«

»

Ապր 25 2011

Տպել Գրառում

Սիրանույշ Օհանյան | ՎԵՐԱԴԱՐՁ

* * *

Պատիժը դանդաղ, դանդաղ է գալիս.
Ես հասցնում եմ կրկին մեղանչել,
Արբելով` գոռոզ, հղփացած հոգով
Խրոխտանում եմ արդարության դեմ:
Հրճվելով ըմպած դառը գավաթի
Մեղսոտ խմիչքով` ես ծծումբ հոտող
Ու թույներ թքող հեշտասեր վշտի
Մաղձոտ թախծով եմ սքանչանում դեռ:
Տո՛ւր ինձ, տուր առիթ` ամբաստանելու,
Եվ պարսավելու, և զեխանալու,
Տուր ինձ չտեսնել նեղլիկ շավիղներ,
Որոնցով քայլողն ո՞ւր է հասնելու.
Ո՞ւր է հասնելու… ինչո՞ւ մտածել,
Քանի դեռ այնքա՜ն վայելքներ ունեմ…

* * *
Ու չարությունը թովում է նորից,
Բացվում են նրա ծաղիկներն արբշիռ,
Մեղքի արևն է ջերմացնում հոգիս,
Դառը դողում են հույսերը պատիր:
Ոռնում է ահեղ հողմը խոլական,
Ծովն է փոթորկվում մտքերով վայրի,
Ժպտում են հոգուս խոհեր դիվական,
Հանձնում են հոգիս հորձանքին հոռի:
Կլանիր-փրկիր-խեղդիր-պատանիր:

 

Վերադարձ

Ուրվականները մեր մեզ չեն լքում,
այլ հեռանում են վերջին մերժումից,
ուրվականները վերադառնում են,
ալեկոծվում են ջրերը նորից:
Ուրվականները հեգնում են իրենց,
ու մեր մեղքերի հուրն են բորբոքում,
ուրվականները լքում են իրենց,
ու մարմին առնում մեր ցուրտ մեղքերում:
Ուրվականներին հանձնվում ենք մենք`
փրկում գտնելով մեղքի հորձանքում,
ուրվականները փրկիչներ են կեղծ,
որ փրկում են մեզ մեղքի ճահիճում:
Մենք փրկվում ենք` խեղդված ճահիճում,
ու փրկումը այդ տանում է անկում.
ուրվականները մեր մեզ չեն լքում,
բայց հեռանում են վերջի՛ն մերժումից:
Տես՛, ահա նրանք գալիս են նորից:

 

Խոստովանություն

Ես մեռել էի ու դու չկայիր…
Երբ դու չկայիր… ժանտ մեռել եմ ես,
որ ճանաչում է իրեն հանց դիակ`
լոկ դիակ-մեռել…
Ես մեռել էի, բայց ես դեռ կայի.
Վախենում եմ ես իմ մեռելներից.
Իմ մեռելները կախում են իրենց
հույսերիս գործած ավազե թոկից:
Ճոճվում են ահա կախված մեռելներ,
հեգնում են իրենց` լլկելով հոգիս.
կախված մեռելներ` մեռած ես-իս մեջ,
ես` դիակ-մեռել…
լոկ մեռել եմ ես.
և ինչո՞ւ դու կա.
դու չլինեիր` չէր լինի մեռել,
որ փայփայում է կախված մեռելներ…

 

Երազանք

Երանի թե գայլ լինեի
Սևագորշ,
Մարդահալած, բուրդը կեղտոտ,
Սովատանջ,
Չհասկացված ու մենակ:
Թափառեի ականակիր գիշերում
Կարմիր վառված իմ աչքերով մարդկային,
Որոնեի ուտելիք ու տաք անկյուն,
Ու ոռնայի, ու ոռնայի, ոռնայի…
Վախկոտ անցորդը կդողար անկասկած,
Կաղոթեր ու կկանչեր իր Տեր-Աստծուն,
Բայց չէր հուզվի, չէր մտածի, չէր ասի.
– Կարո՞ղ եմ քեզ հասկանալ, խե՛ղճ անասուն…
Բայցևայնպես, երանի գայլ լինեի:

 

 

* * *
Օ, Տեր իմ, Տեր իմ:
Այս ի՞նչ արեցի ինձ, Տեր իմ, Տեր իմ,
Ինչպե՞ս վարվեցի ես քեզ հետ, Տեր իմ,
Այս ի՞նչ արեցի:
Օ, Տեր իմ, Տեր իմ.
Քեզ ոչինչ, ոչինչ չեմ կարող անել.
Ինչպես վարվեցի ես ինձ հետ, Տեր իմ,
Ինչպես վարվեցի:
Եվ անմեղ չեմ ես,
Եվ մեղավոր եմ իմ առաջ ես, Տե՛ր,
Եվ ի՞նչ կապ ունի իմ մեղքը քեզ հետ,
Երբ անմեղ չեմ ես:
Օ, Տեր իմ, Տեր իմ.
Ես իմ առջև եմ – քո մեջ եմ, Տեր իմ,
Եվ դո՛ւ չես դատում իմ մեղքը ու ինձ.
Ես ի՛մ առջև եմ:
Օ, Տեր իմ, Տեր իմ,
Թույլ տուր, որ գնամ իմ ճանապարհով,
Թույլ տուր, որ ինքս քայլեմ դեպի քեզ,
Քարշ մի տուր ինձ, Տե՛ր:
Օ, Տեր իմ, Տեր իմ:
Այս ի՜նչ արեցի:

* * *

Քանի որ գիտեմ, թե ինչ եմ անում`
Մի՛ թողիր ինձ, Տե՛ր,
Զի գիտեմ նաև, թե ինչ եմ խոսում`
Ողորմյա՛ ինձ, Տե՛ր,
Տկար իմ հոգով չեմ աղոթում քեզ`
Կուրացրո՛ւ ինձ, Տե՛ր.
Տուր ինձ քո լույսը, տուր կուրացածիս`
Բարձրացրո՛ւ ինձ, Տե՛ր,
Ամոքիր հոգիս – հոժար է հոգիս,-
Ա՜խ, փրկի՛ր ինձ, Տե՛ր,
Տես իմ սև սիրտը, տես վերքը սրտիս.
Օգնի՛ր, օգնի՜ր, Տե՛ր.
Ես գիտեմ, գիտեմ, որ չեմ աղոթում.
Ամբարիշտ եմ, Տե՛ր.
Ավա՜ղ, հնչում է – օրն է մոտեցել –
Մոռացված եմ, Տե՛ր.
Մոռացված եմ, Տե՛ր, զի մեղավոր եմ.
Մեղավոր եմ, Տե՛ր.
– Տեր, ինչպե՞ս անեմ, գիտեմ` ինչ անեմ.
Ցուցանի՛ր ինձ, Տե՛ր:

Share Button

3 կարծիք

  1. Alexander Harutyunyan

    Shnorhakalutyun Siranuysh .

  2. Սիրանույշ Օհանյան

    Ձե’զ շնորհակալություն:

  3. armaelo

    Հմմ… հետաքրքիր էր։ Դուրս շատ եկան հատկապես «խոստովանության» առաջին հինգ տողերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>