Մելանի | ԴՈՒ ԵՎ ԵՍ

Լուռ երազանք

Ա՜խ, որքա՜ն եմ լուռ երազել
Գիշերներիս՝ աստղեր շողուն,
Եվ արեգակ՝
մութ երկնքում ցերեկներիս…
Գիտե՞ս ինչ է՝ քայլել մթնում
առանց ճրագ,
առանց հենակ.
Անհառաչանք…
Գիտե՞ս ինչ է՝ բոցերի մեջ սիրո այրվել,
մոխիր դառնալ,
հետո ժպտալ
Անհոգ, խաղաղ…
Դու չգիտե՛ս,
Ա՜խ չգիտես,
Քանզի վաղուց դու լողում ես
Երջանկության անափ ծովում.
Դու չգիտե՛ս,
Դու չես լսո՛ւմ
Այրվող սրտիս աղաղակը…
Ավա՜ղ, վաղո՜ւց հեռացել ես…

 

Միայնության անապատում

Շուրջս անծի՜ր, լուռ անապատ…
Դեգերում եմ աննպատակ ու չգիտեմ
Ո՞ւր է կորել օվազիսը երազներիս:
Իսկ գլխիս մեջ՝ շռնդալից
բյուր ձայների խառնաշփոթ…
Հայացքս հառած հորիզոնին անհայտության,
Մնացել եմ շվար, մոլոր…
Լոկ քայլերս հոգնած, անզոր
Զուր փորձում են
Ազատել ինձ անապատի այս թակարդից…
Որքա՜ն լուռ է անապատը,
Որքա՜ն խուլ է անապատը,
Որքա՜ն դաժան…
-Անցնել է պետք…

 

Դու և ես

Դու՝ մի երազ,
Ես՝ երազի թևին թառած,
Դու՝ մի հեքիաթ,
Ես՝ մի մանուկ
Հեքիաթների պարզ աշխարհում
տունս գտած…
Դու՝ քնքույշ վարդ գարնանային,
Ես՝ բուրմունքից նրա արբած…
Դու՝ կապուտակ անամպ երկինք,
Ես քո սրտից թևեր առած
Դեպի երկինք ճախրող թռչնակ.
Դու՝ վառ գարնան մի հրապույր,
Ես՝ հմայված գարնան գերի…
Դու՝ մի ճամփա կանչո՜ղ, տանո՜ղ
Ես՝ մի անցորդ.
Դու՝ մի աշխարհ լի հմայքով, երազանքով,
Չկարդացված մի սիրավեպ.
Ես՝ մի փոքրիկ, փոքրիկ ածու,
Որ սիրատենչ
թոթովում եմ սիրո բառեր…
Դու՝ քո ճամփան վաղուց գտած,
Ես՝ քո դարձին կարոտ, վհատ
Դեռ լողում եմ երազներում…

 

Ես այս գիշեր

Ես այս գիշեր խենթ եմ դառել
Ծով մտքերիս մոլորակում.
Սերս այրող բոց է դառել,
Երգս վաղո՜ւց անմիտ ու լուռ.
Բոց կարոտից սիրտս այրված՝
Խենթի նման՝
Մերթ անտարբեր,
Մերթ անհամբեր,
Գլուխս առած ափերիս մեջ
Սլանում եմ ուղիներում
մութ, հոգեսպառ…
Ես այս գիշեր խենթի նման
Աղմկում եմ փողոցներում՝
Մութ գիշերվա գրկին փարված.
Եվ երգում եմ՝
Մենությունս..

 

2 comments

    • Tigran on 8 Սեպտեմբերի, 2008 at 5:15 ե.
    • Reply

    Voxjuyn Melani 🙂 Tigna armsoulic, evs mek erkrpaguov hamalreci qo arvesti erkrpaguneri sharq@.
    Iroq indz shat en dur galis qo banastexcutyunner@.

    • Մելանի on 10 Սեպտեմբերի, 2008 at 1:37 ե.
    • Reply

    Ողջույն Տիգ ջան շնորհակալ եմ սիրելիս: Այնքան եմ ուրախանում երբ կարդում եմ այս գեղեցիկ խոսքերը: Իրոք այս բառերը ջերմությամբ են լցնում սիրտս:

Թողնել պատասխան

Your email address will not be published.