Սեվ Մանգուշյան | Արյան բծեր վերնաշապիկիս կամ ինձ նայիր զայրացած

Սեվ Մանգուշյան

Սեվ Մանգուշյան

Այս պատմվածքը գրված է իրական պատմության հիման վրա:
Իրադարձության վայրն ու գործող անձանց անուները փոխված են :
……..այն ինչ իմանալու եք այստեղ,այլևս երբեք չեք մոռանա:

 

ՄԱՍ 1
Միայնակ կանգնած էի տան երկրորդ հարկի պատշգամբում: Արագ արագ էի շնչում, ներսում կատարվածից հետո փորձում էի հնարավորինս շատ օդ կլանել: Շամպայնով լի բաժակը դեռ ձեռքումս էր, կում արեցի, դեմքիս վրայից հետ տարա թաց մազերս, նորից խորը շունչ քաշեցի ու թեթև ժպտացի: Մտածում էի ինչպես դուրս գամ այս մարդկանց միջից ու անհետանամ: Հանկարծ զգացի ինչ որ մեկի շունչը հետևումս կանգնած, պտտվեցի ու չհասցրեցի տեսնել նրան: Նա ինձ հրեց ու ես մտածելու անգամ մի վայրկյան չունեի: Միանգամից ցած ընկա գետնին: Ընկա ինչպես ոչ ոք, ինչպես ոչինչ ու ոչ մի բան: Սարսափելի նվաստացուցիչ էր: Արյունը դանդաղ գլխիցս հոսեց դեպի սպիտակ վերնաշապիկս: Սպիտակը կամաց կամաց անհետանում էր: Բավական չէր ինձ այս ամենը և դեռ պետք է տանջվեմ մի քանի օր էլ հիվանդանոցում պառկած: Ու մինչ ինձ կտանեին հիվանդանոց, հիմա բոլորը կխոսեն, թե ինքնասպանության փորձ է…հա…ու էդպես էլ եղավ: Անկումը միշտ էլ անգերազանցելի արագությամբ է կատարվում, անկախ արագությունից անպայման պետք է վեր կենալ: Ինչու՞ նա ինձ հրեց…: Ընդհանրապես ինձ համար այս ֆիզիկական անկումը ոչինչ չարժե, դրա թողած հետևանքը բոլորի կյանքում էլ պատահում է, այն գալիս է մեկ անգամ ու միանգամից: Այս օրերին հիվանդանոցում ինձ խնամում էր Տիկին Էմման:
Ո՞վ եմ ես…սպասեք, ես փորձում եմ հիշել ինձ…:
Փենսիլվանիայում ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ երեսնամյա ավագ լեյտենանտը վիրավորվել էր, մինչ նրան կհասցնեին հիվանդանոց, մահացավ: Կինը մոտեցավ պատուհանին, ծածկեց վարագույրը ու նոր եփած սուրճը լցնելով բաժակի մեջ, նստեց բազմոցին: Կինը հղի էր: Տներից մեկում էլ, մայրը մտավ աղջկա սենյակ ու նրան արթնացրեց: Աղջիկն ամբողջ գիշեր չէր քնել, պատրաստվել էր քննությանը, որն այս տարի վերջինն էր լինելու:
Տղամարդը, ում տարիքը չէր գերազանցի վաթսունը անդադար հազում էր, կինը տվեց ջուրն ու ամուսնուն խնդրեց այսօր աշխատանքի չգնալ: Նա վերջին երեսուն տարիներին աշխատում էր քաղաքային երթուղում ՝ վարորդ:
Իսկ մեկ ուրիշ ընտանիքում, արդեն հինգը տարի ամուսնացած ամուսնական զույգը վիճում էր երեխա չունենալու պատճառով: Ամուսինը վերջապես կնոջն ասաց, որ կարող է հավաքել իրերն ու հեռանալ: Այո, այդպես է, ամուսնանում են , կոտրում են կնոջ թևերը, իսկ հետո երբ գալիս է որոշակի մի ժամանակահատված, բաց են թողնում նրան ու սպասում են, որ թռչի: Չէ, նրանց մոտ ամեն ինչ հարթ կլինի, նրանք մոտ օրերս անպայման կորդեգրեն նորածին տղային: Լավ, հիմա կհարցնեք ի՞նչու եմ պատմում այս առօրյա պատմությունները, ի՞նչ կապ ունեն այս սովորական մարդիկ իրար հետ: Այս սովորական մարդկանց պատմությունը մեկ օրում կավարտվի մի անսովոր պատմությամբ: Երկու ոստիկան դուրս եկան բաժանմունքից, որպեսզի զոհված ոստիկանի կնոջը հայտնեն ամուսնու մահվան լուրը: Նստեցին մեքենան ու շարժվեցին: Սա պետք էր անել մեծ զգուշավորությամբ, որովհետև կինը հղի էր: Տղամարդը առանց դադարեցնելու իր սպանդի ենթարկվող խոզի խռխռոցի նմանվող հազը (հեղինակը միտում չունի վիրավորելու), մոխրագույն մաշված շապիկի վրայից հագավ վարորդի համազգեստը ու դուրս եկավ: Կինը գլուխը բացասաբար օրորելով նայեց ամուսնու հետևից, վերջինս նստեց ավտոբուսի ղեկին ու շարժվեց: Երիտասարդ աղջիկը համբուրեց մորն ու դուրս եկավ տանից, խոստանալով որ լավագույնն է հանձնելու քննությունը: Իսկ հղի կինը, ով բացահայտ կերպով հպարտանում էր իր այդ կարգավիճակով, շոյեց կլորիկ փորը, ուղղեց մազերը հայելու առաջ, մոտեցավ դռանը, որ դուրս գա…եթե նա ևս մի քանի րոպե շարունակի մնալ տանը, ապա ոստիկանները տեղ կհասնեն ու կհայտնեն մահվան լուրը…կինը նորից վերադարձավ հայելու մոտ, շրթունքները մոտեցրեց հայելուն, մաքրեց ավելորդ շրթներկն ու դուրս վազեց: Այսօր նա բժշկի հետ կորոշի իր ծննդաբերության օրը: Հասավ կանգառին ու կանգնեցրեց ավտոբուսը: Իհարկե նրա հազը չէր դադարել, վարորդը շարունակում էր աղմկել, կինը բարձրանալիս ձեռքով փակեց բերանը որպեսզի չվարակվի: Իր կողքին նրան անմիջապես տեղ տվեց քննության գնացող աղջնակը: Լավ, ինչպես էր շարունակվելու այս մարդկանց կյանքը, եթե չլիներ այն, ինչ եղել է: Դա իմանալու անհրաժեշտություն չկա, որովհետև նրանցից յուրաքանչյուրը կատարում է իր առաքելությունը և պետք է, որ առանց դժգոհելու: Վարորդը խեղդվելով ևս մեկ անգամ հազաց ու ուշագնաց գլուխը գցեց ղեկին: Ավտոբուսում հավաքված մարդիկ խուճապի մատնվեցին, սկսեցին բղավել: Գուցե դանդաղ եմ պատմում, բայց այս ամենը տեղի ունեցավ նույն արագությամբ, ինչպիսի արագությամբ ես ցած ընկա պատշգամբից:
Ավտոբուսը դուրս եկավ իր երթևեկության գծից ու հարվածեց հակառակ գծում երթևեկող ոստիկանական մեքենային ու շրջվեց: Քսանամյա մի աղջիկ, ով կարողացավ շարժվել, մի կերպ ավտոբուսից դուրս բերեց հղի կնոջը, վերջինս գրեթե չէր շնչում: Բոլորը մահացան, այդ թվում երկու ոստիկանները: Բժիշկներին հաջողվեց փրկել երեխայի կյանքը, իսկ մայրը մահացավ: Նրան ավտոբուսից դուրս բերած աղջկա մասին տեղեկություններ հայտնի չեն: Մի քանի օր հետո երեխային որդեգրեց ամուսնական մի զույգ, ով հինգը տարի էր ինչ չէին կարողանում երեխա ունենալ: Նրանք մեծ ոգևորությամբ տուն տարան երեխային: Այդ երեխան ես էի…:

ՄԱՍ 2

Անունս Դամիան Վան Դե Թիլման է, այս անունն ինձ տվեցին ծնողներս, որոնցից ես հեռացա ինձ որդեգրելուց ուղիղ քսանմեկ տարի հետո: Այն նորածինը, որ հրաշքով փրկվեց, մեծացավ ու… ու ի՞նչ, ի՞նչ արեց նա…ես դարձա մարմնավաճառ: Ինչպիսի հասարակ ու գռեհիկ բառ իմ մարմնի համար: Բայց մեկ րոպե, պետք չէ սարսափել այս բառից, ես չէի վաճառում ինչ որ երրորդ մարդու մարմին,վաճառում էի սեփական մարմինս, որի լիիրավ կառավարման իրավունքը ինձ է պատկանում: Ես մարմինս վաճառում էի այն իրավունքով, որով կարող էի նույն այդ մարմնիս մի օղակ անցկացնել ու կախ գցել: Ես մարմինս վաճառում էի այն կանանց, ովքեր այլ տարբերակ չունեին …Բայց ես կշտապեմ կանգնեցնել ձեզ, որովհետև ես այն չեմ ինչ պատմեցի, ոչ ոք իրավունք չունի ինձ կարծելու այդպիսին…Այո՛, ես ամեն ինչ անում էի, որ այդպիսին չլինեմ…:
Ինձ որդեգրելուց տարիներ անց ծնողներս ունեցան երեք երեխա, իրենց սեփական երեխաներին: Անտանելի երեխա էի մեծանում, ես դպրոց չէի գնում, եթե մայրս չէր հասցնում լվանալ սպիտակ վերնաշապիկս, որովհետև մյուս շապիկներն ատում էի: Արդեն պարզ է, որ դպրոցում ոչ ոքի հետ չէի շփվում, կամ գուցե նրանք ինձ հետ չէին շփվում: Բարձր դասարանում սկսեցի ընկերություն անել դասընկերուհիներիցս մեկի՝ Սքարլեթի հետ, ում հետ մենք պարզապես լավ ընկերներ էինք: Ես երբեք չհավատացի նրա ընկերությանը (ես կնախընտրեի, որ նա սերիական մարդասպան լիներ, քան այնպիսի աղջնակ, ինչպիս ես տեսնում էի նրա հոգու խորքը): Չունե՞ք այդպիսիներին …անպայման կունենաք…վստահ եմ…Խուսափեք ձեր այն ընկերներից, ովքեր բարձրաձայն խոստովանում են, որ դուք լավագույն ընկերն եք, որ սիրում են ձեզ…Բարձրաձայն ոչ մի տեսակի սեր գոյություն չունի:

