Սամվել Յոլչյան |ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սամվել Յոլչյան

Սամվել Յոլչյան


Պատուհանից այն կողմ հավերժության ձայնն է,
որը չունի սկիզբ, չունի նաև վախճան:
Պատուհանից այն կողմ ես կամ, ինձ տեսնում եմ՝
որպես հյուլե, ատոմ, որպես արցունք:
Պատուհանից այն կողմ՝դարեր ու տարիներ,
ակնթարթներ մեռնող ու վայրկյաններ բեղուն:
Պատուհանից այն կողմ՝ընթացք, ոգի, անկում ու մահ:

Պատուհանից այն կողմ՝ խենթ տիեզերք՝
երկնասլաց ու գահավեժ:

Մշուշ,
մշուշ,
մշուշ…
չկա երջանկության կաթիլ,
չկա երանելի անդորր…

Խավար,
խավար,
խավար…
և հռհռոց վայրի,
և հայհոյանք անբավ…

Ո՟ւր եմ գնում և ո՟ւր գնամ.
կոկորդիս մեջ խրված ոսկոր,
որ խեղդում է անդիմադիր։

Եվ թող խեղդի,
և թող պատռի կոկորդս չոր,
ու կլինի երանելի անդորր.
ու կլինի երջանկության
բերկրանք։

Իմ ներսից քամին հեռացել է,
իմ ներսում երաշտ է ու ճահիճ:
Ես աշխարհի չափ ծերացել եմ,
ես ինքս ինձ դարձել եմ դահիճ:

Օրերի գնացքն ինձ տանում է
դեպի անհայտ անհասցե հեռուն,
իմ վերջին ուժերը քամում է
մենության ջանադիր մեղուն:

Ես լալիս եմ,քրքջում եմ անզոր,
ես ինձ զարկում եմ պատեպատ.
հայտնվե՜ք ինձ,խորաննե՜ր լուսո,
քանի դեռ իմ ներսում կա հավատ:

Քանի դեռ սիրտս տրոփում է,
քանի դեռ կա ժպիտ աշխարհում,
բաց դաշտում ձիերը դոփում են,
և քամին է բաշերը այրում:

Իմ ներսից քամին հեռացել է,
իմ ներսում կարոտ կա քամու,
և դեռ կա գուցե,մնացել է
ինձ վերջին մի խելագար սամում:

Գնացքներ
Թափուր կայարան…Լքված գնացքներ,
անցյալի մոխիր:
Չկա երթևեկ. մեռած ժամանակ:
լքված գնացքներ…
Ես ձեզ հե՞տ եմ,թե՞
այս նոր օրերի գարշահոտի մեջ:

Խելահեղ ընթացք,կենսատու ժամեր,
գունագեղ անցյալ…
Ծիծաղում եմ ես` ջահե՛լ էիր դու:
Այն գնացքների խենթ սլացքի հետ
իմ կյանքն էլ սուրաց,
իսկ նոր օրերին խաչվեց լոկ ստվերս:

Լքված գնացքներ` հուշերի բեռով:
Ձեր լռության մեջ լսվում է միայն
բաբախը սրտիս…
Ինձ դեպի գալիք դո՜ւք պիտի տանեք,
կամ ես կմեռնեմ
ձեր լռության հետ:
……………………
Թափուր կայարան…Լքված գնացքներ,
անցյալի մոխիր,
և մոխրի մեջ` Սիրտ…

Անհուսություն

Կյանքի անեզր
օվկիանոսում
մենք նավաբեկյալներ ենք
անհեռանկար,
մենք ռոբինզոններ ենք
առանց ուրբաթների,
և մեր կղզին լերկ է,
անկյանք ու անապագա։

Այսպես`
մենք շարունակում ենք
գոյատևել
որպես կենդանի դիակներ,
որպես իմաստավոր խենթեր,
որպես լույսեր անճառագայթ։

Այսպես`
շարունակում ենք ապրել
և մեր ապրածը հիմարաբար
կոչում ենք
ԿՅԱՆՔ։

Ապրելուց առաջ

Ապրելուց առաջ
նայի՜ր արևի աչքերին,
ամփոփի՜ր նրա լույսը քո մեջ
և գնա մարդկանց երկիրը։

Ապրելուց առաջ
աղոթի՜ր Աստծուն սրտառուչ,
օծի՜ր էությունդ մաքրությամբ
նոր գնա մարդկանց երկիրը։

Ապրելուց առաջ
խարազանի՜ր ինքդ քեզ,
որ ցավից թառանչես զօր-գիշեր,
որ զգաս մարդկանց վերքերը։

Ապրելուց առաջ
համբուրի՜ր մորդ ձեռքերը,
որոնցում դու ծնունդ ու կյանք առար
և մտար մարդկանց երկիրը։

Ապրելուց առաջ
ծո՜ւնր դիր հայրենի հողին,
երդո՜ւմ տուր քարերին նրա
և նոր դարձի՜ր տեր
Մարդկանց երկրին…

Փոշին
Ես արդեն ծեր եմ.
փոշին իմ սրտի վրա է նստում,
փոշին լցվում է երակներիս մեջ,
փոշին ինձ դարձնում է
իմաստասեր…

Ես արդեն ծեր եմ.
լսում եմ ձայնը հավերժության,
լսում եմ կանչը տիեզերքի,
լսում եմ… և այլևս հույս չեմ դնում
լույսի և նոր բացվող
առավոտի վրա…

Բայց ես չեմ դադարում հարստանալ.
անգամ փոշին սերմ է` իմ մեջ լցվող,
ու ես գո՛հ եմ, խաղա՛ղ
վերջալույսից,
ինձ ծերացնող փոշուց,
ինձնից երես թեքած
ԿՅԱՆՔԻՑ…

Թողնել պատասխան

Your email address will not be published.