Վիկտորիա Չեմբարցևա | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսերենից թարգմանությունը՝ Գիսանե Հովսեփյանի

ԱՅԳԱԲԱՑԻ ԱՆԿՇՌԵԼՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Գուշակելու քարերը թափվեցին
հանց փոշի, հանց անապատի հոգոց…
Ինչների՞ս է պատասխանը հարցի՝
ինչ կլինի վաղը: Օրերը գոց
գնում են կույր երկվորյակներ ասես՝
հուշերը սնելով հացի կողով,
ողորմության թասի մեջ մունջ ու հեզ
պղնձե դրամներ զնգացնելով:
Մեզ երկուսիս բավ են իմ լռությունն ու
անպատասխան ջերմ նամակները քո…
Եվ մինչ անմեղ քնի թևի ճախրին են
մեր զավակներն այլոց հետ սերմանված,
ես հավատում եմ տաք գգվանքներիդ
ու անկշռելությանն այգաբացի:

 

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Կազատվի ուր որ է շագանակի բողբոջը գերությունից,
դատարկ թռչնաբույնը քամու ապաստան է դարձել,
անհասկանալի անհանգստությամբ տանջում է ինձ
ոչ իմ գրչով գրված Վերթերը բաց գրքից…
Իսկ լուսամուտների շրջանակները հին
ձևում են գարնան կտորտանքներով անհոգ երկինքը,
չասված բառերի մեղեդուն համահունչ տառերը խոլ
նոր հեքիաթ են վանկարկում երազների փերթերին,
ու տողի հետ բոբիկ գնում եմ արևի հետքով:

 

1 comment

    • Գիլանց on 22 Նոյեմբերի, 2011 at 1:47 ա.
    • Reply

    Լավ գործեր են ։))

Թողնել պատասխան

Your email address will not be published.