Մի նոր ծնունդ
Մի նոր ծնունդ՝
լուռ ու անցավ
Երազանքի ճամփաներից աղբյուր առած,
Մարմնավորվա՜ծ…
Ու թեև լուռ,
Սակայն այրող,
Մոխիր դարձնող.
Մի բոցավառ այրող կրակ՝
Իր բոցերն անհայտ թեկուզ:
Մի նոր աշխարհ
չվերծանված գաղտնիքներով,
Պահված թաքուն
վիրապներում անհայտության…
Եթե հանկարծ
Մութ խավար է.
Սիրտս թախծոտ
հեկեկում է երազներիս շիրիմի վրա
Եվ ձեռքերս հեգ, դողդոջուն
Շոշափում են սև պատկերը
մութ գիշերվա…
Լռություն է,
իսկ իմ գլխում` խառնաշփոթ.
Դեգերում է միտքս անհույս
վայրկյաների թևին թառած
Ուղիներում այն անծանոթ,
Որոնց վաղո՜ւց
շատ է ծանոթ
Քո քայլերի արձագանքը…
Մոլորվել եմ շավիղներում
անցած ճամփիդ…
Ա՜խ, թե հանկարծ գայիր հեռվից
նորից մի օր.
Իսկ ես անզուսպ ու սրտատրոփ
Մոտդ գայի սիրատոչոր
Ու փարվեի
քո տաք գրկին,
Եվ այնուհետ
Ժամանակը թող կանգ առներ,
Որ ես հավերժ բնակվեի
քո սիրո տան մի անկյունում…
Կասկածո՞ւմ ես դու իմ սիրույն
Մի ջանացիր փորձել դու ինձ,
Կյանքն անվերջ փորձում է մեզ,
Բացում մեր դեմ ամեն վայրկյան
մի նոր տեսիլ,
Ամեն վայրկյան բերում է բեմ
գաղտնիք մի նոր…
Իսկ ի՞նչու ես փորձել ուզում.
Կասկածո՞ւմ ես դու իմ սիրույն,
Տենչանքիս այն,
որ կրակ է դարձել կիզիչ,
Այրում է խենթ բոցերում իր
սիրտս կարոտ…
Դու չե՞ս լսում հառաչանքս:
Գուցե սա էլ փորձանք է նոր,
Չէ՞ որ կյանքն էլ
մի շարան է փորձանքների…
Իսկ դու երբեք
մի’ ջանացիր փորձել իզուր.
Թե լինես քիչ համբերատար
Ժամանակը քեզ կփաստի, թեև շատ ուշ,
Երբ նշմարես
Կարոտավառ բոցերի մեջ
մոխիր դարձած սիրտս վհատ…
Լռությունս
Ա՜խ, վաղուց է, որ լռել եմ…
Լռությունս՝
Հազար ու մի խոսքեր չասված,
Լռությունս՝
Արձագանքը հին հուշերի երազ դարձած,
Լռությունս՝
Կողմնացույցը վայրկյանների տխուր անցի
Ու քայլերիս տկտկոցը՝
մո՜ւթ, փոթորկուն ճամփաներում:
Լռությունս՝
Հառաչանքը իմ կարոտի,
Հեկեկանքը մենակ, անհույս լուռ պահերի:
Լռությունս՝
Մի գիրք անտիպ՝ երբեք չասված հեքիաթների.
Տառապանքը, անրջանքը,
աղերսը լուռ մենակ սրտիս:
Լռությունս՝
Հավատարիմ բարեկամս, մտերիմս
անլուսնկա գիշերներիս…
Թե իմ սիրտը մի ծով լիներ
Ա՝խ, թե սիրտս մի ծով լիներ,
Ծովի նման ժիր, ալեկոծ…
Նա կպատմեր թափուր ափին
Մի հին հեքիաթ
պահված թաքուն ու դեռ չասված…
Ա՜խ, թե սիրտս մի ծով լիներ,
Իսկ դու անցորդ
ափին թափուր,
Նա կպատմեր հեքիաթը քեզ
Իր մեջ պահած դարեր ի վեր…
Ա՜խ, թե սիրտս մի ծով լիներ,
Էլ այս անգամ չէր դիմանա՝
Ալիքների անզուսպ թափով
կողողեր էությունդ
Ու կգոռար,
թե որքա՜ն շատ,
որքա՜ն երկար սիրել է քեզ…
2 մեկնաբանություն
Գեղեցիկ , շատ գեղեցիկ եք գրում
Hajuyqov kardatsi dzer gortser@. Dzer banasteghtsakan zgatsmunqner@ artahaytum eq sahun yev zgatsakan vojov.