«

»

Դեկ 05 2013

Տպել Գրառում

Նարե Հովհաննիսյան | ԲԱՐԵ՛Վ, ԹԵՐԵՎՍ

Նարե Հովհաննիսյան

***

Ալեկոծումն ափ չունի,

և ծփացող ծովը իմ պատուհանագոգից փողոց է թափվում՝
որպես կեղտաջուր:

Ես հավատս կախել եմ պարանից,
որ բորբոսից ժամանակի չորանա…

Այդպես Հուդան է իր հոգին փրկել դրախտից…

 

***
Երբ կարոտը
թմբկահարում է կուրծքս և մերկ շրջանակը կոնքերիս,
քո մատներն ինձ փրկում են անմեղությունից…
…դանդաղորեն մաքրում եմ շիկնանքը այտերիս
և խոնարհվում շուրթերիդ տապին…

Ներիր, Տե´ր,
անկարող եմ կին լինել և սուրբ՝ միաժամանակ…

 

***
Հուսալքությունը ծաղրանկար է՝ իմ տան պատից կախված՝
ինչպես Հուդան՝ ծառից,
լուսաբացը՝ երեք աքլորականչ՝
դժոխքի մեջ՝ վերին և քո աչքերի…
իսկ ես կարոտ չունեմ,
ինչպես Հուդան՝ հարություն դժոխքից.
նա պարանի մեջ իր կյանքն է կորցրել,
ես՝ շուրթերս՝ այլ մաշկերի ու համերի մեջ՝
մինչ քեզ էի փնտրում…

 

***
19:00… Լուրերի հատուկ թողարկում.
գեր մսավաճառի սերմնահեղուկը
ժայթքել է մուրացկանուհու բռերի մեջ,
հարսանեկան շքերթն ուղեկցել է մահվան թափորին,
շինարարական մեքենաները քանդռտել են նորակառույց երկնաքերները,
քամին օդ է հանել մանկասայլակները դատարկ,
դիակիզարան են տարել գերեզմանաքարերն անգամ…

պետք է պայթեցնեն բոլոր կուսաթաղանթները,
որ պառաված օրիորդները չխելագարվեն,
պետք է բռնաբարեն բոլոր մայրերին՝
վրեժխնդիր լինելով արտերկիր մեկնած ամուսիններին,
պետք է պղծեն բոլոր սրբավայրերը նրանք,
ովքեր չեն ներել Հովսեփին՝
իր տեղը սուրբ հոգուն զիջելու համար…

Տեր,
թո՛ւյլ տուր ընդդիմանամ այս աղմուկին…

 

***
Մանկան պես
հայացքդ կախվում է իմ փեշերից
և քաշում վա՛ր… վա՛ր…՝
անզոր մերկացնելու ազդրերը ձիգ…
կոնքերը նաև…

Մի΄ հետապնդիր այդպես տիրական…

 

***
Ժամանակը զսպում է տիեզերքի ճիչը,
ես՝ ատում եմ սլաքների քայլքը և վայրկենաչափերը մայթեզրի,
որ հավիտենականությունը կլանում են վերջից սկիզբ..

Փշե ապարանջան կրեմ թերևս,
որ ճիչս առաձգական լինի,
անանձնական նաև…

 

***
Սողացող անիվները
ջնջում են հետքերը իմ քարքարոտ փողոցների
ոտնաթաթերիս հիշողությունից…
Բառերի հեռավորությունից դատարկվում են շուրթերս
և մելամաղձիկ կարոտը ծեփում կաշվե ներբաններին…

Լռե՛ք,
երբ առավոտը բարձրահարկերի տանիքին հոշոտում է անցյալի դին,
երբ սպիտակ սավանը՝ ինչպես տենդ,
պղտորում է հյուսվածքները պիրկ մարմնի
և լաթի պես նետում աղբամանը….

Ես մասնատում եմ մարմինս՝
ադամական ձևից ազատվելու համար,
և աղաղակում փայտե կողի մասին…

 

***
Մանուկներ,
որ ժայթքում են ցեխոտ գետնուղիներում,
միզահոտից խունացած սալահատակների արանքում,
տեղ-տեղ ծեփը թողած պատերի երկայնքն ի վար,
տապից խունացած ասֆալտին…

Եւ շիկացած կույսեր,
որ ամեն օր դատարկություն են վիժում,
և չորացած արգանդի փշուրներ…

Ընկերքի մեջ հոխորտացող այս աշխարհի
ցավը ես սեղմում եմ ափերիս մեջ
և օրոր ասող վարժ մոր պես փարում կրծքիս…

Տե΄ր, ների՛ր, եթե կարող ես…

 

***
Ես մահն ընդմիջել եմ իմ ծնունդով՝
որպես կորած ցեղախմբի վայրի մնացորդ,
որ լուսաբացը իմ փեշով ծածկեմ
և պտտեմ իմ կոնքերի սկավառակը մայրամուտի երկայնքով:

Տե΄ր,
թո՛ւյլ տուր հրաժարվեմ հարությունից,
քանզի պաշտում եմ մութի մեջ գալարվող մարմինն արու,
որ տոթը փնչացնում է տաք ռունգերով
և կլանում շուրթերս…

 

***
Ես կորցրել եմ անունս, նաև քավարանի հասցեն.
մեղքեր ունեմ որոշ ակնաբիբերիս և բաց կրծքերիս շրջանակի մեջ,
որ չեն ուզում լքել մարմինս՝
ինչպես հավատարիմ շունը՝ տիրոջը…

Եւ բորբոսը քերում եմ անցյալից,
որ մաքուր է՝ ինչպես Մարիամը Մագդաղենացի…
(Ձեզնից անմեղը թող քարեր նետի իմ
պատշգամբին, երբ ես քնած եմ):
Հավիտենությունը սահմանափակ է
և ուղղությունը կորցրած գնացքի պես
դրախտի մեղավորներին տանում է … գեհեն:

-Բարև΄, թերևս…

 

***
Գարշահոտը գլորվում է վեր
և գինդերի պես ծանրանում ականջիս.
սո՛ւս, լսում եմ՝
լեշերը պատառոտվում են սուլացող անիվների տակ
և ձուլվում ասֆալտի տապին,
մսեղ զանգվածները մարդկային քրտնաբույր են թորում,
կեսօրվա տապը մոլեգնում է գերեզմանաքարերի շարասյան մեջ
և աղտոտում օդը մեռելաբույր ներկայությամբ,
գոյի արտանետումները երկրային դժոխք են գծագրում հողագնդի վրա…

Տե΄ր, լսո՞ւմ ես,
թե այս աշխարհն ինչպես է հանգչում ականջներիս…

 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>