Գնել Խաչատրյան | ՄԱՍՐԵՆԻՆ ՈՒ ԲՈՒՆ

Մասրենու պատկերը նույնն էր…

Վաղը Բուն կհաշվի, որ տասնհինգ տարի է անցել իրենց վերջին հանդիպումից, և կզարմանա, որ ժամանակը աննկատ է անցել Մասրենու կողքով։ Միգուցե կփորձի մտաբերել դեմքի կամ աչքերի մեջ ծերության նշաններ՝ փարատելու զարմանքը։ Սակայն Բուն, ինչպես տղամարդկանց մեծ մասը, մանրակրկիտությամբ չի փայլում, որով և կդադարեցնի իր մտավարժանքը։
Գուցե Մասրենին այն Մասրենին չէ, այլապես ինչպես կարող էր նույնը մնալ, երբ Բուի կյանքում այդքան շատ բան է փոխվել։ Բուն կփորձի մտաբերել սեփական պատկերը տասնհինգ տարի առաջ, սակայն միայն կցկտուր, մոխրագույն ու ինչ-որ անկարևոր, անբովանդակ պատկերներ կհայտնվեն։ Նա կվերապրի Մասրենուն և այլոց, բայց ոչ երբեք իր սեփական պատկերը։ Արդյոք ինքը փոխվե՞լ է, թե” նորից նույնն է. անշուշտ պետք է, որ փոխված լինի։ ժամանակն իր կողքով աննկատ չի անցել. այդ են վկայում բազում նորությունները, ձեռքբերումները եվ կորուստները։ Սակայն այդ ամենն իրենից դուրս է, եվ չի կարող հիմավորել սեփական փոփոխությունը։ Մասրենին հավանաբար ճիշտ պատասխան կտար. Բուն վստահ էր, որ Մասրենու հիշողություններում իր պատկերը այնպայման կգտնվեր, այլապես եթե ոչ Մասրենին, ապա էլ ով պիտի մտաբերեր իրեն։ Ցավոք, Մասրենին իրենց հաջորդ հանդիպման և ոչ էլ իր գտնվելու վայրի մասին ոչինչ չասաց։ Գուցե փնտրտուքն այնքան երկար ձգվի, որ Բուն մոռանա հարցի մասին։ Եվ միթե իր փոխվել կամ չփոխվելը որևէ կարևորություն ունի, հատկապես,երբ խոսքը երկար սպասված հանդիպման մասին է;
Բուն շարունակեց քչփորել հիշողությունը։ Զարմանալիորեն Մասրենու պատկերը ընդամենը մի պահ, մի վայրկյան էր հայտնվում նրան. այնպես, որ եթե նկարահաներ, այդ բոլորից կստացվեր մի քանի վայրկյանանոց տեսաերիզ։ Այնինչ այդ պատառիկները սփռված էին քսան երկար տարիների մեջ։ Սկզբում Բուն խղճի խայթ զգաց՝ Մասրենու մասին կցկտուր հիշողության համար։ Այն պետք է որ շատ ավելին լիներ, եվ իր տարողությամբ՝ համեմատելի քսան տարվա հետ; Չէ որ նա անընդհատ կողքին էր։ Հանկարծ Բուն հասկացավ, որ Մասրենին միշտ էլ նույնն է եղել և երեսունհինգ տարի առաջ, և քսանհինգ, և տասնհինգ (երբ վերջին անգամ հանդիպեց նրան), և երեկ։ Գուցե մասրենիները գտել են անմահության գաղտնիքը։ Բուն միանգամից հրաժարվեց այդ վարկածից. անմահությունը խիստ ձանձրալի է՝ այն ձգտելու համար։
Թույլ հիշողության պատճառը անշուշտ իր աչքերն են, որոնք ընդունակ են պարզորոշ տեսնել մթում և չտեսնել վառ լույսի տակ։ Ուղեղով սառսուռ անցավ։ Քանի որ Մասրենուն տեսնում էր միայն մթում՝ պատկերը տեղափոխելով ուղեղի խավար ծալքեր, ուստի ինքն ի վիճակի էր վերհիշել Մասրենու միայն մթության մեջ ապրող պատկերը։ Այժմ պարզ էր, որ Մասրենու պատկերը փոխվում էր, երբ լույս էր; ինքն այդ նկատել չէր կարող;
Բուն պատրաստ էր «Էվրիկա» գոչել, սակայն բազում նոր հարցեր պարուրեցին նրա մտքերը։ Մի թե բոլոր պատկերները մթության մեջ անփոփոխ են…
Հարցերը Բուից խլեցին հայտնագործության բերկրանքը։ Նա լուծում էր դրանք,նորից ստեղծում… Բայց հանդիպեցին հարցեր, որոնք ինքը չէր ստեղծել և որոնց պատասխանները իրեն բերկրանք չէին բերի։ Այդ հարցերը մի պահ նրան շեղեցին Մասրենու հետ հանդիպման բերկրանքը վերապրելուց։ Կարևորը՝ նա տեսավ Մասրենուն եվ Մասրենին շարունակում էր պահպանել իր մթին պատկերը։ Բուի աչքերը զգացին լույսի աննկատ մոտալուտը և փակվեցին…
Վաղը դեռ չէր եկել, մտքերը դեռ չկային և չեին խանգարում Բուին վայելելու Մասրենու ներկայությունը։ Մասրենին ոչ ուրախ էր և ոչ էլ տխուր։ Նա աշխատում էր, ինչպես միշտ փորձելով ստեղծել այն, ինչը այդ աշխատանքով չեն ստեղծում։ Հավանաբար նա ընդհանրապես մոռացել էր թե ինչ էր ցանկանում ստեղծել։
Բուի հետ նա չխոսեց։ Ինչի՞ց խոսեին։ Փաստեի՞ն, որ տասհինգ տարի իրար չեն տեսել, որ կարոտել են, կամ որ երջանիկ են նորից տեսնել. այդ ամենը ակնհայտ էր։ Պատմե՞ին, իրենց ներկայի, ծրագրերի, հաջողությունների ու անհաջողությունների, իրենց նոր հարազատների ու ընկերների մասին. սակայն տասհինգ տարին ջնջել էր առանց այն էլ սակավ ընդհանրությունները։ Միգուցե վերհիշեին միասին անցկացրած երջանիկ օրերը, սակայն Բուի հիշողությունում թափառում էին միայն տխուր կամ անփառունակ պատկերներ, իսկ Մասրենին տարված էր իր աշխատանքով։ Բուն գիտեր, որ աշխատանքը Մասրենուն օգնում է մեղմելու ցավը։
Բուն շուրջը բուրմունք զգաց։ Մասրենու ներկայությունն առանց դրա հնարավոր չէր … Բուն նստել և գորովալից դիտում էր իր վաղեմի հարազատին, որի հետ այդպես էլ ընկերներ չդարձան։ Ո՛չ Բուն, և ո՛չ էլ Մասրենին ընկերական հարաբերությունների ստեղծման և պահպանման տաղանդով չէին փայլում։ Միգուցե պետք էլ չէր; Միևնույն է, դրանից ոչինչ չէր փոխվի։
Ինչ որ ցավ Բուին ստիպում էր խոսել.Դա նման էր նրան, երբ անհրաժեշտ է դառնում բացել թարախապալարը՝ նրա տհաճ ներկայությունից ազատվելու համար։ Միգուցե Մասրենուն նույնպես տանջում էր նույն զգացումը. Բուն դա չգիտեր։ Մասրենին կարող էր ձերբազատվել տհաճ մտքերից աշխատելով, բայց Բուն ալարկոտ էր, և կարծես նույնիսկ վայելում էր ցավի ընկերությունը։
Մի պահ Բուն փորձեց սկսել խոսակցությունը, սակայն Մասրենու ինքնամոռաց աշխատանքը նրան ետ պահեց։ Նա իրեն մեղադրեց եսասիրության համար։ Ինքը կարող էր մարսել ուժգին զգացումներ՝ լավ թե վատ, ինքը ընդունակ էր շարժվել և նույնիսկ թռչել, սակայն Մասրենին նույնիսկ շարժվել չի կարող, ուր մնաց թռչի։ Մասրենին վաղուց ոչինչ փոխել չէր կարող, պետք չէր նրան փորձանքի ենթարկել։
Խոսել, կնշանակեր ի ցույց դնել իր առավելությունները։ Մասրենին տասհինգ տարի այստեղ չէր եղել, ուստի չէր կարող տեղյակ լինել ամենին։ Բուն տեսել ու ապրել էր ամեն օրը ; Մասրենին մեղավոր չէր իր բացակայության համար։ Իսկ գուցե՞ինքն էր մեղավոր. Բուն երբեք այդ մասին չէր մտածել, կամ ավելի ճիշտ մտածել չէր ցանկանում։ Անշուշտ, ո՛չ; Սակայն այդ ,,անշուշւոը,, խիստ փխրուն էր։ Բուն դա գիտակցում էր, եվ այդ մասին նույնպես Մասրենուն խուսափում էր հարցնել։ Եթե հարցնի, ապա Մասրենին կսկսի մտածել այդ մասին, և միգուցե հայտնաբերի Բուի մեղավորությունը; իսկ եթե չհարցնի, Մասրենին երբեք էլ այդ մասին չի մտածի։ Բուն վախ զգաց. միգուցե Մասրենին արդեն մտածել է դրա մասին, և իր հետ չխոսելու պատճառը հենց Մասրենու համոզվածությունն էր իր մեղավորության մեջ։
Մասրենին շարունակում էր աշխատել, իսկ Բուն քչփորել իր մտքերը, որոնք ավելի ցաք ու ցրիվ էին դառնում։ Ինչո՞ւ էին նրանց հարաբերությունները ավելի ու ավելի հակասական դառնում մինչեվ վերջին հանդիպումը։ Բուն նույնիսկ երկար ժամանակ չէր գիտակցում, որ Մասրենին գնացել է։ Այդ աշնանը բերքը արտասովոր առատ էր, և Բուն կլանված էր ձմեռվա համար շատ պաշար կուտակելով։ Մասրենին հայտնել էր իր մեկնելու մտադրության մասին, սակայն Բուն դրան կարևորություն չէր տվել. նա վստահ էր, որ Մասրենին այնպայման գարնանը կամ ամենաուշը աշնանը կվերադառնա; Կամ որ ավելի հավանական էր, կփոխեր մտադրությունը, հատկապես որ մնալու առիթներն ավելի շատ էին, քան մեկնելու; Վերադառնալով, Մասրենին շատ ավելի գոհ կլիներ, տեսնելով Բուի կուտակած պաշարը, և միասին կվայելեն այն։
Ինչո՞ւ է ինքը այժմ միայն իր սխալները հիշում։ Բուն փորձում էր մտաբերել Մասրենու հետ անցկացրած հաճելի պահերը, սակայն տեսաերիզում միայն իր սխալներն էին։ Ո՞վ մաքրեց մնացած ողջ ակնթարթները։ Նա վստահ էր, որ բերկրանքը շատ ավելին պետք է լիներ, քան ցավը։ Ցավը ընդամենը պարփակված էր մի քանի րոպե տևողության մեջ, ուստի բերկրանքը պետք է որ մնացյալ ողջ ժամանակը լցներ՝ համարյա քսան տարի։ Սակայն այդ մի քանի րոպեն կար, իսկ քսան տարին՝ ոչ։ էլ ավելի վատ էր գիտակցել, որ մի քանի րոպե տեսաերիզը ունի ճիշտ այնքան պահեր, որքան կարող է ունենալ քսան տարվա կամ նույնիսկ հավերժության տեսաերիզը։ Դա նշանակում էր, որ վայրկյանական ցավը, որ Բուն պատճառել էր Մասրենուն, վերջինիս կյանքում կարող էր մի ամբողջ հավերժություն լցնել։ Այն, որ ցավ էր պատճառել, Բուն դրանում այլեվս չէր կասկածում։
