ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ԶԱՐՄԱՆՔԻՑ (Աիսեզ)*
ինչու՞ ես այդպես դանդաղ շարժվում,
ե՞րբ տեղ կհասնես…
«Ես չեմ ապրում, ես պարզապես գոյատևում եմ»,- այնքան հաճախ էր այս միտքն առկայծում նրա գլխում: «Մի՞թե ես հոգնել եմ ապրելուց: Բայց չէ՞ որ դեռ այնքան երիտասարդ եմ…».- ու կորչում էր ինքն իր մտքերի հորձանուտում: «Ավելի լավ է կյանքիս վերջ դնեմ, այլևս ձանձրացել եմ այս միապաղաղ ու միօրինակ կյանքից: Ո՞րն է իմ կյանքի նպատակը: Ես նպատակ չունեմ, ես ուղղակի գոյատևում եմ…»:
Նրա անունը Աիսեզ էր: Շատ գեղեցիկ ու հմայիչ արտաքին ուներ, միշտ բոլորին զարմացնում էր իր` պահի տակ շատ խոր մի միտք արտահայտելու ունակությամբ: Նա այլևս չէր զարմանում, որ իրենով հիանում էին ու զարմանքից գոչում.
— Աիսե՛զ, աղջի՛կս, դու որքա՜ն խելացի ես…
— Ախր աղջի՛կս, քեզ ո՞րտեղից այսքան խելք: Դու դեռ հազիվ քո կյանքի քառորդն ես բոլորել…
Իհարկե, այսպիսի խոսքերը ոգեշնչում էին նրան ու ապրելու ցանկություն առաջացնում: Բայց… նա այլ բան էր ուզում կյանքից…ի՞նչ… ի՞նչ այլ բան… նա էլ չգիտեր, բայց կյանքի ընթացքը փոխելու այնքան մեծ ցանկություն ուներ:
Երբեմն բառերն այնքան ավելորդ են դառնում մարդու հոգին հասկանալու համար: Եվ այդ էր պատճառը, որ Աիսեզը չէր սիրում շատ խոսել: Իր միտքն արտահայտում էր շատ լակոնիկ ու դիպուկ, ինչն էլ հենց զարմանք էր ծնում բոլորի մոտ:
Եվ ահա մի օր Աիսեզը, իր կյանքից հոգնած (կարծես մի ամբողջ կյանք էր ապրել), որոշեց ճանաչել նաև երկնային կյանքն ու դուրս եկավ տանից: «Դե, մարդու կյանքը ոչ թե պետք է ապրած տարիներով չափել, այլ կատարած գործով»,- մի պահ մտածեց նա ու ապուշի հայացքով նայեց ինքն իր հոգու ներսը: Հոգին բարկացկոտ բացականչեց.
-Իսկ դու՛, աղջի՛կ, ի՞նչ ես արել մինչ օրս: Եվ այդ ո՞ր գործովդ պետք է քեզ գնահատեն մարդիկ: Միայն խելացի մտքեր արտահայտելը քիչ է, պետք է նաև գործել, սիրելի՛ս:
Զարմա՞նք, թե՞ ապուշության գագաթնակետ. մի՞թե ինքը ոչ մի պատասխան չունի տալու իր հոգուն: Մի՞թե նա իրոք ոչինչ չի արել իր կյանքում:
— Իսկ ո՞վ է ինչ արել, կամ ի՞նչ պետք է արած լինեի, որ ասեիր, թե արդեն արժի նաև երկնային կյանքը ճաշակել:
— Աղջի՛կս, Աիսե՛զ,- խոսեց հոգին` զգալով, որ փոքր ինչ կոտրել է Աիսեզի ուժեղ ինքնամփոփվածությունը,- սիրելի՛ս, դու դեռ շատ բան չես տեսել կյանքում: Դու դեռ ոչինչ չես արել մարդկության ու նրա բարօրության համար: Դու ոչինչ չես ստեղծել, ոչ մի բան չես հայտնաբերել` հօգուտ մարդկության, ոչ ոքի չես օգնել այնպես, որ ինքդ քեզ ու ինձ գոհացնես: Փորձիր աշխարհին այլ աչքերով նայել: Հապա հարց տուր ինքդ քեզ. «Ի՞նչ կանեի, եթե իմ տեղը լինեի», ասել է, թե` կողքից նայիր ինքդ քեզ: Արդյո՞ք դու իրոք կբռնեիր երկնային կյանքի ճանապարհը…»,- այսպես խոսեց Աիսեզի ներքին ձայնն ու լռեց:
Այդ զգացողությունն Աիսեզին ապշեցրեց խելագարության աստիճանի: «Չի՛ կարող պատահել, իմ հոգին ինձ դեմ է դուրս եկել, բայց… ախր նա ճիշտ է ասում: Ինչ կանեի, եթե իմ տեղը լինեի՞…»
Աիսեզը նայեց իր շուրջը: Կանգնած էր լեռներով շրջապատված մի արահետում: Թե ինչպես էր այդտեղ հայտնվել, չգիտեր: Նորից նայեց շուրջը, խրախճանքի ձայներ էին լսվում: Մի քանի քայլ այս ու այն կողմ արեց` քայլերն ուղղելով ուրախության ձայների կողմը: Տեսավ մի ընտանիք, որը նստած մի փոքրիկ ընթրիքի սեղանի շուրջ, ուրախ ու զվարթ խոսում էր, կատակներ անում, ծիծաղում: Տեսավ, թե ինչպես էին երեք փոքրիկներ` հրեշտակի նման բալիկներ, վազվզում իրենց ծնողների շուրջը, փարվում նրանց, իրենց փոքրիկ թաթիկներով գրկում նրանց վիզը և նորից չարաճճիորեն վազվզում: «Ինչքա՜ն երեխա են…»,- անցավ Աիսեզի մտքով:
Չգիտակցելով անգամ, թե որքան ժամանակ էր կանգնած այդտեղ, հանկարծակի նկատեց, թե ինչպես է փոքրիկներից մեկի հայացքը հետևում իրեն ու մեղմիկ նայում ուղիղ իր աչքերի մեջ: Այնքա՜ն մաքրություն կար նրա հայացքի մեջ, այնքա՜ն ջերմություն: «Ինչու՞ ես երբեք ոչ ոքի աչքերի մեջ այս նույնը չեմ կարողացել տեսնել…»,- զարմացավ Աիսեզն ու հիշեց, որ սովորաբար խուսափել է մարդկանց աչքերի մեջ նայել: Ինչու՞: «Եվս մի հարց, որին ես չեմ կարող պատասխանել»:
Մինչ Աիսեզը մտքերով էր ընկել, փոքրիկը մոտեցավ իրեն ու փափուկ թաթիկով բռնեց նրա ձեռքը:
— Արի գնանք մեզ մոտ, այնտեղ այնքան ուրախ է, մեզ հետ կխաղաս,- ասաց փոքրիկ աղջիկը:
«… այնտեղ այնքան ուրախ է»,- փոքրիկի ձայնն արձագանքեց Աիսեզի ականջներում:
— Իսկ ինչու՞ ես կարծում, որ ես այստեղ ինձ ուրախ չեմ զգում,- հարցրեց Աիսեզը:
— Մենակ մարդիկ ուրախ չեն լինում: Ես երբեք բակ չեմ իջնի, եթե իմանամ, որ իմ ընկերներն այնտեղ չեն,- ասաց փոքրիկը և Աիսեզի ձեռքից բռնած, բառիս բուն իմաստով քարշ տալով, տարավ իր ծնողների մոտ: «Ես իրոք որ մենակ եմ ու դրա միակ մեղավորը ինքս եմ»,- մտածեց Աիսեզն ու չնկատեց, թե ինչպես փոքրիկի ձեռքը բռնած հայտնվեց խնջույքի հերոսների կողքին:
— Մայրի՛կ, նայի՛ր, ինձ համար նոր ընկեր եմ գտել: Նա շատ տխուր է: Թող մեզ հետ խաղ անի, հա՞,- ասաց փոքրիկը, որն արդեն Աիսեզի աչքերում մի հիասքանչ հրեշտակ էր թվում:
— Սպասի՛ր, անուշիկս, տեսնենք ով է, հետո կխաղաք,- զուտ տրամաբանական քայլով մայրն իր մոտ կանչեց դստերը, իսկ Աիսեզին առաջարկեց նստել սեղանի շուրջ:
Աիսեզն այլևս իրեն կաշկանդված չէր զգում ու այլևս չէր ցանկանում գովեստի խոսքեր լսել իր արտահայտած մտքերի մասին: Նա նույնիսկ մի պահ ինքն իրեն բռնացրեց այն բանում, որ ուղիղ է նայում այդ մարդկանց աչքերի մեջ: Ինչքա՜ն հանգիստ մարդիկ են, ինչքա՜ն հասարակ են, բայց ինչ աստվածային սեր ու համախմբվածություն կա նրանց միջև: «Սա՛ է պակասում իմ կյանքում: Ես հասարակ չեմ, գուցե խելացի եմ դատում որոշ հարցերի հետ կապված, գուցե դա զարմանալի է իմ շրջապատի համար, բայց ոչ ինձ համար: Ես ուզում եմ այս մարդկանց նման պարզ ու շիտակ նայել դիմացինի աչքերի մեջ ու խոսել երբեմն նաև հենց այնպես, հասարակ ու առօրյա զրույցներ վարել, որ հոգիս թեթևանա, որ սիրտս լարված չլինի, որ միտքս կաղապարված չզգա իրեն…»,- և հենց այս մտքերով ոգեշնչված` բաց արեց աչքերը:
«Ինչ հետաքրքիր երազ էր,- մտածեց Աիսեզը,- ինչպես կասեր Արիստոտելը, ամեն ինչ սկսվում է զարմանքից»:
— Ես սիրում եմ կյանքը,- լսվեց Աիսեզի ժպտացող շուրթերից…
—————————————————————————
* Հերոսի անունը վերնագրի հապավումն է:
1 մեկնաբանություն
Shat lavner