Մարգարիտա Ղազարյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

MGH12

 

Քաղաքում երկու ստվեր են թափառում

 

Քայլում եմ նրանց ետևից.

Հետևում եմ նրանց՝ համարյա առանց հասկանալու,

ակամա…

Անցյալի այդ ուրվականները

քայլում են նույն փողոցներով՝ ամբողջ գիշերը,

անդադար:

Խելագարվում եմ…

Ձեռք ձեռքի բռնած

նրանք անցնում են ծանոթ վայրերով,

Կրկնում ծանոթ շարժումներ՝

Անգիրի պես..

Ես կորցրել եմ ինձ,

ժամանակը,

տարածությունը.

Միայն ստվերներ են երկու…

Տենդ է…

Իմ ու քո դեմքով այդ ստվերները

այնքա՜ն երջանիկ են…

 

…Քաղաքում երկու մարդ կքայլեն՝

Ձեռք ձեռքի, երջանիկ:

Անցյալի մի ուրվական

(Քո դեմքով)

Առաջին անգամ կսրբի աչքերը

ու կհեռանա…

 

Առանց հասցեատեր կամ տարբեր հասցեներով

 

Երջանիկ լիելու համար երջանկացնել է պետք

Գոնե մի քիչ,

Իսկ ես… երջանկացնե՞լ…

…Կնվիրեմ թախիծ մի փունջ,

Մի քիչ տխուր երգեր ու սիմֆոնիա մի մեծ՝

իմ խոհերի..

Կթաքնվեմ քեզնից երկար, անժամանակ՝

Քեզ թողնելով միայն ներկայության պատրանք:

Մեկ-մեկ գուցե քեզ տամ մի թվացյալ նվեր

Կամ էլ գուցե ժպիտ, բայց թվացյալ…

Գուցե օդը պայթի քո սենյակի

Երջանկության խաբկանք իմ բառերից…

… Կնվիրեմ ես քեզ դատարկություն,

Բայց իրական…

Երջանկության համար երջանկացնել է պետք,

Իսկ ես, ների՛ր, չունեմ մի այդպիսի տաղանդ…

 

Մի օր կհայտնվի ՆԱ՝

 

Ջնջելու համար

Քո մասին մնացած վերջին մտքերը:

ՆԱ կսիրի ինձ ավելի,

քան դու:

Մեր երրորդ հանդիպմանը մեն ք համերգ կգնանք,

Կնստենք երրորդ նստարանին,

Նա անթարթ կնայի ինձ՝

Մինչ ես քո պատվին

երկու կաթիլ արցունք կթափեմ.

ՆԱ կհասկանա,

բայց

ոչինչ չի հարցնի՝

Ինչպես դու՝ մեր երրորդ հանդիպմանը:

Հետո մենք կքայլենք անձրևի տակ,

Քո մասին մտքերս կձգվեն լուսացույցից լուսացույց…

Անձրևը ինձ չի հրապուրի,

Նրա ներկայությունն էլ,

ինչպես քո ներկայությունը մի ժամանակ…

Ձեռքումս ամուր կսեղմեմ նոտաները, որ նվիրել է՝

հուսալով, որ մի օր կսիրեմ Նրան՝

Ինչպես քեզ…

Հետո մենք կգնանք սրճարան՝

ես սուրճ, ու Նա թեյ խմելու համար՝

Ինչպես ես ու դու՝մեր երրորդ հանդիպմանը…

Հետո Նա կխոսի մեքենաներից,

Հետո կասի, որ ինքն էլ մի օր կունենա դրանից,

Հետո կհասկանա, որ մեքենաներն

ինձ համար կարևոր չեն…

Մի օր ես կսիրեմ Նրան

ավելի շատ, քան քեզ.

Պատմությունը կկրկնվի

… Հետո…

Հետո կմոռանամ ՔԵԶ…

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի