«

»

Օգս 06 2008

Տպել Գրառում

ՈՉ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍԵՐ

Երանուհի Ղանդիլյան

…Շենքերի ջրհորդաններով ծորում էին քաղաքի լույսերը։ Արդեն կեսգիշեր էր, բայց փողոցները դեռ մարդաշատ էին։ Սրճարանները լի էին այցելուներով։ Գալիս էին զույգերով, գալիս էին խմբերով, ահել, ջահել բոլորը զբոսնում էին, կարծես չծրագրված տոնախմբություն լիներ….
Հանկարծ քամին մեկեն վեր բարձրացավ, հավաքեց փողոցի աղբն ու փոշին և վայրենի պտույտներ գործելով շպրտեց մարդկանց վրա, հանկարծակիի բերելով կիսաշրջազգեստ հագած աղջիկների մի խմբի, ովքեր շտապով կուչ եկան և հավաքեցին բազմածալ փեշերը։
Փողոցից ձախ ձգվում էր այգին, գունաթափ նստարանններով, փոքրիկ ցայտաղբյուրներով, և կիսագրկած զույգերով։ Նստարաններից մեկի ծայրին նստած էր Նա և աչքերը հառած մի կետի սպասում էր։ Գեղեցիկ էին աչքերը՝ մեծ, շագանա¬կագույն… երկու անհուն տիեզերքներ…
Հանկարծ Նա հեռվից նշմարեց ծանոթ կազմվածքը և ժպտաց։ Շտապով ուղղեց փիրուզագույն, առանց այդ էլ անթերի զգեստը։
-Բարև արքայադուստր,- շշնջաց տղան, համբուրելով այտը։ Նա չպատասխանեց և գլուխը նեղացած թեքեց մյուս կողմ, փոքր երեխայի նման ուռեցնելով շուրթերը։
-Ներիր, սիրելիս։ Ներիր, որ ուշացա։ Դու գիտես, թե որքան դժվար է մարդկանց….
-Սարսափելի չէ… ընդամենը 40 րոպե։ Իսկ ես հիմարի նման քեզ եմ սպասում,- պատասխանեց Նա շտկելով ալիքաձև, սև մազերը։
-Դե, ներիր, սիրունիկս, չէ՞ որ ես քեզ անչափ շատ եմ սիրում։ Ես դեռ չեմ ասել, թե դու որքան հմայիչ ես այսօր, այս փիրուզագույնը քեզ շատ է սազում, կարծես հենց նոր ծովի փրփուրներից ծնված Աֆրոդիտեն լինես։
-Հիմարիկ,- ժպտաց նա, արցունքոտ աչքերը կլորացնելով։
Այդ պահին մի զույգ անցավ տարօրինակ ու մի տեսակ զզվելի հայացք նետելով
նրանց վրա։ Քմծիծաղեցին ու անցան։
-Դե, ու՞ր ենք գնում, իմ տիեզերք,- հարցրեց տղան։
-Այս դիմացի սրճարանում համեմատաբար խաղաղ է, արի գնանք այնտեղ,- պատասխանեց Նա։
-Ինչպես կկամենաս աստվածուհիս,- ասաց տղան, թևանցուկ անելով՝ միասին շարժվեցին դեպի դիմացի սրճարանը։
Սրճարանում բավականին շոգ էր, օդափոխիչը չէր աշխատում, և քրտինքի ու ծխախոտի հոտերով հագեցած օդը անտարբեր թափառում էր մարդկանց գլավերևում։
-Նստենք այն անկյունի սեղանի մոտ,- ասաց տղան բղավելով, քանի որ սրահում թնդում էր բարձր և որպես կանոն անճաշակ երաժշտությունը։ Տղան գրկեց նրա մեջքը և միասին շարժվեցին նշված ուղղությամբ։
Այդ սեղանի մոտ նստած էր ևս մի զույգ, մի հաստամարմին օրիորդ և հյուծված երիտասարդ, որի ոսկրոտ դաստակը հանգչում էր այդ հաստամարմին օրիորդի պարարտ ուսին, իսկ դուրս ցցված, հիվանդոտ աչքերը ստեպ-ստեպ նայում էին դռանը։ Սեղանին դրված էին գարեջրի շշեր, իսկ անկյունում դրված մոխրամանը լի էր ծխախոտի մնացորդներով։ Հաստամարմին օրիորդը բերանի մի անկյունում հարմարացնելով հերթական ծխախոտը, ձեռքով ցույց տվեց մոտեցող զույգին և լկտիաբար ժպտաց, ցուցադրելով դեղնած ատամները։ Հյուծված երիտասարդը հայացքը ուղղեց նշված ուղղությամբ, անտարբեր ժպտաց, ցույց տալու համար, թե իրեն հետաքրքիր է օրիորդի ասածը և ձեռքը թաղեց նրա բազմածալ պարանոցի ծալքեից մեկի մեջ։ Այս երկուսը զզվանքով նայեցին իրենց մոտեցող զույգին, որոնցից մեկը փիրուզագույն էր…
Նա ուշադրություն չդարձնեով այդ հայացքներին մոտեցավ և նստեց սեղանի անկյունում…
-Դե, Ի՞նչ վերցնենք, – հարցրեց տղան։
-Ես ընկույզով շոկոլադե պաղպաղակ եմ ուզում։
-Դե, այդ դեպքում ես էլ մի որևէ զովացուցիչ հյութ կխմեմ։ Հիմա մատուցողին
կկանչեմ։ Սակայն տղան երկար ժամանակ չէր կարողանում գրավել մատուցողի ուշադրությունը, և Նրանք համբերատար սպասում էին։
Այդ պահին Նրանց կողքին նստած հյուծված երիտասարդը ոսկրոտ ձեռքը բարձրացրեց վեր և թափահարելով կանչեց մատուցողին։ Վերջինս, երաժշտության տակտերին համապատասխան շարժելով գլուխը մոտենում էր, իսկ ձեռքի հաստ ստվարաթղթից, կարմիր գույնի ճաշացանկը անօգնական ճոճվում էր օդում։ Նա մոտեցավ հաստամարմին օրիորդ և հյուծված երիտասարդ զույգին։ Երիտասարդը ինչ-որ բան ասաց մատուցողի ականջին, և ի հավելումն նրա ասածներին օրիորդը շարժեց պարարտ վիզը, մատնացույց անելով Նրանց կողմը։
Մատուցողը գլխով արեց, զզվանքով ժպտաց և… և հաստ ստվարաթղթից, կարմիր գույնի ճաշացանկը ուժեղ հարվածեց սեղանին, հետո զզվանքով բարձրացրեց այն, քմծիծաղեց և ձեռքի անձեռոցիկով մաքրեց սեղանը…երկու ճանճերից, որոնցից մեկը Նա էր, փիրուզագույն թևերով…

 

Share Button

1 կարծիք

  1. Հըր

    Ինձ մոտ դեժավյու էր… շատ կենդանի է գրված, սրտխփոցի աստիճան, բայց ճանճի պահը ուղակի մի քիչ դաժան թվաց… ու գուցե տհաճության այդքան խորը նկարագրումը կարելի՞ էր խուսափել: Կապիկն ել է մարդ, ի՞նչ անես:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>