Սլավիկ Ալավերդյան | ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅԻ ՄԱՍԻՆ

Սլավիկ Ալավերդյան

Սլավիկ Ալավերդյան

Մաս 1. Տաք Անտարկտիդա

 

Ընդամենը երեք միլիոն տարի առաջ (շատ փոքր ժամանակաշրջան տիեզերքի պատմության մեջ) Երկիր մոլորակի վրա կային կյանքի բազմապիսի ձևեր` միաբջիջ օրգանիզմներից մինչև կաթնասուններ և ծածկասերմ բույսեր: Սակայն երկրային այս ներդաշնակությունը պետք է մի օր խաթարվեր…

Առաջացավ մի օրգանիզմ, որն իր գոյության ընթացքում (այն մի քանի անգամ վերացավ և կրկին առաջացավ` չհիշելով իր նախորդ գոյության մասին) պետք է անընդհատ փոխեր մեր մոլորակի ոչ միայն արտաքին տեսքը, այլ նաև ներքին աշխարհը` ընդերքը: Երևի ընթերցողը կռահեց, թե ում մասին է խոսքը:

Դա ՄԱՐԴՆ էր …

Իսկ որտե՞ղ նա առաջացավ առաջին անգամ: Երևի ընթերցողների մեջ կլինեն հնարամիտներ, որ այս նախադասությունը կարդալուց հետո մի պահ կհիշեն պատմվածքի վերնագիրը և կհասկանան:

Այո՛, սիրելի՛ ընթերցող, դա Անտարկտիդան էր:

Դուք ակամա հարց կտաք, թե ինչպես է դա հնարավոր, չէ՞ որ Անտարկտիդան Երկրի ամենացուրտ վայրն է: Այո, հնարավոր է, քանի որ միշտ չէ, որ այն այսօրվա տեսքն ու պայմաններն է ունեցել:

Այդ ժամանակ Անտարկտիդան Երկրի ամենատաք վայրերից մեկն էր: Այստեղ կար մի խոշոր լիճ` եռացող ջրով, որի շուրջը ստեղծվել էր երկրային «Դրախտ»: Եվ ոչ այլ տեղ, քան այստեղ պետք է առաջանար Մարդը:

Սակայն յուրաքանչյուր դպրոցականի հայտնի է, թե ինչքան քիչ լույս է ընկնում այստեղ, իսկ շատ վայրերում օրերով արևը չի երևում (Բևեռային գիշերներ): Եվ Մարդը, որի համար այստեղ ստեղծված էին բոլոր պայմանները, ագահաբար չբավարարվեց եղածով և տարիներ անց որոշեց փնտրել նոր վայր բնակության համար …

Ահա այսպիսին է Մարդը մինչև օրս. միշտ չբավարավելով եղածով` ձգտում է ավելիին` հաճախ զրկվելով նույնիսկ եղածից:

Ինչևէ, դա տեղի ունեցավ … Մարդը անցավ հազարավոր կիլոմետրեր և գտավ նոր վայրեր բնակության համար` կանաչ դաշտեր, անտառներ, հովիտներ, լողափեր, լեռներ և այլն … Սրանց առավելությունը լույսի մեջ էր, առանց որի` Մարդը չէր կարող գոյատևել … Սակայն այն գեղատեսիլ բնությունը, որ կար Անտարկտիդայում, նա այդպես էլ չտեսավ ուրիշ ոչ մի տեղ: Եվ որոշեց Մարդը վերադառնալ իր ծննդավայր:

Սակայն նա տեղյակ չէր, թե ինչ էր կատարվել այնտեղ իր բացակայության տարիների ընթացքում …

*    *     *

Մարդը և Բնությունը բազմաթիվ նմանություններ ունեն … Երևի բանն այն է, որ Մարդը ստեղծվել է Բնությունից: Եվ եթե մարդը, արհամարհանքի արժանանալով, նեղանում է, հուսահատվում, ապա նույնը տեղի է ունենում նաև բնության հետ. անգամ սենյականյին թարմ ծաղիկները կարող են մի ժամվա մեջ թոշնել, եթե նրանց անուշադրության մատնես:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ:

Բնությունը ստեղծեց Մարդուն` նրան տալով ամենալավ պայմանները ապրելու և արարելու համար: Սակայն Մարդը չհասկացավ այդ: Եվ Բնությունը պատժեց մարդուն … Տաք ջրով լիճը, որը կյանք էր պարգևում հսկայական տարածքների, սկսեց սառչել: Դրան զուգընթաց` սկսեց ձյուն տեղալ մի վայրում, ուր երբեք չէր տեղացել … Եվ այդպես զրկվելով ջերմության աղբյուրից` հսկայական տարածքներ դարձան սառույց… Սկսեց տիրել ցուրտն ու սառնամանիքը: Եվ առաջացավ այն Անտարկտիդան, ինչպիսին մենք գիտենք այսօր:

Մարդը տարիներ անց մոտեցավ նրա ափերին: Սակայն մեծ զարմանք էր սպասում նրան: Չտեսնելով երբեմնի ծաղկող բուրաստանները՝ նա հետ դարձավ և սկսեց մտածել: Այստեղից ծնվեց փիլիսոփայությունը: Նա երկար մտածելուց հետո հասկացավ եղելության պատճառը ու որոշեց իր հայրենիքի մասին պատմել իր ժառանգներին, որպեսզի մարդիկ չկրկնեն իր սխալը: Երևի դուք կռահեցիք, թե այսօր մենք ինչպես ենք անվանում այն գիրքը, որի մեջ նկարագրված է այդ երկրային «Դրախտ» Անտարկտիդան: Այո, դա «Աստվածաշունչն» է: Այսօր բոլորը փնտրում են այդ երկրային դրախտը` չմտածելով անգամ, թե որտեղ կարող է այն գտնվել:

Իսկ ոմանք գտել են այդ լիճը և փորձում են իմանալ նրա գաղտնիքները:

Սակայն Մարդը այդպես էլ չգիտակցեց իր սխալները և այդ պատճառով կործանվեց ու կրկին առաջացավ:

Բնությունը հույս ունի, որ նոր մարդկությունը կհասկանա իր սխալները և կուղղվի:

Իսկ քանի դեռ նա չի հասկացել, ապա նրան սպասվում է լոկ մի բան` ԿՈՐԾԱՆՈՒՄ …

 

16․09․2011 թ․

 

Մաս 2. Չպլանավորված հալում

 

Հազարավոր տարիներ Երկիր մոլորակի վրա հսկայական տարածքներ գտնվում էին անհասանելի վիճակում իրենց բնակլիմայական պայմանների պատճառով: Սակայն մարդկությունը, չբավարարվելով իրեն տրված լայնածավալ տարածություններով, մի օր սկսեց մտածել դրանց մասին:

Խոսքը ձյունի ու սառույցի «հավերժական» թագավորություն Անտարկտիդայի մասին է: Մարդկությունը իր անհեռատես գործողությունների պատճառով արդեն վաղուց վերացրել էր սպիտակ արջերի և այլ արկտիկական կենդանիների բնօրրանը: Որոշ տեղերում (Նյու Յորք, Ամստերդամ, Սանկտ Պետերբուրգ, Քեյփթաուն, Հոնկոնգ, Սիդնեյ) կառուցվեցին արգելապատնեշներ` տասնյակ մետրեր բարձրությամբ, իսկ բազմաթիվ բնակավայրեր դարձան «Նոր օրերի Վենետիկներ»:

Այժմ, երբ բնակելի մայրցամաքները միացած են ցամաքային ճանապարհներով (Ջիբլարթարի, Բարենցի նեղուցների, Սուեզի, Պանամայի ջրանցքների վրայով կառուցվել են լայն կամուրջներ և Մալլակա թերակղզին Ավստրալիային կապող ծովացամաքային կասկադը), մնում է միայն կապ հաստատել Ճերմակ մայրցամաքի հետ: ՄԱԿ-ը որոշում կայացրեց չխախտել Անտարկտիդայի մասին վաղուց ընդունված որոշումը, ըստ որի` այն որևէ պետության սեփականություն չէ, և կոչ արեց համատեղ ստեղծել միջազգային բնակելի գոտի: Այն Միացյալ մայրցամաքներին կապող ամենակարճ ճանապարհը Դրեյկի նեղուցի վրայով կարող էր անցնել:

