* * *
Միջերկրյա ծովի ալիքների մեջ
փռվել ես հանդարտ ու անզուսպ ծաղկել,
մամռոտ վեմերիդ լռին աղոթքին ասում եմ Ամեն:
Պատկառուկներիդ դեղինն է վառվում ` գարնան ավետիքն
ծառ ու ծաղկիդ մեջ,
մարտյան քամին է ռունգերիս տալիս ժամանակների
բույրը խառնաէջ. բախվել են իրար, լուռ անմահացել
այս քարերի մեջ:
Եկել եմ հիմա ապուպապերիս հետքերի կանչով ,
մեղանչումներով վատնած օրերին թողություն խնդրեմ,
ու ապաշխարեմ մեղքն իմ նախնական՝
հանուն լինելու կենաց լույսի մեջ :
Անհուն տիեզերքի ճամփաներն անցած հյուլեն իմ կենաց,
գոյավորվել է ցանկությամբ խորին ու խորհրդավոր,
և վաղեմական գենով մեղանչած աղոթք է ձոնում ,
ու փառաբանում շողերն առակայծող տվնջյան լույսի`
Քրիստոսի պես գամվելով լռին իմ ծանր-ծանր սիրուս մեծ խաչին:
15.03.12
* * *
Ի՜նչ երջանկություն, կանգնել հինավուրց
վանքերիդ առջև ու լու՜ռ աղոթել,
աղոթել մեռած հին աստվածներին,
նորին՝ աղոթել,
թարգմանիչ դառնալ լռող քարերին՝
սարսուռով պատվել,
կյանքը այս զգալ իմ երակներով հոսող արյան մեջ,
ու ալիքներին իմ մունջ մտքերի երերալ անվերջ,
որտեղ չկայի ՝ինձ տեսնել այնտեղ,
թախիծը զգալ, որ չեմ լինելու,
և պատմությունը քարի լեզվի մեջ
բա՜րձր է հնչելու:
Ի՜նչ երջանկություն,կանգնել հինավուրց
քարերիդ առջև ու լուռ աղոթել,
և անագորույն դատը վերապրել ժամանակների,
ներկային ժպտալ ու ճանապարհել
Տիբրի մեղմահոս ալիքների հետ,
աղոթել սիրուն՝ կենաց խորհրդում,
կյանքիև աղոթել իր ջերմության մեջ:
13.03,12
* * *
Քո երազի մեջ ես լուռ կմտնեմ,
աղոթած ամեն քարը քո մամռոտ ,
թե օրհնությամբ եմ ես գոյավորվել՝
իմ աղոթքը քեզ պահապան ամրոց:
Քո երազի մեջ ես լուռ կմտնեմ,
իմ իրականը մատնության տված,
Պետրոսի նման եռակի դրժեմ ,
լեգենդիդ դառնամ ես արդի պաշտպան:
Վեմերիդ մամռոտ սարսուռներն իմ մեջ
ժամանակներիդ ցավն եմ վերապրում,
ո՜վ է տվել քեզ այսքան լռություն ,
դու ու՞մ աղոթքի շուրթով ես ծաղկում:
Քո երազի մեջ ես լուռ կմտնեմ,
աղոթած ամեն քարը քո մամռոտ,
այս մեծ տիեզերքում ո՞վ էլ որ լինեմ,
ես՝ շուրթ , Հայր մերը նորեն կրկնող:
13.03,12
Վերջին մեկնաբանություններ