունեցող պատմությունը:
Վիկտոր Հովսեփյանը մեզ հրավիրում է բնիկ պատմության և աշխարհագրության սահմաններ, դեպի Արաքսի «այն կողմը», ասել է, թե՝ գեղարվեստորեն հիանալի կերպով պատճառաբանված հայոց ինքնության միակ և ճիշտ «կողմը»: Մեր հիշողություններն «այնտեղից» ամեն ինչ բերել-փոխադրել են: Հերթը գրողինն է. արյան հիշողությունը ապրելու ներկան հետդարձի է կոչում:

Երևան
«Գրական թերթ»

Թողնել պատասխան

Your email address will not be published.