Սկսվեց զուգահեռ ընթացող երկու պրոցես` ճանապարհների կառուցում և սառույցների հալեցում:

Որպեսզի համաշխարհային օվկիանոսի մակարդակը չբարձրանա, գիտնականները որոշեցին գոլորշիացնել սառույցները և արհեստական քամու հոսանքների միջոցով քշել մայրցամաքների խորքերը՝ օվկիանոսներից հեռու: Եվ սկզբում դա հաջողվում էր:

Մարդկության վատ հատկանիշներից մեկը կրկին զգացնել տվեց իրեն. անհամբեր մարդիկ սկսեցին քաղաքներ կառուցել Անտարկտիդայի մերձափնյա սառցազերծված թերակղզիներում:

* * *

Անցան տարիներ:

Ավարտին էր մոտենում Տրանսդրեյկյան մայրուղու կառուցումը: Անտարկտիդան դարձել է գլոբալացման խորհրդանիշ: Այստեղ չկան պետական սահմաններ, քաղաքացիություն, հարկեր … Բոլորը խոսում են Անտարկտով՝ նոր միջազգային լեզվով:

Մայրցամաքի կենտրոնական հատվածը դեռ շարունակում էր հալեցվել: Ջրի մի մասն արդեն օգտագործվում էր կենցաղային նպատակներով:

Թվում էր, թե ամեն ինչ լավ է և այդպես էլ պետք է շարունակվի …

Ոչ մեկը հաշվի չէր առել երկու կարևոր փաստ. Դրեյկի նեղուցը գտվում է երկրաբանական երկու սալերի միացման սեյսմիկ գոտում, և գոլորշու մեծ քանակությունը խանգարում է լույսի ներթափանցմանը մթնոլորտի ստորին շերտեր:

Սկսվեց երկրի ջերմաստիճանի նվազում, իհարկե սրան նպատեց նաև համաշխարհային օվկիանոս լցված սառը և տաք ջրերի հարաբերակցության խախտումը:

Առանց այն էլ ցուրտ Անտարկտիդայում սկսվեցին մինչ այդ երբեէ չգրանցված ցրտեր, որոնք վտանգեցին անտարկտոպոլիտ մարդկանց կյանքը: Սկսվեց զանգվածային տեղահանություն:

Տրանսդրեյկյան մայրուղու վրա առաջացան հազարավոր կիլոմետրեր ձգվող մեքենաների շարասյուներ:

Եվ հենց այդ ժամանակ սկսվեց հզոր ստորջրյա երկրաշարժ, որը քանդեց կամուրջի հիմքերը: Թեև կամուրջները ջրի վրա պահող նոր գերամուր օդային բարձիկներ կային, սակայն ծանրաբեռնված լինելու պատճառով մեքենաների մեծ մասը հայտնվեցին ջրում և խորտակվեցին: Ամբողջ աշխարհից օգնության շտապող փրկարարները միայն քչերին կարողացան փրկել:

Եվ այսպես ավարտվեց նոր մայրցամաքի վրա մարդու բնակեցման գործընթացը:

* * *

Տարիները հաջորդեցին իրար:

Անտարկտիդան կրկին պարտվեց սառույցի հաստ շերտով՝ իր տակ թողնելով քաղաքներ:

Սկսեց երևալ Հարավային բևեռի սպիտակ գլխարկը:

Երկիրը վերականգնեց Տիեզերքին հայտնի իր արտաքինը:

* * *

Եվ այսպես կլինի ամեն անգամ, երբ մարդը փորձի միջամտել բնության դարավոր գործընթացների ներդաշնակությանը:

Անտարկտիդայի սառույցները կհալվեն երբ դրա ժամանակը գա:

 

06․10․2012 թ․

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.