Շաքէ Ամիրեան-Պետրոսեան | ԱՂԻԼԵՂԻ ԱՐՁԱՆ

-ՉԷ՜, չէ՜, կապոյտը մամինն ա, էս դեղինն ա Անուշինը. հա էս էլ Մարոյից ա հասել, բայց տես էս մէկը, սա Պետիկի՝ իմ հարսանիքին նւիրած սերւիսից մնացած միակ պնակն ա.- ասում եմ ու ընկնում տարածութիւնից ու ժամանակից դուրս մի աշխարհ, լեցուն դէմքերով, դէպքերով ու երկրորդ ձեռք ապրանքներով, փոշով ու յուշով պատւած չամադանների, պայուսակների, պահարանների ու դարակների, բուֆէտների ու գրասեղանների, թղթերի ու փաստաթղթերի, անձնագրերի, վկայագրերի, աթոռների, բազկաթոռների, նկարների ու սլայդների, ձայներիզների, յուշատետրերի, գրապահարանների ու գրքերի անվերջանալի ծուղակ-աշխարհը…
33 տարի, Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի չափ մի կեանք… Նրանը՝ լի հրաշքներով, խաչելութեամբ ու հրաշափառ Յարութեամբ, իմը՝ խաչը ուսիս, կռնակիս, հոգուս ու մարմնիս ծանրացած, տանում եմ 33 տարի՝ կեանքիս կէսից աւելին…
Ուր էլ որ նայեմ, հսկայ, եռայարկ այս գեղեցիկ շինութեան որ անկիւնն էլ գնամ՝ նրանց եմ տեսնում, ապրանքի տեսքով մարմնաւորւած, մահացած ու կենդանի: Հայրիկս՝ ահա այս սամովարը եւ այս հարիւրամեայ կաւէ հասարակ մեծ սափորը եւ ի հարկէ անթիւ ու անհամար գրքեր, գրքեր որոնց մեծ մասը նւիրեցի թաղային միութիւններից մէկին, ուղիղ 40 արկղ, մնացեալը նւիրեցի գրագէտ ու գրասէր ընկերներիս: Որոշել էի պահել լաւագոյնները, հազւագիւտները. մի քանի հնատիպեր նւիրեցի ազգային գրադարանին, մի ձեռագիր՝ մատենադարանին, իսկ մնացեալը որբ են, որբ՝ ինձ պէս…:
Մայրս՝ ահա այս կարմիր, կապոյտ, նարնջագոյն խոր, մեծ ափսեները, իմ ամենօրեայ օգտագործման համար, կապոյտ տապակը, որը թաքցնում եմ, որպէսզի ոչ ոք տապակելիս այն չապականի, իւղով ու սեւով, այս համարեա քրքրւած ժիլետը, որն ինձ տաք է պահում ինչպէս մօր գիրկը, այն միւս ժիլետը, որը գործել էր 5-րդ փեսայի համար ու մնաց իմ ամուսնուն ծառայելու երկար տարիներ, մեծ քոյրս՝ նրա տան պատից կախւած այս ոսկեզօծ Աստւածածինը, փոքր քոյրս՝ իմ պուճուր սիրելիից մնացած մի երկու պաստառ գեղանկար եւ այլն….:
Տաս քոյր ու եղբայրներից ես եմ մնացել այստեղ, եւ ահա 33 տարի պահակութիւն եմ անում իմ ու նրանց ու նրանց կապակցեալների լքած ապրանքներին: Ժամանակին ամենատարբեր ընտանիքներում գործածւած, հիմա արդէն “հնութիւն” դարձած ու մոդայից ընկած աւելորդութիւններ, սակայն որոնց հետ կապւած են հազար ու մի յիշողութիւններ: Աւելորդութիւնները կարելի է դէն նետել, նւիրել, սակայն մէկ ու երկու չեն, հազարներով են ու որոշների տէրերը դեռ կենդանի, աշխարհի միւս կէսում ապրում են, ու ոչ էլ յիշում են ինձ, բայց շատ լաւ են յիշում թէ՝ 33, 25, 16, 10 տարի առաջ ինչ թողեցին եւ ում մօտ թողեցին իրենց արժէքաւոր “ունեցւածք”-ը : Յիշում են, ու յանկարծ՝ 1978-ին իր տուն ու տեղը լքածը, խօսակցութեան ընթացքին կասի՝ մի հատ արծաթեայ պայուսակ ունէի, ի՞նչ եղաւ, չհամարձակւելով ասել ի՞նչ ես արել… քանի որ այս դէպքում ես չեմ եղել իր տուն ու տեղը հաւաքողը, ծախծխողը, այլ իր ամուսինն ու մէկ ուրիշը, մէկն էլ կասի՝ իմ հարսանիքի շորը դէն գցեց, յաջորդն էլ կասի՝ 10 հատ էին այդ արժէքաւոր նկարները, 8 հատն ո՞ւր են մնացել, մոռանալով, որ իսկի ինձ չի յանձնել իր արժէքաւոր 10 նկարները, այլ հարազատ ընկերուհուն, որն էլ թողել է դրանք ինչ որ գետնայարկ պահեստում ու փախել Աւետեաց երկիր, եւ տարիներ անց, պահեստի նոր տէրը , բորբոսի ու միկրոբի բոյն համարելով դրանք, եւ դրանցից ազատւելու համար, ինձ գտել ու յանձնել է այդ “արժէքաւոր” նկարները…
Բացում եմ փոքրիկ հին չամադանն ու… յայտնաբերում մի քանի հարիւր լուսանկար, հին, խունացած 60-70 տարւայ վաղեմութեամբ. խոշորացոյցով մէկ մէկ նայում եմ, չլինի թէ ծանօթ մէկի նկարը սխալմամբ պատռեմ, կամ կրակարանում վառեմ. գտնում եմ հազիւհազ ծանօթ դէմքեր ու առանձնացնում եմ, նկարների կողքին Հայաստանից “սուվինիրներ” են, անորակ ու անճաշակ, մի քանի փլասթիք քասա-քուզա, մի երկու ձեռագործ, ասեղնակար, ու… պատկերացրէք, որ դրանց տէրը ոչ էլ քոյրս է, այլ ինչ որ խնամի, 80 անց մի տիկին, պատգամ է ուղարկել, որ Ամերիկա ուղարկեմ իր մասունքները, որոնց հանգիստ խղճով թողել ու գնացել է Նոր աշխարհ, հիմա է յիշել, ու ես պիտի մարդ գտնեմ, որ համաձայնի իր հետ Նոր աշխարհ տանել այդ բոլորը. սակայն գնացողն էլ իր հարազատների “մասունքներն” է տանում եւ ճամբրուկները լեցուն են. “մէկ կիլոյից ոչ աւելի”, եւ այդ չամադանի պարունակութեան ամենաթանկագին մասունքներից ես ընտրում եմ մի կիլոյի չափ նկար եւ հազար ներողութիւն խնդրելով՝ յանձնում ընկերուհուս, դրանք ըստ հասցէի ու հեռախօսի Գլենդելում փոխանցելու տիրոջը.
Խաղալիքներ, մանր ու մեծ, տիկնիկներ, կախարդներ, մեքենաներ, հրացաններ, սեւ մոգութեան ուղեցոյց ձեռնարկներ, սատանաներ ու գաճաճներ, մեծ հայրիկների ու մեծ մայրիկների լուրջ ու զուսպ դիմանկարներ, կախիչներ, կախարաններ, ռադիոներ, ձայնացիրներ, տեսախցիկներ, նւագարաններ, մէկերկուերեքչորսհինգ ու… ափսէներ, բաժակներ, դանակ-պատառաքաղներ, մոմեր ու սփռոցներ ու…
Հինգ չամադան, որի պարունակութիւնը 10 կոպեկ էլ չի արժենայ, թողել է հօրքուրի աղջիկը, 6 տարի առաջ այստեղ էր այցելել, ծախել էր բնակարանները, եւ այդ հինգ մեծարժէք չամադանները թողել էր որպէս մասունք, աչքի լոյսի պէս պահելիք, այնքան թանկ իր համար, որ սրտից չէր եկել թափել, կամ հետը տանել. “Դէ, դու հօ Էստեղ ես, մի տեղ պահիր”: Պահե՛մ, պահե՛մ, սիրելիս, պահեմ այդ թանկարժէք չամադաններդ, որոնց մէջ ամենարաժէքաւորը յայտնի մի հոթելից թռցրած սրբիչ է մաշիկներ են ու մի գործւածքի կտոր, խնամքով փաթաթւած ու վրան խայտառակ հայերէնով գրւած՝ “էս իմ դօփիեսի կտորիցնա… 20 սանթիմեթրով 16 սանթիմ”, հասարակ մի գործւածք, որը ես պիտի աչքի լոյսի պէս պահեմ մինչեւ երկրորդ “Գալուստը” քո….
Անահիտն էլ ասաց՝ ամէն ինչ թափիր, մենակ ինձ ուղարկիր իմ անձնագիրը եւ մեծ մայրիկիս նկարը: Շատ լաւ Անահիտ ջան: Ես քեզ ու ընտանիքիդ պարտական եմ… ու սկսւեց հազարաւոր նկարների, թղթերի ու փաստաթղթերի, 1959 թւին գնւած ռադիոյի, լւացքի մեքենայի ստացականների, աշխատանքի տեղաւորւելու, առաջին ռոճիկը 1960-ին բանկում դնելու փաստաթղթերի ու հազարաւոր մանրուքների, մի քանի ընկերութիւնների հաշւետւութիւնների, ամուսնութեան վկայականների, բնակարանի հողամասի գնման ու քաղաքապետարանին վճարւած գումարների մատեանների, հազար ու մի գունաւոր մատիտների, ձայներիզների, աւտոմոբիլային մագազինների , եւրոպական մի քանի ընկերութիւնների կատալոգների, ուուու… այլնի… արանքներում թաքնւած անձնագրի փնտռտուքը: Փոշիների, կատւի ու շան մազերի, անտեսանելի լւերի ու ձւերի ու անիծների բազմութիւնների արանքներում, փռշտոցների ու ալերգիաների, քիթ ու բերանիս անվերջանալի ողողումների ու հականեխումների ընդմիջումներին, ի վերջոյ, գտնում եմ Անահիտի անձնագիրը, մանկութեան մի երկու հագուստի, հօր ու մօր ամուսնութեան նկարների ու մեծ մայրիկի նկարի հետ ուղարկում եմ Ֆրեզնօ…..
Ժամանակ առ ժամանակ զանգ է տալիս քրոջս որդին ու ասում,- մօքուր, իմ սլայդները քեզ տւեցի, կարող եմ խնդրեմ՝ ուղարկես, իսկ ես ամէն անգամ ասում եմ.- սիրելիս ինձ չես տւել, բայց ես կը փնտռեմ. յետոյ զանգում ու ասում է՝ գուցէ այսինչ ընկերոջս եմ տւել, որ թւայնացնի, հարցրու նրան. պատահաբար տեսնում եմ այդ ընկերոջը, գլուխն է օրօրում ու ասում.- նման բան չկայ ինձ մօտ, երեւի ուրիշին է տւել…
Բնակարանը յանձնել ու գնացել է, դրա հետ կապւած բոլոր կոմունալ ծախսերը գցելով մօպարի ու հօպարի, մօրքուրի ու հօրքուրի ու … եւ այլ ոչխարների վզին, ու մօպար-հօպարի մահից յետոյ… ոչ մի ձայն ու ծպտուն, ոչ իսկ ցաւակցական հեռագիր ու հեռաձայն…
Ի՞նչ եմ անելու այս նւագարանները, այս հսկայ պահարանն ու մեռած ընկերուհուս աշխատանքները, ո՞ւմ կտակեմ, ո՞ւմ նւիրեմ, ո՞ւմ յանձնեմ, քոյրը՝ մահացած, եղբայրը՝ մահացած, մայրը՝ խենթացած…
Եթէ ես գնամ այս անիծւած վայրից, գնամ հայրենիք, ո՞վ է պահելու, պահպանելու, ո՞վ է ջոկջկելու, ամէն ինչն իր նոր, պիտակաւոր թղթածրարի ու արկղի մէջ դնելու, դարձեալ տան մի ապահով անկիւնում պահելու, թափելիքները թափելու, եւ այրելու մնացեալը…
Գրքերը՝ ռուսերէն, հայերէն, պարսկերէն, անգլերէն, ֆրանսերէն, լատին ու գերմաներէն բառարանները, բայց ամենից շատ հսկայական փայտէ սնդուկի մէջ Լենինի 10 հատորները, սովետական ու աւելի հին՝ ռուսական 19-րդ դարի գրականութեան գլուխ գործոցները, բոլորն էլ փոշոտ ու բորբոսնած, ո՞վ, ո՞վ է տէր կենալու դրանց, գրքեր որոնք վաղուց արդէն դարձել են ախտի ու կեղտի, հիւանդութիւնների ու անծանօթ վիրուսների կոյտ: Ո՞նց: Ո՞նց թողնեմ կամ ոնց այրեմ, ծախեմ կամ պարզապէս փողոց նետեմ: Տիկին Նինելի ոսկորները գերեզմանում կը շըխշըխկան, ի տես այդ սրբապղծութեան. կամ ո՞նց դէն նետեմ յարգելի գործարանատէր պարոն այնինչի գաւազանը, վերարկուն ու անձրեւանոցը, կամ իմ հարազատի ծովափի յատուկ սրբիչները, լողազգեստներն ու գլխարկները, չէ որ նրա երեխաները արդէն 33 տարի ապրում են Արեւելեան ափին եւ 33 տարիների ընթացքին ինձ ուղարկել են ընդամէնը մի բացիկ, շնորհաւորելով աղջկաս ծնունդը, որն հիմա արդէն 31 տարեկան է, ու յետոյ մի երկու Նոր-տարւայ շնորհաւորական բացիկներ ու էլ ոչինչ…. ոչինչ… ոչինչ: Ոչինչ, որ ես ապրում եմ իրենց տանը, որն արդէն փլւում է հնութիւնից, ապրում եմ, որ պահեմ ու պահպանեմ նրանց դպրոցական գրքերը, յուշատետրերը, հին ու կոտրտւած լուստրաները, մեծ պապի գործարանների առքուվաճառքի մատեաննները, … ու թողնեմ գնա՞մ հայրենիք, ո՞նց. ու շուռ կը գայ մէկն ու կասի,-հէ՜յ, լսի՛ր, այն երկու մշեցի կանայք կիսեցին Ճառընտիրն ու կապեցին իրենց մէջքին ու տարան հասցրին Արեւելեան Հայաստան, իսկ դու ուզում ես այս մասունքները, այս հայատառ ու հնատիպ գրքերը թողնես ու գնա՞ս…
Եթէ ուզեմ էլ, չեմ կարող այս ամէնը մի օդանաւով անգամ ուղարկել, մի սկադրան օդանաւն էլ չի հերիքի, այս ամենը Աւետեաց երկիր հասցնելու, եւ հասցէ առ հասցէ, Գլենդել, Փասադենա, Թանզանա, Լիթլ Հոլիվուդ, Նորթ Հալիվուդ, Նորթրիջ, Վալի, Բըրբանք ու Զահրումար, Նիւ Եօրք ու Բոստոն… տիրոջը հասցնելու…
Իմ գրքերից որոշները 100-ից աւելի տարեկան են, ու բորբոսնած են, ես էլ դեռ չեմ մեռել, բայց ապրում եմ մեռելների հետ, գրքերն էլ՝ հայերէն գրքեր են, եւ ես պարզապէս հօրս յիշատակը յարգելով, չեմ կարողանում որեւէ հայատառ գիրք դէն նետել:
Պիտի՛ վառեմ, պիտի՛ վառեմ, ՏՐՆԴԷԶ անեմ այս տարի, ու տրնդէզի խարոյկի հետ մի թղթի վրայ գրաւոր ներում խնդրեմ Աստծուց:
-Տէր Աստւա՛ծ, ներիր սրբապղծութիւնս, բայց եթէ շարունակեմ պահակութիւնս՝ երբէք, երբէք չեմ արժանանայ հայրենիքում ապրելու բախտին, ու չեմ տեսնի երեխաներիս… Տէ՛ր, խնայի՛ր ու արձակի՛ր աղախնիդ, թող տուր գնամ, ու արձակիր ինձ այս խաչը կրելու պարտականութիւնից, իսկ եթէ կեանքում իմ միսիան ուրիշների լքած ապրանքների պահապան դառնալն է, կամ ճակատագիրս է յաւիտեանս անիծւած, դատապարտւած տաժանակրի աշխատանքը, ապա խնդրում եմ վերանայես վճիռդ ու ժամկէտից շուտ ազատման հրաման տաս: Յոգնել եմ, Տէ՛ր, յոգնել եմ յուշերի ու յիշատակների մէջ դեգերելուց, յոգնել եմ ամէն անգամ ասելուց՝ սա հայրիկինս է, սա մամինս է, սա տեգորս է, սա քրոջս է, սա քրոջս տալոջն է, տես ինչ լաւ պղպեղ է, ինչ սիրուն սփռոց է, ինչ լաւ արձանիկ է… Տէ՛ր, չեմ ուզում այլեւս, արձակիր աղախնիդ, ու թող տո՛ւր գնամ… գնամ ու մոռանամ, գնամ ու մի հինգ-վեց տարի ապրեմ առանց պարտականութեան ու առնց յուշերի, ու թող միակ պարտականութիւնս լինի մեռելների հոգու համար աղօթելն ու կենդանիների ողջութիւնն ու առողջութիւնը Քեզնից հայցելը. ու աղօթեմ, որ այլեւս ոչ մի ուրիշ վայր, տնից տուն, քաղաքից քաղաք չեմ թափառի, ու այլեւս յետ չեմ նայի, այլապէս աղի արձան կը դառնամ, թէպէտ հիմա էլ պահակ-արձանիկ եմ, չգիտեմ՝ Դրախտի՞, թէ՞ Դժողքի դռանն կանգնած՝ ահա 33 տարի…

 

6 մեկնաբանություն

Անցնել մեկնաբանելու դաշտին

  1. shat lavn a, siracim dran! hajoqutyun em maxtum, zer hamar, husov em mer dardery verjanan!

  2. You have had enough of this nonsense. Burn aveything and don’t let your conscience bother you. If people valued their property they would either take them when they left or make arangements to be sent later. But not for 33 years.

  3. Սիրելի Շաքէ ջան,
    Ինչպէս միշտ շատ գէղեցիկ էր: Կարդացի լաց ու ծիծաղով:
    Իսկապէս մեր սլայդները չե՞ս գտել,հո չե՞ս թափել 🙂

  4. Այնքան հուզված եմ, Շաքե ջան,որ կարող եմ միայն ամո՜ւր գրկել Քեզ եվ ասել՝ երանի Քեզ նմանները միշտ էլ լինեն մարդկանց, եւ հատկապես գրականությամբ զբաղվող մարդկանց մեջ: Չեմ ասում ՇԱ՜Տ լինեն, որովհետեւ գիտեմ՝ դա անհնար է…
    Ապրե՜ս:

  5. Thank you all

  6. It is time (and well overdue) to leave all behind and move on. Just burn everything and don’t look back.

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի