Ռի-Մա | ԻՍԿ ԵՍ ԵՐԱԶ ՏԵՍԱ. ՄԱՐԴ ԷԻ…

***
Ընկավ մեկի ոտքի տակ,
Կոտրեց մյուսի գլուխը,
Երրորդի ականջը,
Հայհոյեց չորրորդին,
Հինգերորդին լքեց,
Վեցին ապտակեց,
Յոթը էլ չեղավ.
Կոտրեցին.
Նա ընդամենը քար էր,
Որին մեղադրեցին
Մարդ լինելու մեջ…

***
Այն մարդու մոլորակը,
ով ապրում էր քո ներսում
վեց կտոր արեցիր
նարնջի պես…
տունը,
որից նա թռչուններին էր կերակրում
վառեցիր
լուցկու հատի նման…
անկողինը,
որում նա կռիվ էր տալիս մղձավանջների հետ
պատառոտեցիր
ու դարձրիր ցամաքած օդապարիկ…
մարմինը,
որ պահում էր նրա հոգին,
սեղմեցիր տգիտության աքցաններում
ու ճզմեցիր
հասած ծիրանի նման…
մատները,
որով նա սեր էր նկարում հատակին
կոտրեցիր դալար շիվերի պես
կոտրեցիր միանգամից
ու առանց բողոքելու…
էլ ոչ մի մատ չմնաց քո ներսում,
ոչ մի ծալք,
ոչ մի հետք…
միայն մի եղունգ՝
իսկական
մարդկային…
գոնե դա պահիր…
գլուխդ մի օր գուցե քոր գա…

***
Ստվերդ կախվում է ծառերից,
Քերում մայթերն ու
Կրծոտում ոտնահետքերս՝
Մնալով այնտեղ, որտեղ երեք «երնեկ»-ը քեզ համար
Չափազանց քիչ էր,
Իսկ երկուսը՝ չափազանց շատ…
Մի գզգզված հուշ
Առաջին համբույրի պես անհամարձակ
Գալիս, փաթաթվում է պարանոցիս,
Մեղմ շոյում ու սկսում խեղդել՝
Ինձ շփոթելով այն երեք «երնեկի» հետ,
Որ չափազանց քիչ էին
Կամ այն երկուսի հետ,
Որ շատ էին չափազանց…
Իսկ ես պարզապես քայլում եմ,
Ու արտասովոր չկա ոչինչ,
Այս քաղաքն ինձ է անկարող կուլ տալ,
Ես՝ նրան,
Ու կանգնած ենք մեկս մյուսի կոկորդին
Ու հազում ենք
Ու լալիս
Ու կակազում…
Իսկ ես խեղդվելուց առաջ նոր բառ եմ հորինում. «Երանի»,
Գիտե՞ս՝ երանին ու երնեկը նույն բաները չեն…
Երանի իմանայիր,
Իմանայիր ինձ սիրել մեկ «երնեկ»-ով,
Երանի սովորեիր ծառերից կախվել ստվերիդ փոխարեն,
Երանի այս քաղաքն ինձ մարսել կարողանար…
Դու ես ինձ նկարել,
Մի՛ փորձիր ջնջել…
Իսկ «երանին» ու «երնեկը» նույն բաները չեն…

***
ու նորից ճանկռում ես օդը
ու հասկանում, որ նա
արյուն չունի,
վերքեր չունի,
սիրտ չունի…
ու նորից ճանկռում ես օդը,
իսկ մենությունը քեզ է ճանկռում,
բայց դու արյուն ունես,
վերքեր ունես,
սիրտ ունես…
վերմակդ մրսում է առանց քեզ,
իսկ դու չափազանց ուժգին ես այրվում
նրան ջերմացնելու համար…
իսկ դու ճիչ ես,
իսկ դու լուռ ես,
իսկ դու հոգնել ես…
դարձել ես կյանքի ցուցամատը,
իսկ կյանքն իր ամուսնական մատանիները
կրում է ցուցամատին,
բայց նա արյուն չունի,
վերքեր չունի,
սիրտ չունի.
այլ ունի լոկ քեզ…
քիչ-քիչ դառնում ես թափանցիկ,
թեթև,
թռիչք,
ճիշտ ինչպես օդը,
իսկ մենությունը շարունակում է քեզ ճանկռել,
դու այժմ օդ ես,
օդն արդեն արյուն ունի,
կյանքը քեզ օդին է նվիրել…
այսօրվանից կյանքն ու օդը ամուսիններ են…

***
Մենությունը,
իմ հետքերով վազելուց հոգնած ու քրտնած,
հասավ ինձ,
պոչը փռեց ոտքերիս
ու պառկեց կողքիս հանգստանալու…
իսկ ես մնացի կանգնած,
քանի որ առանց քեզ
վազել չգիտեմ…
Վերարկուիս ծայրերն իրար միացնողը
մի կոճակ է՝
կոճակ-անզորություն,
որն առանց քեզ
կոճկվել չգիտի…
Կոշիկներիս ներբանները ծակ են,
ցուրտ է,
իսկ դու այստեղ չես, որ համոզես,
թե ձյան վրա քայլելն
առողջարար է…
Ես այն թուրն էի,
որ պատրաստ էր հանուն քեզ
երկիրը դարձնել կոճակ
ու ձմռանը քայլել ծակ ներբաններով,
իսկ դու թուրն այդ կոտրեցիր…
չէ՛,
դրանից հետո դու անպաշտպան չմնացիր,
պարզապես ես մատներիս արանքից սահեցրի այն ամենը,
ինչ կարող էի պաշտպանել…
իսկ դու «թրավոր» ասպետից դարձար
հասարակ
կոճակավոր
ձմեռային
մի անցորդ…
եղանակները փոխվում են…

***
դու ինձ կարդում ես,
և քեզնից լավ ինձ անգիր արտասանել
ոչ ոք չգիտի…
դու ինձ կարդում ես.
թարթիչներիս ամեն դողը,
մկաններիս ամեն խաղը,
ամեն վերուվարը կրծքիս…
դու ինձ կարդում ես.
արտատպում սպիտակ թղթին
ու հրճվում դատարկ տողերին հայտնված
սիրո խոսքերից…
նույնիսկ այն ժամանակ,
երբ բարդ եմ ու խճճված
անընթեռնելի ձեռագրի պես,
դու կարդում ես ինձ
և պահ իսկ չես կակազում…
դու ինձ կարդում ես.
այնքան, մինչև հոգնես,
գնաս քնելու
ու ինձ թողնես քո ծակ դարակում
որ փոշոտվեմ…
դու կքնես,
իսկ ես երազ տեսա.
մարդ էի…

 

2 մեկնաբանություն

  1. Նուրբ, հասունցած տողեր ու ապրումներ։ Տխրութեան տիրապետող ուժ կայ մարդկութեան այս որոնումներուն մէջ։

  2. Շնորհակալ եմ :))

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի