Հասմիկ Սիմոնյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

երկու նամակ աղջկաս
Մ.- ին
1.
անարյուն աղջիկ
մազանոթներիս մեջ անվերջ թռչկոտող,
վերջ տուր խաղիդ
և մի’ չորացիր հպարտ հպարտ,
երբ ջրում եմ քեզ, որ դու աճես
փակիր դեմքդ անձրևով,
երբ կսանրեմ մազերդ,
աչք-շուրթդ կներկեմ,
կօրորեմ քեզ, կասեմ` աաա՜
ես քո տիկնիկն եմ, հա՞
ես քո բարձն եմ, հա՞
ես չկամ, — բղավում ես սև ամպի նման,
ջրհեղեղում տունս, լեզուդ ցույց տալիս ու գնում քիթդ կախ
չկաս,
աղջիկ,
չկաս,
որովհետև շռայլ էր սիրտս, միամիտ,
և բոլոր օձերին դրեցի կրծքիս,
տաքացրեցի, երբ ցուրտ էր,
կերակրեցի մարմնովս,
ու երբ ինձնից ոչինչ չմնաց,
թքեցին դատարկ ստվերիս մեջ,
լիզեցին շուրթերը գոհ,
գնացին տաք անկյուն գտնելու
անկրակ սեղանիս հենված
լեզվով փորձում եմ արցունքներիս համը, որ երբեք նույնը չի,
նաև չափերն ու տեղատվության քանակը
տարին անձրևային է, աղջիկս, ասա կարկուտը քիչ լինի,
որ երբ ջրեմ` դու աճես,
մատներս մտցնեմ հողի մեջ, արմատներիդ խուտուտ տամ` ծաղկես
ուղարկիր ինձ հին մարդկանց, աղջիկս,
որ հմուտ այգեպան լինեն ու փխրեցնեն կոպիտ սիրտս` ճաքճքող արևի տակ
2.
աղջիկս ես լվացի մազերս, հարդարվեցի
ներկեցի եղունգներս քո սիրած բաց արնագույնով
հիմա երբ ես գեղեցիկ եմ այսքան
աղջիկս
ուժ տուր ինձ
սպասելու համար քեզ
սպասելու համար մեր հայրիկին
և չխաբնվելու համար այս ջրափեսաներին
որ երգում են յոթ սարերից այն կողմ, յոթ ջրերից այն կողմ
կառուցած դղյակների մասին
ուր կիլոներով աստղեր կան
և ոսկուց մոլորակներ, որ կուղարկեն մեր մայրերին`
իբրև սիրո գին մեզ ծնելու համար
վախենում եմ աղջիկս շատ եմ վախենում
որ մեր նավի ղեկը ինքնակամ շրջվի
և փուչ ձայնի շքեղությամբ հմայված
մենք զարնվենք խութերին
և մեր հայրիկը որբ մնա
և ես որբ մնամ
և դու չծնվես

մերրիին
ոտքերը ասֆալտին խփում են թմբուկների նման
եռացրած մեղրի պես ջազն իջնում է շեփորի կոկորդով
հազում ես
շարֆդ բարակ է, տաբատդ մաշված
ծխիր ինձ, խնդրում ես, ծխիր
ինչպես գիշերամիզությունն է ծխում մարմինս
ինչպես ծնողներս են ծխում մանկությունս ու դրանից հետոն
ինչպես սերերս են լքում կոպտությունս ու ծխում լեզուս
ծխիր ինձ, խնդրում եմ ծխիր
ես կմոռանամ ինձնից ծնված տղաներին
և ոչ ոք չի համբուրի ինձ տուն մտնելուն պես և գնալուց առաջ չի ասի
հաջող
մահը մոտ է քիմքիս
ամենադառը շոկոլադի նման
հալված
թանձր
սև
գնացին բոլորը գնացին
փակում եմ աչքերս
բացում
մենք վաղուց չենք խոսում իրար հետ
և օրերի թմրանյութը կապտում է մեր երակներում
աղջիկս, երբ մեռնես
ես քաղաքի պոռնիկը կդառնամ
անտեր շները կքրքրեն սիրտս
և հեծանվորդները իմ նյարդալարերի վրայով կբարձրանան լուսին
կիջնեն ցած
ուզում եմ փակել դուռը, բանալին կուլ տալ
չի ստացվում
ուզում եմ ժպտալ առաջվա պես
նույնը չի
ուզում եմ գալ քեզ մոտ պետքական իրի տեսքով
էլեկտրական կիթառի պես, մոլորակի, գրքի
ծափ տուր
աղջիկս
ծափ տուր
սիրտս ցավում է
դահլիճը դատարկ
ով կունենա քեզ համար երեխաներ աղջիկս
ով կասի նուրբ բառեր կշոյի ուսդ
ում ականջի բլթակը կկծես
կերգես անձրևի տակ
կգրես բառեր
ոտքերդ պինդ կլինեն ազդրերդ ձիգ
կապրես էլեկտրական կիթառի մեջ
կնստես մոլորակդ կգնաս հեռու
գիշերվա հազարին կզարթնեմ սարսափած
կոպերս ծանր կլինեն, կապարե
անկողինս թաց կդողդղա ինձ հետ
երևի կբացեմ աչքերս
կծխեմ
երևի կփակեմ աչքերս
ոչ ոք չի լինի կողքիս, ոչ ոք չի լինի
ցավի սուր հոտը միայն
որ ջազի պես կտարածվի օդում
հանգցրած ծխախոտի նման
կգոռամ անունդ
չես լսի
կգոռամ անունդ
չես լսի
կգոռամ
կամացուկ
որ չզարթնես հանկարծ
կիթառի նյարդերի տակ քնած իմ լարային աղջիկ
խաղաղ ինչպես ռոքը և ջազի պես ծեր
լսում ես, ոտքերը ասֆալտին խփում են թմբուկների նման
եթե անգամ նվագել չիմանայի
ես կվերցնեի շեփորն ու կպատմեի քեզ մի տխուր օրորոցային
կիսավերակ մարդկանց մասին, որոնց քանդելու են վաղը
ու սարքեն նոր պողոտա
լսում ես, ոտքերը ասֆալտին խփում են թմբուկների նման
*
մի օր երբ էլ բառերս ձեր կեղտոտ շուրթերով չեք մաքրի
երբ ես մեծ կլինեմ
երբ դեռահաս կլինեմ
ու համարյա չծնված
մի օր կբացեմ դուռը
կմտնեմ ներս
թեյնիկը կդնեմ որ եռա
բաժակս կդնեմ սեղանին
թուրմը շատ կլցնեմ ջուրը քիչ
կնստեմ ու կգրեմ
ձեր անիծյալ ցեղի մասին
կհայհոյեմ ձեր կծկված տաբուները
թե ծխող կանայք անբարո են
կթքեմ ձեր ճակատին
ու ծխախոտի փոխարեն ներս կշնչեմ լուցկու չոփը
ու անդուր համից սիրտս կխառնի
ու ես ինձ իրոք անբարո կզգամ
որովհետև գրելու ընթացքում
ծխելը պարտադիր պայման է
երբ մոխրամանի մեջ տրորում ես ավելորդ բառերը
և բանաստեղծությանդ առողջ մարմնում
միայն առողջ բառեր են հայտնվում` պինդ հոգով
և սլացիկ ինչպես գեղեցիկ կինը
և ճկուն
ծուխի պես
ձեզ շնչահեղձ անող
մի օր երբ գրեմ ու պատռեմ
երբ գրեմ ու պատռեմ
ձեր անզորությունից անզորացած
թքեմ ինձ վրա որ ծնել եք ինձ
հետ գնամ
ներս մտնեմ արգանդը ձեր
փաթաթեմ պորտալարը վզիս
և խոստանամ ծնվել
երբ աշխարհը ավելի ուրիշ կլինի
մի օր երբ ամաններս լվացած լինեմ
թեյս խմած
և լուցկու վերջին հատիկը ծամծմած ու ջարդած

ԼՈՒՍՆՈՏ ԲԱՌԵՐ. 2005թ.


ԶԱՐՄԱՑԱԾ ՓՈՂԿԱՊՈՎ ԺԱՄԱՆԱԿԸ

Կախում եմ դատարկ շրջանակը անավարտ օրվա պատից
ու վերջին վրձնահարվածը իջեցնում
մանկական վերնաշապիկների օրորվող լռությանը…
երկնքի ներկապնակից կաթկթող գույները
շուրթերից պոկված մատնահետքերի նման
մի վերջին անգամ ասում են` գնա…
…ու թրջված թարթիչներից ծորում է անձրևը…
…ու կիսահաս մի մանկություն իջնում է ջրհորդաններով…
…ու զարմանալիորեն մարդիկ վայելում են այդ անձրևը անվճար…
իսկ հետո ինչ-որ մեկը փողոցներն ու ցուցափեղկերը
ներկում է անձրևի գունավոր բույրով…
Ու հարսնացուի զգեստով ոտաբաց մուրացիկը
փշրում է կեղծ օծանելիքների ցիրուցան եղած չակերտները…
Սիրահար ծեր զույգը
որդեգրում է անականջ մոռացված արջուկին…
Մի փոքրիկ տղա, որ անձրև էր հավաքում
գարեջրի կիսադատարկ շշի մեջ,
խոհանոցում գտնում է թոքերից անվերջ բողոքող մի ծխախոտ
և առաջարկում կոնֆետ…
Եվ քիչ առաջ ծնված մրջյունը հորանջում է
և մատնացույց անում դպրոց շտապող
առաջին դասարանցի Ժամանակին,
որ մոռացել էր սանրել մազերը…
…իսկ հետո ինչ-որ մեկը հանգցնում է մոմը,
ու գիշերային ակումբների գունատ կոպերի տակից
հոսում է լռությունը լուսնի մարմնով…
ու ռետինով գրված նամակը
հայտնվում է ապագայի անձնագիրը կորցրած
գրատախտակի գրպանում…
…ու կիսախավար գետնուղին սկսում է կետադրել
հարբած գնացքների թրջված ոտնահետքերը…
…ու ճչում է պատառոտված իրականությունը,
և նյարդաթելերից կախված կիսախելագար նուռը
ժպտում է երկունքից հոգնած մոր պես…
Մթության մեջ` ծովափին, պարում է դաշնամուրը…
Ու հոգեբույժը զննում է հերթական
սուրճի բաժակի`
սեղանին թողած համբույրի կլոր հետքը,
ու մի վերջին անգամ անավարտ օրվա
պատից կախում դատարկ շրջանակը,
որ գրեթե մերկ էր գունային սիմֆոնիայից
և որի պրոֆիլը հոսում էր ժամանակի երակներով…
*
Երբ կարմիր ու դեղին երկու ստվերներ
կիջնեն թաց-կապույտ քո վարագույրից`
իբրև տեսիլներ` թափանցիկ ու մերկ…
…ճերմակ երեկո…
…լուսնի շուրթերից կսահեն բառեր`
Իբրև տեսիլներ` թափանցիկ ու մերկ,
թափանցիկ ու մերկ,
կարմիր ու դեղին երկու ստվերներ հանկարծ կմրսեն…
ու դաշնամուրի սպիտակ ու սև թելերի միջից,
ստեղներից բարակ կսահի մի ձեռք,
ու կգլորվի գունատ այտերից երեկոն թախծոտ,
թափանցիկ ու մերկ,
գույների տխուր մազերից անձրև…
իբրև թաց-կապույտ, թաց-կապույտ տեսիլ`
թրջված այտերից կկաթեն բառեր…
ծրարված գարնան աչքերի նման…
աղոթքի նման կփակվեն դանդաղ…
թափանցիկ ու մերկ…
…թախծոտ երեկո…
…իսկ հետո երկու կարմիր ու դեղին ստվերներ կիջնեն
գիշերվա ճերմակ, թափանցիկ ուսից…
ու առավոտվա թելերից կախված
բարակ ստեղներից կիջնի ճերմակած հայացքը լուսնի…
կիսատ մի կարմիր օտար շուրթերից
բառեր քեզ կասի, անծանոթ բառեր,
թաց-կապույտ մոմի փակված աչքերից
խոսքեր կծորան սպիտակ ու սև, բարակ ստեղներին…
…և ուշաթափված քամին կճչա…
իսկ հետո ինչ-որ ձեռքեր կսահեն
դատարկ սեղանի և նմանատիպ բառերի վրա…
…իսկ ավելի ուշ` կարմիր ու դեղին երկու ստվերներ`
իբրև թաց-կապույտ, թաց-կապույտ տեսիլ,
կծորան անտես աչքերի միջից`
իբրև արցունքներ` թափանցիկ ու մերկ,
թափանցիկ ու մերկ…
…ճերմակ երեկո…
*
Երբ գիշերվա խառնաշփոթը արթնանում է
միայն կեսօրին`
շնչելու մայրամուտով հագեցած տառերը,
ես վախենում եմ լույսի մատնահետքերից,
որ դառնում են ձեռքեր ու շոյում խենթացնելու չափ
ցրված բառերը,
որ սուրճի հատիկների նման գլորվում են
մատների արանքից…
…և դու գրում էիր քեզ, թե կանաչ աչքերով
լապտերիկը հիշեցնում է միայն
սիրահարված աշնան կիսահաս խաղողից
պոկված երկու թաց գիշերների,
հեռացար հիշողությունից, որն արևից
տաքացած կրիայի նման
հաճույքով լիզում էր կանաչ լույսը…
հետո փշրեցիր հայելին, որն ամեն ինչ
կիսատ էր ցույց տալիս:
Փշուրներից ամենահամարձակը
փորձեց քեզ համբուրել,
իսկ դու սուրճի երկու կանաչ հատիկի հետ միասին
նրան փակեցիր կոտրված դռնակով վանդակում.
ուզում էիր թռչել սովորեն:
Լուսամուտից շպրտվող տիկնիկները, որ
խելագարվում էին,
պոկվեցին կաթնագույն ստվերներից
ու հիմա անհետանում են աչքերի լարված գծերում…
…անհետացող մարդկանց նման, որոնք
սկսում են արտասվել…
…տերևաթափ է լինում քաղաքում,
մարդկանց տերևաթափ ու ստվերների…
…իսկ սենյակում պտտվում են թրջված լապտերիկները,
փշրվում է աչքերը արցունքոտելու չափ
ժպտացող ապակին…
պայթյուները երկուսն էին` ինքը, ես,
մենք…
լռում են բոլորը` տիկնիկները, մենք, բառերը…
և լռությունը` կիսաբաց աչքերով, ու
անփույթ հագնված, խառնված մազերով
գիշերը, որ արթնացավ կեսօրին,
շնչում է սպասումի խոնավ շուրթերը…
իսկ ես…
վախենում եմ լույսի մատնահետքերից,
որ դառնում են ձեռքեր ու շոյում խենթացնելու չափ
ցրված բառերը,
որ սուրճի հատիկների նման գլորվում են
մատների արանքից…
…դու գրում էիր քեզ,
հետո որոշեցիր թռչել սովորել և
նստեցիր կոտրված դռնակով վանդակի մեջ,
որտեղ հայելու մի փշուր ամեն ինչ
կիսատ է ցույց տալիս,
անգամ սուրճի երկու հատիկներից մեկը…
*
Օրերը պտտվում են
մանկության գլխարկներով
ու նրանց ստվերները
ապրում են ժամացույցներում,
որտեղ թիկ-թակները
վերստեղծվում են մարդկանց
հրաշալի աչքերում…
Ծերերը մոռացել են աղոթքը
գիշերվա սապատում,
…ու գոլորշիացած ժամանակը
ստեղծելու է քեզ
առանց նախազգուշացնելու…
Կատվի կիսափակ աչքերում
փողոցում կանգնած
տիկնիկներն իր կանաչ քույրերին են հիշեցնում,
որ չծնված անուններով
մանուկների խաղերի պես
վերստեղծում են
մանկության ստվերներին…
պատից կախված ժամացույցների պես
նրանք կառչում են մոռացումի եզրից
ու պտտվում
կանաչ խաղերով…
Գիշերը շատ դանդաղ է օրորվում,
ու բոլորի կողքին շնչող
թափանցիկ քաղաքը
աղոթում է բաց պատուհանի առաջ
լավագույն օրերի գլխարկների համար
ու թիկ-թակների, որ պիտի ծնվեն…

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի