Բանաստեղծ, թատերգակ, բեմադրիչ, գրաքննադատ և ծաղրանկարիչ Գարուշ Հարյանցը ծնվել է 1947 թվին, Ախուրյանի շրջանի (այժմ՝ Շիրակի մարզ) Հացիկ գյուղում: 1966-ին ավարտել է ծննդավայրի միջնակարգը, իսկ 1968-ին Գյումրիի թիվ 4 ուսումնարանը: 1978-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ( այժմ՝ թատրոնի եւ կինոյի) ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։
1977-ին հրատարակել է «Վարդավառ» խորագրով առաջին գիրքը։ 1980-ին լույս է տեսել իր երկրորդ գիրքը՝ «Հրդեհի ծաղիկներ» խորագրով, որը 1991-ին արժանացել է Հայաստանի Գրողների Միության Հովհաննես Շիրազի անվան առաջին մրցանակին։ 1982-ին նա ընտրվել է ՀԳՄ-ի անդամ: 1984-ին տպագրվել է գրողի երրորդ գիրքը՝ «Հայրական ժամանակը», 1986-ին չորրորդը՝ «Եւան ու Աստղինեն, մանկական բանաստեղծություններ»։
Գ. Հարյանցը 1994-ից ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում, ուր էլ 2000թ-ին առանձին գրքով հրատարակել է «Անֆիլադա կամ Անմահության սենեկաշար» պոեմը։ Տաս տարուց ավել՝ անվանի գրողը թղթակցում է Լոս Անջելեսի հայերեն պարբերականներին, գրավոր ու բանավոր ելույթներով եռանդուն մասնակցում գրական-հասարակական կյանքի աշխուժացման գործընթացներին : Գ. Հարյանցի «Հազար եւ մեկ համազարկ» քառյակների հատորը 2009-ին արժանացել է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության Հրանտ եւ Մանուշ Սիմոնյանների սահմանած «Տարվա լավագույն գիրք» մրցանակին: Շուտով լույս կտեսնեն այս բազմաժանր հեղինակի առակների, պատմվածքների, պոեմների գրքերը։
Թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն եւ սլովակերեն։
Նյմ 29 2012
Վերջին մեկնաբանություններ