(Այստեղ հեղինակը դուրս է թողնում պատմվածքից Սքարլեթին վերաբերվող մանրամասները, որոնք փոխանցել էր Տիկին Էմման այնպես, ինչպես լսել էր Դամիանից: Մանրամասները բաց են թողնված Սքարլեթի (անունը փոխված է) խնդրանքով):
Ես ուզում էի ինձ շրջապատող մարդկանց երեսին բղավել, որ թող անեն այն ինչ ուզում են, բայց ինձ հե՛ռու պահեն իրենց ընկերությունից: Ես չեմ պատասխանում հեռախոսազանգերին. ինչու՞, ախր չեմ ուզում լսել ձեր պատմությունները…ահ…երևի նորից մի բան է պատահել ձեր կյանքում ու դուք ոգևորված, որ աշխարհի ամենահանճարեղ պատմվածքները ոչինչ են ձեր անձնական պատմության դիմաց, զանգում եք ինձ կիսվելու կամ զանգում եք մեկ այլ ընկերոջ…Եվ ես ուզում եմ բղավել ու խնդրել որպեսզի դադարացնեն այդ հոլոքոստը: Եթե դուք ունեք լավագույն ընկեր, ով ամեն ինչում գոհացնում է ձեզ, ուրեմն նա հիմար է, իսկ եթե հակառակն է, ուրեմն դուք եք հիմար:
Մի խոսքով, շունչս ավելի շուտ կփչեի, եթե դա չանեի: Քոլեջն ավարտելուց հետո երբ տանից հեռացա, Սքարլեթին նամակ գրեցի մեկ նախադասությամբ. “Կարոտել եմ քեզ, իմացիր, որ դու սրիկա ես և հուսով եմ մի օր դրա համար թանկ կվճարես”: Իրականում նա առանձնապես մի բան չէր արել, որի համար արժեր ատել նրան, բայց մի օր անպայման մի հրեշավոր բան կանի, նրանք այդպսին են…: Դպրոցական այդ տարիներին ես մի սովորություն ունեի, անհասցե նամակներ էի գրում ինչ որ մեկին այն բաների մասին, որոնց մասին որևէ մեկի հետ չէի խոսի: Գրում էի, որ ես ատում եմ ձկներին, որովհետև նրանք միայն ջրում են կարողանում ապրել, ատում եմ շներին որովհետև խոսել չգիտեն, մարդկանց ՝ որովհետև խոսում են և ընդհանրապես ատում եմ նարնջագույն գազարը: Տարիների ընթացքում սկսեցի կոտրվել ու ադապտացվել մարդկանց, ատելությունս կամաց-կամաց վերացավ: Ինձ կարող էին ա՛տել, չ՛սիրել, զայրանա՛լ, բայց դա ոչինչ չէր փոխելու: Գուց է նա, ով ինձ ցած գցեց նույնպես ատում էր ինձ: Ինչու՞ հենց այդպես եղավ, ինչու՞ նա որոշեց ինձ սպանել…Դե այո, ես այս վայրկյանին դեռ ողջ եմ, պառկած եմ այստեղ, բայց դա երկար չի տևի…:
Բավականին փոքր էի երբ իմացա, որ Վան Դե Թիլմանները իմ կենսաբանական ծնողները չեն: Նրանք ինձ համար աշխարհի լավագույն ծնողներն են, և նրանց ստեղծած ու ինձ տված ընտանիքը կյանքումս ամենամեծ նվերն էր: Հրաժարվեցի, երբ մայրս առաջարկեց ինձ ցույց տալու ծնողներիս լուսանկարները: Ո՛չ, չէի ուզում տեսնել, դա իմ կյանքում ոչինչ չէր փոխելու, նրանք այդ նկարներում նույն տարիքում էին լինելու, որում ես եմ հիմա: Ընդհանրապես ինչու՞ են ծնողները երեխաներին ցույց տալիս իրենց երիտասարդ տարիների լուսանկարները, որպեսզի երեխաներին համոզեն, թե նրանք նմա՛ն են իրենց, որպեսզի իրենք իրենց համոզեն, որ երեխաները նույնն են ինչ իրենք: Շնորհակալ եմ, բայց թողեք ես ձևավորման այլ տարբերակ ընտրեմ: Իմ ու կենսաբանական մորս նմանությունը միայն նրանումն էր, որ նա մահացավ երբ նոր էր լրացել քսաներեքը, ինձ էլ պատշգամբից ցած նետեցին նույն տարիքում:
Անվերջ կարելի է խոսել այն տարիներից որոնք անցել են: Մի անգամ փոքր քույրս հարցրեց, արդյոք կարդացե՞լ եմ իր “Ես և իմ ընտանքիը” դպրոցական շարադրությունը, ասացի, որ ոչ, բայց վստահ եմ գարշելի մի բան է ստացվել: Նա դեմքը ծամածռեց և ինձ մեկնեց շարադրությունը ու խնդրեց կարդալ: Կարդում եմ, գրված է.
“ Ես շատ եմ սիրում իմ հայրիկին, մենք շատ երջանիկ ենք, նա ամեն օր գնում է աշխատանքի իսկ մայրիկս մեզ համար համեղ ճաշեր է պատրաստում ”:
Ի՞նչ երջանկության մասին է խոսքը, ի՞նչ երջանիկ հայրիկ, որևէ մեկը այս տխմարությունը գրելիս, երբևէ մտածե՞լ է այդ խեղճ հայրիկի մասին, ով ամեն առավոտ լույս դեռ չբացված գնում է աշխատանքի, ամբողջ օրն աշխատում է, տուն է գալիս որպեսզի հաց ուտի, հասցնի մի քանի ժամ քնել ու նորից նույնը: Իսկ այն երջանիկ մայրիկը, ով նորից պետք է հրաշագործություն անի, որպեսզի կարողանա բավարար կերպով կերակրել ընտանիքի անդամներին, հետո հասցնի մի երկուսին դպրոց տանել, այն երրորդին քնեցնել, նորից շտապել դպրոց, կարգի բերել տունը, անսահման երջանիկ է մայրիկը: Շարունակում եմ կարդալ.
“ Իսկ տատիկը գլխարկ էր գործում ինձ համար, մենք երեկոյան միասին զբոսնում ենք”:
Ես տանել չեմ կարողանում տատիկի հորինված այս կերպարը, ու՞ր են այդ տատիկները, ի՞նչ պատմություններ են հորինում նրանց մասին: Առավելևս, որ մենք տանը տատիկ չունեինք:
Քսանմեկ դառնալուն պես հրաժեշտ տվեցի ընտանիքիս ու ասացի, որ գնում եմ Կալիֆորնիա սովորելու: Ես այլևս երբեք նրանց չտեսա:

ՄԱՍ 3

Լավագույն մարդը նա է, ում տեսնում ես հայելու մեջ, իսկ վերջին մարդը նա՝ որին թիկունքով ես կանգնած հայելու առջև: Ամբողջ կյանքում նրանք երկուսն էլ մեզ հետ են: Եվ երբ հայելին կոտրվում է, դու այլևս դառնում ես միայնակ:
Երկու րոպե տասներեք վայրկյան ես մնացի գետնին ընկած, երբեմնի հանճարեղ գլուխս ջարդուփշուր եղած խոնարհել էի այդ փոշոտ բետոնե հատակի վրա: Մեջքիս վրա դեռևս զգում էի այն ձեռքը որն ինձ հրեց:
Չէ, ես չմեռա, ես հիմա էլ ողջ եմ, բայց այնտեղ հայրս ու մայրս սպասում են ինձ: Նրանք, որ այդպես էլ երբեք չտեսան իրենց զավակին, նրանք սպասում են, գուցե գիտեին, որ մի օր գնալու եմ, բայց ի՞նչպես եմ նայելու նրանց աչքերին, ի՞նչպես եմ արդարանալու իմ ով լինելով…գուցե ես չեմ, որ պետք է արդարանամ…գուցե մեղքը նրանցն էր, որ այն ժամանակ առանց ինձ գնացին:
(Հեղինակ: Ինչպես պատմել է Տիկին Էմման, հիվանդանոցում պառկած այս ամբողջ ընթացքում Դամիանը երբեմն քնում էր, հետո նորից բացում էր աչքերն ու շարունակում էր խոսել իր հետ, ջուր էր խնդրում, բայց ոչինչ չէր ուտում: Այս մանրամասները հեղինակը դուրս է թողնում պատմվածքից):
Միայնակ, առանց ոչ ոքի աջակցության հասա Կալիֆորնիա: Առաջին անտանելի գիշերը անցկացրեցի դրսում: Քնել էի քաղաքի կենտրոնական այգում: Առավոտյան աչքերս բացեցի ու տեսա ծառուղով հեռացող կնոջը, մի կերպ շարժվեցի, որ վեր կենամ, աչքովս ընկավ դիմացի նստարանին դրված գիրքը: Վերցրի գիրքն ու ձայն տվեցի կնոջ հետևից, ով ամենայն հավանականությամբ մոռացել էր այն:Մինչ կհասնեի նրան կարդացի կազմի վրա՝ Լև Տոլստոյ “Աննա Կարենինա”: Ոչ Կարենինային գիտեի, ոչ Տոլստոյին: Կինը շնորհակալություն հայտնեց ու ժպտալով ասաց, որ ինքը բոլորովին վերջերս է սկսել հետաքրքրվել ռուսական գրականությամբ: Հետո հարցրեց, թե ինչու եմ դրսում քնել ու ես պատմեցի նրան, որ եկել եմ քաղաքում սովորելու ու շուտով բնակարան կվարձեմ: Տիկին Էլզան ինձ առաջարկեց իր բնակարանը, որի դիմաց ես իհարկե վճարելու էի: Մենք գնացինք նրա տուն: Տունը ուներ մեծ պատուհաններ դեպի այգին, իսկ հյուրասենյակից աստիճանները տանում էին դեպի երկրորդ հարկ, որտեղ էլ ես ապրելու էի: Տիկին Էլզան միայնակ էր ապրում, թե ի՞նչու, անհարմար զգացի հարցնել: Նա առաջին օրերին մեծ հոգատարությամբ ինձ համար նախաճաշ էր պատրաստում, իսկ հետո ես դրսում էի ինչ որ բան ուտում: Ավելի ճիշտ, եթե ինձ չհիշեցնեին ուտելու մասին, ես օրերով ոչինչ չէի ուտի: Տիկին Էլզային խնդրեցի, որ երկրորդ հարկի միջանցքից տեղափոխի մեծ փայտե ժամացույցը, որի ձայնը ես ամբողջ գիշեր լսում եմ այդ դատարկ լռության մեջ: Թվում է թե, հենց այդ զարկերը դադարեն դու կմեռնես, իսկ ես ինքնաբերաբար հաշվում էի դրանք ու հասկանում էի, որ այդ ժամացույցը խլում է իմ ժամանակը: Քաղաքում ոչ ոքի չգիտեի, և ժամանակս մեծ մասամբ անցկացնում էի տանը` կարդալով, պատրաստվում էի համալսարանական ընդունելության քննությանը: Տիկին Էլզան ամեն երեկո պարտադիր խմում էր: Նստում էր պատշգամբում ու վայելում էր ֆրանսիական գինին, որը ամեն տոներին նրան ուղարկում էր քույրը: Հարցրեցի նրան արդյոք վերջացրե՞լ է այն ռուսական գիրքը, նա էլ պատասխանեց, որ ոչ, վախենում է վերջացնել:
Ես ասացի կսպասեմ, որ հետո գիրքն ինձ փոխանցի կարդալու համար: Էլզան ձայն չհանեց, վեր կացավ ու ներս մտավ հյուրասենյակ, ձեռքի շարժումից հասկացա, որ աչքերը սրբեց:
Բարձրացա իմ սենյակ, պառկեցի: Ուզում էի քնել, բայց գիտեի, որ հենց հագուստս հանեմ քունս անմիջապես կորելու է, իսկ հագուստով անտանելի է քնելը: Երկար պառկած մնացի, մտածում էի որտեղ են Էլզայի երեխաները, ամուսինը, կամ արդյոք երբևէ ունեցե՞լ է նրանց: Վեր կացա, վառեցի լույսը ու հանեցի հագուստս, կանգնեցի հայելու առջև ու ինձ էի նայում, սկսեցի ծիծաղել, հետո ծամածռեցի դեմքս, մոտեցա հայելուն, բացեցի բերանս ու նայում էի ատամներիս: Հանեցի վերնաշապիկս, նայեցի մարմնիս: Ես բավականին նիհար էի, բայց ինձ այլկերպ չէի էլ պատկերացնում, ինձ սազում էր այդ մարմինը, ինչպես ձեզ կարող է սազել հագուստը: Հետո մի քանի վայրկյանով իջեցրի անդրավարտիքս, նորից բարձրացրի: Այդ պահերին որքան էլ լռությունը հաստատի մենակ լինելուդ փաստը, թվում է թե մեկը հիմա նայում է մերկ մարմնիդ: Դուրս եկա սենյակից, իջա աստիճաններով ու թակեցի Տիկին Էլզայի դուռը…հա, հենց այդպես, հագիս միայն վերնաշապիկ կար, որը մի փոքր երկար էր ու ծածկում էր անդրավարտիքիս կեսը: Տիկին Էլզան ներսից ձայն տվեց, որ կարող եմ մտնել, ես բացեցի դուռն ու ասացի, որ ցանկանում եմ նրա հետ քնել: Նա ձեռքով թեթև խփեց անկողնուն նշան անելով, որ կարող եմ պառկել. դա արեց առանց գռեհկության: Ես հիանում էի ֆրանսիական գինի խմող, ռուսական գիրքը բարակ մատների մեջ պահած, միայնակ այդ կնոջով: Մենք սեռական ակտ ունեցանք կամ սիրով զբաղվեցինք, դե նրա համար գուցե ոչ, բայց ինձ համար դա սիրո ինչ որ մի դրսևորում էր: Ես միշտ այդպիսին եմ եղել, հենց քնում էի որևէ մեկի հետ, հաջորդ առավոտվա առաջին երեք ժամերին ինձ թվում էր թե սիրահարվել եմ նրան: Իսկ արդեն դրան հաջորդող օրերին մոռանում էի այդ երեք ժամերի մասին: Հետագա ամիսներին էլ մենք հաճախակի էինք քնում միասին, բայց այստեղ արդեն առանց ավելորդ սիրո: Տիկին Էլզան հավերժ մնաց իմ պատմության մեջ որպես մի առանձին էջ, մի գործոն, մի ուժ, որը առաջ մղեց կյանքիս այդ որոշակի ժամանակահատվածը: Էական չէ ինչ միջոցներով, կարևորը նույն տեղում չմնալն էր:
Սկսեցի կարդալ “Աննա Կարենինան”, որը օրեր առաջ վերջացրեց Էլզան: Պատմվածքն ավարտելուց հետո նա ուղիղ մեկ ժամ լուռ նստեց բազմոցին…չգիտեմ ինչ էր մտածում, բայց այդ պահին նրա հետ հաստատ ինչ որ բան կատարվում էր: Ինչպես ինձ պատմեց Էլզան, տասը տարի առաջ ամուսնացած է եղել, հետո ամուսինը վերցրել է երկու երեխաներին ու հեռացել է: Էլզան փրկեց իմ կյանքը և հաստատապես կարող եմ ասել, որ նույնը կաներ նաև այն ժամանակ, երբ ինձ ցած գցեցին պատշգամբից:
Ես հասկանում էի, որ նրան էլ է պետք մեկը, ով կփրկի ու կազատի, բայց գիտեի, որ դա ես չեմ: Դա նրանք են, ովքեր չեն գալիս: Եվ երբ փրկողը չի գալիս, մենք ենք դառնում մեր փրկիչը, և փրկվում ենք ինչ գնով էլ, որ լինի:
ՄԱՍ 4. ԹԵ ԻՆՉՊԵՍ ԾԱՆՈԹԱՑԱ ՌՈԲԵՐՏԻ ԵՎ ԿԱՐՈԼԻՆԱՅԻ ՀԵՏ
Բաժանումները մեզանից ոչինչ չեն խլում: Դրանք միայն ավելացնում են հիշողություններ, որոնք հետագայում ունենալու ես: Բաժանվել կարելի է այն ամենից ինչը գոյություն ունի աշխարհիս երեսին: Բաժանվել կարելի է բոլորից, նրանից ում ճանաչեցիր մեկ րոպե առաջ, նրանից ում գիտես արդեն երկու տարի, նրանցից որոնց հետ անցկացրել ես ողջ մանկությունդ և այն բոլորից որոնք դեռ գալու են: Երբ գալիս է բաժանումը երբեք մի խուսափեք դրանից, որովհետև եթե բաց թողնեք բաժանման պահը, հետո անպայման զղջալու եք: Բաժանումները պարտադիր են:
Ես բաժանվեցի ծնողներիցս, թողեցի եղբայրներիս ու քրոջս, բայց դեռ երեկ նրանք իմ կյանքի մի մասն էին: Այս ամբողջ ընթացքում, ինչ այստեղ եմ, ընդամենը երկու անգամ եմ կապվել: Ես բաժանվում էի նրանցից, որպեսզի կարողանամ առաջ գնալ, ես մոռանում էի նրանց…:
Երկու օր առաջ իմացա, որ ընդունվել եմ Կալիֆորնիայի համալսարան: Ես սովորելու էի հոգեբանության ֆակուլտետում: Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր, քննական միավորներս չէին բավականացրել, որպեսզի տարեկան վճարս կրճատվի: Ես ելք չունեի, կամ պետք էր աշխատանք գտնել, կամ թողնել համալսարանը, իսկ դա արդեն անընդունելի էր: Ինձ անպայման անհրաժեշտ էր դուրս գալ այս իրավիճակից առանց վիրավորվելու, և դեռ պետք էր տան համար վճարել:
Այսօր առաջին օրն էր համալսարանում: Բավականին հարմար է, երբ դու միակ անծանոթը չես, այստեղ բոլորն անծանոթներ են: Նստեցի կարճահասակ, սևահեր գեղեցիկ աղջկա կողքին: Դեռ երկու րոպե էլ չէր անցել, երբ իմ հետևում նստած տղան խնդրեց, որ զիջեմ իմ տեղը նրան: Աղջիկը ժպտալով նայեց ինձ ու ասաց, որ տղան իր եղբայրն է: Ես ասացի, որ խնդիր չկա. տվեցի տեղս ու նստեցի մեքսիկուհու կողքին: Ընդմիջման ժամանակ ծանոթացա քույր ու եղբոր հետ ՝ Կարոլինայի և Ռոբերտի, ովքեր հետո դառնալու էին իմ լավագույն ընկերները: Վերադարձա տուն, կիսվեցի Տիկին Էլզայի հետ տպավորություններով ու հիասթափություններով: Պատմեցի, որ համակուրսեցիներիս տեսնելով հասկացա, որ ես չեմ կարող ոչ մի կերպ պակաս լինել նրանցից, կամ էլ պետք է չսովորեմ նրանց հետ: Նրանք բոլորը ապահովված ընտանիքներից էին, իսկ ես նման անհարմարություն ինձ թույլ տալ չէի կարող:
Էլզան ասաց, որ կօգնի ինձ ինչով կարող է, բայց ոչ մի դեպքում չպետք է թողնեմ համալսարանը: Նա վճարեց առաջին կիսամյակի վարձը, ես խոստացա, որ անպայման հետ եմ վերադարձնելու:
Կիրակի օրվա առավոտն էր: Նստած էի կենտրոնական այգում ու նայում էի դիմացի սրճարանում միայնակ նստած կնոջը, ով հիսունը բոլորած կլիներ: Հաջորդ առավոտ համալսարանից վերադառանալիս նորից տեսա նրան: Երեքշաբթի որոշեցի, որ դասի չեմ գնա: Օրացույցով սեպտեմբերի տասնյոթն էր, մոտեցա նույն սրճարանում նստած կնոջը, թույտվություն խնդրեցի ու նստեցի: Առանց ժամանակ կորցնելու մեկ շաբաթ ներսումս կուտակած համարձակությունը բաց թողեցի, ու ասացի հնարավո՞ր է նա ցանկանա քնել ինձ հետ: Կինը նայեց շուրջը, հետո հայհոյեց ինձ, ես անմիջապես վեր կացա ու քայլում էի տուն: Քիչ անց կինը իր մեքենայով հավասարվեց ինձ, գլխով նշան արեց, որ նստեմ: Նստեցի ու ասացի, որ պետք է երեք հարյուր վճարի: Մենք գնացինք: Ես արեցի այն, ինչը այդ պահին անցավ կնոջ մտքով, որը բացարձակ բնական էր: (Հեղինակը բաց է թողնում մանրամասնությունները): Երբ տուն էի վերադառնում մտածեցի, թե ինչ մեխանիկաբար կատարվեց ամեն ինչ, բայց դա ինձ չէր հետաքրքրում, ես գոհ էի այն զգացողությամբ թե իբր աշխատել եմ: Նույն օրը ինձ համար գնեցի սպիտակ նոր վերնաշապիկ ու վճարեցի բնակարանի վարձը: Էլզան չհարցրեց թե որտեղից գումար: Հաջորդ օրը դասերի ավարտից հետո ես Ռոբերտի, Կարոլինայի հետ դուրս եկա զբոսնելու: Նրանք ինձ հրավիրեցին իրենց տուն եկող կիրակի: Ես ևս մեկ անգամ հանդիպեցի սրճարանի կնոջ՝ Ռ.Ֆ.-ի հետ, զանգահարեց երեկոյան ուշ ժամի: Նա ինձ վերցրեց փողոցի անկյունից որտեղ սպասում էի: Մենք քաղաքից դուրս եկանք ու մեքենան կանգ առավ այնտեղ, որտեղ արդեն վերջանում էին բնակելի թաղամասերը: Սպասեցի, մինչև Ռ. Ֆ.-ն կասեր, թե ինչ է ուզում: Նա ասաց, որ իջեցնեմ տաբատս (հեղինակը բաց է թողնում մանրամասնությունները): Երբ ամեն ինչ արդեն վերջացել էր ու պատրաստվում էինք շարժվել, մեր հետևում կանգնեց ոստիկանական մեքենան: Ես վախեցա…ոչինչ չէի արել, բայց վախեցա: Սպան մոտեցավ, ներկայացավ ու հարցրեց արդյո՞ք ամեն ինչ կարգին է, Ռ.Ֆ.-ը պատասխանեց, որ այո, սպան ասաց, որ վտանգավոր է այդ ժամին այստեղ կանգնելը, կինն էլ պատասխանեց, որ շարժվում ենք: Ռ.Ֆ.-ն ինձ իջեցրեց Էլզայի տան մոտ, տվեց իմ երեք հարյուրը ու ասաց, որ այլևս չենք հանդիպի: Մտա տուն ու արագ բարձրացա ննջասենակս, որպեսզի չտեսնեմ Էլզային: Կանգնեցի հայելու առաջ, ինքս ինձ ասացի, որ սարսափելի ոչինչ չեմ անում: Ես հասկացա, որ գտել եմ իմ աշխատանքը: Առանց աշխատանքի ահնհար էր սովորել, ես չէի կարողանա հավասարվել համակուրսեցիներիս, չէի կարող ապրել այն կյանքն ինչ ապրում էին նրանք:
Ես հաշվարկեցի, որ սովորածս անօգուտ կլինի, եթե ամբողջ գիշեր աշխատեմ մի ինչ որ պիցերիայում, իսկ առավոտյան կիսաքնած գնամ դասերին: Մեկ ուրիշը ինձ կասեր, որ դա արդարացում չէ. շատերն են այդպես աշխատում ու համատեղում: Իսկ ես հիմա ասում եմ, որ ես չէի կարող աշխատանքից հետո ոչ պատշաճ տեսքով գնալ դասերին: Ես պետք է լինեի կոկիկ, խնամված ու նոր հագուստով, իսկ դա նման աշխատանքի պարագայում անհնար էր: Ինձ անհարաժեշտ էր այս աշխատանքը, չէ՞ որ մարդիկ չեն տեսնում իմ ներսը, նրանք միայն դուրսն են տեսնում, տեսնում են արտաքինը, այդ պատճառով պետք էր ամեն ինչ անել դուրսը պատշաճ ու գեղեցիկ պահելու համար: Ես մարմինս էի վաճառում, ոչ թե հոգիս:
Կիրակի ես Ռոբերտի և Կարոլինայի տանն էի: Ծանոթացա նրանց մայրիկի՝ Տիկին Էմմայի հետո, այո, դա այն նույն Տիկին Էմման է, ով հիմա ինձ խնամում է հիվանդանոցում: Նա սիրալիր հյուրընկալեց ինձ իրենց տանը: Լինում են մարդիկ, որոնց հետ առաջին անգամ շփվելիս թվում է թե հարյուր տարի իմացել եք միմիյանց, այդպիսին դարձան ինձ համար Ռոբերտն ու Կարոլինան: Ճաշից հետո Կարոլինայի ու Ռոբերտի հետ բարձրացա իրենց ննջասենյակ, մենք սկսեցինք զրուցել, պատմեցին, որ հայրը գործուղման է, ամսվա վերջ միայն կվերադառնա, իսկ ես ասացի, որ նրանց մայրը Տիկին Էմման հաճելի տպավորություն է թողել ինձ վրա: Ճաշի ժամանակ խոսակցության ընթացքում Տիկին Էմմայի հարցին, թե ում հետ եմ այստեղ ապրում, ես ստեցի պատասխանելով, որ մորաքրոջս տանն եմ մնում: Հրաժեշտին Տիկին Էմման ասաց, որ ինձ միշտ սպասում են իրենց տանը, ես էլ շնորհակալություն հայտնեցի ու Կարոլինայի ուղեկցությամբ դուրս եկա տանից: Մենք պայմանավորվեցինք, որ հաջորդը օրը դասերից հետո, երեկոյան երեքով կգնանք թատրոն: Ես երբեք էլ թատրոնը չեմ սիրել, մեծ անհարմարություն է ինձ համար նստել ու մի քանի ժամ լուռ նայել, թե ինչ են անում բեմում հավաքված այդ հասարակ մարդիկ: Նայում եմ բեմում կանգնած այն ազնվականին, ով ժամեր հետո կանգառում կանգնած ինձ հրում է, որ առաջինը խցկվի ավտոբուսի մեջ, նայում եմ երիտասարդ կնոջը, ով ողբում է ամուսնու մահվան համար, բայց ես էլ լավ գիտեմ, որ շենքից դուրս գալուն պես նա զանգելու է այն երիտասարդին, ով երկու անգամ իրեն ծաղիկ է նվիրել, իսկ երեկոյան ամուսնուն ասում է, թե փորձերն ուշ են վերջացել…Էհ սուտ է, թատրոնը դրսում է: Չնայած այս ամենի, ինձ հաճելի էր իմ նոր ընկերների հետ ժամանակ անցկացնելը, այդ էր պատճառը, որ ես ընդունեցի առաջարկը:

