«

»

Նոյ 17 2011

Տպել Գրառում

Սաթ Ալեքս | ՍԻՐՈ ԺԱՄԱՆԱԿԸ

-Չէ՜, հնարավոր չի այսպես շարունակել. նրա հետ հաստատ մի բան կատարվում է: Երեկ աշխատանքից եկավ և նույնիսկ չհետաքրքրվեց, թե ի՞նչ եմ արել օրվա ընթացքում, ընթրե՞լ եմ, թե ոչ: Ուղղակի մեջքս շոյեց ու շտապեց լոգասենյակ: Վիրավորանքի ծանրությունից՝ նստած մնացի ձանձրալի հեռուստացույցի դիմաց, լսելով, թե ինչպես է նա լոգասենյակում քթի տակ մռմռում: Այս ամենը այնքան տարօրինակ ու անհասկանալի է. առաջ մենք ժամերով կարող էինք նստել մեր սիրելի բազնոցին. նա ինձ պատմում էր աշխատավայրից, աշխատակիցներից՝ ով ինչ է հագնում, ինչ սանրվածք է անում, ով ում է նախանձում, ինչեր է անում. մի խոսքով ես տեղյակ էի ամեն բանից, իսկ հիմա նույնիսկ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում վերջին շաբաթը հենց իր հետ:
Մենք հեռացել ենք իրարից…նա էլ ինձ չի նկատում…
Աշխատավայրում շատ է մնում. տուն հասնելուն պես էլ՝ անմիջապես պառկում է քնելու: Ես ընթրում եմ խոհանոցում միայնակ, որից հետո տեղավորվում եմ հյուրասենյակի բազմոցին հեռուստացույցի դիմաց, որտեղ էլ քնում եմ: Նրա մայրը գալիս է, անջատում հեռասուտացույցը. իսկ նրա պետքն էլ չի՝ ես ուր եմ կամ ինչ եմ անում: Գիշերն արթնաում եմ ու հիշում, թե ինչ լավ ժամանակ էինք իրար հետ անցկացնում, երբ նա գալիս էր աշխատանքից. ընթրում էինք միասին և օրվա անցուդարձի մասին զրուցելուց հետո, նա մտնում էր լոգասենյակ իսկ ես շտապում էի գրավել ամբողջ անկողինը: Ինձ տեսնելով՝ նա ժպտում էր, պառկում իմ կողքին ու թույլ տալիս շնչել իր մազերի բույրը:
Իսկ հիմա … Առավոտյան ինքն ինձանից շուտ է արթնանում, խոհանոցում շտապ սուրճ խմում, մորը համբուրում, բացում է հյուրասենյակի դուռը, մեղավոր հայացքով ինձ նայում ու վազում աշխատանքի, առանց ինձ մոտենալու:
Այսօր առավոտյան քնաթաթախ լսեցի նրա հեռախոսազրույցը, նրա ձայնը սովորական չէր, շատ նուրբ և զգացմունքային էր խոսում: Հետո նա եկավ հյուրասենյակ վերցրեց նոր վերնաշապիկը, արագ հագնվեց ու շտապեց դուրս: Ես մոտեցա պատուհանին. անձրևում էր իսկ նա դուրս էր եկել առանց անձրևանոցի:
Դժվար չէր գլխի ընկնել, որ փողոցում նա սպասում էր ինչ-որ մեկին, որովհետև անդադար նայում էր միևնույն ուղղությամբ: Քիչ հետո մի մեքենա մոտեցավ, որից դուրս եկավ մի տղամարդ և նրան համբուրելով՝ ուղեկցեց դեպի մեքենան: Տեսածիցս ապշած նույնիսկ շնչելս մոռացա…
Իսկ նրա իմաստուն մայրիկը, որ նույնպես մոտեցել էր պատուհանին ու նայում էր դուրս, շոյելով իմ գլուխը՝ ասաց.
-Բա՜, մեր Մոնան մեծացել է , հույս ունեմ ճիշտ ընտրություն է կատարել:
Հետո մենք նստեցինք բազմոցին հեռուստացույցի դիմաց: Մոնայի մայրիկը նայում էր էկրանին արցունքոտված աչքերով.
-Մի մտահոգվի՛ր, Ռեքսի, սա կոչվում է սեր. դու հասկանո՞ւմ ես… Դե իհարկե՛ հասկանում ես, չէ՞ որ դու խելացի շնիկ ես…
Եկել է Սիրո ժամանակը:

11.07.11
Երևան

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>