Լիլիթ Հակոբյան | ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

LiHac

Ձմռան ճանապարհին կարողանում եմ  նաև նկարել երթուղայինի պատուհանի սառույցին. Ճանապարհը լավն է, նկարել է սովորեցնում: Մի օր նկարեցի մարդուկ՝ ցից-ցից մազերով ու մե՜ծ ականջներով մարդուկ, ով ժպտում էր երթուղայինի մարդկանց, ովքեր նայում էին ինձ տարօրինակ ու այդպես էլ չժպտացին իմ նկարած մարդուկի վրա: Լավն են երթուղայինի տխուր մարդիկ, ովքեր երբեք իրականության զգացումը չեն կորցնում և անտեղի չեն ուրախանում:

Սիրում եմ ճանապարհի կանգառները, հատկապես, երբ դրանք երկարում են: Մարդիկ երթուղայինից իջնում են, իսկ ես ավելի արագ եմ գրում: Լավն է ճանապարհը՝ ակնթարթը գնահատել է սովորեցնում:

Կողքիս կինն անտարբեր քնեց, կարծես, թե նրա համար մեկ է, թե ուր կհասնի: Երբ արթնանա, հենց նույն կանգառում էլ կիջնի: Սիրում եմ ճանապարհը, որն օրորոցային է երգում:

Սառած մատերով խաղում եմ ձեռքումս պահած մետաղադրամի հետ և մտածում, որ նա էլ ինձ պես երկար ճանապարհ ունի անցնելիք. իջնելիս ես դա կտամ վարորդին, վարորդն իր հերթին՝ գծատերերին, որոնք երբեք չեն գոհանում: Եվ որովհետև չեն գոհանում, ավելին են պահանջում: Բայց ո՞վ է ավել տվողը… լավն է ճանապարհը, ընդվզել ու պայքարել է սովորեցնում:

Օրը լուսացավ ճանապարհին, պատուհանի սառույցն արևից հալվեց, ժպտացող մարդուկիս ականջներն էլ հալվեցին ու ծորեցին պատուհանի անկյուններին: Լավն է ճանապարհը, որովհետև հալեցնում է սառույցները և… մարդկանց սրտերը:

Եկեղեցիների մոտ խաչակնքող վարորդները ստիպում են հավատալ հավատալուն… Ու ես հիշում եմ կյանքումս հանդիպած բոլոր խաչակնքողներին, փորձում եմ պատկերացնել նրանց բարին գործելիս… Ճանապարհներին երևակայություն է զարգանում:

Ես ուշացա այնտեղից, ուր տանում էր ինձ ճանապարհը: Ուրեմն իզո՞ւր այսքան ճամփա անցա: Չէ՜, լավն են ճանապարհները. դրանք ուշացնում են ամեն տեսակ անկարևոր հանդիպումներից ու վայրերից:

 

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.