 

ՄԱՍ 5
Տգեղները չպետք է սիրահարվեն սիրուններին, դա ողբերգությամբ է ավարտվում: Այսինքն նկատի ունեմ, որ սիրահարվելիս պետք է հաշվի նստել սեփական հնարավորությունների հետ, հաշվի նստել հոգու, մարմնի և արտաքին համապատասխանության հետ: Իմ դեպքում ես մի կողմ եմ դնում արտաքին գեղեցկությունս , հոգիս, և այն թե որքան գեղեցիկ մտքեր կարող եմ գրել ու արտահայտել: Այստեղ ես հաշվի առա այն, ինչ անում եմ, այն, որ վաճառում եմ մարմինս ու այն, որ այդ ամենի հետ զուգահեռ երբեք չպետք է Կարոլինային խոստովանեմ, որ սիրահարավել եմ իրեն:
Ես շարունակեցի գտածս աշխատանքը: Համացանցով գտա մի կազմակերպություն, որի միջոցով կանայք կարողանում էին տղամարդ պատվիրել: Անմիջապես ուղարկեցի տվյալներս, ու համոզված էի, որ արդյունքը դրական է լինելու: Շուտով էլզային պատմեցի, թե ինչով եմ զբաղվում: Դա իմ կյանք է, նա իրավունք չուներ խառնվելու, ասաց Էլզան ու խնդրեց, որ զգույշ լինեմ:
Շաբաթներն անցնում էին ու ես շարունակում էի անել այն, ինչ սկսել էի: ՈՒ այդ գիշերներին հաջորդող ամեն առավոտ ես սովորականից երկու ժամ շուտ էի արթնանում, գիշերվա հագուստն այևս չէի հագնում, ամբողջությամբ վերացնում էի այն հետքերը, որոնք կարող էին հուշել գիշերվա մասին: Էլզայից վերցնում էի արդուկած վերնաշապիկս, հագնում էի սև կոշիկներս մուգ կապույտ տաբատի հետ…Մի քանի րոպեից ոչ արհեստականորեն դանդաղ և ոչ էլ շտապող ու անփույտ մարդու նման արագ քայլերով, գլուխս թեթևակի բարձր ես մտնում եմ համալսարան: Ավելորդ կանգառներից և տափակ խոսակցություններից խուսափելու համար ես շուրջս չէի նայում, ես մարդկանց չէի նկատում, ես մարդկանց արհամարում էի: Նրանք իմ մասին գիտեն այն ինչ տեսնում են ,ոչ ոք չգիտի այս առավոտվան նախորդած գիշերվա մասին: Ոչ ոք չգիտի այն, ինչ խնամքով թաքցված է, ես նույնպես չգիտեմ, թե ինչ են անում մարդիկ գիշերները, երբ նրանց տեսնում եմ միայն արևածագից հետո: Մեծ մասամբ բոլորն էլ առավոտյան տանից դուրս գալիս, զգուշությամբ ծածկում են այն, ինչ եղել է գիշերը:
Այսօր աշխատել չէի կարող, համկուրսեցի տղաների հետ որոշել էինք երեկոյան խմել: Այդպես էլ արեցինք: Բոլորը չէին եկել, ես էի, Ռոբերտը, Վիլյամը, Սեմը, Կառլն ու Ալֆրեդը: Ես գնում էի, որովհետև անհրաժեշտ էր: Հաջորդ օրը Ռոբերտը համալսարան չէր եկել:
Կարոլինային տուն էի ուղեկցում և ճանապարհին սկիզբ առավ անխուսափելի մի խոսակցություն: Նրա հարցին, թե արդյոք մեկին ունե՞մ ում սիրում եմ, ես պատասխանեցի, որ ոչ…Չէի համարձակվում նույն հարցը տալ, վախենում էի պատասխանից, բայց պահը թույլ չէր տալիս խուսափել հարցից: Կարոլինան պատասխանեց, որ մեկ տարուց ավել է ինչ բաժանվել է ընկերոջից, որ սարսափելի էր հաղթահարել բաժանումը, հետո ավելացրեց.
-Ժամանակ կար, որ խելագարվում էի նրա համար, իսկ հիմա նրա համար ժամանակ ընդհանրապես չկա, -այս խոսքերից հետո ես այլևս հարցեր չտվեցի: Մի տեսակ ուրախություն զգացի ներսումս, այդ զգացողությունը նմանեցնում եմ այն վիճակին, երբ մայրուղով մեքենայով անցնելիս տեսնում ես երկու իրար բախված մեքենա, և ուրախանում ես, որ դրանցից ոչ մեկը քոնը չէ:
Շուտով ես վերջնականապես մոռացության էի մատնելու զգացմունքներս Կարոլինայի նկատմամբ, որովհետև հայտնվելու էր Վանեսսան:
Ես ինձ պատվիրած կանանց հետ անում էի այն, ինչ նրանք ցանկանում էին, իսկ վերջում անպայման թողնում էի այցեքարտս: Չէ՛, ես երբեք այդ գործողությունից հայճույք որպես այդպիսին չէի ստանում, դա իմ աշխատանքն էր: Այն շատ հաճախ անտանելի էր ու զզվելի: Երբեմն այդ գիշերներից հետո ես սրտխառնոցով վերադառնում էի տուն ու փակվում էի լոգարանում: Ստանալիք գումարի դիմաց, ես կատարում էի ամենազզվելի ու գարշելի գործողությունները, այդ պահին մտածելով միայն, որ վաղն ամեն ինչ անցյալում է լինելու: Ես կատարում էի այն, ինչ երևակայում էին այդ կանայք, նրանց մեջ բոլոր դժբախտները նման էին իրար, բոլորին միավորում էր այն, ինչը նրանք անում էին բոլորից թաքուն: Մեկը թաքցնում էր տղայից, մյուսը ամուսնուց, մի երրորդը հարևաններից: Այս աշխատանքը բացարձակ հեշտերից չէր, ես չէի զվարճանում, չէի սիրում, ես հաճույք չէի ապրում: Ընթացքում մի պարզ բան հասկացա, որ մեկ ուրիշ աշխատանք էլ կարող էի կատարել, աշխատանք, որ անում են բոլոր սովորական մարդիկ, իսկ հարցին, թե ինչու ընտրեցի այս մեկը, կարող էի գտնել ցանկացած արդարացում, սակայն ճշմարտությունը մեկն էր. Ես ընտրեցի այն, ինչն իրականում թաքնված է էությանս մեջ: Ես անում էի այն, ինչը, որ ես կամ: Գործողությունն ինձ տհաճ էր, բայց ես ինձ բռնացրի այն մտքի վրա, որ հպարտանում են նրանով ինչ կամ,որ հիանում եմ իմ այդ կերպարով, ես ուրախանում էի աշխատանքովս, ուրախանում էի այդ կանանց վրա ունեցածս կարողության համար: Դա ես էի…:
ՄԱՍ 6
Ես տեսա…տեսա թե ինչպես նա հրեց ինձ ու ցած գցեց: Երբ պտտվեցի ու նրան տեսա պատշգամբում հետևումս կանգնած, չէի հավատում տեսածիս, չէի հավատում, որ նա դա արեց: (Տիկին Էմման պատմեց, որ սարսափել է, երբ լսել է այն ինչ այդ պահին պատմել է Դամիանը իր տեսածի մասին) :
Երբ ամեն ինչ եղած ու վերջացած է լինում, մենք հետ ենք վերադառնում ու փորձում ենք կախվելու եզրեր գտնել, մտածում ենք ինչ կլիներ եթե…Հիմա էլ ես մտածում եմ, որ ոչինչ գուցե չէր պատահի եթե այն հիմար կինը սուպերմարկետում պայուսակից պատհամամբ չգցեր իմ այցեքարտը:
Արդեն չորրորդ օրն է, որ հիվանդանոցում եմ, երբեմն ինձ թվում է թե ողջ կմնամ ու դուրս կգամ այստեղից, բայց ու՞ր գնամ, Էլզան էլ այլևս չկա, էլ ինչ անելիք ունեմ…Չգիտեմ էլ ինչին եմ սպասում: (Տիկին Էմման պատմում է, որ այն պահերին երբ Դամիանը հոգնում էր ու դադարում էր խոսել, ինքը նրա համար կարդում էր Տոլստոյի Կարենինան, որը վերջինս կիսատ էր թողել) :

Տարին մոտենում էր ավարտին, երբ համացանցային իմ կյանքում հայտնվեց Վանեսսան: Մենք ավելորդ ժամանակ չկորցրինք ու արդեն հաջորդ տարվա սկզբին հանդիպեցինք: Նոր Տարին ես դիմավորել էի Էլզայի, Կարոլինայի և Ռոբերտի հետ: Դրանից հետո սկսվեցին արձակուրդները ու Վանեսսան: Ես հիշում եմ մեր առաջին հանդիպման բոլոր մանրամասները: Իմ սովորության համաձայն հանդիպումներին միշտ շուտ եմ գնում: Պայմանավորվել էինք նախկին դեղատան հետևում գտնվող այգում, որը այժմ աշխատում էր որպես բանկ: Հանդիպելուց հետո մենք գնացին մոտակայքում գտնվող Ռ…. սրճարանը, որտեղ տեղի ունեցավ մեր առաջին հանդիպումը ու այնտեղ էլ գրեթե մեկ տարի հետո վերջին անգամ տեսանք միմյանց: Երկար ժամանակ սկսեցինք շփվել: Ես հասկանում էի, որ նա նա է, ում հետ ես հնարավորություն ունեմ ինչ որ տեսակի, թեկուզ անուն չունեցող հարաբերություններ սկսելու: Իմ մասին գրեթե ամեն ինչ պատմեցի նրան,նա էլ ինձ: Իմացա, որ նրա կյանքում չորրորդ տղան եմ: Առաջինին սիրել է վաղ տարիքում, վերջինս մեկ ուրիշի պատճառով լքել է իրեն: Երկրորդի հետ միայն քնել է ժամանակ առ ժամանակ: Երրորդի հետ մի կարճ շրջան սիրավեպ է ունեցել ու դրանից անմիջապես հետո նա հայտնվեց իմ կյանքում: Ես սկզբնական շրջանում բացարձակ մտադիր չէի հարաբերություն սկսելու, պատմեցի նրան բնավորության այն բարդ գծերի մասին, որոնց պատճառով նա կարող էր ինձ անտանելի համարել, իսկ Վանեսսան առանց երկար մտածելու ասաց, որ սիրում է և իր համար ոչ մի բան նշանակություն չունի: Վանեսսան լուսանկարչուհի էր: Մինչև կվերջանային արձակուրդները մենք որոշեցինք մեկ շաբաթով մեկնել N նահանգ՝ Վանեսսայի բարեկամուհու տանը մնալու, միասին մենակ մանլու համար: Այնտեղ ոչ ոք չէր ապրում: Աննկարագրելի լավ անցան այդ օրերը: Նա ամեն ինչ անում էր, իր սերն իմ նկատմամբ ցույց տալու համար: Այդ շրջանում առաջինն էր, ում հետ ես ինձ լավ էի զգում, բայց չեմ համարձակվի դա սեր անվանել: Այնտեղ էլ ես ունեցա Վանեսսայի կողմից նկարված իմ առաջին մերկ լուսանկարները, որոնք կարծում եմ մինչև հիմա նրա մոտ են: Կալիֆորնիա վերադառնալուն պես մենք ավելի շատ ժամանակ էինք անցկացնում միասին, նա ինձ իր ընկերների ու ընկերուհիների մոտ ներկայացրեց, որպես հորաքրոջ տղա, որպեսզի խուսափի ավելորդ հարցերից ու տանը խնդիրներ չունենա: Ես էլ Կարոլինայի ու Ռոբերտի մոտ նրան ներկայացրի որպես գործընկեր, որի հետ միասին, մենք ինչ որ նախագիծ ենք սկսել: Ամեն ինչ լավ էր, բայց ես գիտեի, որ սա երկար չի տևելու, գիտեի, որ Վանեսսան երկար չի հանդուրժի ինձ:
Իմ արձագանքները նրա մելանխոլիկ տրամադրություններին իր սրտով չէին, նա ամեն օր ինձ մոտ կառուցում էր մի աղջկա կերպար ով ծանոթներ ունի, բայց ընկերներ ոչ, ով միշտ սիրել ու նվիրվել է , բայց արդյունքում խաբված է դուրս եկել: Երբեմն հավատում էի նրան, իսկ ժամանակի հետ հասկացա, որ դրանք իմ վրա ազդելու փորձեր են: Սկսվեցին ամենօրյա վեճերը , նա ասում էր, որ ուզում է ինձ նման լինել, իսկ հետո ասում էր թե ինքն այդքան ուժեղ չէ, որ անի այն ինչ որոշել է, որ հեշտ է կոտրվում…Եվ այդ շրջանում ինձ համար անհասկանալի ձևով նրա ծանոթների ու ընկերների շրջանակը անգերազանցելի արագությամբ մեծացավ, իսկ իմ հետաքրքրասիրությունը նրանց նկատմամբ ընկալվեց որպես ճնշող սեր: Ես հասկացա, որ ժամանակը եկել է, որ նա եթե ոչ հիմա, ապա վաղը ամեն ինչին վերջ կտա, չնայած որ շարունակում էր քնել ինձ հետ: Նա մի օր էլ, մի վերջին գիշեր էլ կասի, որ սիրում է ինձ ու վերջ: Չստացավ այն ինչ ակնկալում էր ինձանից , նա իրեն անվանեց հարաբերությունների թույլ կողմը, ու տանել չկարողացավ իմ առավելությունները, նա ատեց դրանք ու ինձ հիշեցնող ամեն բան: Ամեն ինչ վերջացավ, ես սկսեցի հիշել ինձ ու նրան. Նրանք սիրում են իրար: Մեկը կիսով չափ, մյուսը կեսից շատ: Բաժանման հետևանքով նրանցից մեկն ու մեկը անպայման փրկվում է: Պարզապես յուրաքանչյուրը կարծում է թե հենց ինքն է փրկվածը: Չգիտեմ թե մեզանից ով փրկվեց: Նա խաբեց բոլորին երբ ինձ էր ներկայացնում։ Հետո պարզվեց խաբել է ինձ, երբ իրեն է ներկայացրել։ Երբ ժամանակը եկավ, ես նրան հրաժեշտ չտվեցի, որովհետև հրաժեշտ են տալիս մեռածներին, իսկ նա ողջ էր, պարզապես գոյություն չուներ։
Մի օր կհասկանա, որ ես էլ գոյություն չունեի, որ մենք… չէ , ինչ մենք։ Ժամանակին ավարտվեց իմ կյանքի հերթական պատմությունը տեղ տալով մի նոր պատմության։ Ես վերադարձա իմ դասերին ու աշխատանքին:
Ծանոթացա մի սարսափելի կնոջ՝ Ա. –ի հետ, ով գեղեցկության սրահ էր տնօրինում, բայց ինքը բացարձակ կապ չուներ գեղեցկության հետ: Նրա հետ միասին երկու օրով մեկնեցինք ամառանոց, որտեղ մի կերպ անցկացրի այդ երկու գիշերները: Քաղաք վերադառնալուն պես, ես անհետացա նրա տեսադաշտից և այլևս ոչ մի տեսակի գումարի դիմացի չէի առնչվի այդ տհաճության հետ: Նրանից հետո ծանոթացա Ռեբեկայի հետ: Նրա հետ միշտ հանդիպում էինք քաղաքից դուրս ու շատ հաճախ ոչ գումարի դիմաց: Այդ ընթացքում ես սկսեցի հետաքրքվել թմրանյութերով, ու առանց ինձ բացատրություն տալու պարբերաբար օգտագործում էի: Շուտով դադարեցրի իմ ու Ռեբեկայի հանդիպումները, ասացի նրան, որ մենք այլևս չենք քնի միասին, որ չեմ ուզում:
Ամիսներ էին անցել իմ ու Վանեսսայի բաժանումից, և մենք վերջապես մեկ ու վերջին անգամ տեսանք իրար այնտեղ, որտեղ ծանոթացել էինք: Դա բովանդակություն չունեցող մի հանդիպում էր, որը գուցե անհրաժեշտություն էր: Նա հեռանում էր, ինչ որ տեղ էր գնում, բայց այդ ամենն ինձ համար այլևս նշանակություն չուներ: Կայարանը միշտ մեկի համար վերջինն է լինում։ Նա իջավ իր վերջին կայարանում իսկ ես մնացի։ Ես շարժվեցի թողնելով նրան անցած ժամանակում, որտեղ այլևս հետ չեն գալիս։ Անհնար է հաշվել թե ինչքան ենք սպասում մինչև բոլորն իջնեն..ինչքան ենք սպասում մինչև մեր վերջին կայարանը:

 

ՄԱՍ 7
Սրանից քսաներեք տարի առաջ Փենսիլվանիայում քսանամյա աղջիկը ծնողների հետ հերթական վեճից հետո դուրս եկավ տանից ու նստեց առաջին պատահած ավտոբուսը: Ավտոբուսում էին հղի կինը, քննության գնացող աղջնակը, հազացող վարորդը, թե ինչ կատարվեց այդ օրը արդեն պատմել եմ: Ավտովթարից հետո աղջիկը, ով ամենաթեթև վնասվածքներն էր ստացել մի կերպ մեքենայից դուրս բերեց հղի կնոջը ու օգնեց տեղափոխել հիվանդանոց, որի արդյունքում երեխան փրկվեց: Ինքն անմիջապես հեռացավ և իր մասին ոչ մի տեղեկություն չհայտնեց: Այդ օրը հակառակ ծնողների կամքի աղջիկը մեկնում էր Կալիֆորնիա: Կալիֆորնիայում բարձրագույն կրթություն ստանալուց հետո քոլեջում համաշխարհային պատմություն էր դասավանդում: Հենց քոլեջում էլ ծանոթացավ ապագա ամուսնու հետ: Տասը տարվա ամուսնական կյանքի ընթացքում երկու զավակ ունեցավ:
Մեծ դժվարությամբ էր համատեղում երեխաների դաստիարակությունը ուսուցչի աշխատանքի հետ: Հաճախ նյարդերը տեղի էին տալիս: Շուտով այս ամենի անհամատեղելիությունը կործանելու էին կնոջ ընտանիքը: Չկարողանալով զսպել իրեն, հարվածել էր աշակերտներից մեկին:
Դատարանը կնոջը դատապարտեց հինգը տարի ազատազրկման, իսկ ամուսինը կնոջ բանտարկության տարիներին վերցրել էր երեխաներին ու հեռացել: Աշխարհում ինչ ասես կարող է պատահել: Այդ կինը Տիկին Էլզան էր:
Երբ Էլզան պատմեց ինձ իր պատմությունը, ես նրան ասացի, որ իր դիմաց կանգնած է այն երեխան, որին ինքը փրկել է:

Երկրորդ տարին երբ դասերը սկսվեցին, ես արդեն ավտոմեքենա ունեի, ու նույնիսկ կարող էի Էլզայից առանձին ապրել, բայց չէի ուզում նրան մենակ թողնել: Այս ընթացքում որոշեցի իրականացնել իմ մանկության երազանքը: Ես վերջապես դաշնամուրի դասերի էի գնում: Դեռ փոքր տարիքում մտքումս անվերջ դաշնամուր էի նվագում: Ներսումս անվերջ լսում էի նրա ձայնը: Դրան զուգահեռ Ռոբերտի հետ միասին գնում էինք լողալու դասերի: Ես այս ամենը հասցնում էի համատեղել թե աշխատանքիս, և թե համալսարանական դասերի հետ: Ռոբերտին ու Կարոլինային ծանոթացրել էի Էլզայի հետ, ներկայացնելով նրան որպես իմ մորաքույր: Նրանք հաճախ էին երեկոները լինում մեր տանը: Ես, Էլզան ու նրանք…Զրուցում էինք, քննարկում, ծիծաղում: Ամեն ինչ անում էի, որ Կարոլինան ու Ռոբերտը գլխի չընկնեն, թե ուր եմ անհետանում գիշերները: Մենք խոսում էինք ամենատարբեր թեմաներից և դրանց մեջ չէր կարող բացառություն կազմել սերը: Կարոլինան պատմեց, որ երբ վիճում էին ընկերոջ հետ, հաշտվելու եզրեր փնտրելու համար ընկերը սկսում էր պատմել իր ընտանեկան խնդիրներից, ծնողների ամուսնալուծությունից, հետո լաց էր լինում ու ասում էր, որ առանց նրա ապրել չի կարող: Ու Կարոլինան այստեղ տեղի էր տալիս, գրկախռնվում ու հաշտվում էին: Էլզան ծիծաղեց ու ասաց.
-Զգուշացեք տղամարդկանցից, ովքեր լաց են լինում, և հեռու մնացեք այն կանանցից, ովքեր երբեք չեն լալիս։
Մենք երկար խոսեցինք ու ես առաջ քաշեցի սիրո մասին իմ թեորեան: Կարծում եմ, եթե մարդը բաժանումից կամ անպատասխան սիրուց հետո ժամանակից շուտ չի մեռնում ու շարունակում է ապրել, ապա նա ոչ շատ հեռու ապագայում, մի պարզ ու ոչնչով աչքի չնկնող օր մոռանում է նրան: Ու նա այլևս դառնում է մի սովորական մահկանացու: Չէ՞ որ հասարակ լինելուց մենք ենք ազատում նրանց, ում սիրում ենք, և երբ դադարում եք հիշել, նա էլ դառնում է սովորական մեկը, ինչպիսին ձեզ համար կարող է լինել ձեր մաթեմատիկայի ուսուցիչը, տարիքն առած հարևանը, հորաքրոջ ամուսինը: Միայն գրքերում են, որ մարդիկ իրենց ամբողջ կյանքը վատնում էն այդ մեկին սպասելու համար: Սպասումը սպասողի համար աստիճանաբար դառնում է ձանձրալի ու նրան հասցնում է մի վիճակի, երբ վերջինս մոռանում է թե ինչին և ում է սպասում: Այդ սպասումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ լրացած է լինում ձեր քսանը: Տարիներ անց դու հասկանում ես, որ այդ սպասումերն ու սերը հատուկ էր միայն այդ շրջանին, որ դրանք պետք է լինեին ու վերջանային: Այս մտածմունքը ավելի է հեշտացնում մեր տարիները: Հաճախ նրանք, ովքեր պատահել են մեր կյանքում, փորձաշրջան են եղել մեզ համար, որոնցից հետո մենք ավելի լավ ենք պատրաստվել հաջորդ հարաբերություններին: Մենք մեզ հաշիվ չենք տալիս, թե ինչ հեշտությամբ ենք դուրս նետում մեր կյանքից այն, ինչի համար դեռ երեկ չէինք կարողանում քնել:
Ազատ օրերին էր միայն, որ ես սպիտակ չէի հագնվում: Մի անգամ ինձ պատվիրած կանացից մեկը՝ Լ.-ն , ասաց, որ սպիտակը բացարձակ չի համընկնում իմ կատարած աշխատանքի հետ, որ սպիտակը մաքրության նշան է: Հնարավոր է, որ ես կապտակեի նրան. Նայեցի մատներիս, դրանք պահեցի պատուհանից ներս ընկնող արևի շողերի տակ, մտքումս հաշվեցի մինչև տասը ու պատասխանեցի կնոջը, որ սևն էլ իրեն չի սազում,ամուսինը դեռ ողջ է, և բացի այդ սպիտակ հագնողներից և ոչ մեկին չեմ համարում ինձնից առավել:
Վերջերս տարօրինակ մի բան պատահեց, հերթական անգամ աշխատանքի էի գնացել, և երբ պատրաստվում էինք սկսել այն, ինչի համար կինը ՝ Հելենը կանչել էր ինձ, սենյակ մտավ նրա ամուսինը ու նստեց անկողնու դիմացը դրված աթոռին: Ես շփոթվեցի, ուզում էի վեր կենալ: Կինը պահեց ինձ, ու ասաց, որ ամեն ինչ նորմալ է, ամուսինը պարզապես ուզում է նայել: Տասնվեց րոպե տղամարդը աթոռին անշարժ նստած մեզ էր նայում: Այո, ես սարսափելի աշխատանք եմ անում:

ՄԱՍ 8

Հոկտեմբերն էր: Ես ու Ռոբերտը լողում էինք մարզասրահի լողավազանում, որտեղ լողալ էինք սովորում, Կարոլինան էլ քիչ հեռու նստած մեզ էր սպասում, երեկոյան միասին գնալու էինք ֆիլմի պրեմիերայի: Կարոլինան ձայն տվեց ու ասաց, որ հեռախոսս զանգում է, միայն հեռախոսահամար է, անուն չկա: Ուշադրություն չդարձրեցի: Հեռախոսը չէր դադարում զանգել:Վեր կացա, հագնվեցի ու հետ զանգահարեցի…Մեր բոլորի կյանքում էլ գալիս է այսպիսի պահ, որին երբեք չենք սպասել, որովհետև մեզ միշտ թվում է թե դա պատահում է միայն ուրիշների հետ:
Լուրն իմանալուց հետո արագ դուրս վազեցի մարզասրահից, Կարոլինան ու Ռոբերտն ինձ հետ միասին: Ես վազում էի փողոցով, ձայն չէի հանում բայց արցունքներս թափվում էին:Ես ուզում էի բղավել, հետ գնալ, մեռնել, ցանկացած հիմարություն անել, միայն կյանքումս այս վայրկյանը պատահած չլիներ, միայն այս պահը ինչ որ հրաշքով ջնջվեր կյանքիցս: Էլզան…իմ Տիկին Էլզան իրեն գցել էր գնացքի տակ ու ինքնասպան էր եղել:
Էլզայի մահվանից հետո մեկ շաբաթ համալսարան չէի գնում: Տանն ամեն ինչ նրան էր հիշեցնում: Կար, կար ու մեկ էլ չկա…ինչ որ մեկը կարո՞ղ է գալ ու բացատրել նրա բացակայությունը…ու՞ր գնաց…: Ինքն իրեն փրկեց…:
Երկու ամիս անց ես վերադարձա իմ աշխատանքին: Նոր տարին առանց Տիկին Էլզայի չէի կարող տանը մնալ: Դատարկությունը մի տեսակ էլ ավելի դատարկ էր դարձել ու ինձ համար բացարձակ միևնույն էր ամեն ինչ: Հենց այդ նույն պատճառով Նոր տարին դիմավորեցի Մ.-ի հետ իր բնակարանում, որոշակի գումարի դիմաց: Առավոտյան երբ դուրս եկա նրա տնից, նախորդ գիշերը սարսափելի զզվելի թվաց: Խնդրեցի, որ այլևս չկանչի ինձ: Նա սիրում էր ինձ, իսկ ես ոչ:
Մենք պարտավոր չենք տանելու մեզ սիրահարվածների տառապանքները, և ոչ էլ պարտավոր են տանելու մեր տառապանքները նրանք, որոնց մենք ենք սիրում:
Արձակուրդներն ավարտվել էին: Կիրակի երեկոյան մի կնոջ տանն էի: Վերջացնելուց հետո, երբ հագնվում էի ու պատրաստվում էի դուրս գալ, կինը բռնեց ձեռքիցս, որ մնամ: Հարբած էր, նրան մի կերպ փորձեցի պառկեցնեմ բազմոցին, պատրաստվում էի վերցնել գումարն ու դուրս գալ երբ վիսկու կիսադատարկ շշով հարվածեց: Հարթ ու սպիտակ երեսս ծածկվեց քունքիցս հոսող արյունով, որը դանդաղ կաթում էր վերնաշապիկիս վրա, թողնելով երկար կարմիր բծեր: Կինը վախեցավ տեսնելով արյունը, ես դանդաղ մոտեցա նրան: Նա անասունի պես աչքերը չռած նայում էր դեմքիս, ինչքան ուժ ունեի ձեռքումս ապտակեցի նրան. ընկավ: Դրամապանակից վերցրի իմ երեք հարյուրը ու առանց արյունը դեմքիցս լվանալու դուրս եկա: Կանգնեցրի առաջին պատահած տաքսին: Մի քանի օր պառկած մնացի տանը: Գլուխս սարսափելի ցավում էր: Ես շտապում էի առողջանալու ու դուրս գալու, որովհետև ինձ թվում էր, թե այն պահին երբ ես տանը պառկած եմ, աշխարհում ինչ որ զարմանալի ու արտասովոր բան է կատարվելու և ես ներկա չեմ լինելու: Ես ուզում էի, որ կյանքը կանգ առներ, ես ուզում էի, որ ոչինչ չկատարվեր առանց իմ ներկայության այնտեղ, որտեղ ես լինում եմ:
Կարոլինան ու Ռոբերտը եկան ինձ այցելության, ես վնասվածքը ստանալու այլ պատճառ հորինեցի ու հաջորդ օրն արդեն գնացի համալսարան:
Ինձ իրենց բնակարան կանչող կանանցից մեկը երեկ պատահմամբ պայուսակից գցել էր այցեքարտս: Մի քանի օր անց հաղորդագրություն ստացա, ինձ իր տուն էր կանչում հիսունն անց մի կին: Նշել էր տան հասցեն ու ժամը:
Ես գնացի, ինչպես միշտ էի գնում: Սովորական փողոց էր…սովորական տուն, բայց անսովոր էր լինելու այն ինչ ինձ սպասում էր ներսում: Թակեցի դուռը, հիմա քանի դեռ դրսում եմ, ինձ ոչինչ չի սպառնում…հիմա այս վայրկյանին դեռևս ամեն ինչ կարգին է…Ինչ որ մեկն հիմա տանը նշում է ամուսնության տարեդարձը, մեկը վիճակախաղով մեծ գումար է շահել, մյուսը հանգստյան մեկնելու ուղեգրեր է գնել ու պատմում է կնոջը դրանց մասին, իսկ ես…ես ահա կանգնած եմ այստեղ այս դռան դիմաց ու չգիտեմ թե ինչ են պատրաստել ինձ համար այնտեղ՝ ներսում: Դուռը երկրորդ անգամ թակելուց հետո ներս մտա…: Այնտեղ ներսում ուղիղ հյուրասենյակի կենտրոնում չորս հոգի բազմոցին նստած ինձ էին նայում, սկսեցին ծիծաղել: Նրանք համկուրսեցիներս էին՝ Կառլը, Ալֆրեդը, Սեմը և Վիլյամը: Նրանցից մեկը արագ վեր թռավ տեղից ու ծածկեց դուռը: Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Սկսեցին խոսել, ասացին, թե բոլորը կարծում էին, որ ծնողներիս հաշվին եմ այստեղ այսպես ապրում, բայց ահա թե ինչով եմ զբաղված: Ծիծաղում էին ու ծաղրում: Կառլը մոտեցավ ու բղավելով ականջիս մեջ, ասաց, թե ինչպե՞ս է պառավների հետ, արդյո՞ք լավ է անցնում ու բռունցքով հարվածեց: Սկսեցին չորս կողմից հարվածել ու ծաղրել: Դեմքս ամբոջությամբ արյունոտվել էր: Երկար ժամանակ փորձեցի ոտիք վրա մնալ, բայց ընկա…ընկա ու այլևս ոչինչ չէի լսում, ոչ մի ցավ այլևս չէի զգում…: Ամեն ինչ վերջացած է, փուլ եկավ Դամիան Վան Դե Թիլմանը: Սպիտակ վերնաշապիկս ամբողջությամբ պատռված էր ու արյունոտ: Ես փողոցի մի անկյունում միայնակ կանգնած էի, ինձ ստիպեցի, որ լաց լինեմ, բայց այդպես էլ լաց չեղա…Զանգեցի Ռոբերտին ու խնդրեցի, որ գա հետևիցս: Ես որևէ ուրիշ մեկին զանգել չէի կարող, նա իմ ընկերն էր: Ռոբերտը մեքենայով ինձ տուն տարավ, նրա երկար պնդումներից հետո ես վերջապես պատմեցի ամբողջ ճշմարտությունն իմ մասին…Նա գրկեց ինձ ու ասաց, որ ինչ էլ պատահի ես մնում եմ նրա լավագույն ընկերը, ասաց, որ բոլորն էլ կյանքում սխալվում են: Երբ ինձ իջեցրեց Էլզայի տան մոտ, խնդրեցի, որ Կարոլինային ոչինչ չպատմի:
ՄԱՍ 9 ՎԵՐՋԻՆ ՄԱՍ
Վերջին դեպքից մի քանի օր հետո Ռոբերտի տարեդարձն էր, որին ես դեռ մեկ ամիս առաջ հրավիրված էի: Այն օրվանից հետո երբ Ռոբերտն ինձ տուն բերեց այլևս չէր զանգում ինձ ու ոչ էլ իմ զանգերին էր պատասխանում: Ես խոսեցի Կարոլինայի հետ հասկանալու համար, արդյո՞ք նա որևէ բան է իմացել: Կարոլինան ոչինչ չգիտեր, նա առաջվա նման խոսեց ինձ հետ ու ասաց, որ վաղն անպայման գնամ Ռոբերտի տարեդարձին: Նրան ասացի, որ կարծում եմ Ռոբերտն ինձ չի հրավիրել, որովհետև ոչինչ չի ասել: Կարոլինան ծիծաղեց ու ասաց, որ ես իրենց ամենամոտ ընկերն եմ ու հրավերի կարիք չկա, իսկ եղբայրը չի զանգել, որովհետև վերջին օրերին հայրիկի հետ զբաղված է նրա նոր աշխատանքով:
Գնացի…Ռոբերտը շփոթվեց ինձ տեսնելով, ես չհասկացա դրա պատճառը: Մոտեցա, գրկախառնվեցի ու շնորհավորեցի: Նա շատ ջերմ պատասխանեց ինձ, այնպես ինչպես առաջ: Մի քանի րոպեից ներս մտան համակուրսեցիներս ու երբ ինձ տեսան այնտեղ, ժպտացին: Բոլորն արդեն հավաքվել էին ու այդ պահին այն չորսից մեկը մոտեցավ Ռոբերտին ու ցույց տալով ինձ, բարձրաձայն ասաց.
-Սրան ինչի ես կանչել, չգիտե՞ք թե նա երեկոները ինչ է անում, -ասաց, նայելով հավաքվածներին, մյուս երեքը ծիծաղեցին, -գիտե՞ք թե որտեղից այն մեքենան, կամ այս հագուստը, որ հիմա հագել է, նա մարմինն է վաճառում:
Ռոբերտը վախեցած նայում էր ինձ ու ձայն չէր հանում: Ես շունչս պահած քարացել էի, ես մեռնում էի ամոթից, չգիտեի ուր փախչեմ, ինչպես անհետանամ աշխարհի երեսից: Հավանաբար այդ վայրկյանին երեսիս այլևս գույն չկար: Չհամարձակվեցի նայել Կարոլինայի կողմը, ես այրվում էի ինձ վրա նետված հայացքներից: Ներսումս գոռում ու օգնություն էի խնդրում, խնդրում էի, որ ինձ փրկեն, որ չտեսնեմ նրանց բոլորին:
-Նա փողով քնում է պառավների հետ, -ասաց Սեմը ու ձեռքին պահած բաժակով շամպայնը լցրեց վրաս: Այլևս չեմ հիշում, թե նրան ով հետ պահեց, որպեսզի չհարվածի, ես արագ դուրս եկա պատշգամբ: Արագ արագ էի շնչում, ներսում կատարվածից հետո փորձում էի հնարավորինս շատ օդ կլանել: Շամպայմանով լի բաժակը դեռ ձեռքումս էր, կում արեցի, դեմքիս վրայից հետ տարա թաց մազերս, նորից խորը շունչ քաշեցի ու թեթև ժպտացի: Մտածում էի ինչպես դուրս գամ այս մարդկանց միջից ու անհետանամ: Հանկարծ զգացի ինչ որ մեկի շունչը հետևումս կանգնած, պտտվեցի ու տեսա Ռոբերտին: Նա ինձ հրեց ու ցած գցեց պատշգամբից: Նա վախեցած էր իր թույլ տված սխալի համար ու որոշեց սպանել ինձ: Բոլորը կարծեցին, թե ինքս եմ ցանկացել մեռնել:
Հիվանդանոցում պառկած այս ամբողջ ընթացքում ինձ խնամում էր նրա մայրը ՝ Տիկին Էմման, երբ իմացավ որդու արարքն ու դրա պատճառը սարսափեց: Ես ասացի, որ պետք չէ կործանել որդու կյանքը, թող ոստիկանությունը ոչինչ չիմանա, նա դեռ երիտասարդ է, հետո ներողություն խնդրեցի նրանից, այս ամենը պատմելու համար:

ՀԵՂԻՆԱԿ: Ապրիլի տասներկուսի առավոտյան Դամիան Վան Դե Թիլմանը չարթնացավ: Ժամը երեքն անց քսանին բժիշկներն արձանագրեցին սրտի կանգ ՝ մահ:

Սրանից ուղիղ երեք տարի անց, 2011թ.-ին Ռոբերտ Բրաունին մայրը գտավ բակում կախված:

Այս պատմությունը գրելիս, ինձ այդպես էլ հանգիստ չտվեց այն միտքը, թե ինչու է Ռոբերտը ցած գցել Դամիանին, այն ժամանակ երբ Տիկին Էմման ինձ պատմեց այս ողջ պատմությունը հրաժարվեց ասելու որդու արարքի պատճառը: Երկար ժամանակ Տիկին Էմման չէր պատասխանում իմ զանգերին և միայն երեք օր առաջ վերջապես կարողացանք խոսել: Ես նրան խնդրեցի, որ պատմի ինձ ողջ ճշմարտությունը, և գուցե այդ ճշմարտությամբ կկարողանա մեղմել Դամիանի հանդեպ ունեցած մեղքի զգացողությունը: Տիկին Էմման լաց եղավ, մի քանի վայրկյան լուռ մնալուց հետո խոսեց: Այն գիշեր երբ Դամիանը զանգել էր Ռոբերտին, որպեսզի իրեն տուն տանի և ճանապարհին պատմել էր իր մասին ողջ ճշմարտությունը, Ռոբերտը գրկել էր ընկերոջը , ասել էր, որ միշտ իր կողքին է ու համբուրել էր Դամիանին: Դամիանը հետ էր քաշվել , Ռոբերտը շփոթվել էր ու ներողություն խնդրել: Դրան հաջորդող օրերին նա ոչինչ չէր խոսել Դամիանի հետ: Գուցե ամոթ էր զգացել իր այդ քայլի համար: Տարեդարձին երբ բոլորը ծաղրում ու վիրավորում էին Դամիանին,Ռոբերտը սարսափել էր, մտածում էր, թե Դամիանը ուր որ է կպատմի բոլորին իր արարքի մասին…Նա մտածեց ազատվել այն վախից, որն իրեն տանջում է վերջին օրերին: Պատշգամբից ցած գցեց ու սպանեց ընկերոջը:

Դամիան Վան Դե Թիլմանը հուղարկավորված է իր հայրենիքում ՝ Փենսիլվանիայում: Հայրը տարավ որդու դին , նրա հետ միասին Տոլստոյի “Աննա Կարենինան” , որը նա այդպես էլ չհասցրեց կարդալ:

Պատմությունը հեղինակին պատմեց Էմմա Վիվիեն Գարսիեյանը
ՎԵՐՋ

22.01.2016

Թողնել պատասխան

Your email address will not be published.