Վիկտոր Հովսեփյան | ՈՒԹ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԸ (պոեմ)

Վիկտոր Հովսեփյան

 ՈՒԹ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԸ

(պոեմ)

Հունական յոթ իմաստունների մասին ավանդապատումն է ստեղծագործության հենքը, որի այս մշակումը մի կարևոր «սխալ է շտկում»՝ ավանդական յոթը դարձնելով ութ՝ իմաստուն ճանաչելով նաև յոթ իմաստուններին իմաստուն կոչող թագավորին, առավել ընդգծելով ավանդապատման իմաստասիրական կողմը: Եթե իմաստուն են ամենագետի թագից հրաժարվողները, առավել ևս իմաստուն է թագն արժանիին տալ կամեցող արքան:

Հեղինակ

 


«Բավական է ապրենք

հույն ու հռոմեական խոր անցյալում»:

 

Գիյոմ Ապոլիներ

 

Մեռավ արքան, կեցցե՛ արքան,-լաց եղան հիմար իմաստունները: Յոթ նախարարները յոթնօրյա ժողով գումարեցին՝ իրենցից մեկին թագադրելու հույսով ու ձախողվեցին, քանզի ոչ մեկը չէր ուզում թագը զիջել մյուսին: Նրանցից մեկը, պատուհանից դուրս նայելով, տեսավ պատանի ձկնորսին:

Կանչենք այս տղային, նա անշահախնդիր է, միշտ իր բախտին ու Աստծուն ապավինած, թող գա ու մեզանից որին ընտրի, նա էլ թագադրվի արքա:

Յոթով մի խոսքի եկած՝ պատուհանից վերև կանչեցին տղային:

Պատանին  պալատ  մտավ, ուռկանը  դրեց  դռան հետևում ու կանգնեց յոթ թագատենչների դեմ՝ տագնապելով, որ սա է գուցե իր գիշերվա երազը, որի մեջ ինքը ամբողջ օրը չկարողացավ ոչ մի ձուկ բռնել:

Առա՛ջ արի, ձկնորս տղա,-ասաց նրանցից մեկը,-ահա եռոտանուն դրված թագը, վերցրու և մեզանից որի գլխին դրեցիր, նա էլ կլինի մեր երկրի թագավորը:

Բան չունեմ ասելու,-պատասխանեց տղան՝ ուսերը քաշելով,-բայց դուք յոթով մի ստորագրական թուղթ տվեք, որ իմ ընտրության դեմ չեք առարկելու:

Յոթ թագատենչները կազմեցին պահանջված թուղթը, տվեցին նրան ու կանգնեցին իրար կողքի՝ ամեն մեկը սպասելով, որ ուր որ է թագն իր գլխին է դրվելու:

Պատանին անկաշկանդ քայլերով մոտեցավ եռոտանուն, վերցրեց թագը, հերթով նայեց յոթ նախարարներին, օդում խաղացրեց իր գլխից վերև պահած թագն ու դրեցիր գլխին:

Թագադրվեց արքան, կեցցե՛ արքան,-ծիծաղեցին իմաստուն հիմարները:

 

* * *

 

Մթնշաղում Միներվայիս1՝ աստեղնապահ.

ա՜յ, տեսնում եմ ութ աստղերով մի աստղաբույլ,

աստղերը ութ՝ խմբված կույտ մի լուսաձույլ,

թագի տեսքով ճառագում են սերտ ու անմահ:

Միներվայի թագն է հեռու աստղաբույլն այն,

աստղերամը՝ հեքիաթով իր գողտրիկ ու ճոխ,

Աստված գիտի, թե ինչ տենչի կանչով ողող՝

նորից ուզեց հյուսել հեքիաթն հոգիս ունայն:

 

Կարդալ ամբողջը

Թողնել պատասխան

Your email address will not be published.