«

»

Դեկ 10 2011

Տպել Գրառում

Նորա Պարութճեան | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

ԻՆԿԱՅ

«Կարօտ»ի պէս անգոյն բառերէն
ոստումով մը դուրս թռայ.
ինչո՞ւ այսքան դժուար է ըլլալ այնտեղ ուր որ ես.
ճմռթկուած թուղթի պէս
պիրկ ժեսթ մը զիս դուրս նետեց
անտարբեր՝ մէկ օր առաջ
այնտեղ գրուած պատմութենէն։
Ես ինկայ։
Ինչպէս որ պապակ հողին
անձրեւի կաթիլ մը կ’իյնայ։
Ներծծուեցայ սահելով
դէպի ներքեւը բացին,
ընդլայնեցայ,
քակեցի հանդարտ
կապուած թեւերս հաճոյքի,
եւ շունչ մը առի։

ՍՓՈՓԱՆՔԻ ՆՈՐ ԲԱՌ
Սփոփէ զիս,
եթէ կրնաս
սփոփանքի յատուկ բառ մը գտնել
ու վրան տակ
տակն ու վրայ
սրտիս բերել
խաղաղութիւն ամենակալ
Յատո՜ւկ բառ մը,
եթէ կրնաս.
սովորական միւս բառերը
երէկ արեւածագին
գրողի ծոցը գացին.
աչքերուս մէջ հանդիպեցան
դժոխքի թէժ կրակին,
քառասմբակ խոյս տուին
Արտաւազդի ձիուն նման գլորեցան
դէպի անդունդ,
իրենց ետին բռնակալ մը
անօգնական ձգելով
Սովորական մեղկ բառերը սփոփանքի
անգիտակից՝ անզուսպ վախէ դրդուած,
Արտաւազդի ինքնամոռաց վիշտին նման
թաւալգլոր Ազատութեան գիրկն ինկան.
ու այս պահուս
անիծելով անունս
եւ ծաղրելով ինձմէ եկող ամէն տեսակ ակնկալիք
խրախճանքի նստած են
եւ ափերնին վեր վար իրար քսելով
ինձմէ իրենց փրկուիլը խուլ աշխարհին կ’աւետեն.
Եթէ կրնաս
սփոփանքի
նոր բառ գտնել,
եթէ կրնաս

Share Button

1 կարծիք

  1. Սամվել Մարտիրոսյան

    Հանկարծ հասկացա, որ սպասում էի: Հանկարծ հասկացա, որ ուզում եմ մի բառ գտնել, բացատրելու համար այդ սպասումս: Ներդաշնակությու՞ն: Միգուցե: Ինքն իրեն հայտնվեց: Չէ, Նորա Բարութճեանը բերեց: Մի՞թե նորից հավատում եմ ես հրաշքների: Իսկ եթե՝ այո՞: Իսկ եթե դա նրանց, և իմ գոյության կե՞րպն է: Մեկ ուրիշը լինելու՝ նրանց և ի՛մ անկարողությունը: Իսկ սպասու՞մ էի արդյոք: Իհարկե՝ սպասում էի: ՈՒ չգիտես ինչու, ուզում էի անպայման մի բառ գտնել, բացատրելու համար այդ սպասումս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>