Իսկ ի՞նչ է հիշում Մասրենին։ Միգուցե հարցներ՝ փարատելու իր մտահոգությունը։ Իսկ եթե նա էլ վկայեր իր պատճառած ցավի մասին… Այժմ գոնե հույս կա, որ Մասրենու հիշողության մեջ իրենց բերկրալից պահերն են, որոնք պետք է որ ամպայման լինեին։ Մասրենու հայացքը տանջանք կամ ցավ չէր արտահայտում, որը որոշ չափով սփոփում էր Բուին։ Սակայն ցավը հաճախ թաքնվում է նույնիսկ փուշ կոչվող երջանկության ստվերում, ուստի Բուն վստահ լիներ չէր կարող։
Կարևորը, որ Մասրենին այդքան սպասված գարուններից հետո վեջապես վերադարձել էր։ Ինչո՞ւ դա Բուին չէր զարմացնում, չէր ստիպում նրան գոռալ, հրճվել, վազել, գրկել, և ամենակարևորը, ոչինչ չմտածել։ Չէ որ ինքը երբեմն Մասրենուն դիմավորել է հենց այդպես (թեկուզեվ նման պատկեր չմտաբերեց)։ Տասնհինգ տարին այնքան էլ երկար ժամանակ չէր նման փոփոխության համար։ Պարզ էր, որ փոփոխությունը տեղի էր ունեցել դեռ մինչև Մասրենու մեկնումը, հավանաբար երբ Բուն տեղափոխվեց, կամ ավելի ճիշտ սկսեց մտածել իր բնի տեղափոխման մասին։
Բուն այնտեղ էր՝ Մասրենու թփի մեջ։ Նրա փշերը իրեն պահում էին արտաքին աշխարհից, և երբեմն նաև ծակծկում՝ անզգույշ շարժվելիս։ Ծակոցների ցավ այժմ չէր հիշում, մի քանի աղոտ ծակծկոց հիշում էր, բայց ոչ ցավը։ Միգուցե ցավ չի էլ եղել։ Այժմ դա կարևոր չէր։ Ինչո՞ւ որոշեց փոխել իր բույնը. միգուցե թևերի երկարելն էր պատճառը, որոնք արդեն դժվար էին հարմարվում Մասրենու փշոտ և նեղ ճյուղերի մեջ։ Ինչևէ, այժմ դա նույնպես կարևոր չէր։
Ոչինչ այժմ կարևոր չէր. այդ ամենն արդեն անցյալում էր։ Ապագայում այն չկար։ Ներկան նույնպես չքացել էր, քանզի Բուն նորից չնկատեց Մասրենու հեռանալը։ Մնացել էր միայն արտասովոր բուրմունքի մի աղոտ զգացում։

 

ՈՒՐՎԱԿԱՆԸ

Ուրվականն իր ծիծաղկոտ դեմքն է մտցնում պատշգամբ տանող դռնից ներս։ Դրսում հաճելի մայիսյան երեկո է, ներսում՝ ջերմ լույս, շաղախված խորհրդավոր երաժշտությամբ։ Ուրվականը ինքնասիրահարված է այդ երկու իրար լրացնող երևույթների ճարմանդը հանդիսանալուց։
Թախծոտ ժպիտս նրան չի շտապեցնում ներս մտնել՝ արժեքավոր պահը չկորցնելու նպատակով։ Որքան էլ տհաճ է նրանից սփռվող դատարկությունը, ազատման պահը հեռու է, եթե այն դեռևս գոյություն ունի։ Ահա, կանջատվի մթությունից, կհանգցնի լույսս և այստեղ կստեղծի իր թագավորությունը։ Անզորությունից ճմլվող սիրտս իզուր փրկություն կփնտրի կառուցվող ափերում՝ այս պահին նրանք քնած են։
Ուրվականը հրճվում է։ Իր անկենդան թագավորությունը լրացրեց կենդանի աշխարհով։ Գրավված աշխարհի վաղանցիկության փաստը չի ստվերում ուրախությունը։
Ուրվականը մթության մեջ չնկատեց հավերժական ախոյանին։ Վերջինս զգուշորեն և աննկատ պարուրեց ինձ իր երջանկավետ գրկում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի