Սաթ Ալեքս | ԷՍՍԵՆԵՐ

Մտորումներ
Աննան չգիտեր, թե որտեղ կապրի իր կյանքի մնացած մասը և որտեղ է իրեն վիճակված մահանալ. այս մտածմունքը նրան հանգիստ չէր տալիս: Խորհում էր, որ մեռնելուց հետո իր հոգին նախ կգնա Հայաստան, մինչև մեկընդմիշտ ձուլվի տիեզերական էներգիային: «Կգնամ Ղարս ու Մուշ իմ նախնիների ծննդավայրը, այնուհետև ուղություն կվերցնեմ դեպի Գյումրի, այստեղ իմ մանկության հայրենիքն է, ուր հոգիս մաքուր ու խաղաղ էր: Նորից կտեսնեմ այն ծառերը, որոնց վրայից հետևում էի աստղերի շարժին՝ անտեսելով ցուրտը, կտեսնեմ գույնզգույն կակաչներով տափաստանները, հարսնացած խնձորենիների ու բալենիների ծառերը, յասամանները… Գարունն այստեղ աննկարագրելի բույրով է բուրում: Աշնանը կայցելեմ թոշնած այգին, կշնչեմ խարույկների հոտը, որտեղ իրենց վերջին օրն են ապրում դեղնած տերևները: Նորից կգնամ իմ դպրոցը՝ նույն հուզմունքով և պատասխանատվությամբ, ինչպես առաջին դասարանում: Ամռանը, անհոգ կթռչեմ այգուց բանջարանոց՝ վայլելով ծնդավայրիս բերքերը, քաղաքից դուրս կգնամ հարազատ գետակում լողալու: Հետո իհարկե մայրաքաղաք կգնամ, կշրջեմ հիշելով տխուր ու ուրախ, երջանիկ ու դժվար օրերը: Ստվերի նման կանցեմ համալսանարի սենյակներով, նյարդայնացած եղունգներս կկրծեմ՝ հիշելով առաջին քննությունս. հետո կնստեմ տրոլեյբուսն ու սովորությանս համաձայն կքնեմ, ոնց որ քնում էի քննությունից հետո տուն վերադառնալիս: Տեսնե՞ս, ինչ- որ մեկը կլինի այնտեղ, ով դեռ ինձ կհիշի:
Է՛հ, ինչքան էլ ես քննադատեմ երկիրը, որի անունը Հայաստան է, ինչքան էլ ամաչեմ նրա համար, որ ծնվել եմ այս երկրում, որտեղ մարդը լրիվ արժեզրկված է, որտեղ արդարությունը բռնաբարված է խաբեությամբ ու խաարդախությամբ, սակայն ոչ մի շքեղ կամ օրինավոր երկիր չի կարող իմ սրտում զբաղեցի այն տեղը, որ ունի Հայաստանը»:
Ցավալի է, որ երեխաները չգիտեն ինչ է հայրենիք հասկացությունը, նրանք նույնիսկ դժվարանում են ասել՝ որտեղից են իրենք: Հասցրել են ապրել արդեն երեք տարբեր երկներում, նրանք գրեթե չեն խոսում մայրենի լեզվով: Արդյոք, ո՞ր երկիրը նրանք կհամարեն իրենց հայրենիքը, երևի այն, որտեղ ավելի երկար կապրեն. իսկ ինչպես վարվել մանկության հայրենիքի հետ… Ո՞ր մշակույթը կազդի նրանց հոգու վրա: Կարո՞ղ է մարդ ապրի առանց հայրենիքը զգալու, ինչո՞ւ է հայրենիքն այդքան անհրաժեշտ, չէ՞ որ հնարավոր է լինել ուղղակի՝ աշխարհի անդիմագիծ քաղաքացի…
«Իմ երեխաներն էլ կզգա՞ն նույն հպարտությունը, որ զգում եմ ես, երբ լսեն Խաչատրյանի երաժշտությունը: Ֆուտբոլի ո՞ր թիմին կերկրպագեն, ի՞նչ լեզվով աղջիկս օրօրոցային կերգի իր երեխայի համար: Իսկ երբ տարիքն առնեն, իրենց մոտ կպահպանվի՞ արդյոք իմ հայկական հոգուց գոնե մի բեկոր, մի փոքրիկ պատառիկ, թե՞ հոգուս վիճակված է՝ Հայաստանի վրայով անընդհատ ու անհանգիստ սավառնելը…

Փոքրիկ տղան
Կինը սովորականի պես գնացել էր տեղի խանութը առօրյա գնումներ կատարելու, երբ նկատեց, որ գանձապահը խոսում է չորսից հինգ տարեկան մի տղայի հետ:
-Ցավում եմ, բայց քո մոտ չկա համապատասխան գումար այդ տիկնիկը գնելու համար:
Այդ ժամանակ տղան թեքվեց կնոջ կողմն ու ձեռքի գումարը պարզեց նրան:
-Տիկի՛ն, դուք վստա՞հ եք, որ այս գումարով ես չեմ կարող գնել տիկնիկը:
Կինը վերահաշվեց գումարը.
-Փոքրի՛կ, դու այդքան գումար չունես…
Փոքրիկ տղան ձեռքում ամուր պահել էր տիկնիկը…
Կինը գնումները վերջացնելուց հետո նկատեց, որ տղան ձեռնունայն դեռ կանգնած է գանձապահի մոտ: Մոտեցավ նրան և հարցրեց, թե ո՞ւմ համար է ուզում գնել տիկնիկը:
-Այս տիկնիկը իմ քույրիկը շատ է սիրում, ուզում եմ նրան իր ծննդյան օրը նվիրել: Ուզում եմ տիկնիկը մայրիկիս տալ, որ նա փոխանցի քույրիկիս, երբ գնա նրա մոտ…
Կինը բան չհասկացավ ու հարցական նայեց տղային:
Փոքրիկ տղայի աչքերը տխուր էին…
-Հայրիկս ասաց, որ քույրիկս գնացել է Աստծու մոտ, և որ մայրս էլ շուտով այնտեղ է գնալու… Դրա համար ես մտածեցի, որ նա կարող է տիկնիկը իր հետ տանի ու փոխանցի քույրիկիս՝ իր ծննդյան օրը
Կնոջ սիրտն ասես կանգ առավ: Փոքրիկը նայեց նրան և շարունակեց:
-Ես հայրիկին ասացի, որ մայրիկին դեռ չճանապարհի, սպասի, մինչև ես վերադառնամ: Հետո նա մի նկար ցույց տվեց որտեղ ինքը երջանիկ ծիծաղում էր.
— Ես ուզում եմ մայրիկս իր հետ վերցնի այս նկարը, որ քույրիկս երբեք չմոռանա ինձ:
Եվ ավելացրեց.
— Ես սիրում եմ իմ մայրիկին և չեմ ուզում հեռանա ինձանից, բայց հայրիկն ասում է, որ նա պետք է գնա իմ քույրիկի մոտ:
Կինը դրամապանակը թաքուն հանելով՝ ասաց.
-Եթե դու գտնում ես որ քո գումարը բավական է տիկնիկ գնելու համար, գուցե մենք մի անգամ ևս հաշվենք:
-Այո, ես մտածում եմ, որ պետք է հերիքի՝ տիկնիկ գնելու համար:
Կինը, տղայից ծածուկ, գումարին ավելացրեց իր դրամից և սկսեց հաշվել:
-Այ, հիմա բավական է, -ասաց կինը՝ նրան տալով դրամը:
Փոքրիկ տղան տխուր, բայց գոհ հայացքով գլուխը բարձրացրեց վեր:
— Շնորհակալ եմ քեզ, Աստվա՛ծ, որ ինձ լսեցիր:
Հետո նայեց կնոջը:
— Երեկ երեկոյան, քնելուց առաջ, Աստծուն խնդրեցի, որ ինձ փող տա քույրիկիս համար իր սիրած տիկնիկը գնելու: Նա ինձ լսեց. ես նաև կուզեի մի քիչ էլ փող ունենայի, որ մայրիկիս համար սպիտակ վարդ գնեի, մայրս սպիտակ վարդ շատ է սիրում…
Նրանք դուրս եկան խանութից. ողջ օրը կնոջ գլխից դուրս չէր գալիս տղայի տխուր աչքերը: Տուն վերադառնալիս, սովորության համաձայն, նա գնեց օրվա թերթերից մի քանիսը, որոնցից մեկի առաջին էջին գրված էր «Փոքրիկ աղջնակն իր մոր հետ վթարի են ենթարկվել. վարորդը հարբած է եղել: Պատահարի հետևանքով աղջնակը տեղում մահացել է, իսկ մայրը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Կնոջ վիճակը գնահատվում է՝ ծանր. բժիշկները հույս չեն տալիս, որ նա կապրի»:
Մի՞թե սա փոքրիկ տղայի ընտանիքն է…
Երկու օր անց, թերթերում գրեցին, որ երիտասարդ մայրը մահացել է:
Կինը չկարողացավ զսպել հուզմունքը… նա գնեց սպիտակ վարդեր ու գնաց թերթում նշված հասցեով:
Մայրը պառկած էր սպիտակ զգեստով մի ձեռքին տիկնիկն ու նկարն էր, մյուսում՝ սպիտակ մի վարդ:
Կինը դուրս եկավ արցունքոտ աչքերով. նա զգում էր, որ իր կյանքն այլևս առաջվանը չի լինի…

Փամփուշտ
Նա համառորեն կնոջը համոզում էր, որ վերջինս գժվել է, իսկ կինը հրաժարվում էր հավատալ:
-Հա՛, գուցե ճիշտ ես, բայց ես ուզում եմ, որ դու հիմնավորես պնդումդ:
Նա մի քանի րոպե մտածում էր. այնուհետև կնոջը կարգադրեց, որ իրեն նայի հայելու մեջ: Կինը հնազանդ գնաց դեպի լոգասենյակ և մոտեցավ հայելուն:
-Դե ինչ, մի քեզ նայիր, քո մտքով չի՞ անցնում, որ հենց այսպիսի տեսք են ունենում գժերը:
-Չէ՛,- պատասխանեց նա,- ինձ այս փաստարկը չի համոզում:
-Կարդա՛ քո գրվածքները, ընկերներիդ ուղարկած նամակները, դա աբսուրդ է, հիմարություն, դա հիմար մարդու բարբաջանքներ են:
Կինը ճակատը կնճռոտելով՝ փորձեց հիշել, թե երբ է վերջին անգամ նամակ գրել.
-Չէ՜, այսպես չեղավ սիրելիս, դա շատ վաղուց է եղել ու հաշվի մեջ չէ:
-Այդ դեպքում ես չգիտեմ, հանձնվում եմ: Դու ուղակի պետք է հասկանաս որ գժվել ես, դա փաստ է սիրելիս:
Կնոջ նյարդերը տեղի տվեցին.
-Ի՞նչ հիմարություններ ես դուրս տալիս, — գոռաց նա, -ինչո՞ւ ես քեզ իրավունք վերապահում իմ մասին որոշում կայացնելու, ինչո՞ւ ես կարծում, որ դու ինձանից խելացի ես, չէ՞ որ դու ընդամենը…, — այստեղ ինչ որ բան շարժվեց կնոջ գլխում, ինչ որ բան շրխկաց…,- չէ՞ որ դու ընդամենը՝ էլեկտրական թեյնիկ ես…
Ծուռ մտքերը գլխից կարելի է հանել միայն փամփուշտով՝ բանականության փամփուշտով…

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի