Ռի-Մա | 5 ՐՈՊԵ ՔՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Ծնկաչոք

Դու աղոթել չգիտես,
Ես՝ ծնկի գալ չեմ սիրում,
Ու ապրում ենք հենց այդպես՝
Դու հաղթում ես, ես՝ տիրում…
Դու չես հարցնում՝ ով եմ ես,
Ես չգիտեմ քո հասցեն,
Ես շնչում եմ մահվան պես,
Դու շնչելն ես մոռացել…
Բայց ծնկաչոք աղոթք է պետք,
Որ խորթ էջն այս ես թերթեմ.
Թե երկուսով մի մարդ ենք մենք՝
Ծնկի եկ դու, ես՝ աղոթեմ…

Երջանկություն
Երջանկություն. դեռ մատներս նա դաղում է,
Ու մրմուռից կյանքի հոսքը դանդաղում է…
Գոյությունը մահվան դեռ խենթ մաքառում է,
Երբ ոտքերդ հանձնվում են, իսկ սլացքդ համառում է…
Երջանկություն. իսկ անձրևը դեռ մաղում է,
Ու ես էլի անձրև կուլ տալ հապաղում եմ…
Այս անձրևն էլ աշնան նիհար մատռվակն է.
Նրա գալն է իմ հարբելու պատրվակը…
Երջանկություն. նա իմ բակում դեռ խաղում է,
Եվ այդ խաղից իմ աշխարհը խաղաղվում է,
Այդ մանուկն է իմ անանուն փրկությունը.
Ես վաղուց է՝ ինչ հավատի հարսնացուն եմ…
Երջանկություն. ջրվեժներդ ես քաղում եմ,
Իսկ դու, ներիր, իմ պատճառով ծարավում ես.
Երազում իմ երջանկության ջրվեժներ են,
Ուր գարունն էլ վաղուց ջրվեժ-հավերժվել է…
Երջանկություն. տե՛ս, փողոցն այս դեռ կաղում է,
Ու ծուռ քայլքից անցորդները կատաղում են…
Մոլորություն. թող աղմկի բազմությունը.
Ես վաղուց է՝ ճշմարտության ծաղրածուն եմ…
Դու և Ես
Դու ասում ես, թե ինձ նման արև-աղջիկ չես տեսել,
Իսկ ես այստեղ՝ անձրևի տակ, արևներից բողոքողն եմ…
Դու ասում ես, իբր ինձ հետ ճերմակ լուսնին ես հասել,
Իսկ ես այստեղ՝ քո ոտքի տակ, քո քայլերը հաշվող հողն եմ…
Դու ասում ես, թե քո կյանքում միշտ էլ սերն է պակասել,
Իսկ ես այստեղ՝ հենց քո դիմաց, սեր-ավելցուկ կրճատողն եմ…
Ինձ ասում ես, թե դու երբեք ոչ մի սիրտ չես վնասել,
Իսկ ես այստեղ՝ հենց ձեռքիդ տակ, իմ վերքերը կարկատողն եմ…
Դու ասում ես, թե իմ մասին երբեք-երբե՜ք չես բամբասել…
Իսկ ես այստեղ՝ քո թիկունքում, քո ստերը հավաստողն եմ..
Դու ասում ես, թե երբեք ինձ սիրելիս չես կակազել,
Իսկ ես այստեղ՝ մեր երկուսից միակ վարժ ու ճիշտ խոսողն եմ…

5 րոպե քնելուց առաջ…
Իմ աշխարհը պարզ է,
Հանց չգրված թերթը,
Կարծր ապակուց են
Պատերը իմ տան,
Իսկ հոգուս ներսում
Ծերունի մի բերդ է…
Դու էլ ինձ պես խենթ ես,
Խենթ ես ինձ նման…
Երկնքում, տե՛ս, հերթ է,
Աստղային անձրև,
Երկնքի մի փերթը
Իմն է արդ դարձել,
Երկնքին խնդրենք՝
Մեզ էլ աստղեր տան…
Դու էլ ինձ պես խենթ ես,
Խենթ ես ինձ նման…
Կյանքը անհեթեթ է,
Երբ թևեր չունես,
Ու ճամփան անհետ է,
Երբ քայլեր չկան…
Բայց մի՛ մտածիր,
Լույսը միշտ քեզ հետ է.
Դու էլ ինձ պես խենթ ես,
Խենթ ես ինձ նման…

Երբ չկա
Երբ պայքարել չկա, ու էլ հարցեր չունես,
Երբ բառերի տեղ քեզ տողերն են կարդում,
Քեզ հուշում է ձայնը, որ ծռվել է արդեն
Ուղին որ դեռ մանուկ դու մենակ էիր հարթում:
Երբ ջնջվում է օրը մատնածալքիդ փոսից,
Երբ սպառում, վառում ես օրդ պարկերով,
Դեռ սպասում ես, որ նա քեզ հետ գուցե խոսի,
Ոչ թե քեզ անուն տա համր վանկերով:
Երբ էլ չես հիշում, որ պիտի թաքցնես
Այն հուշերը, որ քեզ դեն են նետել արդեն,
Որ կար ժամանակ, կար մի «դու», մի «ես»,
Ու որ էլ չունի խիղճդ քո հասցեն,
Գիշերվա մութում կույր խարիսխ նետած,
Մատներով խառնում ես ծով աստղափոշին,
Այսօրվանից դու ինձ ու քեզ թողած՝
Փորձելու ես լուռ ձայն տալ ուրիշին…

Քեզ հետ
ստվերներ,
հայացք,
մշուշ,
ցրվեր,
մի օր՝
թող ուշ…
անգույն,
անբաց
անփակ,
անքուն
մխաց՝
«թռանք»…
հակիրճ,
անբառ,
վհատ՝
հագին
անկար
տաբատ,
մի ցավ,
մի տուն,
մի լաց
ընկա,
բայց դու
մի լաց…

Մի՛ մտածիր
մի մտածիր, կանցնի շուտով,
կանցնի սա էլ,
կմոռանաս այս մի ցավն էլ դու անշուշտ,
բայց մի կարծիր, թե իր ոտով
եկած գայլն էլ
քեզ հենց այնպես լքելու է ողջ ու կուշտ…
մի մտածիր, կանցնի շուտով
այս մի գայլն էլ,
կմոռանաս, թե ինչպես էր քեզ կրծում,
բայց մի կարծիր՝ ձեռքիդ փայտի
երկու ծայրն էլ
ճիշտ նույն կերպ է գազաններին հարվածում…
մի մտածիր, կանցնի, կանցնի,
կանցնի սա էլ,
հարբածներն էլ շուտով ուշքի են գալու,
բայց մի կարծիր՝ հարբած սրտի
կույր «գնա»-ն էլ
սթափ «արի»-ից քեզ ուժեղ է թվալու…
մի մտածիր, կանցնի շուտով,
կանցնի սա էլ,
այս գրիչն էլ չի գրի տող, որ անցած է,
բայց մի կարծիր՝ կլինի դա
շատ շուտով.
այս գրիչն էլ տիրոջ նման գինովցած է…

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.