«

»

Ապր 05 2012

Տպել Գրառում

Ալիս Հովհաննիսյան | ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ, ՈՐ ԿԱՐԾՈՒՄ ԷԻ՝ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՄ

– Հասկացա, սոված ես:
– Չհասկացար: Չես հարցնում, արդեն երեք օր է՝ մենակ եմ թակում դուռդ:
– Էլի է եղել, որ …
– Էդ ես չեմ եղել: Նա էր մեկ-մեկ մենակ գալիս, երբ ես՝ ծույլս, քնած էի մնում:
– Ինչ իմանամ, էնքան նման եք…
– Գիտեմ, չես տարբերում՝ որըս է արուն, որըս՝ Էգը: Էնքան բանի տեղ չես դնում, իսկի անուն էլ չունենք:
– Բայց չե՞մ կերակրել ձեզ ամեն օր:
– Կերակրել ես, շնորհակալ ենք…Ինչ ունեցել ես, էդ էլ տվել ես…
– Էնքան, որ մեկ-մեկ եթե համեղ բան չեմ ունեցել, բողոքել եք զույգ-զույգ:
– Զույգ-զույգ: Լավ ասացիր: Դու ավելի հավատարիմ զույգ տեսե՞լ ես:
– Չեմ տեսել: Կատուների մի տասը սերունդ է աճել իմ բակում՝ մեծանալով, բազմանալով, ծերանալով և էն բանը…Սատկելը, չէ, ճիշտն ասած ոչ մեկի սատկելը չեմ տեսել… Նրանք բոլորն էլ մի օր անհետացել են ու վերջ… Բայց ինչ որ ճիշտն է՝ իմ բակում երբևէ կատուների պակաս չի եղել,,, Եղել է ութով եք եկել, թակել դուռս. բոլորիդ էն նեղ տարիներին կերակրել եմ… երեսով չեմ տալիս, հիշեցնում եմ, որ գանգատվելու տեղ չթողնեմ:
– Չեմ գանգատվում, մլավում եմ, սիրտս եմ ուզում հովացնել…Դո՛ւ էլ երեսով տալ չհամարես, մեր այստեղ ապրած տարիներին քո բակում առնետ տեսած կա՞ս:
– Մի անգամ… միայն կաշին էիք թողել…
– Իսկ հիմա ես առանց իմ սիրասուն էգի վախենում եմ առնետներից…
– Ի՞նչ է առնե՞տ ես տեսել էս կողմերում…
– Չեմ տեսել, բայց զգում եմ, արդեն հետևում են ինձ…
– Հիմա դու Է՞գն ես, թե՞ արուն… Վերջերս, կարծես սիրտս մի բան վկայում էր, խելքիս փչեց մի լավ նայեմ, ջոկեմ, էնքան նման եք, ոնց որ երկվորյակ…Երկվորյակ չէ, երբ ծնվեցիք, հինգն էիք: Գիտեմ, նույն մոր ձագերն էիք, աչքիս առաջ եք մեծացել… Էդ մի հնգյակից երեքդ մնացիք. երրորդը ո՞ւր է, արդեն մի երկու ամիս է, չի երևում: Բայց ձեր սերունդը չտեսա… Ճիշտն ասած, երբ տեսնում եմ՝ հղի եք, հետո տեսնում եմ նիհարած, բարակած, ասում եմ.”Ըհը հիմա էլի ձագերին կբերեն, կկապեն գլխիս, դե արի, էլի հինգ-վեց հոգու կերակրի էս նեղ մաջալին”: Տեսնում էի չբերեցիք, շատ թռուցիկ ուրախանում էի, մտածում էի.”Կամ դրսից մի արու է եկել, խժռել, կամ սերունդը առողջ չի, չի դիմանում էս նեղ տարիներին”, կամ էլ նույնիսկ, ինչ մեղքս պահեմ, մտքովս անցել է ամենադաժան բանը, որ… որ դուք եք ձեր ձագերին… Չէ, չէ, չեմ հավատում, էդպես մի՛ նայիր…
– Հիմա ես ի՞նչ անեմ, ի՞նչ հող տամ գլխիս…
– Սպասի՛ր մի լավ նայեմ. հա, ոնց որ թե արուն ես… Հա՛ էլի, արուն ես… Էգդ հղի էր, դու չաղացել ես, դրա համար էլ չեմ տարբերում… Բա ի՞նչ եղավ, ծննդաբերե՞ց…
– Դո’ւ հո գիտես՝ մենք ի՜նչ ընտանիք էինք…
– Գիտեմ: Հաստատ կարող եմ վկայել, որ ձեզ նման իրար փայփայող զույգ չեմ տեսել բազում սերունդների մեջ… Ափսոս ինձ չեն հարցրել, թե չէ անգին տվյալներ կտրամադրեի կատուներով զբաղվող գիտությանը:
– Մյաու՜…
– Հա, դուք իրար էնքան մեղմ քսմսվելով էիք գալիս ամեն Աստծու առավոտ ձեր կերը ստանալու, որ ճիշտն ասած, իմ բակի աուրան բարձրանում էր աչքիս, ձեր կապվածությունը հարգելով՝ ինձնից անկախ բոլոր շնչավորների անտեսանելի կապերն եմ ուզում հարգել… Բայց երբ էն, էն, էն Սև արուն գալիս էր…
– Ա՜խ, մյաու…
– Էս վերջին հղիությունը նրանի՞ց էր, թե՞ քեզնից…
– Ա՜խ, մյաու… Դու չգիտե՞ս, իմ էս նվազ հալին ինչ կռիվներ եմ մղել էդ բիրտ, անճոռնի սրիկայի դեմ… իմ, իմ, իմ Էգի համար…
– Գիտեմ, վագր էիր կտրում… Բայց հաստատ չգիտեմ, մինչև վերջ հետևելու եռանդս չէր հերիքում. միշտ հաղթո՞ղ ես դուրս եկել, թե՞…
– Ա՜խ, մյաու…
– Դե լավ, չխորանանք… Կարևորն այն է, որ չէիր նստում, կողքից նայում, թե ոնց է Սև արուն…
– Դու լավ կին ես, բայց չես հասկանում…
– Ի՞նչ հասկանամ… Ասենք թե Էգդ ծննդաբերության ժամանակ մահացել է… Հասկանամ… Բայց էլ ի՞նչ կարող եմ անել քեզ համար, որ չեմ անում… Կերդ տվեցի…
– Հիմա հանգիստ, ակնոցդ դրած ծառից թափված տերևների տակ պոպոք ես փնտրում, հավաքում, պետքդ չի իմ սրտի ցավը… Ա՝խ, մյաու… Ինչի՞դ է պետք էդ պոպոքը, երբ վրայից իսկի մսի հոտ չի գալիս…
– Պոպոքը ձմեռվա համար է… Նոր տարուն խմորեղեն եմ թխելու… Ի՞նչ անեմ: Եթե պոպոքները չհավաքեմ, թողնեմ ձյան տակ փտեն, սրտիդ մրմուռը կմեղմանա՞..
– Դու չգիտե՛ս՝ մենք ո՜նց էինք ներում իրար…
– Այսինքն, արդեն չորս տարուց ավելի է, մի հազվագյուտ կատվային ընտանիքի եմ շահում, պահում, ու աշխարհի լրատվությունը դեռ տեղյակ չի… Սա՞ է իմ մեղքը, որ հիմա չես թողնում իմ բակի, իմ ծառի, ինձ հասնող պոպոքը հանգիստ խղճով հավաքեմ…
– Հավաքի՜ր, հավաքի՜ր, ուրիշ հոգս ու ցավ չունես… Ա՜խ, մյաու…
– Ըհը, ա՛յ էդտեղ հանգիստ նստիր, երեկոյան էլի մի բան կճարվի, կտամ, կուտես, կգիրանաս… Տվածս լրիվ չես կերել… Իներցիայով դեռ երկու հոգու բաժին եմ լցնում կերամանի մեջ… Վաղվանից միայն քեզ համար կլցնեմ… Չէ՛, լավ, դեռ մի քանի օր էլ երկու հոգու համար կլցնեմ… Կարող է, էգդ ողջ է, պարզապես ծանր ծննդաբերություն է ունեցել… Հիմա տկար է մի քիչ… Իսկ քո խելքը չի հասնում, ուտելիքից մի կտոր նրա համար վերցնես, տանես: Էգ կատվին հատուկ ոչ մի բան չկա մեջդ…Ես հավես չունեմ էս պառավ հալիս տանիքներում ձեր ետևից քարշ գալու: Քո տեղը նա լիներ, կհասկանար… Աչքովս եմ տեսել, թե ոնց է մայր կատուն, քո Էգը չէ, ուրիշը, իր ձագի համար մուկ բռնում, տանում, սովորեցնում մաշկել, ուտել… Բայց ինչ որ ճիշտն է, ճիշտն է… Չէ, չեմ տեսել ձեր նման զույգ…
– Ա՜խ, մյաու…
– Հիմա, եթե Աստված չանի. իսկապես մեռել է քո Իգուհին, ո՞նց ես ապրելու մենակ, ա՛յ դա չեմ պատկերացնում… Իմ կողմից քեզ կերակրելը կլինի, հոգեբանական պահի մասին եմ մտածում… Ո՜նց ես ապրելու առանց նրա քսմսոցի, ոնց ես անցկացնելու էս ձմեռը… Դու հաստատ նոր էգ գտնողը չես…Կխենթանաս…
– Ա՜խ, մյաու…
– Էն Սևն էլ էլ չի երևում էս կողմերում… Մի պահ նկատել եմ, նույնիսկ ձեր սեղանից օգտվելու փորձեր էր անում… Ուզում էր ընտանիքի բարեկամ ձևանալ… Բյաց հո չե՞ս մոռացել, հատակի հսկայական փայտով, քարերով ոնց էի վռնդում էդ , ոնց ասացի՞ր, բիրտ, անճոռնի, սրիկային…
– Ա՜խ, մյաու…
* * *
– Էս ո՞նց է, Սևը եկել, նստել է ձեր էս՝ քո ու Էգիդ սիրած խոտի դեզի վրա: Էս ինչո՞ւ ինձնից չի վախենում… Ո՞ւր եք, համով թերմացք եմ բերել, արի՛, արի՛ կեր… առանց էն էլ այսօրվա հոգսերս շատ են… կուսակցությունները իրար են գզում, մեր՝ սովորական մարդկանց խելքը սրանց խաղերից բան չի կտրում, գլուխները քարը… գոնե թոշակները մի քիչ բարձրացնեին… Էս Վանի երկրաշարժն էլ մի կողմից… Սիրտս մղկտում է… էս ցրտին էդ խեղճերը… օ՜ֆ, չգիտեմ… Գնամ, հատակի փայտը բերեմ, քշեմ էս լկտիին…էս բիրտ, անճոռնի, սրիկային…. Ի՞նչ է ուզում հասկացնել իր էս, էս, էս… ամբարտավան փռվածքով…
* * *
– Խե՜ղճս, էսօր քեզ հետ խոսքեր փոխանակելու մտքով էի գալիս… Էս ի՞նչ օրն ես գցել էս առնետներին… Երևում է՝ լավ դիմադրել ես… վո՜ւյ աման, զոհվել ես… թե չէ ոսկրից տաք-տաք գոլորշի բարձրացնելով գալիս եմ, դեռ դուռը չբացած պետք է հոտը առած լինեիր… Տղայիս ուղարկած փողերից երկուսուկես կիլո միս եմ գնել… Հարևաններով մի քանի օր կուտենք, դեռ ընկերուհիներիս էլ մի օր բլինչիկ ուտելու եմ հրավիրելու…Չկաս… Ա՜խ մյաու… Հիմա եթե էս համով ոսկորները դնեմ կերամանիդ մեջ, անմիջապես կհայտնվի էն, էն, էն Սև անճոռնի, բիրտը… Էն էլ չկա… Էս ի՞նչ եք իմացել… Լավն էն է՝ տանեմ աղբամանը գցեմ, վրան էլ մի ծանր քար դնեմ… Ափսոս էիր… Բայց մեկ է, էս ձմեռը քեզ համար դաժան էր լինելու… չէիր տեսնելու գարունը… Քո գարունները վերջացան, երբ… Ա՜խ, Մյաու՜՜…
***
Էս ի՞նչ շխկթխկոց է… Հաստատ էն Սև անճոռնի, բիրտը շուռ տվեց աղբամանի վրայի քարը… Ոսկորի հոտ է առել, հանգիստ կթողնի՞ … Արդեն տերիտորիան իրենով է արել…
– Տե՜ս, բերում եմ հատակի փայտը, ողնաշարիդ եմ խփելու… Դո՛ւ եղար պատճառը, որ… Բայց էս որտեղի՞ց հայտնվեցիք… Երկուսի փոխարեն երեքով… Էս կորած-մոլորած Երրո՞րդը որտեղից բուսավ…Հիմա էս փայտով ձե՛զ եմ թակելու… Աղբամանս շուռ եք տվել…Մեջքս ցավելով-ցավելով պիտի հավաքեմ էս աղբը… Զզվելինե՛ր…Իմը ինձ քիչ է… Էս Հունաստա՞նն ինչի էսքան պարտքերի մեջ խրվեց… Լավ է, գոնե էդ, էդ, էդ շոռաչք Բերլուսկոնին որոշեց հրաժարական տալ… Պապանդրեուն էլ ծեր էր ինձնից բեթար… Թող գոնե որոշ թագավորներ գահընկեց արվելուց հետո հանգիստ ապրեն, ոնց որ էդ, էդ, էդ Գորբաչով կոչվածը, որ մի օր տեսնեի, կասեի .”Դու Գորբաչով-գյորբաչով ես, ա՛յ թե ով ես դու, որ հիմա քիթդ ցցած ման էս գալիս”… Իսկ էն Սադամ Հուսեինին խղճում եմ… Իր համար ապրում էր “Հազար ու մեկ գիշերներ” ստեղծած իր ժողովրդի մեջ: ԻնչԻ՞ մտան մեղվաբունը, խառնեցին. մարդիկ հարմարվել, ապրում էին… Կարող է բռնությունը ձե՞ռ էր տալիս իրենց… Հիմա՞ ինչ են ուտում Իրաքի ժողովուրդը…Յուղ ու մեղր… Բա էն , էն, էն շենքով-շնորհքով Միլոշևիչին ի՜նչ օրը գցեցին… Ի՞նչ էր արել մարդը, իր ծաղկուն երկիրն էր պաշտպանում: Չթողին կես դարից ավելի Եվրոպայի ճոխ երկիր իր հայրենիքը պաշտպանի. բա կթողնեի՞ն՝ ինքն իրեն պաշտպանի Հաագայի դատարանում…Կերրա՛ն գլուխը…
– Լավ, դուք կերե՛ք, ես գնամ պոպոքներս հավաքեմ, ջարդեմ.. մի մասը կպահեմ նոր տարվա թխվածքներիս, կարող է Լեհաստանից կամ Տայվանից կամ Լոսից կամ Բելգիայից թոռներիցս մեկը-երկուսը գան, անցյալ տարի բոլորը եկել էին, երբ էնքան էլ պատրաստ չէի… Մի քանի հատ էլ մաքրում եմ, դնում կողքս… երեկոյան հեռուստացույց նայելուց անպայման մի բան ես ուզում ծամել… թեև կոկորդիցս հազիվ է ցած գնում, երբ տեսնում եմ ցունամին հազարներով մարդ անօթևան թողեց, ընկավ Մոսկվայից Ստավրոպոլ թռչող ինքնաթիռը, ոչ մեկը կենդանի չմնաց… Էդ պահին, ասենք, թեյիս մեջ շաքար լցնելիս եմ լինում… Գդալը դնում եմ մի կողմ, բաժակը՝ մի, բայց դե չե՞մ թողնելու թեյս սառչի… առանց էն էլ քիչ են կյանքի հաճելի պահերը… մտածում եմ… ես էստեղ մեկ խնձոր եմ կճպում ուտում, մեկ պոպոք, մեկ-մեկ էլ արևածաղկի սերմ եմ չրթում, իսկ անկյունի հարևանուհուս՝ Սիլվայի թոռները էլի սոված են անկողին մտել… Ա՜խ մյաու՜… Մեծին հարևաններով մի կերպ մեծացրինք, ճամփեցինք բանակ… Էլի օգնում ենք, ծանրոց էր ուղարկում, ով ինչ կարող էր, դրեց: Տղան անճարակի մեկն է, թող գնա աշխատանք ճարի, ջահել է… Ամուսնանալ, երեխա բերել գիտեն, պահելն էլ թող իմանան… Իջի՛ր դեզի վրայից… Շուտ… Փի՜շտ, թող դեզի վրա գլորված պոպոքներս հավաքեմ… Պորտդ տեղն ընկա՞վ…Հավատացի, թե այրի ես մնացել… Լա՜վ էլ դերասան ես…Հիմա բազմել եք երեքով ու մտածում եք, թե վրաս խոսելու ինչ գտնեք…Իսկ Իգուհիդ, երևում է՝ չի ծննդաբերել, օրօրվելով է ման գալիս… Կարո՞ղ է չի կարողանում ծննդաբերել… Հարուստ լինեի, կեսարյանով կազատեինք… Ա՜խ մյաու…
Երեկ “Կենտրոնի” Պետրոսին լա՜վ էր տեղը դնում մարքսիստ Դավիթ Հակոբյանը… Ասում էր՝ Տավուշի մարզը թույլ չի տա, որ նորից ընտրությունները կեղծվեն… Ի՜հ, միամիտ… Աշխարհի բոլոր ընտրությունները՝ նախամարդուց սկսած, արդեն կեղծված են… Սիլվային Մացառյանի մարդիկ ակնոց են տվել, ուրախացել է… չէր էլ երազում, թե մինչև մեռնելը նոր շրջանակով, իր աչքին հարմար ակնոց կունենա, հարևանների նորոգված, թելերով իրար կցմցած ակնոցներով էր կարում սրա-նրա վերմակները, մի երկու կոպեկ փող վաստակում, հիմա զարմացել է… սկսել է աշխարհը ուրիշ կերպ տեսնել, էլ ո՞նց Մացառյանին գովելով ման չգա… Վիճեցի մեր էս դիմացի Գագոյի հետ, բայց մի կողմից էլ ճիշտ է ասում…. Ասում եմ.”Էդ ո՞ր հարուստի մտքով է անցնում իր ունեցած միլիոններից մի քոռի, մի թոփալի հոգսը հոգալ, էս մարդն ինչ կարողանում է, անում է”… Ասում է.”Մեզանից՝ ինձնից, քեզնից, Սիլվայից պոկելով հարստանում, միլիոններ են շինում, կոպեկներով սկսում են խեղճերի, այսինքն՝ մեծամասնության սիրտը շահել, քանի որ իրենց մեծամասնություն է պետք. եկեղեցի կառուցելով Աստծուն իրենց մեղքերին մասնակից են ուզում դարձնել”: Ի՜իհ, Սիլվան ի՞նչ է ունեցել կյանքում արժեքավոր, որ կողոպտել են… Սովետի օրով էլ նույն չլուտն էր, շարժումից առաջ ու հետո էլ, նրա նախնիները Նիկոլայի օրով էլ նույնն են եղել հաստատ… Խոսքը պատիվ, անուն ունեցողների մասին է երևի… Սրանք մարդկանց պատիվն ու աշխատանքն են խլել: Եթե մարքսիստը ճիշտ է ասում, ուրեմն Տավուշի մարզը սրանց հախից կգա… Միայն թե մարդու գլխին մի օյին չխաղա՞ն… մի քանի օրից չլսենք՝ պատահաբար ավազակային հարձակման է ենթարկվել հենց իր իսկ մատնանշած ավազակների կողմից…”Դու էդ ո՞ւմ ավազակներին էիր ավազակ անվանում”… Աստված չանի… Չէ՛, պինդ պոպոք է երևում… Սրա նման գժերն էլ չլինեն, ո՞վ է բարձրաձայն արտահայտելու լեղաճաք եղած ժողովրդի իմաստուն մտքերը…
– Ես իմ պոպոքները հավաքեցի, հիմա իրար խտտեք, չմրսեք… ասում են ձմեռը դաժան է լինելու…
Ա՜խ, մյաո՜ւ…
* * *
Խե՜ղճս, չհասկացա քեզ … Էս կինդ ծննդաբերել, բարակել, մենակ է եկել իր ճաշն ստանալու… Ո՞նց հասկանամ… Արդեն ուղիղ հինգ օր է, չես երևում… Հիմա էլ կինդ է վշտոտ, վշտոտ մլավում.”Ա՜խ, մյաո՜ւ”… Չգիտեմ, ի՞նչ կարող էի անել, որ չեմ արել: Ա՜խ…
* * *
– Ո՜ւֆ, էլի կոմպլեկտով եք ճանկռտում դուռս… էսօր ոչ մի բան չեմ հորինել ձեզ համար, ոչ մի բանից մսի հոտ չի գալիս… քանի օր է ձեթով եմ եփում կարտոֆիլս.. Ինձ օգտակար է, իսկ ձեզ… էն, ինչ ես եմ ուտում, սոված կմնաք՝ չեք ուտի: Մի՛ կերեք, փի՜շտ, շատ էլ պետքս եք…Էլի ինքնաթիռ ընկավ, էս անգամ Եգիպտոսում: Առավոտ շուտ մի կարգին լուր հաղորդեի՞ն… Չէ՚, ուրախ լուր չսպասեք…Որախ լուրերն ու կզաքիսի մորթուց մուշտակներն իրենց են պահում, մեզ միայն ռեկլամներն են ցույց տալիս…
* * *
– Էսօր համով բաներ եմ տալու… Եկե՛ք, հավաքվե՛ք, թեկուզ Սևն էլ ձեզ հետ… Ընկերուհիս մի շաբաթվա մսաջրով, բանով թերմացք է հավաքել ձեզ համար… Ի՜նչ պատիվ, հարգանք… Եկե՜ք… Էս ո՞ւր մնացիք… Էս ո՞ւր եք, է՞… Է հետո՞… Չլինի՞ փոխել եք ձեր հարյուր տարվա, պապենական բնակավայրը… Լա՛վ, լցնում եմ կերամանը, ով հասնի, թող ուտի, թեկուզ Սևն էլ… Հո չե՞մ թափելու էսքան բարիքը… Եկե՛ք, կերե՛ք կուշտ փորով… Դեռ մի վեց օրվա էլ կա. դրել եմ սառնարանը… չփչանա…
* * *
– Էս ի՞նչ փորձանք էր, հո աշխարհի վերջը չի՞ եկել առանց իմ գիտության… Արդեն երեք օր է… չկաք, Ես էլ ամեն օր քնում, վեր եմ կենում, ուտում, թեյ խմում, հեռուստացույց եմ նայում… Չէ՛, հեռուստացույցով էլ չեն ասում, թեև ըստ ասեկոսեների պետք է էս աշխարհի վերջը էս քամբախտ տարին գոնե եկած լիներ…Վերջին քսան տարիների մեջ էսպիսի բան առաջին անգամ է պատահում, որ առավոտյան բակի կողմից ինձ “Բարի լույս, մյա՜ու.” ասող չլինի, կեր չպահանջի, ոտներիս տակ խռնվող մի քանի շունչ՝ ընտանիքով դեպի բակ ճանապարհս փակող չլինի… Էս ի՞նչ էր… Կարո՞ղ է ձմեռն է շատ ցրտաշունչ… Ավելի դաժան ձմեռներ են եղել, բայց իմ ոտերի տակից կատվային ոհմակներն անպակաս են եղել: Չգիտեմ: Ամբողջ հինգ-վեց օրվա կերը բերում եմ, լցնեմ կերամանի մեջ, թող գան ուտեն` թեկուզ ագռավները, թեկուզ ճնճղուկները…թեկուզ առնետները… միայն թե չփչանա բարիքը…
Գնամ, տեսնեմ Գագոն խոսե՞ց ծանոթ զինղեկի հետ, որ Սիլվայի թոռանը արձակուրդ ուղարկեն…
* * *
Սիլվայի թոռանը տասը օր արձակուրդ են տվել, հրաժարվել է: Ասել է՝”Հայրենիքս ինձ օրը երեք անգամ կերակրում է, ես ո՞նց ծառայությունս թողնեմ, գնամ տուն”: Խեղճ երեխու համար ամենակարևորը, որ կյանքում չի տեսել, հենց օրը երեք անգամ ճիշտ ժամանակին կերակրվելն է:
Ռուսաստանից հեղափոխության հոտեր են փչում… Ռուս ժողովուրդը պարտադիր ժամանակ առ ժամանակ պետք է հեղափոխություն անի, թարմանա… Մենք հեղափոություն, բան չենք ուզում, ամա՜ն, յոլա կգնանք…Միայն թոշակները…
Չկա… Ոչ մի կենդանի շունչ մոտ չի գալիս կերամանին: Մի շունչ, կենդանի էլ չմնաց, որ ինձնից մի բան, գոնե մի բան խնդրեր…
Էսօր… Չէ՛, էսօր չէ, վաղը… Չէ՛, մյուս օրը, խանութի մոտ վեր ընկած էն կաղլիկ շանը կբերեմ, կկապեմ իմ բակում…Վերքերը ոչինչ, ինքն իրեն լիզելով կբուժի…
– Ո՞ւր եք… Ի՞նչ մեղք եմ գործել…Ա՜խ, մյաո՜՜ւ: Ամեն օր տանիքից օգնության կանչող ձայներ են լսվում ականջիս…Երևի ճնշումիցս է… Քիչ է մնում էս հալիս աստիճան, բան դնեմ, բարձրանամ տեսնեմ… Բայց կարող է աչքիս առաջ էնպիսի տեսարան բացվի… սիրտս չդիմանա… Կբարձրանամ… Կդիմանամ, կդիմանամ, չեմ դիմանա, ուրեմն էդ է գրած ճակատիս… Էսօր սուրճս հարևանուհուս հետ կխմեմ, իրեն կխնդրեմ ցածում կանգնի, կբարձրանամ… Էսօր չէ՝ վաղը կամ էլ՝ մյուս օրը… Հաստատ…
* * *
……………………………………………………………………………………………՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
* * *
Աստծո օրհնությամբ էս ձմեռն էլ հանեցինք: Հիմա թող ինչքան ուզում են արաբական երկրները մեկը մյուսին ձեն տալով արթնանան հազարամյակների նիրհից, առանց իրար ուտելու ընթանան քաղաքակիրթ կոչված, բայց իրականում բարբարոսից էլ բարբարոս երկրների հետ համաքայլ… Ուկրաինան եթե ինձ հարցնի, քարը փեշից կթափի, կմոռանա իր ատելությունը ռուսների նկատմամբ, կմիանա Բելոռուսի ու Ռուսաստանի հետ, մի կարգին քրիստոնյա, հզոր կայսրություն կստեղծեն… Քրիստոնյա, ոչ թե երեսպաշտ քրիստոնյա… Օ՜ֆ, չգիտեմ…Մյաո՜ւ…
7.11.11թ.

 

Share Button

1 կարծիք

  1. Կարինե Մարտիրոսյան

    Ալիս Հովհաննիսյանի այս գործը առաջին անգամ չեմ կարդում, սակայն ամեն անգամ կարդալիս չեմ կարողանում թաքցնել հիացմունքից ակամա ծնվող ժպիտը. որքա՜ն բնական է հնչում նրա խոսքը, ավելին, այն զգացողությունն է, թե ընթերցողը ուղղակի կանգնած է հեղինակի բակում եւ առանց լարելու լսողությունը՝ ականատեսն է լինում այս «գանգատների»:
    Հստակ է գրելու ոճը, ասելիքը ընդգծելու ինքնահատուկ եղանակը, որը, ի դեպ, առանց ավելորդ ճիգուջանքի է. ուղղակի մի կնոջ, տանտիրուհու, գթառա՛տ տանտիրուհու մենախոսությունն է: Եվ սա ավելի հասանելի է հասցեատերերի ականջին, ասել է՝ արհեստական բարդություններ չեն ստեղծված, պատումը մանվածապատ չէ, ուստիեւ դառնում է լսելի՝ ե՛ւ որպես յուրահատուկ տեսակետ /հրապարակախոսի խոսք/, ե՛ւ որպես հասարակ մի կնոջ՝ տիրող իրադարձություններին համապատասխան երանգով արձագանք:
    Շնորհակալություն՝ մեկ անգամ եւս Ձեր հստակ մտքերին հաղորդակից դառնալու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>