Տեսիլք
Մի լուսեղեն ու սպիտակ ձեռք սևմութ խավարի միջից
Հառնեց հոգուս երկնքում, հրե սիրտս թրթռաց.
Նա լուռ հանեց հուր-արյունով լցված սիրտս հնոցից,
Ճզմեց ճերմակ իր բռի մեջ, կրակ-արյունը ցոլաց:
Եվ այդ պահին մի զույգ ագահ ձեռք պարզվեց արյան տակ,
Սրտիս հուրը ծորալով ու ցոլալով ալ մահից,
Կաթիլ-կաթիլ քամվելով, հորդ, ինչպես վարար գետակ`
Լցվեց ձեռքի մեջ ագահ, արյունառուշտ, ժանտալից:
Համր ճիչով հրճվանքի հրեշն ուրախ կռնչաց,
Քաշեց ձեռքերն արյունոտ, և շուրթերով ճաքճքած
Մահու չափ լուռ ու դանդաղ խմեց հեղուկը կենաց,
Լուսե ձեռքը չքացավ, մեռած սիրտս ընկավ ցած:
Սև խավարը խտացավ, թանձրացավ, կարմրեց,
Ու իր հոգում մնացած սոսկ մի կաթիլ արյունից
Սիրտս հարություն առավ, արևվեց ու համբարձվեց,
Իսկ հրեշը շանթահար սատակեց կյանքի լույսից:
Մահ
Հրեշը մոտեցավ լուռ, դանդաղ քայլքով դոփելով,
Սիրտս վախից կծկվեց, համր ճչաց նա անզոր.
Ալ արյունս կենսատու բռնկվեց հրով բոսոր.
Դևը գալիս էր դեպ ինձ արյան հոտից հարբելով:
Սոսկումը ծանր, հսկա քարացավ խավարի մեջ,
Ու ցավ ստեղծվեց քաոսից. տառապանքով էր օծված,
Հողմ էր, մրրիկ երկնքում, մորմոքի անքութ հարված,
Մոլեգնող ձմռան քամի, տերևաթափ էր անվերջ:
Վիշապն անշտապ վարգով ձիավարում էր առաջ…
Նժույգը սև, հրեղեն աշնան մտրակն էր բքոտ,
Ու բռունցքը իր հսկա՝ ամեհի մական բրդոտ,
Իմ դեմք՝ սև, մարմարե, հոգումս՝ վշտի հառաչ:
Թփրտում էր սիրտս խեղճ հուսահատված ու տկար,
Բայց չէր կարող նա փախչել. գամված էր խաչի վրա
Խոլ լռության մեջ, մենակ, իսկ երազանքը նրա՝
Սառած հեքիաթ բքաշունչ, պարտված ոգի մռայլ:
Ու հասավ հրեշը ինձ. Խավարը սառցակալեց,
Թևաբեկ սիրտս տրտում արցունքաշաղախ շնչով
Մռնչում էր իր հոգում: Հրեշը դժնի ձեռքով
Ծվատում էր անմռունչ սիրտս՝ ցավից մահամերձ:
4 մեկնաբանություն
Անցնել մեկնաբանելու դաշտին
Հիանալի ես գրում , քեզ լավագույն մաղթանքներս եմ հղում
Come on!!!!!!!!!!!
Es Shaken shat banimacn a erevoum! Lav chhaskastm ed come on!!!!!!!!!-i mitky.
Siranooshy hrashali a groum.Haskacox a petk…..
“Death” is extremely beautifull!!!