Էդուարդ Հախվերդյան | Ի՞ՆՉ ՎԱՅՐ Է ՍԱ, Ի՞ՆՉ ԵՐԿԻՐ, Ի՞ՆՉ ԱՇԽԱՐՀԱՄԱՍ

ED333

«Իմ սիրտը լեռներում չէ» շարքից

Զրուց Դանտեի, Թ. Ս. Էլիոթի,
Ֆ.Ֆարրոխզադի և…Ձեզ հետ:

1.
Եվ ինչո՞ւ ողբալ…
…………………………
Այն ագռավը, որ թռավ
Մեր գլխի վրայով՚,
Կանխորոշեց քո մահը
Եվ կռռոցը ինչպես կույր գնդակ,
Խոցեց իմ հոգին:

Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի,
Թե ով է վերադառնալու
Հայելիների հավերժական անդրադարձից,
Եվ ինչ ծավալով է բեղմնավորվելու
Մութ արգանդը ժամանակի:

Մենք կանգնեցինք ու տեսանք,
Փոքրիկ շատրվանների
Ողբը անարցունք,
Մենք կանգնեցինք ու տեսանք
Համաճարակը փողային ախտի
Եվ մեր մատներից դանդաղ հեռացող
Հետքը թանաքի:

Ծառերը չեն վազում…
Եվ ամենօրյա հրաշքները մեծ
Տաղտուկ են բերում
Ճահիճում ապրող գիշակերներին:

Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի,
Թե ով է վճարելու
Ստույգ գինը երկչոտության
Եվ ի՞նչ պատգամներով ենք վերաշինելու`
Վարդի հոգին փշրված:

Մենք կանգնեցինք ու տեսանք
Ամոթից շիկնող
Ընդվզումը արևածաղկի:
Մենք կանգնեցինք ու տեսանք
Կեղծ լուսապսակը
Խավարասեր մարգարեների՚
Եվ մեր սիրո ողջակիզումը
Առ ոչինչ…

2.
Եվ ինչո՞ւ ողբալ…
………………………….
Պետք է ապահովել…
Պետք է ապահովել շրջանակը սև.
Նախքան մտածելը
Պատահում է պատահարը,
Եվ հետապնդող լույսերը մահվան
Մերթ միանում են
Ու մերթ անջատվում:

Ես տեսա
Համբույրից հյուսված
Պարանը ճոճվող
Եվ մարմինը քո`
Արևածաղիկ:

Ծառերը չեն վազում,
Նրանք սուզվելով
Բարձրանում են վեր:

Իսկ ժամանակը…
Իսկ ժամանակը անսեռ իր ձայնով
Միայն մի բան է շշնջում հիմա
ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ…

3.
Եվ ի՞նչու ողբալ…
Եվ ի՞նչու ողբալ…
Հասարակ իշխանության ուժը կորուսյալ…
Ի՞նչ վայր է սա, ի՞նչ երկիր, ի՞նչ աշխարհամաս,
Ուր միայն ապրիլը չէ ամենադաժան ամիսը,
Եվ առանց անձրևների
Ազգի բեղուն արգանդից
Դուրս է հորդում
Հոծ բանակը սինլքորների`
Նրանց, ովքեր շան ատամ են սրում`
Ենթադրելով մահ:
Նրանց, ովքեր հծծահավի փառքով են ցնծում`
Ենթադրելով մահ:
Նրանց, ովքեր նստել են գոհության խոզանոցներում`
Ենթադրելով մահ:
Նրանց, ովքեր անասնական մտացնծություն են ապրում`
Ենթադրելով մահ՚:
Իսկ երկիրը` ծանրորեն հիվանդ,
Իսկ երկիրը դաժանորեն եթերացված,
Ընկած սեղանին վիրահատության
Լուռ ճչում է.
«ՈՎ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԵՍ ՔԵԶ Ի՞ՆՉ ԵՄ ԱՐԵԼ…»:

