Լուսինե Լուսնթագ | ԱՆՑՅԱԼԻ ԳՆԱՑՔԸ

Լուսինե Լուսնթագ

Լուսինե Լուսնթագ

Նոր կյանք սկսելու համար պետք է կորցներ հիշողությունը, ազատվեր բոլոր այն մտքերից, որոնք ներկա պահը կանգնեցնում ու կապում էին անցյալին: Ինչպես պարզվեց հետո, դա այնքան էլ հեշտ գործ չէր: Հիշում էր: Կյանքում ամեն ինչ ուշացած էր գալիս, ոչինչ ժամանակին չէր լինում: Հիմա կարող էր գնել բոլոր չստացած տիկնիկները, որոնց մասին երազել էր, որոնք քնում ու արթնանում էին, աչքերը բացում ու փակում, բայց չէր լինի այն անսահման ուրախությունը, որը կզգար վեց տարեկանում: Սպասում էր, հավատում հրաշքներին, բայց հրաշք տեղի չունեցավ:  Հիմա գիտի, որ հրաշքներ չկան, չեն լինում: Երբ երազանք էր պահում ու գիտեր, որ չի լինելու, մտքում ավելացնում էր. «թող հրաշքով կատարվի», բայց հրաշքները, եթե կային էլ, իրենից հեռու էին փախել ու թաքնվել էին: Նա այդպես էլ չհանդիպեց նրան:
Ամենահիմար սխալը, որ արել էր ու դեռ շարունակում էր անել մինչ այս պահը, դա սպասելն էր: Ուշացումով, բայց հասկացավ, որ կանգնեցրել էր իր կյանքը, չէր ապրել: Ուշացումով, բայց հասկացավ, որ ժամանակը անկախ այն բանից ապրում էր, թե ոչ, սպասում էր, թե ոչ, տանջում էր իրեն հիշողություններով, թե ոչ, կանգ չի առնում: Կրճատում էր իր և մահվան միջև ընկած ժամանակահատվածը: Իսկ ինքը դեռ հիշում էր: Վախենում էր ապրելուց: Վախենում էր, որ առաջին քար գցողը հենց  ինքն էր լինելու: Փշաքաղվեց: Մի օր ինքն էլ պետք է հեռանա կյանքից ու անհետանա անցյալ կոչվող անիվի մեջ: Բոլորն այնտեղ են գնում: Ճանապարհը միակողմանի է: Որքա՜ն մարդ է հեռացել ու պիտի հեռանա… Որքան սեր ու ատելություն, որքան կարոտ ու հիասթափություն կա անիվից ներս ու դուրս:
Երբ առաջին անգամ սիրեց, աշխարհը փոխվեց, առաջվանը չէր: Արևն ավելի ջերմ էր ու տաք: Անձրևի սառը կաթիլների տակ հաճելի էր քայլել ու թրջվել այն մարդու հետ, ում միջով տեսնում էր աշխարհը: Զարմանալի զգացողություն էր սերը, որքան տալիս էր, այնքան ավելի էր լիանում, այնքան կյանքի գույները ավելի  վառ էին ու գեղեցիկ, մինչև մի օր ամեն ինչ ավարտվեց: Գնացքը հեռանում էր, մեքենավարը գոռում, իր հետ տանելով վախն ու սպիտակ վերնաշապիկը: Թույլ չտվեց կարմրի: Կարմիրը իր ներսում մնաց: Այդ օրը մի քանի տարով մեծացավ: Հասկացավ, որ մարդը միշտ մենակ է, անգամ երբ սիրում է, անգամ երբ սիրված է: Մենակ է: Միշտ:

Մի քանի տարի առաջ ինքը ուրիշ էր: Եթե տեսներ, որ ինչ որ մեկը խաբում էր իրեն, կասեր. «ստում ես», եթե տեսներ, որ իր աչքերի մեջ նայելով, անմեղության դիմակով գրպանն են մտնում` ձեռքը կբռներ: Հիմա ուրիշ է: Լռում է: Լռության մեջ խոր ցավ կա, մարդու կորստի ցավ:  Առաջ մարդիկ ավելի շատ էին, համենայն դեպս ինքը այդպես գիտեր:

Երբեմն լռությունը ավելի խոսուն է: Միլիոնավոր ասված բառեր կարող են գրողի ծոցը գնալ, եթե կարևոր պահին, խոսելու փոխարեն լռություն է: Հասկանում էր: Ամեն անգամ, երբ փորձում էր հավատալ, խաբում էր իրեն: Հավատը ստի ու կեղծիքի գեղեցիկ հագուստն է, որը պատկանում էր իրեն: Հագցնողն էլ ինքն էր: Բայց մի օր ստի փշերը պատռում են այն ու մերկանում է իրականությունը:

Հիմա, երբ վերջապես որոշել էր ապրել, հեռացող գնացքը տանում էր նրա բոլոր հիշողությունները, սպիտակ վերնաշապիկը, փոքրիկ աղջկան, որն այդպես էլ տիկնիկ չունեցավ: Միակ կորուստը, որ տանում էր հեռացող գնացքը, դա քրքրված հագուստն էր, որը մի ժամանակ Հավատ էր կոչվում…

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.