Ջուլիետա Խաչատրյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քեզանից հետո

Քեզանից հետո
ես ապրում էի
ափերիս մեջ մնացած
քո մարմնի բույրով,
քեզանից հետո
ես անջատեցի բոլոր
ժամանակացույցերը
և օդի մեջ սավառնող
հիշողությունների վրա
սկսեցի նվագել
մեղեդին քո պատրանքի,
իմ հայացքը
կարոտում է քո ստվերին
իսկ ոչ մի միստերիա
չի կարող
քո պատրանքից
արարել քեզ:

@@@@@

Ավաղ…
Անիմաստ ու կրկնօրինակ օրերի մեջ
Անզարդարուն ապրել,
Լռել ու լուռ հանդիմանել
Այն հանդիպումները պատահական,
Որոնք ճակատագրեցին մեզ:
Տիրոջ ապտակն է
Այրվում այտերիս:
Ավաղ…
Իմ ավերված մարմնահողմից
Կուրացան այն սիրող աչքերը,
Որոնք հեռուներից
Քո անկանչ սպասումներին հավատարիմ՝
Թախծում էին լիալուսնի գիշերներում:
Անհասցե նամակների պես շպրտված
Բառերը դեկորատիվ,
Դեկորատիվ հայացքները
Չորացան ցրտաշունչ ձմեռից:
Ավաղ…
Վարանոտ ու անհամարձակ
Թրթիռը զգացումների
Մաշված սպիտակեղենի նման
Պատռել էին իրենց դիմակները,
Դիմակները իրական կեցվածքների,
Ու կրկին այրվում է դեմքիս
Ապտակը Տիրոջ ձեռքի,
Տիրոջ ձեռքի:
Ավաղ…
Իմաստությունը իմացության մեջ չէ,
Ոչ էլ խոնարհությունը՝ բնավորության,
Ոչ էլ հանգստությունը՝ խաղաղության,
Ամեն ինչ նախանշում է ճանապարհը,
Ճանապարհի հայելին,
Ճանապարհի ջրի հայելին,
Հայելին ջրի:

@@@@@

Անցորդները մարմիններ են անստվեր՝
Երբ մենակ ես,
Մեղեդին արևից հորդացող
Երեկվա հիշողությունն է,
Փողոցի պատերին գրված հայհոյանքները
Հասցեներն են անտունների,
Փողոցը անապատ է
Երբ մենակ ես,
Երբ հեռու է:
Ոչ մի վերջ անսկիզբ չէ,
Եվ ոչ մի սկիզբ՝ անվերջ,
Դու մնացիր
Քո գծած շրջանակի մեջ
Ու ծածանվող պաստառներին գրեցիր.
«Գնա»:

Թողնել պատասխան

Your email address will not be published.