* * *
Ես ողջ գիշեր ժամանակ եմ սպանել,
Դեգերել եմ ապրած ու չապրածի միջև
Դիմակներս պատռել, երազներս քամել,
Ու քայլել եմ լուսաբացը մինչև…
Ես ծխել եմ հույսը, տանիքներին պարել,
Ու մայթերին թողել կոշիկներս բոլոր,
Ու դռներին սիրո նամակներ եմ շարել.
Ու ժպտացել հարբածներին մոլոր…
Պոռնիկներին կոնֆետներ եմ տվել,
Անտունու հետ ես կիսել եմ հացս
Կեսգիշերվա մենությանը տրվել,
Ու անձրևին վստահել եմ լացս…
Ես ողջ գիշեր ժամանակ եմ սպանել,
Դեգերել եմ ապրած ու չապրածի միջև
Դիմակներս պատռել, երազներս քամել,
Ու քայլել եմ լուսաբացը մինչև…
10/06/2012
Ես տեսա նրան…
Ես տեսա նրան գիշերվա դալուկ ստվերում պարելիս,
Թույլ շարժումներով, անօգնական ու այնպես մենակ,
Ինչպես պոետը մոխրամանի մեջ մտքեր վառելիս,
Ինչպես ծեր կինը հին ձեռնափայտին նյարդները հենած…
Ես տեսա նրան ժամանակներում իր տեղը կորցրած,
Հիասթափության տված դասերում սխալ որոնելիս,
Ես տեսա նրան սեփական հոգու աճուրդից փրկված,
Հուսահատ, լքված հավատքի վրա խաչեր գամելիս…
Ես հետևում էի , մտքովս անգամ չէր անցնում օգնել,
Ես հետևում էի մի պախարակված լրտեսի նման,
Զգում էի, որ այդ մենակությունից նա շատ է հոգնել,
Որ իմ ստերը հանգիստ կարող եմ վստահել նրան…
Եվ ինձ թվում էր, թե ես կորցնում եմ տեսողությունս,
Ասես օտարի տխրությունն արդեն վարակիչ դարձավ,
Կամ մոռացությամբ խնամքով պատված հիշողությունս
Արագ տարածվող ժանտախտի նման ինձ էլ տիրացավ…
Նա հիշեցնում էր ինչ-որ ընկերոջ հեռու անցյալից,
Ինչ որ հին երազ կամ կարոտ, որ դեռ գուցե արթուն էր,
Եվ թվում էր, թե մի քիչ էլ ու ես կգտնեմ ցավից,
Իմ ներսում լքված, բայց նրա համար թողած անկյունը…
…
Իսկ երբ մոտեցա…ես տեսա նրան…նա էր…իմ եսը,
Գիշերվա դալուկ ստվերում այդ ես էի իմ իսկ լրտեսը…
03/06/2011
Նույն քաղաքում…
Ես սկսել եմ կյանքն այս ինչ-որ մի ավարտից,
Ինչ-որ տեղից ես փախել եմ ինքնամոռաց,
Խուսափելով հետքերիս հետ մենամարտից,
Ինձ գտել եմ նույն քաղաքում, բայց մոլորված:
Ու ամայի փողոցներում այս կիսաքանդ,
Տարածության ,ժամանակի շղթաներում,,
Ես իշխում եմ այս քաղաքին իբրև պատանդ,
Ու չգիտեմ քաղաքն ինչը ինձ չի ներում:
Ես փորձում եմ հիշել արդեն քանի տարի,
Բայց քաղաքն է հիշողությունը իմ ջնջում,
Եվ թվում է ինձ, թե դեռ նախորդ դարից,
Ինչ-որ մեկն իմ վերադարձն է անրջում:
Ես սկսել եմ կյանքն այս ինչ-որ մի ավարտից,
Երբ իմ տանից անվերադարձ օտարվել եմ,
Խուսափելով դևերի հետ մենամարից,
Ես իմ ձեռքով իմ քաղաքից վտարվել եմ:
15.10.11
* * *
Սկզբում փոխում ես ինքդ քեզ,
Հետո քեզ ես վերադառնում,
Չարագուշակ երազի պես,
Տանջում քունդ, նոր արթնանում:
Լուսաբացի շողերի տակ
Սկսում ես օրը նոր էջից,
Կյանքը` որպես գերնպատակ,
Կախում բախտի ելևէջից:
Եվ ինչպես հանգը մտածված,
Եվ բառերի հնչյունը փակ,
Իշխում ես դու կյանքին անցած,
Որպես հլու մի հպատակ:
21.10.09
* * *
Ինչպե՞ս կարող էր մարդն առանց ստի,
Մտածել ե՞ս դու, երբ պատվիրել ես
Չստել հանուն «ինչ-որ» դրախտի,
Որից դու վաղուց մեզ վտարել ես…
Այս կյանքը, գիտե՞ս, մեկին ամեն օր,
Դժոխք է թվում, իսկ մյուսին Եդեմ,
Զարմանալի է այդ ինչպես է որ,
Ես իմ դրախտում դժոխքն էլ գիտեմ…
Իսկ դու կաս, գիտեմ, դու կաս ամեն տեղ,
Եթե ոչ, ապա ու՞մ հետ եմ խոսում,
Քեզ հետ խոսելիս երբեք չեմ ստել,
Բայց դու երբեմն ինձ չես էլ լսում…
Իսկ ես քեզնից եմ սովորել ներել,
