«

»

Մայ 05 2008

Տպել Գրառում

Սոնա Սերոբյան | ԽԱՉՄԵՐՈՒԿ

Կանաչ. նարնջագույն. Կարմիր: Կանաչ…

– ճանապարհը մերն է, անցանք…
Մեքենաներն ու մարդիկ գալիս են, հասնում խաչմերուկին, երբ կարմիր է, սրտնեղված կանգ են առնում, և անհամբեր սպասում՝ կանաչ լույսին:
Կանաչ լույսը ամենացանկալին է բոլոր խաչմերուկներում. կյանքի խաչմերուկներում՝ նույնպես, որովհետև կանաչ լույսի շնորհիվ խնայվում է ժամանակի թեկուզև մի չնչին հատված: Բոլորը շտապում են հասնել… ո՞ւր, ի՞նչի…
Երբեմն ամայանում են խաչմերուկները: Բայց երբեք չի դադարում կանաչ, նարնջագույն ու կարմիր լույսերի հաջորդական, միապաղաղ առկայծումը:
Իսկ, այս խաչմերուկում, ուր մտամոլոր կանգնած է միջին հասակով, երկար մազերով մի աղջնակ, լույսը հարատևորեն կարմիր է, և չգիտես օրենքի ալգերքը խորհրդանշող իր գույնով՝ չարախնդում է աղջկան…
Աղջկա հագին ցնցոտիներ են, ոտքերին քրքրված մեծ չափի հնոտիներ, որոնց հազիվ թե կարելի լինի կոշիկ անվանել: Նրա պարզ ու ջինջ աչքերի փայլը, որ մի օր երջանկացնում էր ոմանց, հիմա սառն է, խամրած ու սպասողական: Ինքն էլ գիտի, որ դարձել է անճանաչելի՝ ծանոթ ու անծանոթ մարդկանց արհամարհարական ու վանողական հայացքների թիրախ:
Ուզում է լաց լինել. արցունք չկա… Ուզում է գոռալ. ձայնը դուրս չի գալիս… Ուզում է փախչել. Բայց ո՞ւր…
-Նայի՛ր աջ,- հուշեց կանացի մի ձայն քրքրջալով,- երևի ծաղրում էր:
Աղջիկը հուսահատ նայեց աջ կողմի ցուցանակին ու փորձեց կարդալ շատ մանր, օտար տառերով գրված բառերը: Ոչինչ չհասկանալով՝ հայացքն ակամայից շրջեց ձախ. նույն բառերն էին, այս անգամ ավելի խոշոր տառերով:
-Նայի՛ր այս կողմ,- ետևից հուշեց մանկական քնքուշ ծիծաղ հիշեցնող մի այլ ձայն:
Աղջիկը արագ շրջվեց: Նորից նույնը, բայց այս մեկը տարբերվում էր նախորդ երկու ցուցանակներից միայն իր գույնով: Չորորդ ուղղությամբ երևացող ցուցանակին նշմարվում էին նույն անհասկանալի տառերը՝ աննկարագրելիորեն մեծ:
Աղջկա ծնկները ծալվեցին վշտից ու հուսահատությունից: Նստեց գետնին ու տխրամած սկսեց մտածել. «Այս ո՞ւր եմ եկել , ի՞նչ խաչմերուկ է սա, ո՞վ եմ վերջապես…»:
Եվ հանկարծ շուրջը ամեն բան քարացավ: Չէին շարժվում մարդիկ, մեքե-նաները, թռչունները, նույնիսկ մեղմ քամուց օրորվող տերևները: Տիրում էր գերեզ-մանային խուլ, սահմռկեցուցիչ լռություն: «Այ, թե ինչո՞ւ չի փոխվում կարմիր լույսը», գյուտ արածի պես մտածեց նա ու մի պահ տարակուսեց. գուցե դա կարմիր էր լոկ իր համար…
Աղջիկը թախծալից հայացքը աղերսագին հառեց լուսանշանին: Եվ, ո՜վ զար-մանք, հանկարծ լույսը փոխվեց, նախ դարձավ նարնջագույն, ոէին անմիջապես հաջորդեց կանաչը: Չորս կողմից լսվեցին ճիչեր, լացի ու ծիծաղի ձայն, կիսատ բառեր ու բացականչություններ: Մարդիկ ու մեքենաները սկսեցին շարժվել, սլանալ այս ու այն կողմ… Ժխորը հասավ իր գագաթնակետին: Բոլորը բղավում էին, ոռնում էին մեքենաների շչակները, մարդիկ շտապում էին, հրմշտում՝ աղջկան…
Հիմա աղջիկը երազում էր անդորր ու խաղաղություն, որը նրան կարող էր պարգևել լոկ կարմիր լույսը… «Ինչ է, պիտի հավերժ ցցվա՞ծ մնամ այստեղ», տխուր խորհեց նա, և այդ իրարանցումի ու ժխորի մեջ լսեց իր փոքրիկ սրտի բաբախյունը. Զգում էր, որ սիրտը ուր որ է դուրս կթռչի կրծքավանդակից… Աղջկա հոգու խորքում խլրտաց ինչ-որ մոռացված, թանկագին հուշի մի պատառիկ, ակամայից վերհիշեց իր անցած կյանքի երջանիկ ու տխուր պահերը, ուրախ ու անհոգ մանկությունը, իր սիրելիներին, որոնց նա չգիտակցելով, երբեմն, ցավ էր պատճառել… Մտաբերեց իրենց տունն ու այգին, զգաց արևից ոսկեգույն դարձած ծիրանի անուշ հոտը, կարմրաթուշ խնձորի անմահական համը, ծաղիկների արբեցնող բուրմունքը, անձրևից հետո, թռչունների կախարդական դայլայլով լցված՝ օդի տամուկ թարմությունը: Մտովի փարվեց երկնի լազուրում, գեղեցիկ պատկերների պատրանք պարգևող՝ սպիտակ ամպերի քուլաներին: Նրա խոշոր աչքերից սկսեցին հոսել արցունքի բյուրեղյա կաթիլներ: Եվ նա իրեն զգաց երջանիկ… երբևէ չէր ունեցել նման զգացողություն: «Ինչպե՞ս չէի նկատել ու ըմբոշխնել այդ բոլորից առթած, երջանկությունը, ի՞նչպես չէի սիրել, ի՞նչ եմ որոնում այս խաչմերուկում…»:
Արցունքներն անդադար հոսում ու մաքրում էին աղջկա երեսի փոշին ու մուրը, նրա ողջ էությունը: Նրա թրջված, բարակ թարթիչների բացվածքից նայող աչքերն, հիմա, ջինջ ու մաքուր էին, չկար նախկին խամրած արտահայտությունը. նրանց խորքում արտացոլվել էր կանաչ լույսը… Աղջիկը մի անգամ ևս նայեց արտառոց ու խորթ ցուցանակներին ու ասես, կտրվեց գետնից, սկսեց բարձրանալ, բարձրանալ ու անէանալ… Այստեղ անհուն, մաքրամաքուր տարածություններ էին, առանց խաչմերուկների ու ցուցանակների, առանց առօրեական, կեղեքիչ աղմուկ-աղաղակի…
Իսկ ներքևում, ասես երազում, շարունակում էին համառորեն առկայծել լույսերը.
Կանաչ. նարնջագույն. կարմիր: Կանաչ…
– Ճանապարհը մերն է, անցանք…

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>