«

»

Ապր 21 2008

Տպել Գրառում

Վիլյամ Սարոյան | ԴԱՇՆԱՄՈՒՐ

Բնագրից թարգ.՝ Աշոտ Առաքելյան

-Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ,- ասաց Բենը:
-Իսկապե՞ս հուզվում ես: Ինչո՞ւ,- հարցրեց Էմման:
-Չգիտեմ,-ասաց Բենը: – Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ:
-Նվագել գիտե՞ս,- հարցրեց Էմման:
-Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում:
-Իսկ դու ի՞նչ ես անում:
-Կտեսնե’ս,- ասաց Բենը:
Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին: Բենը ժպտում էր, և Էմման նկատելով նրա ժպիտը, ցանկացավ պարզել, թե կարո՞ղ է արդյոք, երբևէ հասկանալ նրան: Ահա այդպես էլ կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է նրան, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել:
Բենը հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին: «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել,- ենթադրեց Էմման,- և սիրում է այդ տիպի երաժշտությունը, ու ամեն անգամ տեսնելով դաշնամուրի ստեղնաշարը կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»:
-Նվագել գիտե՞ս,- դարձյալ հարցրեց Էմման:
Բենն իր շուրջը նայեց: Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին:
-Ո՜չ, չգիտե’մ,- ասաց Բենը:
Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները: Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան: Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար-երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ: Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել:
Բենը մի քանի անգամ մեղմ ակորդ վերցրեց: Ոչ ոք չէր մոտենում նրանց, և Բենը նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի:
Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է:
Բենը ընդամենը կես րոպե նվագեց:
-Հաճելի է հնչում,- ասաց նա՝ նայելով Էմմային:
-Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում,-ասաց Էմման:
-Ես ամենևին ինձ նկատի չունեմ,-ասաց Բենը: -Խոսքս դաշնամուրի մասին է: Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է:
Միջին տարիքի մի վաճառորդ մոտեցավ նրանց:
-Ողջո՜ւյն,-ասաց նա:
-Ողջո՜ւյն,-պատասխանեց Բենը: -Հոյակապ դաշնամուր է:
-Այն շատերին է դուր գալիս,- ասաց վաճառողը: – Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար: Եվ բավականին շատ էլ վաճառում ենք:
-Որքա՞ն է գինը,-հարցրեց Բենը:
-Երկուհարյուր քառասունինն ու հիսուն,-ասաց վաճառողը:
-Որտե՞ղ են պատրաստում,-հարցրեց Բենը:
-Ստույգ չգիտեմ: Կարծեմ՝ Ֆիլադելֆիայում: Կարող եմ պարզել:
-Մի անհանգստացեք,- ասաց Բենը: – Դուք նվագո՞ւմ եք:
-Ո’չ, նվագել չգիտեմ:
Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ուներ մի քիչ նվագելու:
-Խնդրե’մ, դուք կարող էք էլի նվագել,- ասաց նա:
-Ես նվագել չգիտեմ:
-Ես լսում էի, երբ դուք նվագում էիք:
-Մի՞թե դա նվագել է: Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ:
-Ինձ համար հաճելի էր լսել,- ասաց վաճառողը:
-Ինձ համար էլ,- ասաց Էմման: – Որքա՞ն պիտի մուծել առաջին անգամ:
-Մոտ քառասուն-հիսուն դոլար: Դե խնդրեմ,- դարձավ նա Բենին, մի բան էլ նվագեք: Ես ուզում եմ լսել ձեզ:
-Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ,- ասաց Բենը,- ես կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև:
-Էլի, քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի,- փորձեց համոզել վաճառողը:
Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր: Մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե: Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունը ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենը ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով: Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին: Հետո նա դադարեց նվագել ու ոտքի կանգնեց:
-Երանի կարողանայի գնել,-ասաց նա: – Շնորհակալությո՜ւն:
-Խնդրե՜մ,- ասաց վաճառողը:
Նրանք երկուսով դուրս եկան խանութից: Փողոցում Էմման ասաց.
-Իսկ ես ոչինչ չգիտեի այդ մասին:
-Ինչի՞ մասին,- հարցրեց Բենը:
-Քո մասին:
-Իսկ ի՞նչ չգիտեիր:
-Դե… որ դու այդպիսին ես:
-Իմ նախաճաշելու ժամն է,-ասաց Բենը: – Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի:
Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին:
-Որտե՞ղ ես նվագել սովորել,- հարցրեց Էմման:
-Երբեք էլ չեմ սովորել,- ասաց Բենը: – Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել: Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի: Այդպես է փող չունենալը:
Նա նայեց Էմմային ու ժպտաց: Ժպտաց այն նույն ձևով, ինչ ձևով դաշնամուրի մոտ ստեղնաշարին նայելիս: Էմման անչափ շոյված զգաց իրեն:
-Երբ մարդ փող չունի,- ասաց Բենը,- զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի:
-Այո, իսկապես այդպես է,- ասաց Էմման:
-Մի կողմից,- ասաց Բենը,- դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չէ: Իրականում նույնիսկ ահավոր է:
Նա նորից նայեց Էմմային, ինչպես այն անգամ, և Էմման ժպտաց նրան նույն ձևով, ինչ ձևով Բենն էր ժպտում իրեն:
Էմման հասկացավ, որ այդ ամենը սերտ կապ ուներ դաշնամուրի հետ: Բենը կարող էր ժամերով նստել դաշնամուրի առջև: Եվ Էմման դարձյալ անչափ շոյված զգաց իրեն:
Նրանք դուրս եկան ռեստորանից և ոտքով անցան երկու թաղամաս՝ հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման:
-Դե, առա՜յժմ,-ասաց Բենը:
-Ցտեսությո’ւն, Բե՜ն:
Բենը փողոցով վար իջավ, իսկ Էմման մտավ հանրախանութ: Աղջիկը համոզված էր, որ, այսպես թե այնպես, ինչ-որ մի օր Բենը կունենա դաշնամուր, կունենա մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է:

 

Share Button

2 կարծիք

  1. shakeh

    Inchpes mishd Saroian hrashali e. shad lav e nayev targmanootioon. shnorhakalootioon. e-dep, ays dari Saroyanakan dari e, 100 amyak. aveli shad targmanek.

  2. Vard

    Բնական է,որ Սարոյանը ինչպես միշտ անկրկնելի է,թարգմանությունե նույնպես բարձր որակի է,զգացվում է Սարոյանի ոճը:Խնդրում եմ,եթե հնարավոր է ասեք,թե ով է նկարի հեղինակը?

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>