4.
Ծառի բողբոջը ինձ հուշում էր ապրելու մասին,
Փոքրիկ շատրվանը ինձ հուշում էր ապրելու մասին,
Թաղվող հատիկը ինձ հուշում էր ապրելու մասին,
Կանգուն ժայռը, գլորվող քարը
Ինձ հուշում էր ապրելու մասին,
Իսկ մահը, այն ծառն էր հսկա,
Որի հոգնած ճյուղերին
Այս կողմի «Սկզբի» շնչավորները,
Սրբերին ապավինելով լաթեր էին կապում,
Իսկ մյուս կողմի «Վախճանի» մեռյալները
Ճանկռոտում էին նրա Ֆոսֆորե արմատները:

Իսկ մահը` խորհրդատուն ամենամեծ,
Իսկ մահը` ուղեկիցը հավերժական,
Լուռ ճչում է.
«Ոչինչ կարևոր չէ այնքան
Որքան իմ շփումը քեզ հետ,
Բայց ես դեռ չեմ դիպել քեզ»:
Իսկ մենք
Մեր իսկ արյանը ծարավ,
Հրապարակներում գոռում էինք
Քայլերգը մահվան.
«Կեցցե…
Կորչի…»:

5.
Մենք գայլեր ենք անհոգի,
Տեր, աղոթիր մեզ համար…
…………………………………
Ոչ մարգարե, ոչ արքա, հարկավոր չէ մեզ ոչինչ:
Սուրբ քարոզներ ու պատգամ, հարկավոր չէ մեզ ոչինչ:
Մենք գայլեր ենք անհոգի «հոգիներ փոքրհոգի,
Որ ոչ Աստծուն, ոչ էլ դևին ենք հաճո»:
Մենք խժռող ենք ու լափող,
Տեր, աղոթիր մեզ համար`
Մեր ծննդի
Ու մեր մահվան ժամանակ:

6.
Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,
Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,
Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,
Մեռնող զինվորը`
Տհասությունը մարդկային:

Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի,
Թե ով է փրկելու
Ժառանգությունը մեր`
Միաբջիջ պրոտոզոններից,
Ով է տանելու պարտեզն անապատ
Եվ ի՞նչ հրաշքով
Մեր դեմքերը աղճատված
Կհատուցանեն
Քաղցր բերկրանքը ինքնաճանաչման:

Գնանք ուրեմն,
Հաստատուն գնանք
Դեպի հարցը սպանիչ,
«Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՄԵԶ…»
Իսկ գուցե ոչինչ,
Այն ենք
Ինչ եղել ենք շարունակ…

7.
Ոչ բաժանումն է կարևոր,
Ոչ միությունը:
Սա է երկիրը: Ժառանգությունը մեր:
……………………………………………
Անշուշտ դեռ կլինի ժամանակ
Վերլուծության ու քննարկման,
Անշուշտ դեռ կմնան ինչ-որ բաներ
Պեղումների համար ու հնաբանության,
«Դեռ ժամանակ կլինի, դեռ ժամանակ կլինի»,
Իսկ մինչ այդ
Սովալուկ մանկան նման
Անհագորեն ծծենք
Սմքած ծծակը
Անփառունակ մեր գոյության:
Իսկ մինչ այդ
Շնորհ համարենք «ապրելը»
Այն երկրում,
Որ առաջինն է,
Որ առաջինն է,
Որ առաջինն է…

Իսկ մինչ այդ
Գնանք հաստատուն,
Հաստատուն ու պարզ,
Դեպի հարցը սպանիչ.
«Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՄԵԶ»:

 

Giendale-Downtown L.A.
394 ավտոբուսային երթուղի

 

1 մեկնաբանություն

  1. Սիրելի Էդուարդ,
    ժամանակը անուժ է քո անժամկէտ ու միշտ թարմ դաժան հարցադրման դէմ. եւ իր դաժանութեամբ՝ գեղեցիկ,,,

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի