Էդուարդ Հախվերդյան | ՎԱՐԱԳՈՒՅՐՆ ԻՋԱՎ

Էդուարդ Հախվերդյան

Էդուարդ Հախվերդյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լքեցի բոլորին,
Բոլորին դավաճանեցի,
Ժամանակի և լույսի մեջ
Կանգնեցի միայնակ,
Եվ տեսա իմ տիտանական,
Իմ ահասարսուռ
ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆԸ:

Ոչինչ մի ասեք,
Ոչինչ չի փրկի:
Խարանն ամոթի հոգուս է դաջված,
Բայց ձեռքս մեղսավոր փակել է աչքս
Եվ կիսադեմով
Հառաչը խեղդած չոր կոկորդիս մեջ
Ես սլանում եմ`
Ժամանակների թաց ու լպրծուն կոյուղիներով,
Ուր հոգիները
Սնամեջ, փքուն փուչիկի նման`
Ստամոքսների մի թույլ խայթոցից,
Պայթում են հանկարծ,
եվ գրպանների խեղճ տարողությամբ
Ընկերությունը, առնետի նման
Այս կմախք- կյանքի ոսկրափայլը կրծելով անհագ,
Արագ փախչում է ծակ գրպանների ամայությունից
Ու լուռ ամփոփվում չակերտների մեջ:

Ոչինչ մի ասեք,
Ոչինչ չի փրկի:
Մենության խորքում հայելիներն անգամ
Սնդիկ են թքում`
Պարկեշտ թվացող մեր դեմք դիմակին,
Որ մաշկ չէ բնավ,
Միս ու արյուն չէ,
Այլ հաստ ու հղկված գորշ լկտիություն,
Որին չի փրկում կնճիռն անգամ
Ու մազը ճերմակ,
Միայն աչքերն են.
Մեր բութ ու պլշած աչքերն են մատնում
Ծանծաղ մեր հոգու տարողությունը,
Սակայն կույր ենք մենք`
Աչոք ու մտոք,
Եվ խուլ կրկնակի,
Եվ մեր Աստծուն,
Որ ՍԵՐՆ է միայն
Մեր սեռանդամից վեր չբարձրացնելով
Փնտրում ենք, ավաղ,
Մեզանից հեռու
Ու մեզանից դուրս:

Ոչինչ մի ասեք,
Ոչինչ չի փրկի:
Փառատենչության, եսամոլության
Թույն ենք ժառանգել անհայտ տերերից,
Եվ դաժանորեն
Քանդել ենք բույնը հավատք-թռչունի,
Որ մի օր խռով հեռացավ տխուր
Մեր սառցակալած հոգու դաշտերից:

Ով քանդարարներ,
Միթե ձեր լխկած, նեխած հոգու մեջ
Կարող է բառը, ներկը, հնչյունը
Եվ միտքը խամրած,
Տիեզերական թրթիռներ կորզել,
Երբ կուրացած եք
Ամենաչնչին լուսաթարթումից
Եվ նեխակալած ձեր քիմքը, ավաղ,
Որսալ չի կարող`
Ձեր էության մեջ շարունակ դիզվող,
Գաղջ աղբահոտը` Ավգյան ախոռի:
Միայն լույսի մեջ,
Միայն սիրո մեջ,
Միայն հավատքի…
…………………………………………….
Ոչինչ մի ասեք,
Ոչինչ չի փրկի:

Վարագույրն իջավ…
Ծափահարություն…

Անառակ որդի 1996 թ.

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.