Անսեռ, երկաթյա միատոն ձայնը թեթև խշշոցի ուղեկցությամբ հաղորդեց.
-Ազատության կայարան:
Մի խումբ մարդիկ իրար անցան, սկսեցին միմյանց հրմշտել. ուզում էին վայրկյան առաջ լքել վագոններն ու հայտնվել Ազատության կայարանում: Սա ընդամենը մի քանի վայրկյան տևեց, հաջորդեց գնացքի ազդանշանը, որը խուճապն ավելի սրեց, այնուհետև բոլոր վագոնների ժանգոտված ու ծուռումուռ դռները միաժամանակ ճռռոցով փակվեցին՝ դռներից դուրս թողնելով ազատներին: Նրանց դեմքին շփոթմունք ու գոհունակություն էր դրոշմված: Ազատության կայարանի անմարդ ու անծայր սրահն ասում էր, որ սահմաններ չճանաչող աշխարհն առանց մարդկանց ավելի սիրուն կլիներ…
Վագոններում մնացին գրողները, ննջողները, շատակերները և մելանխոլիկները:
Ցուրտ ձայնը շարունակեց.
-Ուշադրությո՛ւն, դռները փակվում են, հաջորդ կայարանն անհայտ է:
Նրանք, ովքեր չէին հասցրել իրենց կայարանում իջնել, երկար ետ նայեցին պատուհանից, մինչև Ազատության կայարանի տեսարանը մանրացավ ու անհետացավ մայրամուտի նարնջագույն հորիզոնում, հետո, համակերպվելով կամ փնթփնթալով, տեղավորվեցին իրենց տեղերում:
Ոմանք ննջում էին ու Ազատության կայարանի մասին ոչինչ էլ չիմացան, ոմանք ուտում էին և ոչ մի կայարան նրանց հետաքրքիր չէր, ոմանք էլ առանձնացել էին գնացքի պատուհանի ու դրանից այն կողմ եղած աշխարհի հետ՝ ծնկների հետ իրենց մենությունը գրկած ու կրծքին սեղմած. մելանխոլիկներն էին, ովքեր ամեն ինչի ու ամեն տեղի մասին կմտածեն, բացի այստեղից ու հիմայից: Նրանք կառչում են քառակուսի պատուհաններին և մտածում ուրիշ աշխարհների մասին, բայց ոչ երբեք՝ նեղ վագոնների:
Հանդիսավոր կերպով ներս մտավ գնացքի ուղեկցորդն իր օգնականի հետ, որը մի ահարկու գամփռ էր՝ խոլոր դեմքով ու արյունալի աչքերով: Այս զույգին նայողը տարակուսանքի մեջ էր ընկնում, թե ո՞րն է ավելի վախենալու՝ դեմքի անմիտ արտահայտությամբ ուղեկցո՞րդը, թե՞ աջ ու ձախ գռմռացող գամփռը: Ուղեկցորդը ծնված օրվանից այս վագոններում էր, լավ գիտեր իր գործը. հորից էր սովորել, ով իր հերթին իր հորից էր սովորել… Ուղեկցորդների դինաստիայի ակունքները խորն էին ու անմեկնելի, ինչևէ:
Նա պապից ժառանգած գամփռի հետ անցավ վագոնի երկայնքով, կանգնեց բոլորի համար տեսանելի վայրում, ձգեց փողկապը և, դեմքին բարեհամբույր արտահայտություն տալով, ինչից դեմքն ավելի անմիտ դարձավ, սկսեց խոսել ու պարզվեց, որ սա ևս օժտված է կայարաններն ազդարարող նույն անսեռ ու երկաթյա ձայնով:
-Գնացքի պետը, մտահոգվելով ձեր իսկ անվտանգությամբ, որոշում ստորագրեց այն մասին, որ այս պահից սկսած՝ ճանապարհը պետք է շարունակեք կապված վիճակում: Մենք պետք է վստահ լինենք, որ բոլորն ապահով են: Եվ հետո, մեր գործն է հետևել, որ բոլորը ճիշտ կանգառներում իջնեն, և ոչ ոք խաբեությամբ չզբաղվի:
Դժգոհության նոտաներ բարձրացան. ոմանց քունն աչքերից փախավ, ոմանք ուտելը թողեցին մի պահ, ոմանք իրենց մենությունից ու քառակուսի պատուհաններից կտրվեցին ու սկսեցին միաձայն աղաղակել:
Գամփռը գռմռաց, ուղեկցորդը նրան սաստեց ու շարունակեց ավելի մեղմ տոնով, քանզի լավ գիտեր, որ դժգոհ ամբոխը սիրում է ստերով սնվել.
-Սա բխում է ուղևորների շահերից, սա ձեր ապահովության համար է. երբեք չեք իմանա, թե ովքեր են ձեր ուղեկիցները՝ մտածողներ, ազատամիտներ, բողոքականներ… Կասկածելի դեմքեր: Արդարության և հավասարության համար մենք կկապենք բոլորին: Հատուկ ձեզ համար Նահանգներից ներկրվել են արևմտյան չափանիշներին համապատասխանող պարաններ:
-Կապեք միայն հանցավորներին ու կասկածելիներին, ինչո՞ւ բոլորիս,- խոսեց մի շատակեր, ով սկսել էր ավելի արագ ու անհամբեր ուտել:
-Ճի՛շտ է,- հորանջելով ու իմիջիայլոց արձագանքեցին ննջողները:
-Կրկնում եմ, գնացքի պետն անձամբ է ստորագրել որոշումը, ասել է, թե՝ այն փոփոխման ենթակա չէ: — Ուղեկցորդը վերջին բառերը շեշտեց ավելի խիստ տոնով ու ձեռքը ցուցադրաբար տարավ գոտուց կախված հաստ պատժագործիքին, հաջորդեց շան գռմռոցը: — Դժգոհները կարող են լքել գնացքն Արտագաղթի կայարանում:
-Թեպետ, արդար է, թող ամեն մարդ իր կանգառում իջնի,- նկատեց ննջողներից մեկը:
-Հետո էլ՝ անվտանգ է,- համաձայնեց մյուսը:
Մելանխոլիկները ոչինչ չէին լսում ու նկատում. մտքում նոր աշխարհներ էին մոգոնում ու քանդում, և տխրում էս աշխարհների տխուր բախտի համար: Էսպես, նրանք չնկատեցին, թե ինչպես մեծամասնությունն իրենց փոխարեն էլ համաձայնեց մնացած ճանապարհը կապկպված շարունակելուն:
Մի ազատամիտ, ով չէր հասցրել նախորդ կանգառում իջնել, լսածին չհավատաց և նույնիսկ չկասկածեց, թե դա լուրջ կարող է լինել:
Շատակերները միայն թախծոտ աչքերով նայեցին ուղեկցորդին: Ուտելու հաճույքը հասկացող ուղեկցորդն ընկալեց շատակերի փորացավը. կապված ձեռքերով ուտել չի լինի: Գնաց ու նոր որոշումը ձեռքին եկավ:
-Գնացքի պետը բարի գտնվեց շատակերների հանդեպ. որոշմանը նոր կետ ավելացրեց՝ ըստ որի շատակերներն արձակ կմնան, որպեսզի կարողանան ուտել: Սակայն ձեր առողջության մասին մտածելով՝ ևս մեկ ենթակետ է ավելացվել՝ ձեր ուտելիքի կեսը պետք է փոխանցեք գնացքի հանրօգուտ ֆոնդին, մենք այն կբաժանենք սոված ուղևորներին: Ցիտում եմ. «Ինչպես կասեր տատս, շատ ուտես, քիչ կմտածես»:
-Բայց…,- փորձեց առարկել մի շատակեր:
-Եթե որոշմանը դեմ եք, կարող ենք վերջին երկու կետերը չեղյալ համարել, գնացքի պետը չի պարտադրում,- սառը տոնով ասաց ուղեկցորդը:
Շատակերները լուռ համաձայնեցին, ննջողները, ամեն ինչ մոռացած, շատ արագ քնեցին, մելանխոլիկները ոչինչ չնկատեցին, գրողներն այս ամենի մասին զայրացած ու բոցավառ տողեր գրեցին ֆեյսբուքում: Ուղևորները կապվեցին, շատակերների ուտելիքը երկու մասի բաժանվեց, ազատամիտը շշմեց, բայց ավելի շատ՝ մարդկանց հանգստությունից, քան նորահայտ կապերից: Երբեք չէր հավատա, որ մարդիկ կարող են հոժարակամ կապկպվել և վայրկենապես հարմարվել կապանքներին: Էքստրիմիստներ են՝ մտածեց:
Հաջորդող րոպեներն ամենախաղաղն էին ողջ ճանապարհի ընթացքում: Լռություն… Ամեն օր երեկվա, այսօրվա ու վաղվա մասին խոսող մարդիկ ոչինչ չգիտեն լռության մասի. նրանք միշտ խոսում են, մինչև սուրճը թափվի, մինչև իրենց կանգառ հասնելը, մինչև ուտելը, մինչև ուտելիքը վերջանա, ու նորից խոսեն: Մարդիկ միշտ խոսում են: Լռության մեջ միայն մելանխոլիկներն էին լսում գնացքի անիվների ու ռելսերի ռիթմիկ երաժշտությունը. գնացքի ճամփան սիրուն է հնչում, հատկապես վերջացող օրվա գույների մեջ:
Երկաթյա ձայնը եկավ խախտելու ուղևորներին հաճելի թմբիրի մեջ գցած ռիթմը.
-Անհայտ կայարան:
Ոմանք հետաքրքրության նշաններ ցուցաբերեցին: Ուղեկցորդն աշխուժորեն հետևեց, որ մի քանիսի կապերն արձակվեն ու սրանք լքեն վագոնները: Գրողներն էին:
-Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը՝ Պայծառ ապագայի:
Շուտով ուղեկցորդը ներկայացավ գամփռի հետ՝ ձեռքին նոր թուղթ: Կանգառների միջև ընկած ժամանակը լավ էր ազդել նրա վրա՝ կլորացել էր, ավելի գոհ դեմք ուներ: Սակայն ուտողների խեղճ դրությունն ակնհայտ էր:
-Հարգելի՛ ուղևորներ, դուք չեք էլ կասկածում, թե ինչ այլանդակություններ են կատարվում հաջորդող քաղաքներում, որոնցով անցնելու ենք շուտով: Արևմտյան պիղծ բարքերը սողոսկել են՝ մեզ հեղափոխելու, ապականելու, կործանելու:- Վերջին բառն առանձնակի հուզմունքով արտաբերեց, դողացող ձայնը տեղը բերեց ու շարունակեց:- Բայց մենք ամուր ենք մեր առաքելական եկեղեցիների պես և փայլուն՝ ամենայն հայոց խաղատների պես: Գնացքավարը և նրա անձնական Աստվածը մտահոգ են ձեր բարոյական վիճակով: Այսպես, հետևաբար որոշում ստորագրվեց այն մասին, որ մնացած ճանապարհը շարունակեք փակ աչքերով: Ցիտում եմ՝ «Ինչպես ասել է մեր թաղային հեղինակություն Եղիշը՝ լավ է կույս լինել աչոք, մտոք և, ամեն դեպքում, մարմնոք»: Կույս կացե՛ք, ժողովո՛ւրդ,- ոգևորությամբ խոսքն ավարտեց ուղեկցորդը:
Ուտողները թախծոտ նայեցին իրենց ուտելիքին ու հայացքով չափեցին այն: Ննջողների աչքերն այսպես, թե այնպես փակ էին. նրանք որոշումն անիմաստ համարեցին ու վերադարձան իրենց նիրհին: Մելանխոլիկները հնարավորինս տխրեցին, որովհետև բաժանվելու էին իրենց քառակուսի պատուհաններից: Բայց մխիթարվեցին, որովհետև շարունակելու էին մտածել: Ազատամիտն ուղևորների մեջ հայացքով համախոհներ փնտրեց, փորձեց բողոքել, բայց Գամփռն արագ դժգոհ հայացքները որսաց ու ի պատասխան գռմռաց ջանասիրաբար: Գռմռոցը մոգական ուժ ուներ՝ ցրում էր բոլոր դժգոհությունները: Աչքերը կապվեցին: Հարաբերական խաղաղությունը վերադարձավ:
Հայտարարված Պայծառ ապագայի կայարանն այդպես էլ մնաց օդում: Էլ երբեք նոր կայարաններ չհայտարարվեցին, ուղևորները մոռացան իրենց ուղղությունների մասին: Գնացքի պետի որոշումները ողջունողները պարգևատրվում էին ուտողների բաժնից: Շուտով Գնացքի պետն սկսեց մեդալներ ու շքանշաններ բաժանել՝ ամենակույր, ամենալուռ, ամենահնազանդ անվանակարգերում: Գրեթե բոլորը մրցանակներ ստացան ու շատ գոհ էին: Հետո ևս մի քանի սրտացավ որոշումներ կայացվեցին գնացքի պետի կողմից, ով մշտական ուղիղ կապի մեջ էր իր անձնական Աստծու հետ, ինչը բացառում էր սխալ լինելու վարկածը: Օրինակ, որոշվեց, որ ուղևորներն ամեն կանգառով անցնելիս կանգառահարկ վճարեն, պայմանով, որ իրենց վճարած գումարի կրկնակին կստանան իջնելիս: Գամփռը հետևում էր, որ բոլորը կանգառների հարկերը պարտաճանաչ վճարեն:
Մի անգամ էլ բարձրախոսը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ գնացքի պետն իրենց գնացքը հռչակել է ուղևորավար գնացք: Թեպետ ոչ ոք բառի իմաստը չհասկացավ, բայց հայտարարության տոնից հասկացան, որ պետք է ուրախանալ, ուրախացան: Առավել եռանդով ուրախացան մրցանակակիրները: Հետո պարզ դարձավ, որ այս նորահայտ բառը նշանակում էր, որ այսուհետ որոշումները կկայացվեն ընտրությամբ: Ու քանի որ բոլորի ձեռքերը կապված էին, ոչ ոք որևէ որոշմանը դեմ չէր քվեարկում, որոշումներն անցնում էին միաձայն, ուղևորները երջանիկ էին: Ազատամիտը միայն ատամներն էր կրճտացնում անզորությունից:
Շուտով գնացքն սկսեց ցնցվել, ուղևորներն անհանգստացան, բայց որովհետև կապված էին ու փակ աչքերով, չհասկացան, թե ինչ է կատարվում: Ուղեկցորդը հերթական անգամ եկավ լուսավորելու գնացքի ռիթմին ձուլված բազմությանը.
-Մենք վթարի վտանգի առաջ ենք: Բայց պետք չէ խուճապի մատնվել, գնացքի պետը խորհրդակցեց իր անձնական Աստծու հետ: Իրավիճակից դուրս գալու մի ելք կա՝ եկեք աղոթենք միասին:
Բարձրախոսի խշշոցը միացավ, հաջորդեց երկաթյա ձայնը, որն այս անգամ կայարան հայտարարելու փոխարեն սկսեց «Հայր Մեր»-ն ասել, սպասելով ուղևորների կրկնելուն: Բոլորը մի մարդու պես կրկնեցին բառերը՝ հատ-հատ: Նրանց մոտ դա հրաշալի էր ստացվում, դպրոցից սովորել էին մի մարդու պես կրկնելը, հետո այս գործում հմտացել էին համալսարաններում, թեկնածուական էին գրել… Ուղեկցորդին կրկնության ռիթմն այնքան դուր եկավ, որ նա վերցրեց պատժագործիքն ու սկսեց դիրիժորի շարժումներով վարել աղոթքի ընթացքը: Առաջին աղոթքին հաջորդեցին երկրորդը, երրորդը, չորրորդը… Ուղևորները, հավատալով իրենց աղոթքի կարևորությանը, որոշեցին ավելի լուրջ մոտենալ այս գործին՝ իրենց աղոթքը համեմեցին խաչակնքումներով, խաչ համբուրելով, ծնկի գալով, բարձրաձայն ապաշխարելով: Երևակայության ու ստեղծագործականության հարց էր:
Գնացքը շարունակում էր ընթացքը՝ մոռացած վտանգների մասին: Ներսում մի մարդու պես աղոթում էր բազմությունը՝ կապկպված, փակ աչքերով, բայց երջանիկ ու կարևոր: Դիրիժորի դերով տարված՝ ուղեկցորդն ավելի արտիստիկ էր թափահարում պատժագործիքը մարդկանց գլխավերևում: Մարդիկ ավելի բարձր էին աղոթում ամեն ցնցումից հետո:
Այս համընդհանուր երջանկությունը խաթարեց անպատկառ ազատամիտը, ով հրաշքով մնացել էր գնացքում.
-Կանգնեցրե՛ք գնացքը:
Ուղևորները զարմացան այս անմտության վրա. իրենք փորձում են գնացքը փրկել, սա ուզում է գործին խանգարել: Ուղեկցորդը մի պահ սթափվեց այս հանդուգն հայտարարությունից, ինքն ու գամփռը հայացքներ փոխանակեցին. սա հարձակվեց անպատկառ այլախոհի վրա:
Գամփռն անատամ էր:
Վերջին մեկնաբանություններ