Հայկազ Գրիգորյան | ՎԵՐՋԻՆ ՇԱՐԺՈՒՄ

Հայկազ Գրիգորյան
* * *
Կդադարես արտասուք լինել,
մի օր մենության աչքերը ճշմարիտ կլացեն,
անառողջ հոգին ընդամենը մի վայր է,
ուր խաչվում է անցյալը գալիքի կրծքին,
և այն, ինչ ապրել գիտի, կսովորի մեռնել:
Միայն անշարժության մեջ հնչող բառը
լռություն կծնի՝ վերջը սկիզբ դաձնելով…
ժամը, որ օրն է մարսում, կմոռանա
ժամանակից շուտ կատարվող շարժումը,
Օրացույցը կուրանա իր արարչին.
նա զրկվեց երկնային անդորրից,
արցունքը հետ կհոսի՝
ժամանակից դուրս կատարվող շարժում,
ծնվելիս կզգա կոպերի ծանրությունը,
քարշ կտա հոգում ծնվող բառերն ու
ներքև նայելիս կգիտակցի, որ
ապրելուց հետո ընդամենը
կարող է մեռնել…

 

* * *
Բարձրանալ-իջնել, բարձրանալ-իջնել.
սրանք ընդամենը կրծքավանդակի շարժումներ են,
իսկ նա համառորեն ձգտում է կանգնել,
զգում է երկրի պտույտն ու չգիտի` որքան կտևի…
դաժան է գամված մնալը, երբամեն ինչ շարժման մեջ է իմաստավորվում:
Պատռել սեփական մարմնի թուլությունն ու
դուրս գալ անշարժությունից,
դադարել լինել այն, ինչ եղել ես,
սեփական մարմինը գրկել ու
քայլել մեռյալների մեջ, որպես միակը՝ կենդանի.
մաքուր շարժումը միակ նպատակայինն է…
Բարձրանալ-իջնել, բարձրանալ-իջնել.
սրանք պարզապես կրծքավանդակի շարժումներ էին,
իսկ նա սկսեց քայլել, երբ դադարեց շնչել…

 

* * *
Մենք ընդամենը մտքեր ենք`
սեփական առանցքի շուրջ պտտվող,
ոչ մի գրավիտացիոն ուժի չենթարկվող,
բացի սեփական եսից…
Lքված տարածքներում տիրակալ ու
բոլոր դատարկություններում Աստված`
անկատար մարմնի մեջ մեռնելով
հավերժության ենք ձգտում:
Անսովոր է չփնտրել իմաստը
մարդկային գոյության,
առավել կործանարար՝ այն գտնելը…
Անցյալից խաբված ու ապագային հավատացող,
ենթադրողի ճկունությամբ,
գոյության համար մեզ գաղտնիքներ են պետք…
Անշարժ ու շարժվող կետերի պես
փոփոխվող ուժերի «մտքերի» անհստակությամբ
թափառում ենք անցյալն ապագային կապող
ժամանակի թվացյալ շարժման մեջ…
Հնացած խաղալիքների պես մոռացված,
անհասկանալի կտավների պես լքված,
անվերջ սպառվող բնության հետ
չենք գիտակցում սեփական կործանումը
ու լինելու համար կրկին ծնում…
Եվ ի վերջո պետք է ընդունել,
որ բոլոր շարժումները
սկզբնակետ են տանում…

 

* * *
Վաղուց էր ցանկանում ապրել.
անգիր էր արել բոլոր Աստվածների
անուններն ու ստեղծել նորերը`
սեփական փրկության համար…
Ժամանակի շղթաները քանդելուց հետո
բոլոր արքայություններում թագավորելով
նա ազատության մեջ միակ բանտարկյալն է:
Ոչ ոք չօգնեց ժամանակը հետ բերել,
այսօր նա ապրողների պես մեռած է,
իսկ կյանքը լքում է մեռածներին…
Երկրի բոլոր ճամփաները հիվանդ են բորոտությամբ,
միայն թռչուններին է տրված հատել
մաքուր ուղիների սահմանները,
ամեն օր մենք սպանում ենք երեկվա ճամփան՝
հուսալով, որ վաղը կճախրենք:
Ասում են` միայն սիրողներն են կարող
ներքին թռիչքով հասնել անմեղության…

 

* * *
Քամին շարժում համարեցի,
իսկ նա իմ մեջ թափանցեց ու
բոլոր անոթներով տարածեց թևերը…
Անշարժությունն ինձ խրտվիլակ կդարձնի,
մոռացված ցորենի դաշտում վազվզող
առնետները գիտեն այդ մասին,
գիտեն նաև, որ իմ մեջ խցկված խիղճ կա,
ու չեն վարանում ստվերս տրորելուց…
Բնության արտասվող աչքերում
սա միակ վայրն է, ուր
կատարյալ մենության մեջ
շարժումը բանտարկված է անշարժությամբ:
Ամեն վայրկյան խոսում եմ սրտիս հետ`
միայնակ մեռյալներից տարբերվելու համար…
բոլորը սխալվում են, հոգու շարժումը
կատարյալ չի, երբ կենդանի է մարմինը,
քանզի ներքին շարժումով
ոչ ոք չի կարող տեղաշարժվել…
Ուշ է ինձ բժշկելը.
սոսկ լինելու համար, վերջին շարժումով
կսպանեմ քամուն
ու հավերժական ներկայության մեջ
դուրս կգամ անշարժությունից…

 

2 մեկնաբանություն

  1. Հտաքրքիր ձեռագրի ունեք, շատ խորն էք մտածում ու ընթերցողին էլ ձեր հետ մտածել տալիս.
    Շնորհակալություն այս շարքի համար.

    Անցյալից խաբված ու ապագային հավատացող,
    ենթադրողի ճկունությամբ,
    գոյության համար մեզ գաղտնիքներ են պետք…

    Հիանալի է.

  2. Պատռել սեփական մարմնի թուլությունն ու
    դուրս գալ անշարժությունից,
    դադարել լինել այն, ինչ եղել ես,
    սեփական մարմինը գրկել ու
    քայլել մեռյալների մեջ, որպես միակը՝ կենդանի.
    մաքուր շարժումը միակ նպատակայինն է…

    Չնորհակալ եմ այս շարքի համար:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի