Շանթ Բաղրամյան | a, b, g …

Ավետիս պապը նստել էր իր պես հին ու տանջված աթոռին։ Իսկ ես ջանում էի նրա շուրջ համախմբել իր երեք տղաներին, հարսներին ու տասնյակ թոռներին բոլորին մեկտեղ լուսանկարելու համար։Ֆախուրյանները աշխատանքային օրվա ընթացքում դժվար են հավաքվում։

Այս նահապետական բազմանդամ գերդաստանը ապրում է մի մեծ բակում կառուցված երեք միհարկանի շենքերում, յուրաքանչյուրը հատկացված մեկ ընտանիքի. իսկ միայնակ մնացած Ավետիս պապը բնակվում է ավագ որդու տանը երևի այն պարզ պատճառով որ ավագ որդու տան տնամերձ տարածքում դրված է ընկուզենու փայտից իր սիրած կնճռոտ, հսկա սեղանը:
«Սալոնիկը առեղծվածային նավահանգիստ է, խաղաղ թիկնած Եգեյան ծովի ափին։ Հազարամյակների ընթացքին ծովի կապույտը ներխուժել է նաև Սալոնիկից ներս: Գործածված շինանյութերը ինչ-որ ծովագույն երանգ ունեն, անգամ մարդիկ էլ ինձ կապույտ են թվում: Այստեղ, առհասարակ ժպտադեմ են ու մտերմիկ, իսկ «բարի երեկոն» (kalhpsera)անպակաս է նրանց շրթերից»։
Միշտ մեծ հաճույքով եմ ընթերցել Սալոնիկից հղված էլեկտրոնային նամակները։ Դրանց շնորհիվ արդեն շատ բան գիտեմ այս հունական նավահանգստի մասին։ Գիտեմ, որ Աթենքից հետո Սալոնիկը համարվում է Հունաստանի առևտրա-արտադրական երկրորդ խոշոր կենտրոնը: Իսկ նավաշինության ու նավանորոգման բնագավառում Եւրոպայում հայտնի անուն է։ Նաև գիտեմ, որ Սալոնիկը հիմնվել է մ.թ.ա. 315- ին Մակեդոնացի թագավոր Կասանդրոսսի ձեռքով։
— Խնդրում եմ եկեք , տղանե՛ր, աղջիկնե՛ր… Եկե՛ք, հավաքվե՛ք Ավետ պապիկի շուրջը, լուսանկարվենք ընտանիքով միասին։ Ախր, ուզում եմ մի հիշատակ ունենալ Քաղցրաշենի իմ քաղցր հարազատներից… Գալիս են, կամաց-կամաց հավաքվում են տղաները, հարսներն ու թոռները։ Իսկ նրանց միջով վազելով հայտնվում է սևաչյա փոքրիկ Սաթենիկը ու տեղավորվում Ավետ պապի գրկում, ընդ-որում իր սև աչքերը սկսում են փայլել անմիջապես: Ասես, իր սև աչքերի փայլով հուշում է ինձ, թե շտապի՛ր, լուսանկարի՛ր ինձ ու պապիկիս։
Երկու օր է՝ Երևանից հասել եմ Քաղցրաշեն գյուղը։ Ճանապարհը ինչպես նախատեսել էի, դյուրին չէր, սակայն այս հանգրվանը, իրոք, դրախտ է։ Երկու օր է ճաշին, թե ընթրիքին հավաքվում ենք ընկուզենուց պատրաստած պատկառելի սեղանի շուրջն ու վայելում տիպիկ գյուղական համադամ ուտելիքները, թոնրում պատրաստված հացն ու խորովածը։
«Բյուզանանդիայի տիրակալության ժամանակ, Սալոնիկը, Կոստանդնուպոլսից հետո ամենանշանավոր քաղաքն է եղել տարածաշրջանում։ Հետաքրքիր է, չէ՞, էլի երկրորդ նշանավորը, այն ժամանակ Կ. Պոլիսն էր առաջնակարգը, հիմա Աթենքն է։ Ես երբևէ չէի ուզի Սալոնիկի նման լինել՝ երկրորդական …Ես շատ եմ սիրում լինել առաջինը»։
Սալոնիկի մասին այնքան եմ կարդացել համացանցային նամակների միջոցով, որ կարծես ես էլ մաս եմ կազմել Սալոնիկի հայ համայնքին, որը կազմավորվել է 9-ից 10-րդ դարերին և հետագային վերահաստատվել 19-րդ դարում: Ինչ արած, այդ վայրը մի տեսակ հոգեհարազատ է ինձ:
Առաջին հանդիպումս Ավետիս պապի հետ հետաքրքիր էր։ Ֆախուրյան ընտանիքի ավագ տղայի հետ քայլում էինք պատմական բակում. նա պատմում էր գյուղի դպրոցի մասին, որտեղ որոշել էր առաջիկա սեպտեմբերից դասավանդել երկրաչափություն: Խոսելով մոտեցանք տան շեմին, ուր նստած էր Ավետիս պապը, ընկուզենու սեղանին կից իր հին աթոռին։
Ինձ ծանոթացրին Ավետիս պապին ասելով, որ եկել եմ հեռու Իրանից և ասես պարզաբանելու համար, թե որտեղ է Իրանը, ավագ որդին բարձր ձայնով դիմեց հորը.«Պապ ջան քո ծծնդավայրից է եկել մեր հյուրը»: Ես անմիջապես մոտեցա ընտանիքի նահապետին ողջունելու համար։ Ավետիս պապը հայացքով ինձ չափեց ոտից-գլուխ և երկդիմի բարևելուց հետո ասաց. «Տղա ջա՛ն, մի երկու բառ պարսկերեն խոսիր, տեսնեմ ինչ են ասում սրանք»։
Նայում եմ 46 թվականին ներգաղթած ընտանիքի պետին: Մի պահ երևակայությանս պաստառի վրա մտապատկերվում է նրա անցած կյանքի ուղին ու ակամա հիշում եմ Ֆերդոսու այս տողը «Այսպես է կարգն աշխարհի, մերթ հեծվոր ես, մերթ հեծնված»։
Թե ինչը դրդեց ինձ պարսկերենով արտաբերելու այս բառերը, չգիտեմ: Գուցե դրա շարժառիթը, հայրենադարձ իրանահայի խորշոմապատ դեմքի վրա դաջված՝ տառապանքի դրոշմն էր, նրա անցած դժվարին կյանքի ոդիսականը: Անկասկած մի օր, ոչ շատ հեռու, Ավետիս պապն էլ իր կամքն էր թելադրել… կյանքին: Դրա լավագույն փաստը այս մեծ բակն է, այս երեք շինությունները, մեկ հեկտար երկրագործական հողակտորը, մի քանի զույգ ընտանի անասունները և այս մեծ գերդաստանը, որոնք վկայում են նրա կենսասիրության ու կամքի մասին։
«Սալոնիկր, 1912-13 թվակաների Բալկանյան պատերազմներից հետո, վերջնականապես մտնում է Յունաստանի տիրապետության տակ: Սալոնիկր, իրոք, պատմա-մշակութային քաղաք է, հելենիստական շրջանի վառ ապացույցը, բայց ես ավելի շատ սիրում եմ նրա այսօրը։ Կենդանի քաղաք է, կապույտ, երազային։ Գիտե՞ս, երբ մի քիչ սրտնեղված ես ու կարոտած, անմիջապես վազիր Թերմայիկոս ծոցի ափն ու խորասուզվիր նրա կապույտում»…
Քաղցրաշենում ես շատ զարմացա, երբ տեսա արագիլների ճախրանքը, տեսա, թե ինչպես են հերկում հողը: Թե ինչպիսի հրաշք բերք է Փարվանա (թիթեռ) կոչվող խաղողը, թե ինչպես են առավոտ ծեգին արթնանում առանց ժամացույցի օգնության, տեսա ու զարմացա, թե ո՞նց են ապրում առանց համակարգչի գոյության… Անգամ զարմանքով հայտնաբերեցի, որ Ավետիս պապի, ավագ զավակի տան թախչային, Խայամ է դրված ու նշմարեցի, որ հին ընկուզենու լայնադիր բնին ծուռումուռ տաշել են “a, b, g” (ալՖա,բեթա, գամմա)…
Ավետիս պապը շատ էլ չհավանեց Ֆերդոսու տողերը ու քթի տակ մրթմրթաց, թե սա ի՞նչ պարսկերեն է: Իսկ ավագ որդին ծիծաղեց ու ասաց. «Հեր ջան, մոռացել ես, չէ՞ որ մի կես դար ա չես խոսել էդ լեզվով»… Ավետիս պապը աչքերը խոժոռեց հանդուգն որդու վրա ու հարձակողական պատասխանեց. «Պարսկերեն լեզուն իմ նամուսն ա, մարդ էդ չի մոռանա»: Հետո էլ բարձրաձայն արտասանեց Խայամից մի երկտող՝ «Վերջը, լսի՛ր, թե ինչ տարանք աշխարհից…»:
«Այսօր համալսարանում, դասական գրականության ժամին, վերլուծեցինք Հոմերոսի Իլիականի վերջին երկը՝ Հեկտորի հուղարկավորությունը։ Երբ ողջ Տրոյը արտասվում էր ու իր փայփայած հերոսին հողին հանձնում, ես էլ արտասվեցի …Գիտե՞ք, հիշեցի Ավետիս Պապին, որ ասում էր «Վերջը, լսի՛ր, թե ինչ տարանք աշխարհից, Հողից ելանք ու հողմերը մեզ տարան»։
Սա վերջին նամակն էր Սալոնիկից…
Արդեն բոլորը հավաքվել են Ավետիս պապի շուրջն ու տեղավորվել ընկուզենու փայտից պատրաստված սեղանի ետևը. բոլոր ժպտում ու սպասում են, որ նրանց շրջանակեմ լուսանկարում, որպեսզի մի լավ հուշ մնա Քաղցրաշենի քաղցր հարազատներից…
-Շատ լա՜վ ա,- բացականչում եմ ես,- Պատրա՜ստ, մեկ, երկու…
Վստահանալու համար,որ ամեն բան տեղը տեղին է մի անգամ էլ ուշադիր նայում եմ ֆոտոխցիկի անցքով Ֆախուրյան ընտանիքին…
Պաղ քրտինք է պատում մարմինս.
Ֆոտոխցիկի անցքից չեն երևում Ավետիս պապն ու նրա գրկում նստած սևաչյա թոռնուհին՝ Աաթենիկը…

2 comments

    • lusine Baghramian on 31 Մարտի, 2009 at 6:31 ե.
    • Reply

    It’s ok.Everything is real & clear.
    It’s our life,my life,your life…
    Is it possible we are relatives?Please reply if you want.
    Բաղրամյաններն այնքան էլ շատ չեն
    այս փոքրիկ երկրագնդի վրա.

  1. Շնորհակալ եմ..շնորհակալ եմ իմ պապիկի և գերդաստանի անունից հարգարժան Շանթ…կարծես երեկ լիներ շատ լավ եմ հիշում ձեր այցելությունը ջերմությամբ լի, երբ ամենևին պատահական համացանցում կարդացի այս անակնկալ հոդվածը՝ ես ուղղակի մանկացա, վերադարձա մանկություն… Շնորհակալ եմ

Թողնել պատասխան

Your email address will not be published.