«

»

Օգս 21 2013

Տպել Գրառում

Սիրանույշ Օհանյան | ՕԴԸ ԿԱՆԱՉ ԷՐ

Սիրանույշ Օհանյան

* * *
Քարը խրվել էր գանգատուփիս մեջ,
առաջ չէր գնում,
ոչ էլ հետ՝ այնտեղ,
որտեղից հանկարծ մարմին էր առել.
սրտիս խորքում, երբ
սառել էր լավան վերջին ժայթքումի:

 

* * *
Մեղուն գիտեր, թե
ապակին օդ է՝
տարածությունը իր թռիչքների:
Պատերի մասին,
այն էլ՝ թափանցիկ,
ոչ մի բանտարկյալ
նրան չէր պատմել:
Ոչ մի բանտարկյալ մեղու չէր եղել:
Ես մեղու չեմ. ես
հին բանտարկյալ եմ՝
խոնարհ,
ապակե պատի տակ նստած:
Մեղուն մեռավ, երբ
արդեն ուժ չուներ պատին զարկվելու:
Հիմա նայում եմ
նրա մարմնից մինչև հորիզոն
ձգվող պատկերին.
անտեսանելի-անանցանելի
սահման-պատերը
սպառնում են ինձ
մեղու դարձնել:

 

* * *
Օդը կանաչ էր,
և տերևները թափանցիկ էին:
Կախարդը ասաց, որ չորացել է
ծառը իմ պտղի,
բայց օդի գույնը լուռ մատնեց նրան,
երբ շողն արևի
դիպավ տերևին,
ու արծաթափայլ բարդին սարսռաց:

 

* * *
Ծովում փոթորիկ չէ.
փոթորիկը ծովն է,
և նավորդները դա գիտեն, երբ լուռ
կամ էլ երգելով բարձրացնում են
ծանր խարիսխը:

 

* * *
Անձրևը կորավ
հողի անթափանց ծածկոցից անդին:
Խոնավությունը
հայելի էր, որտեղ
երկինքը տեսավ անցած ամպերը:

 

* * *
Անտառը իջավ հողի շերտի տակ:
Խոտ աճեց վրան:
Ծառերը լռում են, իսկ թռչունները
Անդարձ չվեցին:

 

* * *
Քամին երգ չուներ.
այն ամենը, ինչ բլբլում էր նա
հիշողությունն էր չոր տերևների,
որ չէր մոռացվում:

 

* * *
Արևը դանդաղ
իջավ ամպի տակ,
և մայրամուտը
կլինի թաքուն՝ նրա թիկունքում:

 

* * *
Արևածագին
որտեղ կքնեմ.
գունատ երկինքը մութ ամպերի տակ
կվառվի դանդաղ,
մութը կփակվի լուսաբացի ցուրտ,
թափանցիկ օդում,
լուսնի մահիկը կլուծվի երկար
կոպերիս ծանր վարագույրից դուրս:

Share Button

2 pings

  1. մեղուն գիտեր | Մազե կամուրջ

    […]   Ամբողջ շարքը […]

  2. Սիրանույշ Օհանյան | ԱՐԱՐԱՏ. ԳՆԱԼՆ ՈՒ ԳԱԼԸ – 1 » Գրական Կամուրջ

    […] Արևածագին որտեղ կքնեմ. գունատ երկինքը մութ ամպերի տակ … […]

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>