Բայց այսօր խնդրանք ունեմ քեզ, Տե’ր իմ,
Ինձ իմ թշնամուն մի’ ստիպիր սիրել
Քանզի նա երբեք չի ների սերն իմ…
25/08/2012
* * *
Ես խաղում էի մեկի համար ողբերգություն,
Մյուսի համար զվարճալի մի տեսարան,
Ամեն հայացք նոր ուժով էր սիրտս խոցում,
Բայց իմ ցավի մերկ ծափերում տեսա նրան…
…ով այն պահին, երբ նետեցի ես իմ դերը,
Երբ սպառվեցի կյանքի լարած ահեղ խաղում,
Նույն այդ պահին բեմը որսաց իմ ընկերը,
Մտածում էր, թե ինձանից լավ է խաղում։
…
Երբ լույսերն էին խաղից հետո հերթով մարում,
Ես հիշեցի՝ միայն ես էի ծափահարում։
21.01.08
Ժամանակն Աստծուց հանճարեղ է,
Բայց Աստված է նրան բանադրել,
Անհավատը նրան վաճառվել է,
Բարեպաշտը «գրավ է դրվել»:
Եվ ինչքան էլ ձգվի այս ամենը,
Մեզ դատել դեռ կարող է խիղճը,
Նա հիմա դատավոր է ընդամենը,
Բայց կարող է դառնալ քո դահիճը:
11.01.2012
* * *
Երբ կեսգիշերն անց մայթերին միայն
Ոտնաձայններն են խլանում քամու,
Ու տեսադաշտը դառնում է ունայն,
Հայացքս անհայտ ճամփին եմ գամում…
Ու սլանում եմ ու շունչս պահած,
Որ լռությունն այդ հանկարծ չխախտի,
Ինչպես օրորվող մի լարախաղաց,
Ես վայելում եմ կատակը բախտի…
19/10/2012
* * *
Մեզանից առաջ ինչ-որ մի աշխարհ ջրի տակ անցավ,
Իսկ մենք ապրեցինք այդ հին աշխարհի հևքը կորցրած,
Եվ այդ է գուցե պատճառը, որ մեր ներկան զարմացավ,
Թե ինչու ենք մենք բոլորս ապրում՝ դեսուդեն ցրված։
Թե ինչու ենք մենք միշտ ժպտում իրար, հետո կոխկրտում,
Թե ինչու ենք մենք մեր ձեռքով ծախում մեր իսկ բողոքը,
Եվ թե ինչու ենք հին արժեքներից ավերակ կերտում,
Եվ կամ էլ մեր իսկ զինվորի դիմաց հանում ողջ զորքը։
Եվ այդ ժամանակ օտարը ինչ-որ դեկրետ է սարքում,
Եվ մոռանում են «Հայր Մերը» նույնիսկ վանականները,
Իսկ երբ անբաժան հողը գտնում ենք «նոր» հոգեվարքում,
Անհետանում են այս մեծ աղետի բյուր վկաները։
Դու քեզ չես գտնում այս տողերի մեջ, դու այստեղ չկաս,
Դու քեզ կարծում ես մեծ հայրենասեր այս ոլորանում,
Բայց մի՞թե դու չես այս մեծ աղետում, այս ցավում հսկա,
Ինձ թողնում մենակ ու արմատներից քո իսկ հեռանում։
Մեզանից առաջ ինչ-որ մի աշխարհ մեր մասին գիտեր,
Այն ժամանակ էլ հենց ժամանակը մարգարեացավ,
Եվ միակ մարդը, ով պիտի դեռ նոր աշխարհներ կերտեր,
Աշխարհից առաջ ու բոլորից շուտ ջրի տակ անցավ…
27.11.08
Իմ տան պահակը…
Պահակը իմ տան վաղուց քնած էր, այդպես էր հաղթում նա իր սպասումը,
Այդպես մոռանում, այն ինչ անցած էր, ու սպանում արդեն մեռնող ցասումը..
Բայց նա չգիտեր, որ ես այդ գիշեր ճամփա էի ընկել նորից դառնալու,
Ինձ նրա սրտի կարոտն էր հուշել, որ ժամանակն է վերադառնալու …
Ու ճանապարհը այդ վերադարձի նույնն էր, այդ ճամփով ես հեռացել էի,
Այն ժամանակվա հետքում թողածից ժայթքում էր ամենն ինչ մոռացել էի…
Ես ճանաչում էի բոլոր հետքերս, մեկ առ մեկ հիշում այն, ինչ սպանել էի,
Վերածնվում էին նորից մտքերը, որ ես իմ սրտից վաղուց հանել էի …
Իսկ երբ հասա տուն, ամենն էր փոխվել, ամեն ինչ կարծես անհետացել էր.
Ու տան պահակը երկար սպասումից չճանաչելու չափ ծերացել էր…
-Հոգնեցի նայել քո ճանապարհին, հսկել քո տունը,- ասաց պահակը,
Այս անգամ ես եմ լքում քեզ, եկավ ճամփին նայելու քո ժամանակը…
10/06/2011
1 մեկնաբանություն
ՇԱԱԱՏ ՇԱԱՏ ուրախ եմ քեզ էստեղ տեսնել ու կարդալ Ծով ջաաան :***
քեզ լիքը նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ եմ մաղթում :**