Նելլի Սահակյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆՆԱ ՖՐԱՆԿ

Ինչպես կատաղած կին
և ամենաուժեղն աշխարհում
ես աննա ֆրանկն եմ`
այսօր սև ու մուգ ամպ,
որովհետև մուգ լինելը վատ բան չէ,
երբ ներսդ մի քիչ մոխիր կա,
մի քիչ սեր,
ա՜ղ,
կծո՜ւ,
խո՜ց,
թո՜ւյն
աննաներից ամենասևն ու մուգը ես եղա.
բոբիկ ու անտեր եկաք.
եկ’աք, գնացի՜ք, եկա’ք…
ի՞նչու ինձ պատժեցիք տղամարդու պես
կի՛ն եմ
չհաշվեցիք էլ.
էգ թռչուն ընդամենը`
հարավ մեկնող սովորական թռչուններից մեկը`
ամուր տխրությամբ ու պողպատե թևերով զույգ.
ի՞նչու ինձ պատժեցիք տղամարդու պես
ասացի` փոշի է,
կյանքը փոշի է,
ասացիր` սուտ է,
սրտի մեջ աղբ է ,
աչքերի մեջ`վախ,
ժանիքի մեջ` թույն:
ինչպես կատաղած կին
և ամենաուժեղն աշխարհում
ես աննա Ֆրանկն եմ,
այսօր սև ու մուգ ամպ.
հայհոյե’ք,
փնովե’ք
և ինձ ֆրանկ անվանեք,
որովհետև ես Ֆրանկն եմ`
աննաներից ամենադժբախտն
ու ամենաֆրանկն աշխարհում:

ԻՆՉԻ՞

Հորեղբորս հիշատակին

Քեզ երկար սպասեց քո Նելլը՝
ում ուսերիդ էիր դնում և ժամերով ման տալիս պուրակում,
Քեզ երակար սպասեց քո Նելլը…
Ժամանակը փշրվեց երկու մասի .
Փշրվե՜ց…
Ես վազեցի ետևի՛ց, բռնեցի ականջների՛ց,
Պատին մեխե՛ցի ու կանգնեցի մեջտեղում ՝
Կանգնած սլաքների տակ…
Լռությու՛ն …
Ծռված մեջքով լռությու՜ն.
Թող պահեմ լռությունդ՝ լակոնիկ արցունքներով, գլխիկոր, տաշված ճյուղի պես թող
Պաշտեմ քեզ մինչև վերջ…
Նելլ անվանեցիր,երբ ծնվեցի.
ինձ ուսերիդ առա՛ր,ես պաշտեցի քե՜զ….
Լռություն… ջարդված վզով լռություն…
Վազեմ, սուրճ եփեմ մեզ համար՝
ինչպես դու էիր սիրում ասել՝ դա՜ռը.
Ու խմեմ մենակ՝ հիշելով խոսքերդ՝ դեպի ներս շուռ տված հիշողություններով,
Ություններով՝ ամեն տեսակի, սեռի, բնույթի ություններով՝ անդուր, ինչպես
Արցունքները
Եվ ընդունելի, ինչպես իրականությունը…
Ինչի՞ գնացիր…
Գնացիր վայրկյանի մեջ
Ու չես վերադառնա օրերդ մեջ չապրված…
Քեզ երկար սպասեց քո Նելլը…

ՀԱՆՆԱ
Տղամա´րդ, տղամա´րդ, տղամա´րդ.
ների´ր,
ինձ ներիր,
որովհետև
ես քեզ նման չեմ,
որովհետև
քեզ գորգի պես մի օր կփռեմ հատակին,
կտրորեմ,
կկանգնեմ,
կքայլեմ,
որ գնամ`
դու կզգաս .
կուչ կգա´ս,
կհավաքվե´ս,
կփոքրանա´ս
կնեղանա´ս,
կծալվե´ս,
կճմրթվե´ս,
կմանրվես.
կփաթաթվես,
կասես` մնա կամ մի գնա,
Հաննա:
Հաննան քեզ սավանի երկարությամբ`
անկողնում կփռեր,
թխվածք կփշրեր վրադ,
սուրճ կթափեր,
կշոյեր շուրթերդ,
կհամբուրեր աչքերդ,
հետո կճմրթեր քեզ
ու լվացքատուն կուղարկեր:
Հաննան կհիշեր քեզ ու կմոռանար,
դու Հաննային կհիշեիր ու չէիր մոռանա,
բայց տղամա´րդ, տղամա´րդ, տղամա´րդ
բռունցքդ մի´ խփիր սեղանին,
ու մի’ ասա վերջին խոսք,
որովհետև, հասկանում ես
Չ`չունես ոչ մի բառ
և Հաննային Չ`ունես:
ների´ր, ների´ր Հաննային,
որովհետև հերթական բանաստեղծության նման`
սրտից պոկվեցիր.
և որովհետև պոկվեցիր սրտից`
Հաննան առաստաղի լայնությամբ,
պատերի երկայնքով ու բարձրությամբ`
պաստառի նման քերեց քեզ
և դրեց պահոցը,
ների´ր, ների´ր Հաննային.
շուտով վերանորոգում կանի`
կփոխի հեռուստացույցի,
պահարանների ու մնացած ամեն ինչի տեղը,
որ դու Չ`ապրե´ս,
բազկաթոռին նստած,
հեռուստացույց նայելիս ,
թեյ խմելիս
ու պատերի մեջ Չ`ապրես:
Հաննան կաթ-կաթ կցավի,
Հաննան բառ-բառ կդողա
ամեն անգամ, երբ տերև ընկնի,
ամեն անգամ, երբ ձյուն չգա:

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ
Երբեմն արևի լույսը փակում էր աչքերս,
Իսկ մթությունը դառնում էր անսովոր.
Ժամանակ անցավ…
Երբեմն սիրում էի,երբեմն ո՛չ քայլել անցած ճանապարհներով,
Գրկում էի ստորգետնյա կուղբիս,
որ ցույց տար իր աշխարհը,
Ծանոթացներ ցավին,
որ հարմարվեի…
Պրակտիկան կիսատ մնաց՝
Կուղբը մահացավ ափիս մեջ.
Թաղեցի…

Օրհնյալ լինես դու,
որ չեկար հարության հետ…

Մերկացված ու ծախված,
քծնված ամենքի
ու տրորված յուրաքանչյուրի կողմից`
օրհնյալ է հարությունը քրիստոսի…
օրհնյալ լինես դո՜ւ,
որ չեկար հարության հետ:
մեկն ասաց` ոտքի ճամփա է,
գնա` կհասնես`
ասացի լավ,
երբ պայթեց երկինքը ու դեմքիս կաթիլը դաջվեց
բոլոր ճամփաները
գծված ու ջնջված
յուրաքանչյուր անձրևի կամ ձյան ժամանակ
ինձ քեզ մոտ տարան,
բայց քեզ այլևս չբերեցին ինձ.
չբերեցին, չբերեցին, չբերեցին,
որովհետև ես սովորական ծիտ եմ,
ոչ թե ճնճղուկ, ագռավ կամ ճա՛յ,
որովհետև ծառին նստած ճնճղուկը գույժ է,
իսկ ագռավը` ավետիս:
կյանքը քեզ միանգամից չապտակեց.
գո՛հ եղիր, գո՜հ`
միանգամից չապտակեց,
ասաց`
լա՛վ եղիր եղբայր, լա՛վ եղիր,
մի երգ հորինիր,
այնպես, ինչպես հայրդ ու մայրդ
ջահել ժամանակ հորինեցին քեզ
և վաճառիր այնպես,
ինչպես մարմնավաճառն իր մարմինը:
ավելի հասուն քան ցավը`
օրհնյալ է հարությունը Քրիստոսի.
օրհնյալ լինես դո՛ւ,
որ չեկար
հարության հետ:

5 comments

Skip to comment form

    • Ara on 8 Օգոստոսի, 2012 at 2:39 ե.
    • Reply

    Շատ թեթև է գրված
    վիրավորված կնոջ պարզունակ սրտի թեթևացում կարելի է այդ նույնը ավելի մեղմ և խորհրդավոր ներկայացնել

    • Անի Հակոբյան on 8 Օգոստոսի, 2012 at 11:06 ե.
    • Reply

    ինձ բանաստեղծություններից 4-ը շատ դուր եկան, իսկ մեկը այդքան էլ ոչ: Կարող եմ ասել, որ սկսնակ ստեղծագործողի համար շատ հասուն է.բանաստեղծության գրագետ կառուցման շնորհ ունի ու ներսի փոքր ինչ կոպտություն, որ երևի թե գալիս է ներսից…շատ ցավ ու ցավից ծնված իրոնյա կար ականջի մեջ մնացող…գնահատում եմ

    • Սամվել Մարտիրոսյան on 10 Օգոստոսի, 2012 at 5:57 ա.
    • Reply

    Մեկ անգամ ևս համոզվեցի, որ բանաստեղծական խոսքն ինչքան ուժեղ է, նույնքան անպաշտպան: Սպասվածի ու անսպասելիի ճաշակման մի բացառիկ զգացողություն ապրեցի:Այս բանաստեղծը տաք գաղտնիքներ ունի իր մեջ ու գիտի մի բան, որը դեռ ոչ ոք չգիտի:

    • Աստղիկ on 13 Օգոստոսի, 2012 at 9:53 ա.
    • Reply

    հրաշալի բանաստեղծություններ են

    • Sona on 2 Սեպտեմբերի, 2012 at 10:07 ա.
    • Reply

    Lakonik arcunq…

Թողնել պատասխան

Your email address will not be published.