Ես ամերիկացի ցնդած հնէաբան եմ: Գոտկատեղիս` վրձիններ, ուսիս` բահ, ուսապարկիս մեջ` գրքեր, հագիս` վառ գազարագույն կոմբինեզոն, ես ամեն անգամ Անձավ եմ գնում` Նրա մոտ, երբ անսահման դատարկություն եմ զգում, բայց… բայց ամեն անգամ այնտեղ հասնելուն պես դեն եմ նետում բահ ու բրիչս, պատառոտում քարտեզն ու խոթում քարերի արանքը, ձեռքերս փռում եմ խոնավ քարերին ու, նստելով վրան, ճոճվում: Մենք`բոլոր գազարագույն կոմբինեզոնով հնէաբաններս, հիմարներ ենք: Իրականում բոլոր բացահայտումներ անողներն են հիմարներ: Անձավը մեկնելու համար այս գործիքներն իրականում անօգուտ բաներ են:
Չնայած դրա՝ չափսերով չափազանց մեծ լինելուն՝ իրականում ոչ մի Մամոնտի անձավ[1] էլ գոյություն չունի: Գոյություն չունի, որովհետև այն կարող են տեսնել միայն ներսում գտնվողները: Մեծ հաշվով, եթե գոյություն էլ ունենար կամ դրսից տեսանելի լիներ, դժվար թե այն նկատելու ցանկություն լիներ: Անձավը տեսանելի է միայն նրանց, ովքեր գոնե մի անգամ փորձել են դրա սորուն պատերից մեկին ինչ-որ բան նկարել կամ գոնե ունակ են եղել տեսնել, թե ինչպես է մի ճնճղուկ ծառի ամենացածր ճյուղից ընկնում ու կոտրում վիզը:
Մի առավոտ, այգու նստարաններից մեկին նստած, տեսա, թե ինչպես մի ճնճղուկ ծառի ամենացածր ճյուղից ընկավ ու կոտրեց վիզը: Հենց այստեղից էլ ամեն ինչ սկսվեց. ես հագա հնէաբանի գազարագայուն կոմբինեզոնն ու ընդամենը մի երկու անգամ հայելուն նայելուց հետո ուզեցի այն դիմակի պես պոկել մարմնիցս`մեծ էր վախը դիմակի ազդեցության, բայց արդեն ուշ էր, մարմինս ոտքից գլուխ ստացել էր դիմակ-համազգեստի ձևը: Հասկանալով համազգեստի` մարմնիցս պոկելու անհնարինությունը, որովհետև, եթե պոկեի, մաշկազերծ կլինեի, որոշեցի չհուսահատվել՝ համազգեստի շղթան քաշել մինչև կոկորդս, գլխարկը ձգելով հասցնել աչքերիս, գոտին այնպես ձգել, որ մարմնիս ու կոմբինեզոնի մեջ տարածություն չմնա` մաշկազերծ լինելու տարածություն:
Ես ամերիկացի ցնդած հնէաբան եմ: Նրա` Անձավում գտնվելու ժամանակ որոշեցի հյուր գնալ: Շոկոլադե տորթը դնելով մեր երկուսի մեջտեղում՝ ավելորդ համարեցի կտրել: Նրա մեջ մեռել էր տորթ սիրող երեխան: Ես տեսա նրան` ձեռքերը ոտքերի տակ ընկած, գլխի ստորին հատվածից դուրս պրծած ամենաերկար կզակով, էվոլյուցիայի ամենացածր մակարդակում` Անձավում Գայլ, Արջ, Բորենի նկարելիս: Գայլ-Բորենի-Գայլ, Գայլ-Բորենի-Արջ. ամբողջ Անձավով մեկ շրջելուց հետո հասկացա, որ Նա Անձավի` ուրիշների համար անտեսանելի մուտքից սկսած մինչև վերջ չունեցող խորխորատները պատերին ու քարերին նկարել էր նույն կենդանիները:
— Ինչպիսի հիմարություն… լսիր, ինչի՞ ես միշտ նույն կենդանիներին նկարում և ընդհանրապես, ինչի՞ ես նկարում կենդանիներ, որոնցից բոլորն են վախեցած փախչում:
— Միշտ նույնն եմ նկարում, որովհետև ուրիշ բան չեմ ճանաչում, որովհետև ես ուրիշների պես չեմ կարող փախչել… Ձեռքերս երկար են մարմնիցս, մարմինս կարճ է ձեռքերիցս ու երբ վեր եմ կենում, որ փախչեմ, ձեռքերս ընկնում են ոտքերիս տակ, հետո իմ` նախնական մարդու ամենահին չարուխների տակից մի կերպ քաշում, դուրս ես հանում դեֆորմացված մատներս ու նորից նկարում այն ինչ ես չկարողացա, ես նկարում եմ տկարությունս, ես նկարում եմ անզորությունս` այն, ինչ մի ժամանակ ինձ թևաթափ արեց, ես նկարում եմ, որովհետև չեմ կարող հենց այնպես պարտված մնալ: Նայիր, պարզ տրամաբանություն է: Ես սարսափում եմ Գայլից: Գայլ եմ նկարում: Ես հաղթում եմ Նրան:
— Լսիր, ո՞նց չես վախենում էսպես հստակ արտահայտվել` Գայլ եմ նկարում, ուրեմն հաղթում եմ Դրան: Բա որ սխա՞լ նկարես: Մամոնտի անձավի քարերն ու պատերը սովորական թուղթ, պապիրուս, մագաղաթ չեն` մի սխալ գիծ, ձեռքի մկանի հանկարծակի փայտացում, ի տարբերություն թղթի ու մնացածի՝ ժայռաբեկորը չես կարող ճմրթել, պատռել ու նետել հարևանի տանիքին: Սխալը ճակատագրական կլինի: Առավելագույնը կարող ես կուլ տալ, բայց եթե կուլ տաս` կմեռնես: Եվ ընդհանրապես, որտեղի՞ց ես վերցրել նրանց անունները` Գայլ-Բորենի-Արջ… ասենք ինչո՞ւ ոչ Փիղ-Մողես-Ձուկ:
— Ես նրանց անունները որևէ տեղից չեմ վերցրել, Նրանք գոյություն ունեին նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց դեռ չէի էլ անվանակոչել: Գնա այստեղից, հիմա՛ր հնէաբան, գրողը տանի ինձ էլ, Անձավն էլ… մոռացի՛ր իմ գոյության մասին, ես, ինչպես բոլոր Մամոնտցիները, երբեք էլ գոյություն չեմ ունեցել: Հետաքրքիր ու միևնույն ժամանակ վտանգավոր սովորություն ունես քեզ գազարագույն կոմբինեզոնով հնէաբան պատկերացնել ու գլուխդ մխրճել ուրիշ անձավների մեջ, մի՞թե չես հասկանում, որ դա վտանգավոր է քեզ համար: Գնա այստեղից, դո՜ւրսսս և չմոռանաս վերցնել այս ծրարը, բայց կբացես միայն Անձավից դուրս գտնվելու ժամանակ, թե չէ դու էլ ինձ պես մամոնտի անիծված զավակ կդառնաս: Պատասխան չտալով՝ վերցրի ծրարն ու Անձավից դուրս գալուն պես բացեցի:
«Կներես, որ հետդ կոպիտ խոսեցի, դու ինձ այլ ելք չթողեցիր: Ես Մամոնտի Զավակ եմ, ընդամենը Մամոնտի Որդի` մեկ-մեկ ջղայանանում, հայհոյում եմ ինձ, բայց անիմաստ է, արդեն երկար ժամանակ է ինչ շան պես վերցրել եմ անունս, տեղավորվել դրա գարշելի գիտակցման մեջ ու երբ լսում եմ Անձավ, Մամոնտի Անձավ, Մամոնտի Զավակ, Գայլ, Արջ, Բորենի բառերն ու բառակապակցությունները, աչքերս միանգամից կլոր-կլոր են լինում, ենթագիտակցորեն պտտվում եմ եկող ձայնի կողմը, փորձում եմ շոշափել, զգալ ձայնի սեռը, տարիքը, քթի ու ականջների մեծությունը, ես լսում եմ անունս, եթե նույնիսկ այն ոչ ոք չի արտաբերում: Սրանք իմ սեփական կենդանիներն են, ես այնքան ուժ չունեմ նրանց սպանելու համար կամ գուցե չեմ էլ ուզում սպանել… ես մեղք չունեմ. ես Մամոնտի Զավակ եմ:
Ոմանք ասում են, թե օգտակար բան եմ անում այս անիծված պատերին կենդանիներ նկարելով: Ասում են, թե իմ Անձավի պատերին նկարած խզբզանքները արվեստի լուրջ գլուխգործոցներ են, իբր թե օրինակ կծառայեն ապագա սերունդների համար, ասում են, ոնց էլ չլինի օգտակար կլինեն իմ մեռնելուց հետո` գազարագույն կոմբինեզոնով քո պես ոմն հնէաբաններ իմ քերթվածքներով կբացահայտեն, թե ինչ քաղաքակրթություններ, ինչ վարքուբարքեր են գոյություն ունեցել, ինչպես են մարդիկ մի ժամանակ ապրել, ինչ են որսացել ապրելու համար, ինչ են հագել, ինչ են կերել, բայց ոմանք էլ, հակառակը, զարմանում են, թե ինչու եմ բնության էս հրաշալիքը ներսից կեղտոտում իմ անպիտան քերթվածքներով, ոմանք էլ հենց այնպես, հենց ուղղակի լռում են… դրանք իմն են, իմ արյունը, իմ մարմինը …»:
Ես չկարողացա մեկնել Անձավը: Երկուսուկես-երեք միլիոն տարի առաջ և հիմա էլ նա այստեղ է` միևնույն քայլվածքով, միևնույն տեղում, միևնույն դուրսպրծուկ կզակով ու եթե ծանակեն, անմարդկային կերպով ամենառաջինը, բոլորից անխնան կհռհռա իր վրա…
Անեծքի պես է: Մենք անձավում ենք, որովհետև հավատում ենք դրան: Մենք անձավում ենք, որովհետև պարզապես չէինք կարող այստեղ չլինել: Մենք անձավում ենք, որովհետև ուրիշ տեղ չգիտենք: Իրականում ոչ մի Անձավ, ոչ մի ամերիկացի հնէաբան էլ գոյություն չունեն: Անձավը շատ հաճախ գոյություն չունի նաև նրանց համար, ովքեր մի ժամանակ նկարել են դրա պատերին, նույնիսկ նրանց համար, ովքեր մի ժամանակին տեսել են, թե ինչպես է ծառի ամենացածր ճյուղից մի ճնճղուկ ընկնում ու կոտրում վիզը:
[1] Մամոնտի անձավ — քարայրների խոշորագույն համակարգը, Կենտուկի նահանգ, ԱՄՆ: Քարայրների և անցուղիների ընդհանուր երկարությունը` 530 կմ:
1 մեկնաբանություն
Im Nell!!!!!!!!! Hrashq es!